Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

ՀՀՊՏ N 49 (573), 03.10.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Լոռու մարզի առաջին         Քաղաքացիական գործ թիվ 3-1288 (Ա)

    ատյանի դատարանի վճիռ                                2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2/328-2006

Նախագահող դատավոր` Ա. Մկոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                                      

2007 թվականի օգոստոսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մանուշակ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` դատարան) 2006 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի դեմ` ըստ Գոհարիկ Պետրոսյանի հայցի ընդդեմ Մանուշակ Պետրոսյանի` 2.576.500 (երկու միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է բռնագանձել պատասխանողից 2004 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքը կազմող 515.3 ՀՀ դրամով հաշվարկված 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք` 2.576.500 (երկու միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումար:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի վճռով հայցը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Մանուշակ Պետրոսյանը` Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Սեդա Սաֆարյանի միջոցով:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 94-րդ և 139-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 18-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Գործի նյութերում բացակայում է Մանուշակ Պետրոսյանին դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման փաստը հաստատող որևէ ապացույց: Բացի այդ, առկա է Սպիտակի քաղաքապետի 28.11.2006 թվականի գրությունն ուղղված դատավոր Ա. Մկոյանին այն մասին, որ Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3ա/6 հասցեի բնակչուհի Մանուշակ Պետրոսյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:

Մինչդեռ, գործում առկա չէ որևէ ապացույց` դատարանի կողմից պատասխանողի վերջին բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա աշխատավայրի տնօրինությանը ծանուցելու մասին:

Վերոնշյալով դատարանը խախտել է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանված` իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդարացի լսումների իրավունքը:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդարացի լսումների իրավունքի համատեքստում առանձին գործերով բացահայտված են «կողմերի հավասարության» և «մրցակցային դատավարության» հասկացությունների բովանդակությունը: Այսպես` Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) մեկնաբանել է, որ «միջոցների հավասարությունը» նշանակում է, որ յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ ապացույցներն այնպիսի պայմաններով, որոնք նրա համար չեն ստեղծի անբարենպաստ վիճակ` ի հակադրություն հակառակորդի (տե՛ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով 17.10.1993 թվական, 30-35-րդ պարագրաֆներ):

Ռուիզ Մաթեոսն ընդդեմ Իսպանիայի գործով կայացված վճռում Եվրոպական դատարանը հաստատել է, որ մրցակցային դատավարության իրավունքը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իմանա և պետք է հնարավորություն ունենա առարկելու մյուս կողմի ապացույցներն ու առարկությունները (տե՛ս, Ռուիզ Մաթեոս ընդդեմ Իսպանիայի գործով 06.23.1993 թվականի վճռի 63-րդ պարագրաֆը):

Վերը նշվածը վկայում է, որ դատական նիստի մասին ծանուցված չլինելու հետևանքով Մանուշակ Պետրոսյանը զրկվել է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, այդ թվում` հայցի դեմ առարկելու, առարկությունները հիմնավորող փաստարկներ և ապացույցներ ներկայացնելու իրավունքից, ինչն էլ հանգեցրել է դատարանի կողմից փաստերի, ապացույցների միակողմանի գնահատման:

Բացի այդ, Մանուշակ Պետրոսյանը չի ստացել սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ փոխառության պայմանագրի դեպքում փոխատուի կողմից փոխառուին հանձնված և հետագայում վերադարձվելիք դրամական միջոցները պետք է լինեն միևնույն, իսկ տեսակային հատկանիշով որոշվող գույքը` նույն տեսակի և որակի: Այսինքն` օրենսդիրը, սահմանելով, որ հանձնված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույքի դիմաց պետք է վերադարձվի միևնույն գումարի դրամ կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք, նկատի է ունեցել հենց նույնականությունը` համարժեքությունը պահպանելու անհրաժեշտությունը: Այս դեպքում կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են, որ որպես փոխառության գումար հանձնվող գույքը 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար է և ոչ թե այլ արժույթ:

Նման դեպքում վճռով որպես փոխառության գումար պայմանագրով սահմանվածից տարբերվող այլ արժույթով արտահայտված գումարն արդեն իսկ հակասում է փոխառության պայմանագրի էությանը և վկայում է դատարանի կողմից պայմանագրի պայմանների ոչ ճիշտ մեկնաբանության մասին:

Դատարանը չի իրականացրել գործում եղած ապացույցի` փոխառության պայմանագրի լրիվ, օբյեկտիվ և պատշաճ հետազոտություն, քանի որ համաձայն այդ պայմանագրի 1-ին կետի` Գոհար Պետրոսյանը Մանուշակ Պետրոսյանին որպես փոխառություն հանձնել է 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումար և ոչ թե դրան համարժեք ՀՀ դրամ:

3) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 409-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճռում անհասկանալի պատճառաբանությամբ նշվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 409-րդ հոդվածները, որոնցից առաջինը սահմանում է անձի` վնասների հատուցում ստանալու իրավունքը և բացահայտում է վնասների հասկացությունը, իսկ 409-րդ հոդվածը կարգավորում է պարտավորության խախտմամբ առաջացած վնասների հատուցման հետ կապված հարցերը: Վճռում վկայակոչված հոդվածները որևէ առնչություն չունեն սույն վեճի հետ, քանի որ հայցադիմումում, ինչպես նաև վճռում ներկայացված չէ վնասների հատուցման պահանջ և համապատասխան հիմնավորում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 5-ը վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի կողմից 2006 թվականի նոյեմբերի 24-ին Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3ա/6 հասցեով Մանուշակ Պետրոսյանին է ուղարկվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցում: ՈՒղարկված ծրարը 2006 թվականի նոյեմբերի 30-ին հետ է վերադարձվել դատարան` «Տեղափոխված» նշումով:

3) 2006 թվականի նոյեմբերի 19-ին դատարանում մուտքագրված` ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքապետարանի թիվ 034/06-477 գրությամբ հայտնվել է, որ Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3ա/6 հասցեի բնակիչ Մանուշակ Պետրոսյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:

4) Դատարանի կողմից պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելու, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալու և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն` դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Մանուշակ Պետրոսյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 05.12.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 05.12.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Մանուշակ Պետրոսյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տե՛ս քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` գումարի պահանջի մասին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

i

Հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը հետևյալ պատճառաբանությամբ.

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:

Սույն գործի փաստերի համաձայն` Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3ա/6 հասցեով Մանուշակ Պետրոսյանին ուղարկված դատական ծանուցագիրը հետ է վերադարձվել դատարան` «Տեղափոխված» նշումով, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում դատարանի համար ծագում է լրացուցիչ պարտավորություն` դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցել Մանուշակ Պետրոսյանի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը, և գործի քննությունը սկսել միայն վերջիններիս կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո միայն:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործում բացակայում է դատարանի կողմից պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելու, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալու և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը: Հետևաբար, վերոնշյալ հաղորդագրության բացակայության պայմաններում դատարանը չէր կարող գործը քննել և վճիռ կայացնել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:

2) Վճռաբեկ բողոքի 2-րդ և 3-րդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի դատավարական իրավունքների սահմանափակման պայմաններում, ինչի հետևանքով կողմի իրավական փաստարկները և հիմնավորումները չեն դարձել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսպիսով, Վճռաբեկ բողոքի 1-ին հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար վերանայվող դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Բնագրում 3-րդ կետի 2-րդ ենթակետը բացակայում է

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2007
N 3-1288 (Ա)
Որոշում