Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1522/02/08

    դատարանի որոշում                                                2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1522/02/08

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիս Սորսումատյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդուհի Հովսեփյանի ընդդեմ Ռիմա Կարապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդուհի Հովսեփյանը պահանջել է բռնագանձել Ռիմա Կարապետյանից 14.000 ԱՄՆ դոլար փոխառության գումարը` բռնագանձումը տարածելով Ռիմա Կարապետյանի գույքի վրա:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Ավետիս Սորսումատյանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.12.2008 թվականի որոշմամբ վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիս Սորսումատյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ներկայացնելով վերաքննիչ բողոք` Ավետիս Սորսումատյանը հայտնել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշմամբ օրինական ուժ է տրվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի վճռին, որով վավեր է ճանաչվել Ավետիս Սորսումատյանի և Ռիմա Կարապետյանի ու Վալերի Հովսեփյանի միջև Երևանի Սարկավագի փողոցի 147/1 շենքի թիվ 12 բնակարանի (այսուհետ` Բնակարան) առուվաճառքի վերաբերյալ կնքված գործարքը:

Վճռի կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը ներկայացվել է կատարողական թերթ, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարվել է բնակարանի արժեքի մնացած 17.000 ԱՄՆ դոլարը:

Սակայն, Դատարանի վճռով այդ բնակարանի վրա 14.000 ԱՄՆ դոլարի բռնագանձումը տարածելու պայմաններում Ավետիս Սորսումատյանի իրավունքների գրանցումը կասեցվել է:

Նման պայմաններում ակնհայտ է, որ 14.000 ԱՄՆ դոլարի բռնագանձումը վիճելի բնակարանի վրա տարածելու մասով Դատարանի 19.08.2008 թվականի վճիռը վերաբերում է Ավետիս Սորսումատյանի իրավունքներին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքները հաշվի չի առել, ինչի արդյունքում եզրահանգել է, որ Դատարանի վճիռը Ավետիս Սորսումատյանի իրավունքների ծավալի վրա չի ազդում:

Վերոգրյալի հիման վրա` վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշմամբ բեկանվել է Վերաքննիչ դատարանի 19.03.2008 թ. որոշումը և օրինական ուժ է տրվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի վճռին, որով վավեր է ճանաչվել Ավետիս Սորսումատյանի և Ռիմա Կարապետյանի ու Վալերի Հովսեփյանի միջև Երևանի Սարկավագի փողոցի 147/1 շենքի թիվ 12 բնակարանի առուվաճառքի վերաբերյալ կնքված գործարքը:

2. Նշված վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքում բարձրացված իրավական խնդրի լուծման համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանի վճռով վավեր ճանաչված պայմանագրից և օրինական ուժի մեջ մտած տվյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթից բխող իրավունքները ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասի իմաստով դատական պաշտպանության ենթակա են, թե` ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Երևանի Սարկավագի փողոցի 147/1 շենքի թիվ 12 բնակարանի նկատմամբ Ավետիս Սորսումատյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել, եզրահանգել է, որ Դատարանի 19.08.2008 թվականի վճիռը Ավետիս Սորսումատյանի իրավունքների ծավալի վրա չի ազդում:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դատական պաշտպանության ենթակա իրավունքների ծավալը ավելի լայն է, քան միայն պետական գրանցման ենթարկված իրավունքներն են:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննարկման դեպքում, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածների իմաստով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով անձի իրավունքը ճանաչված լինելու և դրա կատարման համար համապատասխան կատարողական թերթ տրված լինելու պարագայում այդ իրավունքը ենթակա է դատական պաշտպանության:

Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ «պահանջը» Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի իմաստով կարող է հասկացվել որպես «սեփականություն» այն դեպքում, եթե բավարար չափով հաստատված է, որ այն կարող է իրավաբանորեն իրականացվել (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով 02.05.2002 թվականին կայացված որոշման 40-րդ կետը):

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը կայացվելու պահին բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու Ավետիս Սորսումատյանի «պահանջի» իրավունքը հաստատված էր և կարող էր իրավաբանորեն իրականացվել, հետևաբար, նաև ենթակա է դատական պաշտպանության:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 14.000 ԱՄՆ դոլարի բռնագանձումը Երևանի Սարկավագի փողոցի 147/1 շենքի թիվ 12 բնակարանի վրա տարածելու մասով Դատարանի 19.08.2008 թվականի վճիռը վերաբերում է Ավետիս Սորսումատյանի իրավունքներին:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2.-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2008 թվականի որոշումը` 14.000 ԱՄՆ դոլարի բռնագանձումը Երևանի Սարկավագի փողոցի 147/1 շենքի թիվ 12 բնակարանի վրա տարածելու մասով և գործն այդ մասով ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2009
N ԵԱՔԴ/1522/02/08
Որոշում