16.03.2025 -
103.0873.241013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 873-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 632-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(9-րդ մաս)
2512.1. Ճարտարագետ` ամպային տեխնոլոգիաների
1. Ամպային տեխնոլոգիաների ճարտարագետը պատասխանատու են ամպային տեխնոլոգիաների նախագծման, պլանավորման, կառավարման և պահպանման համար: Նրանք մշակում և ներդնում են ամպային հավելվածներ, կառավարում են առկա տեղակայված հավելվածների տեղափոխումը դեպի ամպ և շտկում են ամպային շերտերում առկա սխալները/խնդիրները:
2512.2. ծրագրակազմի վերլուծաբան
1. Ծրագրակազմի վերլուծաբանները հավաքում և ըստ առաջնահերթության դասակարգում են օգտագործողների պահանջները, կազմում և փաստաթղթավորում են ծրագրակազմի բնութագրերը, ստուգում են դրանց կիրառությունը և վերանայում են դրանք ծրագրային ապահովման մշակման ընթացքում: Նրանք հանդես են գալիս որպես միջնորդ ծրագրակազմի օգտագործողների և ծրագրային ապահովման մշակման թիմի միջև:
2512.3. Ծրագրային ապահովման ճարտարապետ
1. Ծրագրային ապահովման ճարտարապետները ստեղծում են ծրագրային համակարգի տեխնիկական դիզայնը և ֆունկցիոնալ մոդելը` հիմնված ֆունկցիոնալ բնութագրերի վրա: Նրանք նաև նախագծում են համակարգի, բիզնեսի կամ հաճախորդի պահանջներին, տեխնիկական հարթակին, համակարգչային լեզվին կամ զարգացման միջավայրին համապատասխան տարբեր մոդուլների և բաղադրիչների ճարտարապետությունը:
2512.4. Ծրագրային ապահովման մշակող
1. Ծրագրային ապահովման մշակողներ իրականացնում կամ ծրագրավորում են բոլոր տեսակի ծրագրային ապահովման համակարգերը բնութագրերի և նախագծերի հիման վրա` օգտագործելով ծրագրավորման լեզուներ, գործիքներ և հարթակներ:
2512.4.1. բլոկչեյն ծրագրավորող
1. Բլոկչեյն ծրագրավորողներն իրականացնում կամ ծրագրավորում են բլոկչեյնի վրա հիմնված ծրագրային համակարգեր` օգտագործելով ծրագրավորման լեզուներ, գործիքներ և բլոկչեյնի հարթակներ ըստ տեխնիկական նկարագրությունների և նախագծերի:
2512.5. օգտատիրոջ միջերեսի մշակող
1. Օգտատիրոջ միջերեսի մշակողները կիրառում են, կոդավորում, փաստաթղթավորում և սպասարկում ծրագրակազմի համակարգի միջերեսը` օգտագործելով ֆրոնտ-էնդ (front-end) տեխնոլոգիաներ:
2512.6. ամպային ճարտարագետ
1. Ամպային ճարտարագետները պատասխանատու են նախագծի տեխնիկական հատկանիշները ճարտարապետության վերածելու համար` վերջնական արդյունքի հասնելու նպատակով: Տեխնիկական ամպային ռազմավարությունը մշակելու համար նրանք ունեն ճարտարապետական սկզբունքների և ծառայությունների վերաբերյալ խորը գիտելիքներ, որոնք օգնում են ամպային միգրացիայի ջանքերին, վերանայում աշխատանքային ծանրաբեռնվածության ճարտարապետությունը և խորհուրդներ տալիս բարձր ռիսկային խնդիրների լուծման վերաբերյալ: Նրանք սովորաբար գործում են նախավաճառքի փուլում և հաճախ նրանց խնդրում են ներկայացնել հայեցակարգի ապացույցների նախագծեր, թեմատիկ սեմինարներ և ղեկավարել իրականացման ծրագրեր: Նրանք համագործակցում են ԴեվՕփս-ի (DevOps) ինժեներների հետ` համապատասխան տեխնոլոգիաներ ստեղծելու համար:
2512.7. ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետ` ամպային տեխնոլոգիաների
1. Ամպային տեխնոլոգիաների ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետներն իրականացնում և ղեկավարում են շարունակական ծրագրային ապահովման համակարգեր և մեթոդաբանություններ: Սա ներառում է կոդերի պահոցների կառավարում և կարգավորում, կառուցման ծառայություններ, ավտոմատացված փորձարկում և տեղակայման մեխանիզմներ: Ամպային բեռնումների համար ամպային տեխնոլոգիաների ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետները սահմանում ու տեղադրում են ենթակառուցվածքներ որպես կոդ` ավտոմատացնելով փորձարկման և զարգացման միջավայրերը: Նրանք կարող են սահմանել ու կյանքի կոչել աղետների վերականգնման ավտոմատացված լուծումներ, որոնք համապատասխանում են բիզնեսի նպատակներին:
2512.8. ամպային ծրագրակազմի մշակող
1. Ամպային ծրագրակազմի մշակողները ստեղծում, տեղակայում և արդիականացնում են ծրագրակազմերը, որոնք գործում են ամպային տիրույթում` օգտագործելով միկրոհամակարգեր, կոնտեյներներ և սերվերային տեխնոլոգիաներ: Նրանք մշակում են չափելի և բարձր հասանելիությամբ հավելվածներ` օգտագործելով ամպային լուծումներ և լավագույն փորձը: Նրանք կոդերում ներառում են գրանցումը և մշտադիտարկումը և կարող են կատարել սխալի պատճառի վերլուծություն:
2512.9. բանացանցի (IoT) ծրագրավորող
1. Բանացանցի (IoT) ծրագրավորողները վերլուծում և հավաքում են տվյալներ` նախշերը մեկնաբանելու և արդյունքը կանխատեսելու համար: Նրանք օգտագործում են արհեստական բանականությունը` առաջադրանքները կառավարելու և ինքնավար որոշումներ կայացնելու համար` կիրառելով մեքենայական ուսուցման ալգորիթմներ` տվյալների տվիչների միջոցով ավելի խելացի սարքեր ստեղծելու համար: Բանացանցի ծրագրավորողները ստեղծում են ծրագրակազմեր` օբյեկտները համակարգերին և սարքերին միացնելու կամ այդ օբյեկտները ծրագրավորելու համար, որպեսզի դրանք ինքնուրույն գործեն:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2513. ՎԵԲ-ՊՈՐՏԱԼՆԵՐԻ և ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱԿԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ
1. Վեբ-պորտալների և մուլտիմեդիական հավելվածների մշակողները իրենց աշխատանքում համատեղում են դիզայներական և տեխնիկական գիտելիքները` հետազոտություններ կատարելու, վերլուծելու, գնահատելու, նախագծելու, ծրագրավորելու և փոփոխելու վեբ պորտալներն ու հավելվածները, որոնք միավորում են տեքստային, գրաֆիկական, անիմացիոն, պատկերային, ձայնային և տեսանյութերը, ինչպես նաև այլ ինտերակտիվ միջոցները:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
ա) զանազան գեղարվեստական և ստեղծագործական միջոցների ծրագրային ապահովման, սցենարների լեզուների և օպերացիոն միջավայրերով ինտերֆեյսի հետ համատեղման միջոցով համացանցի համար կայքերի վերլուծումը, նախագծումն ու մշակումը.
բ) մուլտիմեդիական ծրագրային ապահովման, գործիքների և օժանդակ միջոցների, ինտերակտիվ գրաֆիկների և ծրագրավորման լեզուների օգտագործմամբ` թվային անիմացիաների, պատկերների, ներկայացումների, խաղերի, տեսաձայնագրությունների և համացանցային հավելվածների նախագծումն ու մշակումը.
գ) ցանցային մասնագետների հետ կապերի պահպանումը` համացանցի հետ կապված այնպիսի հարցերով, ինչպիսիք են` համացանցում և վեբ-սերվերում վերահսկողության ու անվտանգության ապահովման նպատակով անվտանգությունը, կայքերի տեղադրումը, տեղերի բաշխումը, օգտվողների մուտքի ապահովումը, անընդհատ գործառույթը, վեբ-կայքերի պահուստավորումը և վթարներից հետո վերականգնումը.
դ) վեբ-կայքերի մշակման, տեխնիկական սպասարկման և պահպանման նպատակով մեքենայական կոդի նախագծումը, մշակումը և այլ մասնագիտացված մուտքային տվյալների` ներառյալ պատկերային ֆայլերի, ձայնային ֆայլերի և սցենարների լեզուների հետ ինտեգրումը.
ե) համացանցային ռազմավարությունների, մեթոդաբանության և վեբ հիմքով զարգացման պլանների վերլուծման, որոշման և մշակման ժամանակ աջակցումը:
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) անիմացիայի ծրագրավորող,
2) համակարգչային խաղերի ծրագրավորող,
3) համացանցային մշակող,
4) մուլտիմեդիական ծրագրավորող,
5) վեբ-կայքերի ճարտարապետության մասնագետ,
6) վեբ-կայքերի մշակող:
4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.
1) վեբ-կայքերի դիզայներ - 2166,
2) վեբ-վարպետ - 3514,
3) վեբ-կայքերի ադմինիստրատոր - 3514,
4) վեբ-պորտալի մասնագետ-տեխնիկ - 3514:
2513.1. թվային խաղերի ծրագրավորող
1. Թվային խաղերի ծրագրավորողները ծրագրավորում, իրականացնում և փաստաթղթավորում են թվային խաղերը: Նրանք իրականացնում են տեխնիկական ստանդարտներ խաղի ընթացքի, գրաֆիկայի, ձայնի և ֆունկցիոնալության վերաբերյալ:
2513.2. որոնման համակարգի օպտիմալացման փորձագետ
1. Որոնման համակարգի օպտիմալացման փորձագետները բարձրացնում են ընկերության վեբ էջերի դիրքերը որոնման համակարգում նպատակային հարցումների հետ կապված: Նրանք նախաձեռնում և իրականացնում են որոնման համակարգերի օպտիմալացման (SEO) արշավներ և որոշում են, թե որ կողմերն ունեն բարելավման կարիք: Որոնման համակարգի օպտիմալացման փորձագետները կարող են իրականացնել վճարիր-քլիքի-համար (PPC (pay-per-click)) արշավներ:
2513.3. Օգտատիրոջ միջերեսի (ինտերֆեյսի) դիզայներ
1. Օգտատիրոջ միջերեսի դիզայներները պատասխանատու են հավելվածների և համակարգերի համար օգտատերերի միջերեսների նախագծման համար: Նրանք կատարում են դասավորության, գրաֆիկայի և երկխոսությունների ձևավորման աշխատանքներ, ինչպես նաև հարմարեցման աշխատանքներ:
2513.4. վեբ բովանդակության ղեկավար
1. Վեբ բովանդակության ղեկավարները կազմակերպում կամ ստեղծում են բովանդակություն վեբ հարթակի համար` համաձայն կազմակերպության կամ նրանց հաճախորդների առցանց բովանդակության երկարաժամկետ ռազմավարական նպատակների, քաղաքականության և ընթացակարգերի: Նրանք վերահսկում և մշտադիտարկում են չափորոշիչների, իրավական և գաղտնիության կանոնակարգերի համապատասխանությունը և ապահովում են վեբ օպտիմալացումը: Նրանք պատասխանատու են նաև գրողների և դիզայներների աշխատանքի ինտեգրման համար` վերջնական դասավորություն ստեղծելու համար, որը համատեղելի է կորպորատիվ չափորոշիչների հետ:
2513.5. վեբ ծրագրավորող
1. Վեբ ծրագրավորողները մշակում, իրականացնում և փաստաթղթավորում են վեբ հասանելի ծրագրակազմը` հիմնվելով տրամադրված դիզայնի վրա: Նրանք համահունչ են դարձնում հաճախորդի վեբ ներկայությունը իրենց բիզնես ռազմավարության հետ, կարգաբերում ծրագրակազմի խնդիրները և փնտրում են հավելվածի բարելավման ուղիներ:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2514. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ
1. Հավելվածների ծրագրավորողները ստեղծում և պահպանում են տեխնիկական հրահանգներում և մասնագրերում նշված ծրագրավորման ենթակա կոդերը` հավելվածների և օպերացիոն համակարգերի համար:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
ա) որակի չափորոշիչներին համապատասխան` տեխնիկական հրահանգներում և մասնագրերում նշված ծրագրային կոդի ստեղծումն ու պահպանումը.
բ) առկա ծրագրերի աշխատանքի արդյունավետության բարձրացման և նոր պահանջներին հարմարեցման համար ծրագրերի վերանայումը, կարգաբերումը կամ ընդլայնումը.
գ) ծրագրերի և ծրագրային հավելվածների պահանջվող տեղեկատվության ապահովման ստուգման համար փորձարկումների կատարումը.
դ) ծրագրերի մշակման մասին փաստաթղթերի կազմումն ու նախապատրաստումը.
ե) տեխնիկական հիմնախնդիրների, գործընթացների և լուծումների բացահայտումն ու դրանց մասին ծանուցումը:
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) հավելվածների ծրագրավորող:
4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.
1) ծրագրավորող-վերլուծաբան - 2512,
2) ծրագրային ապահովման մշակող - 2512,
3) մուլտիմեդիական ծրագրավորող - 2513:
2514.1. ՏՀՏ կիրառման կարգավորող
1. ՏՀՏ կիրառման կարգավորողները հայտնաբերում են, գրանցում և պահպանում օգտագործողի հատուկ կիրառման կարգավորումները` հիմնված օգտագործողի պահանջների և բիզնես կանոնների վրա: Նրանք կարգավորում են ընդհանուր ծրագրային համակարգերը, որպեսզի ստեղծեն հատուկ տարբերակ, որը կիրառվում է կազմակերպության համատեքստում: Այս կարգավորումները տատանվում են հիմնական պարամետրերի կարգավորումից մինչև բիզնես կանոնների և դերերի ստեղծում ՏՀՏ համակարգում` հատուկ մոդուլների մշակմամբ (ներառյալ պատրաստի առևտրային համակարգերի (COTS) կարգավորումը: Նրանք նաև փաստաթղթավորում են կարգավորումները, կատարում կարգավորումների թարմացումներ և ապահովում, որ կարգավորումները ճիշտ կերպով իրականացվեն հավելվածում:
2514.2. ՏՀՏ հավելվածների մշակող
1. ՏՀՏ հավելվածների մշակողները իրականացնում են ՏՀՏ (ծրագրային ապահովման) հավելվածները` հիմնվելով տրամադրված դիզայնների վրա` օգտագործելով հավելվածների դոմեյնին հատուկ լեզուներ, գործիքներ, հարթակներ և փորձառություն:
2514.2.1. ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման մշակող
1. Ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման մշակողները ծրագրավորում, ներդրում, փաստաթղթավորում և պահպանում են ներկառուցված համակարգում գործարկվող ծրագրակազմը:
2514.2.2. բջջային հավելվածի ծրագրավորող
1. Բջջային հավելվածների ծրագրավորողներն իրականացնում են բջջային սարքերի համար հավելվածների ծրագրային ապահովման մշակումը` հիմնվելով տրամադրված նախագծերի վրա, օգտագործելով օպերացիոն համակարգերի համար ծրագրավորման ընդհանուր կամ հատուկ գործիքներ:
2514.3. արդյունաբերական շարժական սարքերի ծրագրակազմի մշակող
1. Արդյունաբերական շարժական սարքերի ծրագրակազմի մշակողները իրականացնում են կիրառական ծրագրակազմ կոնկրետ, մասնագիտական արդյունաբերական շարժական (ձեռքի) սարքերի համար` ելնելով արդյունաբերության կարիքներից, օգտագործելով ընդհանուր կամ կոնկրետ մշակման գործիքներ սարքի օպերացիոն համակարգերի համար:
2514.4. թվային գործիքների և գործընթացների վերահսկման ծրագրավորող
1. Թվային գործիքների և գործընթացների վերահսկման ծրագրավորողները մշակում են համակարգչային ծրագրեր` արտադրական գործընթացներում ներգրավված ավտոմատ մեքենաներն ու սարքավորումները վերահսկելու համար: Նրանք վերլուծում են լուսապատճենները և աշխատանքային հրամանները, անցկացնում համակարգչային մոդելավորումներ և փորձնական գործարկումներ:
2514.5. Մենեջեր` նույնականացման, ամպային տեխնոլոգիաներում
1. Նույնականացման պատասխանատուներն ամպային տեխնոլոգիաներում (Cloud) աշխատում են նույնականացման մուտքի կառավարման հավելվածների հետ: Համագործակցում են վերադասների հետ նույնականացման կառավարման հիմնական ռիսկերը հաղթահարելու համար: Պլանավորում են ռազմավարություններ մասնագիտական չափանիշներին համապատասխան:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2519. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ և ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ
ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ` ԱՅԼՈՒՐ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ
1. Այս ստորին խմբում ներառվում են ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներն ու վերլուծաբանները, որոնք չեն դասակարգվել այլուր` 251. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ փոքր խմբում: Օրինակ` այս խմբում ներառվում են որակի ապահովման, ներառյալ ծրագրային ապահովման փորձարկումներում մասնագիտացած անձինք:
2. Նման դեպքերում նրանց պարտականությունները ներառում են.
ա) ծրագրային ապահովման փորձարկումների պլանների մշակումն ու փաստաթղթավորումը.
բ) փորձարկումների նախապատրաստման ժամանակ ծրագրային ապահովման և սարքավորումների տեղադրումը, ինչպես նաև օպերացիոն համակարգի ծրագրային ապահովման փոխդասավորումը.
գ) հաստատումը, որ ծրագիրը գործում է օգտվողի պահանջներին և սահմանված ուղեցույցներին համապատասխան.
դ) ծրագրային հավելվածների, ինչպես նաև տեղեկատվական և տեղեկատվահաղորդակցման համակարգերի փորձարկումների արդյունքների ձևակերպումը, վերլուծումն ու փաստաթղթավորումը.
ե) ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգերի փորձարկումների քաղաքականության, ընթացակարգերի և սցենարների մշակումն ու կենսագործումը:
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) որակի ապահովման վերլուծաբան (համակարգիչներ),
2) ծրագրային ապահովման փորձարկող,
3) համակարգերի փորձարկող:
2519.1. տվյալների որակի մասնագետ
1. Տվյալների որակի մասնագետները ստուգում են կազմակերպության տվյալների ճշգրտությունը, առաջարկում են բարեփոխումներ տվյալների գրանցման համակարգերում ու տվյալների ձեռքբերման գործընթացներում և գնահատում են տվյալների հղումները և պատմական ամբողջականությունը: Նրանք նաև մշակում են փաստաթղթեր և պահպանում տվյալների որակի նպատակները և չափանիշները, վերահսկում են կազմակերպության տվյալների գաղտնիության քաղաքականությունը և հետևում են տվյալների հոսքերի ու տվյալների որակի չափանիշների միջև համապատասխանությանը:
2519.2. աուդիտոր-ղեկավար` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների
1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) աուդիտոր-ղեկավարները վերահսկում են ՏՀՏ աուդիտորներին, ովքեր պատասխանատու են տեղեկատվական համակարգերի, հարթակների և գործառնական ընթացակարգերի աուդիտի համար` համաձայն հաստատված կորպորատիվ չափանիշների` արդյունավետության, ճշգրտության և անվտանգության համար: Նրանք գնահատում են ՏՀՏ ենթակառուցվածքը` կազմակերպության համար ռիսկայնության տեսակետից և իրականացնում են վերահսկողություն` կորուստների նվազեցման համար: Նրանք որոշում և առաջարկում են բարելավումներ ընթացիկ ռիսկերի կառավարման վերահսկողությունում և համակարգի փոփոխությունների կամ արդիականացման իրականացման մեջ:
2519.3. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների փոփոխությունների և կազմաձևի ղեկավար
1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) փոփոխությունների և կազմաձևի ղեկավարները կազմակերպում և իրականացնում են ՏՀՏ ակտիվների կենսացիկլի ընթացքում փոփոխությունները կառավարելու գործընթաց, ինչպիսիք են ծրագրաշարը, հավելվածները, ՏՀՏ համակարգերը և այլն: ՏՀՏ փոփոխությունների և կազմաձևի ղեկավարները ունեն համակարգային ճարտարագիտության և ՏՀՏ համակարգերի և ենթահամակարգերի կենսացիկլի կառավարման հիմնական տեխնոլոգիաների և գործընթացների վերաբերյալ խորը գիտելիքներ:
2519.4. Վերլուծաբան` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների վերականգնող
1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) վերականգնող վերլուծաբանները մշակում, սպասարկում և իրականացնում են ՏՀՏ վերականգնման շարունակական ռազմավարություններ և լուծումներ: Նրանք աջակցում են տեխնիկական թիմերին, գնահատում են ռիսկերը, նախագծում և մշակում ընթացակարգեր, փաստաթղթեր և ռազմավարություններ վերականգնման համար, որպեսզի բիզնեսի գործառույթները շարունակվեն և վերականգնվեն տվյալների նվազագույն կորստով: Նրանք նաև համակարգում են տվյալների պահուստային համակարգի փորձարկումներն ու դրանց հաստատումը:
2519.5. Ղեկավար` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների որակի ապահովման
1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) որակի ապահովման ղեկավարները ստեղծում են ՏՀՏ որակի մոտեցում և առաջնորդվում են այդ մոտեցմամբ` որակի կառավարման համակարգերի միջոցով` համապատասխանելով ներքին և արտաքին չափորոշիչներին և կազմակերպության մշակույթին: Նրանք երաշխավորում են, որ կառավարման հսկողությունները ճիշտ են իրականացվում` պաշտպանելու ակտիվները, տվյալների ամբողջականությունը և գործառնությունները: Նրանք կենտրոնանում են որակի նպատակներին հասնելու վրա, ներառյալ արտաքին հավաստագրման պահպանումը որակի չափորոշիչներին համապատասխան և վերահսկում են վիճակագրությունը` որակի արդյունքները կանխատեսելու համար:
2519.6. ՏՀՏ թեստերի վերլուծաբան
1. ՏՀՏ թեստերի վերլուծաբաններն աշխատում են թեստավորման վայրում, գնահատում են արտադրանքը, ստուգում որակը և ճշգրտությունը կամ ստեղծում թեստեր: Նրանք նախագծում են թեստեր, որոնք այնուհետև իրականացվում են թեստավորողների կողմից:
2519.7. ծրագրակազմ փորձարկող
1. Ծրագրակազմ փորձարկողները կատարում են ծրագրակազմի փորձարկումներ: Նրանք կարող են նաև պլանավորել և նախագծել դրանք, վերացնել սխալները և վերացնել խնդիրները, թեև սա հիմնականում նախագծողների և ծրագրավորողների աշխատանքն է: Նրանք հետևում են, որ ծրագրերը ճիշտ գործեն նախքան դրանց` ներքին և արտաքին հաճախորդներին հանձնելը:
2519.7.1. թվային խաղերի փորձարկող
1. Թվային խաղերի փորձարկողները վերանայում և փորձարկում են տարբեր ժանրերի թվային խաղերը` խաղալով դրանք, որպեսզի գտնեն սխալներ և թերություններ խաղի ֆունկցիոնալության կամ գրաֆիկայի մեջ: Նրանք կարող են գնահատել խաղերի գրավչությունը և խաղարկելիությունը: Նրանք կարող են նաև անձամբ վերացնել խաղերում հայտնաբերված սխալները:
2519.7.2. ՏՀՏ հասանելիության փորձարկող
1. ՏՀՏ հասանելիության փորձարկողները գնահատում են կայքերի, ծրագրային հավելվածների, համակարգերի կամ օգտատիրոջ ինտերֆեյսի բաղադրիչների հարմարավետությունը, հեշտ կիրառելիությունը և տեսանելիությունը բոլոր տեսակի օգտատերերի, հատկապես հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար:
2519.7.3. ՏՀՏ ներդրման փորձարկող
1. ՏՀՏ ներդրման փորձարկողները կատարում են փորձարկումներ համակարգի բաղադրիչների, միավորների կամ նույնիսկ հավելվածների խմբերում: Խմբավորելով դրանք ավելի մեծ խմբերի` նրանք կիրառում են ներդրման փորձարկման նախագծեր: Նրանք վերահսկում են տարբեր բաղադրիչների միջև հարաբերությունների բարդությունը:
2519.7.4. ՏՀՏ համակարգի փորձարկող
1. ՏՀՏ համակարգի փորձարկողները կատարում են թեստավորման և որոշակի թեստային պլանավորման աշխատանքներ: Նրանք կարող են նաև վրիպազերծել (debug) և վերանորոգել ՏՀՏ համակարգերն ու բաղադրիչները, թեև դա հիմնականում դիզայներների և ծրագրավորողների աշխատանքն է: Նրանք ապահովում են, որ բոլոր համակարգերը և բաղադրիչները պատշաճ կերպով գործեն նախքան դրանք ներքին և արտաքին հաճախորդներին տրամադրելը:
2519.7.5. ՏՀՏ օգտագործելիության փորձարկող
1. ՏՀՏ օգտագործելիության փորձարկողներն ապահովում են պահանջների համապատասխանությունը և ձգտում են հասնել օպտիմալ օգտագործելիության ծրագրային ապահովման ինժեներական ցիկլի փուլերում (վերլուծություն, նախագծում, իրականացում և տեղակայում): Նրանք նաև սերտորեն համագործակցում են օգտատերերի (վերլուծաբանների) հետ` ուսումնասիրելու և փաստաթղթավորելու օգտատերերի պրոֆիլները, վերլուծելու առաջադրանքները, աշխատանքային հոսքերը և օգտատերերի սցենարները:
ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 252. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
1. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետները նախագծում, մշակում, վարում, սպասարկում և պահպանում են համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների, ներառյալ տվյալների շտեմարանների ծրագրային ապահովման և սարքավորումների, ցանցերի և օպերացիոն համակարգերի օպտիմալ արտադրողականությունն ու անվտանգությունը:
2. Իրականացվող պարտականությունները սովորաբար ներառում են. տեղեկատվական համակարգերի նախագծերի համար տվյալների շտեմարանների ճարտարապետության, տվյալների կառուցվածքի, բառարանների ու տերմինների նախագծումն ու մշակումը. տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի նախագծումը, ստեղծումը, ձևափոխումը, ինտեգրումը, իրականացումը և փորձարկումը. տվյալների անվտանգության, կառավարման քաղաքականության, փաստաթղթերի և չափորոշիչների պլանների մշակումն ու իրականացումը. համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի պահպանումն ու կառավարումը. բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության մասնագրերի, տվյալների մոդելների և ուրվագծերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը և գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:
3. Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1) 2521. Տվյալների շտեմարանների դիզայներներ և ադմինիստրատորներ.
2) 2522. Համակարգային ադմինիստրատորներ.
3) 2523. համակարգչային ցանցերի մասնագետներ.
4) 2529. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ` այլուր չդասակարգված:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2521. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ և
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ
1. Տվյալների շտեմարանների դիզայներները և ադմինիստրատորները նախագծում, մշակում, վերահսկում, վարում և պահպանում են տվյալների շտեմարանների օպտիմալ արտադրողականությունը և անվտանգությունը:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
ա) տեղեկատվական համակարգերի նախագծերի համար տվյալների շտեմարանների ճարտարապետության, տվյալների կառուցվածքի, աղյուսակների, բառարանների ու տերմինների նախագծումը և մշակումը.
բ) տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի նախագծումը, ստեղծումը, ձևափոխումը, ինտեգրումը, իրականացումը և փորձարկումը.
գ) տվյալների շտեմարանների կառավարման միջոցների ընտրության, կիրառման և իրականացման ուղղությամբ հետազոտությունների կատարումը և առաջարկությունների ներկայացումը.
դ) տվյալների, փաստաթղթերի, մոդելների և չափորոշիչների կառավարման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
ե) տվյալների բազաների մուտքի, դրանց օգտագործման, պահուստավորման և տվյալների վերականգնման քաղաքականության և ընթացակարգերի մշակումը.
զ) պահուստավորման, վերականգնման ընթացակարգերի հետ կապված աշխատանքային և կանխարգելիչ միջոցառումների անցկացումը և անվտանգության ու ամբողջականության վերահսկողության միջոցների կիրառման ապահովումը:
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) տվյալների ադմինիստրատոր,
2) տվյալների շտեմարանների ադմինիստրատոր,
3) տվյալների շտեմարանների վերլուծաբան,
4) տվյալների շտեմարանների ճարտարապետության մասնագետ:
4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.
1) ցանցային ադմինիստրատոր - 2522,
2) համակարգային ադմինիստրատոր (համակարգիչների) - 2522,
3) Վեբ-վարպետ - 3514,
4) Վեբ-կայքերի ադմինիստրատոր - 3514:
2521.1. տվյալների բազայի ադմինիստրատոր
1. Տվյալների բազայի ադմինիստրատորները թեստավորում, կիրառում և կառավարում են համակարգչային տվյալների բազաները: Նրանք օգտագործում են իրենց փորձառությունը տվյալների բազայի կառավարման համակարգերում` պլանավորելու, համակարգելու և անվտանգության միջոցառումներ իրականացնելու և համակարգչային տվյալների բազաները պաշտպանելու համար: Նրանք նաև օգտագործում են սցենարներ և կարգավորման ֆայլեր` տվյալների բազան օգտատերերի պահանջներին համապատասխանեցնելու համար:
2521.2. տվյալների բազայի նախագծող
1. Տվյալների բազայի նախագծողները որոշում են տվյալների բազայի տրամաբանական կառուցվածքը, գործընթացները և տեղեկատվական հոսքերը: Նրանք նախագծում են տվյալների մոդելներ և տվյալների բազաներ` տվյալների ձեռքբերմանը ծառայելու համար:
2521.3. տվյալների բազայի մշակող
1. Տվյալների բազայի մշակողները ծրագրավորում, իրականացնում և համակարգում են համակարգչային տվյալների բազաների փոփոխությունները` հիմնվելով տվյալների բազայի կառավարման համակարգերի իրենց փորձի վրա:
2521.4. տվյալների բազայի ինտեգրատոր
1. Տվյալների բազայի ինտեգրատորները իրականացնում են ինտեգրում տարբեր տվյալների բազաների միջև: Նրանք պահպանվում են ինտեգրումը և ապահովում են համատեղելիությունը:
2521.5. Նախագծող` տվյալների շտեմարանի
1. Տվյալների շտեմարանի նախագծողները պատասխանատու են տվյալների պահեստի համակարգերի պլանավորման, միացման, նախագծման, ժամանակացույցի կազմման և տեղակայման համար: Նրանք մշակում, վերահսկում և պահպանում են ETL-ի (դուրսբերում, փոխակերպում, վերբեռնում) գործընթացները, հաշվետվությունները և տվյալների պահեստի դիզայնը:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2522. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ
1. Համակարգային ադմինիստրատորները մշակում, վերահսկում, վարում և պահպանում են տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի լավագույն արտադրողականությունն ու անվտանգությունը:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
ա) համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի, այդ թվում` համակարգչային ապարատային ապահովման, ծրագրային ապահովման համակարգերի, կիրառական ծրագրային ապահովման և դրանց փոխդասավորման աջակցումն ու կառավարումը.
բ) համակարգերի և ցանցերի փոխդասավորման բարելավման համար փոփոխությունների առաջարկումը, ինչպես նաև այդպիսի փոփոխությունների հետ կապված ապարատային և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջների որոշումը.
գ) ապարատային և ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների կանխատեսումը.
դ) տվյալների պահուստավորումը և վթարների դեպքում վերականգնումը.
ե) համակարգչային համակարգերի և ցանցերի բնութագրերին հետևման, ինչպես նաև համակարգչային ցանցերի մուտքի և դրա օգտագործման համակարգման համար հիմնական բարձակների օգտագործումը:
3. Այս ստորին խմբին դասվող զբաղմունքների օրինակներ.
1) ադմինիստրատոր` ցանցային,
2) ադմինիստրատոր` համակարգային (համակարգիչների):
4. Այլ ստորին խմբերին դասվող որոշ հարակից զբաղմունքներ.
