ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-1400 (ՎԴ)
դատարանի վճիռ 2007 թ.
քաղաքացիական գործ թիվ 07-378
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
դատավորներ` Ա. Թումանյան
Տ. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆլեշ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.02.2007 թվականի թիվ 07-378 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Արարատ Ծովյանի և Սվետլանա Հակոբյանի հայցի ընդդեմ ընկերության` շինությունը քանդելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն պարտավորեցնելու կամ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են պարտավորեցնել ընկերությանը քանդել Արարատ Ծովյանին հատկացված տարածքում կառուցված շինությունը, վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, այն է` պարտավորեցնել ընկերությանը Երևանի Պուշկինի փողոցի 15ա շենքին հարող տարածքի հողամասում երկամսյա ժամկետում կառուցել և հանձնել կենցաղսպասարկման օբյեկտ այն վիճակում, ինչ եղել է քանդման պահին կամ նշված աշխատանքները իրենց կողմից կատարելու համար բռնագանձել ընկերությունից 4.828.577 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.08.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Դատարան) 28.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Արարատ Ծովյանը և Սվետլանա Հակոբյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի վճռում պատճառաբանվել է, որ շինությունը քանդող տեխնիկան պատկանում է Ընկերությանը: Լուսանկարներում պատկերված տեխնիկան իրոք պատկանում է Ընկերությանը, սակայն դրա առկայությունը այդ տարածքում դեռևս չի նշանակում, որ այն քանդում է շինությունը, քանի որ ընկերության հողամասը, որտեղ այս տեխնիկան աշխատանքներ է իրականացնում, գտնվում է անմիջապես Ա. Ծովյանի հողամասի հարևանությամբ: Ընկերության տեխնիկայի տարածքում գտնվելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այն քանդում է կամ քանդել է Ա. Ծովյանի կառուցած շինությունը:
Վճռում նշվել է, որ պատասխանող կողմը դատարանում ընդունեց, որ ընկերության տեխնիկան աշխատել է տարածքում: Սակայն պատասխանողի ներկայացուցիչը ընդամենը հղում կատարելով վկա Ֆ. Գրիգորյանի ցուցմունքի վրա նշել է, որ ընկերության տեխնիկայով ոչ թե քանդվել է շինությունը, այլ տեղափոխվել է շինարարական աղբը:
2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Որևէ թույլատրելի ապացույցով չի հիմնավորվել, որ հայցվորին պատկանող շինությունը քանդվել է պատասխանողի աշխատակիցների կողմից, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի հիմքով պատասխանողը չի կարող պատասխանատվություն կրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վճռաբեկ բողոքում ընկերությունը նշում է, որ չի քանդել շինությունը, պատճառաբանելով, որ որևէ ապացույցով չի հաստատվում, որ տեխնիկան աշխատացրել է Ընկերության աշխատակիցը: Բողոքում անդրադարձ է կատարվում նաև վկաների ցուցմունքներին:
Վկա Գ. Հարոյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Ընկերության ապրանքային նշանով տեխնիկայի միջոցով է քանդվել կառույցը: Ինչ վերաբերում է փորձագետի եզրակացությունը կասկածի տակ դնելուն, ապա ծախսերը շատ ավելի են, քան եզրակացությունում նշվածը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն փաստը, որ Ընկերության կողմից շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ գործում որևէ պատշաճ ապացույց առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը խախտվել է այն առումով, որ հայցվորին պատկանող շինությունը պատասխանողի կողմից քանդված լինելու հանգամանքը հիմնավորելու համար հիմք են ընդունվել միայն գործում առկա լուսանկարները և գործով հարցաքննված վկաների ցուցմունքները:
Մինչդեռ, այդ ապացույցներով չի կարող հաստատվել այն հանգամանքը, որ նշված տեխնիկայի միջոցով պատասխանողը քանդել է հայցվորի շինությունը, իսկ գործով հարցաքննված վկաները տվել են իրարամերժ ցուցմունքներ, որոնք Դատարանի կողմից բազմակողմանի և օբյեկտիվ չեն հետազոտվել և պատշաճ գնահատման չեն արժանացել:
Փաստորեն, գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել հայցվորին պատկանող շինությունը պատասխանողի կողմից քանդված լինելու հանգամանքը:
Փորձաքննության եզրակացության հետևություններ մասում նշվել է Երևանի Պուշկինի 15ա հասցեում իրականացված շինարարական աշխատանքների բնույթը և ծավալը, որոշվել է շինության շուկայական գինը, ինչպես նաև` վնասի չափը: Իսկ այն հարցը, թե ում կողմից է վնասը պատճառվել, փորձաքննությամբ չի պարզվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Մինչդեռ, սույն գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ հայցվորի գույքին վնասը պատճառվել է պատասխանողի կողմից.
2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է այն պատճառաբանությամբ, որ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածը սույն գործով չի կիրառել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.02.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան