Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 268-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 268-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 271 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Երևանի  Էրեբունի և  Նուբարաշեն                  Գործ ՎԲ-50/07

համայնքների առաջին ատյանի

դատարանում դատավճիռ կայացրած

դատարանի կազմը

նախագահող դատավոր` Ա. Օհանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    30 մարտի 2007 թվական                            ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ             Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ

                                              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

 

                   քարտուղար                  Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ

                   դատախազ                    Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Հազարապետ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին և 271-րդ հոդվածի 1-ին մասերով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 22-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Նախաքննության մարմնի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ Հազարապետ Ալբերտի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 22-ի դատավճռով Հազարապետ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նա դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ 271-րդ հոդվածի 1-ին մասով` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի (30.000 ՀՀ դրամի) չափով տուգանքի: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով Հազարապետ Հարությունյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանքի` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի (30.000 ՀՀ դրամի) չափով: Որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով: Հազարապետ Հարությունյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 5-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

 

2.Գործի փաստական հանգամանքները.

 

Հազարապետ Հարությունյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափի` 1,4 գրամ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 0,2 գրամը նույն օրը ծխելու միջոցով գործածել է, իսկ 1,2 գրամ թմրամիջոցը պահել է իր բաճկոնի ծոցագրպանում:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքում նշվել է, որ առաջին ատյանի դատարանը Հ. Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը: Դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, հաշվի չի առել ինչպես կատարված հանցագործության հասարակական վտանգավորությունը, այնպես էլ ծանրության աստիճանը: Արդյունքում նյութական օրենքի էական խախտմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակվել ակնհայտ մեղմ պատիժ: Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Հազարապետ Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.2006 թվականի դատավճիռը և քրեական գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան` մեկ այլ կազմով նոր քննության առնելու, Հ. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման ազատազրկման ձևով պատիժ սահմանելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածն ամրապնդում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը: Պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Նույն հոդվածի 3-րդ մասն ամրագրել է, որ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածների սանկցիաներում պատժի տեսակն ու չափը սահմանելիս կարևորագույն չափանիշ է տվյալ հանցագործության վտանգավորությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածը, ելնելով պատժատեսակից և պատժաչափից, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, հանցագործությունները դասակարգել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան նախատեսում է կալանք` առավելագույնը երկու ամիս ժամկետով, ինչպես նաև ազատազրկում` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Հետևաբար` Հազարապետ Հարությունյանի կողմից կատարված` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն:

Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեա-իրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն):

Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի նպատակներին:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ցանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանգամանքները վերաբերում են ինչպես հանցագործությանը, այնպես էլ հանցավորի անձնավորությանը կամ բնութագրում են հանցագործությունն ու հանցավորի անձնավորությունը միաժամանակ: Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցագործության կազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները երկուսն են`

1. ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների սանկցիաներում նախատեսված հիմնական պատիժների տեսակները, որոնք կարող են անձի նկատմամբ պայմանականորեն չկիրառվել.

2. Դատարանի համոզված լինելը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ (իրական) կրելու:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Ընդ որում, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսել:

Բողոքի հեղինակը վճռաբեկ բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանը Հազարապետ Հարությունյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով` խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը, ինչպես նաև նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, սակայն իր հետևությունները ոչնչով չի պատճառաբանել: Բողոքում շարադրելով միայն ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածների բովանդակությունը և խնդրելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, բողոքի հեղինակն իր պահանջը հիմնավորող ոչ մի փաստարկ չի ներկայացրել: Նա չի հիմնավորել, թե ինչումն է արտահայտվել արդարության, պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտումը, արարքի հասարակական վտանգավորության աստիճանն ու բնույթը հաշվի չառնելը: Այս պայմաններում բողոքի հեղինակը հանգել է ոչնչով չպատճառաբանված հետևության, թե թույլ է տրվել նյութական իրավունքի էական խախտում:

Մինչդեռ գործի նյութերից երևում է, որ դատապարտյալ Հ. Հարությունյանը նախկինում արատավորված չի եղել, առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, ընդունել է հանցանքը և զղջացել կատարածի համար: Նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում չկան: Այս պայմաններում առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Հ. Հարությունյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, եկել է այն համոզմունքի, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի իրավացիորեն որոշում է կայացրել նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը շարադրված հանգամանքների գնահատման արդյունքում առաջին ատյանի դատարանը հիմնավոր հետևության է հանգել Հ. Հարությունյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության մասին: Նրա նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ, որը որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները: Այն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Վերը շարադրվածը վկայում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքով նյութական օրենքի էական խախտում թույլ չի տրվել, այդ առումով առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը մերժել: Հազարապետ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 22-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դատավորներ` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N ՎԲ-50/07
Որոշում