Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ        Քաղաքացիական գործ N 3-1771 (ՏԴ)

    քաղաքացիական գործ N Տ-1433-2006թ.                       2006թ.

նախագահող դատավոր` Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   Նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                             Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 27.04.2006 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Չարենցավանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` տեսչություն) հայցի ընդդեմ «Մուրազ Սարգսյան» անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ձեռնարկատեր)` գումար բռնագանձելու, ինչպես նաև հակընդդեմ դիմումի` ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` տեսչությունը պահանջել է ձեռնարկատիրոջից բռնագանձել հօգուտ պետական բյուջեի որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար հաշվարկված 1.723.500 ՀՀ դրամ տուգանքը և վճարված պետական տուրքը:

Ձեռնարկատերը հակընդդեմ դիմումով պահանջել է անվավեր ճանաչել տեսչության 15.11.2005 թվականի թիվ 2300464 ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի 27.04.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ դիմումը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանը:

Ձեռնարկատերը ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Տնտեսական դատարանը չի կիրառել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 10-րդ կետը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր և կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասը, որը չպետք է կիրառվեր:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով` ձեռնարկատիրոջը տրամադրված լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ, որպիսի ապացույցն առկա է գործում, մասնավորապես, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի 13.04.2005 թվականի թիվ 12/4լ 3-3775 գրությունը, որով ծառայությանը տեղեկացվել է ձեռնարկատիրոջը տրամադրված լիցենզիայի գործողության կասեցման մասին:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 27.04.2006 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

ա/ 05.03.2002 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռնարկատիրոջը տրվել է սննդամթերքի արտադրության թիվ ՊԼ-598 լիցենզիա անժամկետ գործողությամբ (գ.թ.15):

բ/ 03.11.2005 թվականի թիվ 2300464 հանձնարարագրի հիման վրա` տեսչությունը ձեռնարկատիրոջ մոտ իրականացրել է 01.01.2002 թվականից մինչև 15.11.2005 թվականն ընկած ժամանակաշրջանի առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ստուգում:

գ/ ստուգման արդյունքում 15.11.2005 թվականին կազմվել է թիվ 2300464 ստուգման ակտը, որով արձանագրվել է հարկային պարտավորություն 1.723.500 ՀՀ դրամ` 26.02.2005 թվականից մինչև 14.10.2005 թվականն առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար (գ.թ.4-14):

դ/ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին լիցենզավորման մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ կարգով չի հանձնվել:

ե/ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին լիցենզավորման մարմնի որոշումը չի ներկայացվել նաև տնտեսական դատարան:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` 1) բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին լիցենզավորման մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն` լիցենզավորման մարմնի` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության որոշումը` ձեռնարկատիրոջը տրամադրված սննդամթերքի արտադրության թիվ ՊԼ-598 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին ձեռնարկատիրոջը պատշաճ ձևով հանձնելու կամ այն ձեռնարկատիրոջ մոտ մուտքագրվելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Հետևաբար, դատարանը հանգում է եզրակացության, որ լիցենզավորման մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով չի հանձնվել:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն: Լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին կայացվում է որոշում, որն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե լիցենզավորման հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացությունը կայացնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում պատշաճ ձևով լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումը չի հանձնվում կամ ուղարկվում լիցենզավորված անձին, ապա լիցենզիայի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված: Հիմք ընդունելով այն փաստը, որ լիցենզավորման մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով չի հանձնվել, այդ որոշումը նույնիսկ տնտեսական դատարանին չի ներկայացվել, Վճռաբեկ դատարանը հանգում է եզրակացության, որ օրենքի ուժով լիցենզիայի գործողության կասեցման հարցը համարվել է մերժված, այսինքն` նման որոշում գոյություն չունի:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված և գործում առկա` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի 13.04.2005թ. թիվ 12/4լ 3-3775 գրությանը, ապա այն հասցեագրվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, որով ծառայությունը տեղեկացվել է ձեռնարկատիրոջը տրամադրված լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին: Հետևաբար, նշված գրությունը չի կարող համարվել լիցենզավորման մարմնի որոշում կամ լիցենզավորված մարմնի որոշումը ձեռնարկատիրոջը պատշաճ հանձնելու ապացույց:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել:

2. ՀՀ տնտեսական դատարանի 27.04.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1771(ՏԴ)
Որոշում