1) ադմինիստրատոր` տվյալների շտեմարանների - 2521,
2) վերլուծաբան` ցանցային - 2523,
3) ադմինիստրատոր` Վեբ-կայքերի - 3514,
4) Վեբ-վարպետ - 3514,
5) մասնագետ-տեխնիկ` Վեբ-կայքի - 3514:
2522.1. ՏՀՏ համակարգի ադմինիստրատոր
1. ՏՀՏ համակարգի ադմինիստրատորները պատասխանատու են համակարգչային և ցանցային համակարգերի, սերվերների, աշխատանքային կայանների և օժանդակ սարքերի պահպանման, կազմաձևման և հուսալի շահագործման համար: Նրանք կարող են ձեռք բերել, տեղադրել կամ արդիականացնել համակարգչային բաղադրիչները և ծրագրակազմը, ավտոմատացնել սովորական առաջադրանքները, գրել համակարգչային ծրագրեր, անսարքություններ վերացնել, վերապատրաստել և վերահսկել անձնակազմին, ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն: Նրանք ապահովում են համակարգի օպտիմալ ամբողջականություն, անվտանգություն, կրկնօրինակում և կատարում:
2522.1.1. ՏՀՏ ցանցի ադմինիստրատոր
1. ՏՀՏ ցանցի ադմինիստրատորները ապահովում են հուսալի, անվտանգ և արդյունավետ տվյալների հաղորդակցության ցանցի աշխատանքը` ներառյալ լոկալ ցանցը (LAN), տարածաշրջանային ցանցը (WAN), ինտրանետը և ինտերնետը: Նրանք կատարում են ցանցային հասցեների նշանակում, միջանկյալ համակարգից միջանկյալ համակարգի հաղորդակարգ (Intermediate System to Intermediate System protocol - ISIS), «Ամենակարճ ճանապարհն առաջինը բացելու» հաղորդակարգ (Open Shortest Path First - OSPF), «Սահմանային դարպասի» հաղորդակարգ (Border Gateway Protocol - BGP) և այլ երթուղիչման հաղորդակարգերի կառավարում և կիրարկում, երթուղիչման աղյուսակի փոխդասավորումներ և որոշակի վավերացման կիրառումներ: Նրանք կատարում են սերվերների (ֆայլային սերվերներ, վիրտուալ մասնավոր ցանց (VPN), ուղեմուտներ, ներխուժման հայտնաբերման համակարգեր), սեղանի համակարգիչների, տպիչների, երթուղիչների, անջատիչների, հրապատերի, հեռախոսների, համացանցային հաղորդակցությունների հաղորդակարգ (Internet Protocol` IP), անհատական թվային օգնականների, սմարթֆոնների, ծրագրակազմերի տեղադրման, անվտանգության թարմացումների և ծածկագրերի սպասարկում և կառավարում, ինչպես նաև մեծ քանակությամբ լրացուցիչ տեխնոլոգիաների` թե՛ սարքավորումների, թե՛ ծրագրակազմերի ներառում:
2522.1.2. համակարգի կարգաբերող
1. Համակարգի կարգաբերողները հարմարեցնում են համակարգչային համակարգը կազմակերպության և օգտատերերի կարիքներին: Նրանք կատարում են կարգաբերման գործողություններ և սկրիպտավորում և ապահովում են հաղորդակցությունը օգտատերերի հետ:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2523. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
1. Համակարգչային ցանցերի մասնագետները ցանցային ճարտարապետության և զարգացման բնագավառում իրականացնում են հետազոտություններ և վերլուծություններ, նախագծում, փորձարկում ու առաջարկում նոր ռազմավարություններ: Նրանք իրականացնում, կառավարում, աջակցում և փոխդասավորում են ցանցային սարքավորումները և ծրագրային ապահովումը, ինչպես նաև իրականացնում են մշտադիտարկում, անսարքությունների որոնում, դրանց վերացում և աշխատանքի օպտիմալացում:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
ա) բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության մասնագրերի, տվյալների մոդելների և ուրվագծերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը, գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:
բ) ցանցերի օպտիմալ փոխդասավորության ու արտադրողականության ապահովման համար ցանցային ենթակառուցվածքի հետազոտումը, վերլուծումը, գնահատումը և մշտադիտարկումը.
գ) ցանցի և ինտեգրված սարքերի, ծրագրային ապահովման, հաղորդակցման և օպերացիոն համակարգերի աշխատանքի գնահատումը և դրա բարելավման համար առաջարկությունների մշակումը.
դ) ցանցերի աշխատանքի ժամանակ և վթարային իրավիճակներում աջակցելու համար, ինչպես նաև անսարքությունների որոնումների ու դրանց վերացման ժամանակ մասնագիտական հմտությունների կիրառումը.
ե) նոր ու թարմացրած ցանցերի, ծրագրային ապահովման տվյալների շտեմարանների հավելվածների, սերվերների և աշխատանքային կայանների տեղադրումը, փոխդասավորումը, փորձարկումը, տեխնիկական սպասարկումն ու կառավարումը.
զ) ցանցի գույքագրման նախապատրաստումը, ընթացակարգի իրականացումը և փաստաթղթավորումը, վիճակի գրանցումը և ցանցի անսարքությունների վերացումը, ցանցում բարելավումների և ձևափոխումների կատարումը, ինչպես նաև տեխնիկական սպասարկման հրահանգների նախապատրաստումը.
է) ցանցի շարունակական ամբողջականության և օպտիմալ արտադրողականության ապահովման նպատակով ցանցի տրաֆիկի տեղեկատվության շարժի ու վիճակի, ծավալի և օգտագործման մշտադիտարկումը:
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) հաղորդակցման վերլուծաբան (համակարգիչներ),
2) ցանցային վերլուծաբան:
4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.
1) համակարգային վերլուծաբան - 2511,
2) ցանցային ադմինիստրատոր - 2522:
2523.1. ՏՀՏ հզորության ապահովման մասնագետ
1. ՏՀՏ հզորության պլանավորողները ապահովում են, որ ՏՀՏ ծառայությունների և ՏՀՏ ենթակառուցվածքի հզորությունը կարողանա ապահովել ծառայությունների մակարդակի համաձայնեցված թիրախները ծախսարդյունավետ և ճիշտ ժամանակին: Նրանք նաև հաշվի են առնում բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ՏՀՏ ծառայության մատուցման համար, և պլանավորում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բիզնես պահանջները:
2523.2. ՏՀՏ ցանցի ճարտարագետ
1. ՏՀՏ ցանցի ճարտարագետները նախագծում են ՏՀՏ ցանցի (սարքավորումներ, ենթակառուցվածք, հաղորդակցություն և սարքավորման բաղադրիչներ) տեղաբանությունը և կապակցվածությունը:
2523.3. ՏՀՏ ցանցի ինժեներ
1. ՏՀՏ ցանցի ինժեներներն իրականացնում, սպասարկում և աջակցում են համակարգչային ցանցերին: Նրանք նաև կատարում են ցանցի մոդելավորում, վերլուծություն և պլանավորում: Նրանք կարող են նաև նախագծել ցանցի և համակարգչի անվտանգության միջոցառումներ: Նրանք կարող են ուսումնասիրել և առաջարկել ցանցի ու տվյալների փոխանցման ապարատային և ծրագրային ապահովում:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2529. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ և ՑԱՆՑԵՐԻ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԱՅԼՈՒՐ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ
1. Այս ստորին խմբում ներառված են տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետները, որոնք դասակարգված չեն այլուր` 252. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ փոքր խմբում: Օրինակ` այս խմբում ներառված են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների անվտանգության հարցերով մասնագետները:
2. Նման դեպքերում նրանց պարտականությունները ներառում են.
ա) պատահական կամ չարտոնված փոփոխումից, ոչնչացումից կամ հրապարակումից համակարգչային ֆայլերի անվտանգության ապահովման ուղղությամբ պլանների մշակումը, ինչպես նաև վթարային իրավիճակներում տվյալների մշակման համար կարիքների ապահովումը.
բ) անվտանգության համակարգի ապահովման և սերվերի ու ցանցի արդյունավետության բարձրացման համար օգտատերերին ուսուցանումը և նրանց իրազեկումը անվտանգության խնդիրների վերաբերյալ.
գ) օգտվողների հետ համակարգչային տվյալների հասանելիության, անվտանգության խախտումների և ծրագրային փոփոխությունների պահանջներին վերաբերող հարցերի քննարկումը.
դ) համակարգչային վիրուսներից պաշտպանության համակարգերի թարմացման ժամկետների որոշման նպատակով համակարգչային վիրուսների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունների մշտադիտարկումը.
ե) նոր ծրագրային ապահովման, սխալների ուղղման կամ առանձին անձանց համար մուտքի կարգավիճակի փոփոխման համար համակարգչային անվտանգության փաստաթղթերում փոփոխությունների կատարումը.
զ) համակարգչային ֆայլերում մուտքագրված տեղեկատվության պաշտպանության նպատակով տվյալների ֆայլերի օգտագործման վերահսկումը և մուտքի կարգավորումը.
է) տվյալների մշակման համակարգի գործունեության և անվտանգության միջոցառումների պահպանումն ապահովելու համար անվտանգության ռիսկի գնահատումը և փորձարկումների անցկացումը.
ը) փոխանցվող գաղտնի տվյալները թաքցնելու և տեղեկատվության չարտոնված փոխանցումը թույլ չտալու համար տվյալների ծածկագրումը և հակահրդեհապատերի տեղադրումը.
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) Դատամայնինգի (տվյալների արդյունահանման) մասնագետ,
2) մասնագետ-քրեագետ` թվային տեխնոլոգիաների,
3) մասնագետ` ՏՀՏ անվտանգության հարցերով:
2529.1. ՏՀՏ անվտանգության ղեկավար
1. ՏՀՏ անվտանգության ղեկավարները պաշտպանում են ընկերության և աշխատակիցների տեղեկատվությունը չարտոնված մուտքերից: Նրանք նաև սահմանում են տեղեկատվական համակարգերի անվտանգության քաղաքականությունը, կառավարում են անվտանգության համակարգերի տեղադրումը բոլոր տեղեկատվական համակարգերում և ապահովում տեղեկատվության հասանելիությունը:
2529.2. թվային դատաբժշկական փորձագետ
1. Թվային դատաբժշկական փորձագետները վերականգնում և վերլուծում են տեղեկատվությունը համակարգիչներից և տվյալների պահպանման այլ սարքերից: Նրանք դատաբժշկական մեթոդներով հետազոտում են թվային մեդիան, որը կարող է թաքցված, ծածկագրված կամ վնասված լինել` նպատակ ունենալով նույնականացնել, պահպանել, վերականգնել, վերլուծել և ներկայացնել փաստեր և կարծիքներ թվային տեղեկատվության վերաբերյալ:
2529.3. ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետ
1. Ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետները խորհուրդ են տալիս և գտնում լուծումներ` ներկառուցված և փոխկապակցված համակարգերում տվյալների և ծրագրերի մուտքի վերահսկման համար: Նրանք օգնում են ապահովել ներկառուցված համակարգերով և միացված սարքերով ապրանքների անվտանգ աշխատանքը` պատասխանատու լինելով փոխկապակցված համակարգերի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար և համապատասխանաբար նախագծում, պլանավորում և իրականացնում են անվտանգության միջոցառումներ: Ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետներն օգնում են պաշտպանվել հարձակումներից` իրականացնելով պաշտպանական միջոցառումներ, որոնք կանխում են ներխուժումները և մուտքի խախտումները:
2529.4. էթիկական հաքեր
1. Էթիկական հաքերները կատարում են անվտանգության խոցելիության գնահատումներ և հարձակողական փորձարկումներ` համաձայն ոլորտում ընդունված մեթոդների և արձանագրությունների: Նրանք վերլուծում են համակարգերը հնարավոր խոցելիության համար, ինչը կարող է առաջանալ համակարգի ոչ պատշաճ կազմաձևումից, սարքաշարի կամ ծրագրաշարի թերություններից կամ գործառնական թուլությունից:
2529.5. Կիբերանվտանգության և աղետների դիմակայության կառավարման մասնագետ
1. Կիբերանվտանգության և աղետների դիմակայության կառավարման մասնագետները ուսումնասիրում, պլանավորում և մշակում են մոդելներ, քաղաքականություն, մեթոդներ, տեխնիկաներ և գործիքներ, որոնք բարելավում են կազմակերպության կիբերանվտանգությունը, կայունությունը և աղետներից վերականգնումը:
2529.6. ՏՀՏ անվտանգության կառավարիչ
1. ՏՀՏ անվտանգության կառավարիչները պլանավորում և իրականացնում են անվտանգության միջոցառումներ` տեղեկատվությունը և տվյալները չարտոնված մուտքերից, դիտավորյալ հարձակումից, գողությունից և կոռուպցիայից պաշտպանելու համար:
2529.7. կիբերանվտանգության մասնագետ
1. Կիբերանվտանգության մասնագետները մոնիտորինգ են իրականացնում և գնահատում են կիբերանվտանգության համակարգերի վիճակը` վերլուծելով, գնահատելով և մեղմելով կիբերանվտանգությանը սպառնացող միջադեպերի ազդեցությունը: Բացի այդ, նրանք հայտնաբերում են վնասակար դերակատարներին և կիբեր միջադեպերի հիմնական պատճառները: Կազմակերպության միջադեպերի արձագանքման պլանի համաձայն, նրանք վերականգնում են համակարգերն ու գործընթացների գործառույթները` հավաքելով ապացույցներ և փաստաթղթավորելով կատարված գործողությունները:
2529.8. կիբերանվտանգության ռիսկերի կառավարիչ
1. Կիբերանվտանգության ռիսկերի կառավարիչները հայտնաբերում, վերլուծում, գնահատում, հաշվում և նվազեցնում են համակարգերի, ծառայությունների և այլ ՏՀՏ ենթակառուցվածքների կիբերանվտանգության հետ կապված ռիսկերը: Նրանք կառավարում են այս ասպեկտները` պլանավորելով ռիսկերի վերլուծություն, ինչպես նաև կիրառելով, զեկուցելով, գնահատելով, հաղորդակցելով և վերացնելով դրանք: Նրանք հաստատում են կազմակերպության ռիսկերի կառավարման ռազմավարությունը և ապահովում, որ ռիսկերը մնան ընդունելի մակարդակի վրա կազմակերպության համար` ընտրելով նվազեցման գործողություններ և հսկողություններ:
2529.9. գիտելիքի ճարտարագետ
1. Գիտելիքի ճարտարագետները ներառում են կառուցվածքային գիտելիքները համակարգչային համակարգերի մեջ (գիտելիքների բազաներ)` բարդ խնդիրների լուծման համար, որոնք սովորաբար պահանջում են բարձր մակարդակի մարդկային փորձառություն կամ արհեստական բանականության մեթոդներ: Նրանք նաև պատասխանատու են գիտելիքների հավաքագրման կամ ստացման համար տեղեկատվական աղբյուրներից, այդ գիտելիքների պահպանման և դրանք կազմակերպությանը կամ օգտատերերին հասանելի դարձնելու համար: Այս նպատակով նրանք տեղեկացված են գիտելիքների ներկայացման և պահպանման տեխնիկաներից (կանոններ, շրջանակներ, սեմանտիկ ցանցեր, օնտոլոգիաներ) և օգտագործում են գիտելիքների հանման տեխնիկաներ և գործիքներ: Նրանք կարող են նախագծել և կառուցել այս գիտելիքները օգտագործող փորձագիտական կամ արհեստական բանականության համակարգեր:
ԲԱԺԻՆ 3
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ 3. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՄԻՋԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. ՆԱԽԱԲԱՆ
1.Միջին որակավորման մասնագետներն առավելապես կատարում են տեխնիկական և բովանդակությամբ կից պարտականություններ, որոնք առնչվում են գիտական, սոցիալական, պետական, առևտրային կամ գեղարվեստական հայեցակարգերի, սկզբունքների, կանոնների և մեթոդների կիրառմանը և մշակմանը, ինչպես նաև ուսուցմանը` որոշակի կրթական մակարդակներին համապատասխան: Այս պարտականությունների կատարումը ենթադրում է որոշակի տեսական պատրաստվածության և մասնագիտական գիտելիքների բնագավառի սկզբունքների և մեթոդների գործնական կիրառման հմտությունների առկայություն:
2.Սույն հիմնական խմբի զբաղմունքները պահանջում են միջնակարգ մասնագիտական կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն և հետագա մասնագիտական ուսուցում:
3.Միջին որակավորման մասնագետների պարտականությունները ներառում են. մեքենաներ, մեխանիզմներ, կայաններ, հարմարանքներ և տեխնիկական այլ սարքավորումներ մշակելուն և դրանց բնականոն գործունեությունն ապահովելուն մասնակցելը` օգտագործելով տեխնիկական և բնական գիտությունների, այդ թվում` ֆիզիկայի և քիմիայի, մեթոդները և սկզբունքները. շենքերի շինությունների, տրանսպորտային միջոցների, տեխնոլոգիական գործընթացների և իրերի արտադրության անվտանգության պայմաններ վերահսկելը. գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար, առողջապահության և առողջաբանության (հիգիենայի) պահպանման, մարդկանց և կենդանիների խնամքի հարցերում մասնագիտական խորհրդատվություն և օգնություն ցուցաբերելը. երեխաներին նախնական դպրոցում և նախադպրոցական հիմնարկներում ուսուցանելը. հաշմանդամներին ուսուցանելը. պետական և կառավարման այլ ոլորտներում, առևտրի, ֆինանսների և արվեստի բնագավառներում որոշակի աշխատանքներ կատարելը. մարդկանց և բեռներ փոխադրելը հսկելը, այդ թվում` արտերկրներ. սոցիալական հարցերում խորհրդատվություն և օգնություն ցուցաբերելը. մարզական միջոցառումներ կազմակերպելը և անցկացնելը. կրոնական գործունեություն ծավալելը. այլ աշխատողներին ղեկավարելը:
4.Միջին որակավորման մասնագետների գործունեությունը կարող են ղեկավարել հիմնարկների, կազմակերպությունների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և հմուտ մասնագետները:
5.Այս հիմնական խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ենթախմբերում.
1) Ենթախումբ 31. Մասնագետներ` ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների.
2) Ենթախումբ 32. Մասնագետներ (օժանդակ անձնակազմ) ` բնական գիտությունների և առողջապահության բնագավառների.
3) Ենթախումբ 33. Մասնագետներ` կրթության բնագավառի.
4) Ենթախումբ 34. Աշխատողներ` ֆինանսատնտեսագիտական, վարչական և սոցիալական բնագավառների:
2. ԵՆԹԱԽՈՒՄԲ 31. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
1.Ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների մասնագետները զբաղվում են ֆիզիկական գիտությունների, համակարգչային և այլ տեխնիկայի բնագավառներում հայեցակարգերի ու շահագործման մեթոդների մշակմանը և կիրառմանն առնչվող տեխնիկական խնդիրներով: Նրանք հսկում և շահագործում են տեխնիկական սարքավորումները, տրանսպորտային միջոցները, զբաղվում են արտադրական և այլ գործընթացների, ինչպես նաև արտադրվող արտադրանքի անվտանգության հարցերով:
2.Այս պարտականությունների կատարումը պահանջում է համապատասխան տեսական պատրաստվածություն և մասնագիտական գիտելիքների բնագավառի սկզբունքների ու մեթոդների գործնական կիրառման փորձ: Սույն ենթախմբի զբաղմունքները պահանջում են միջնակարգ մասնագիտական, իսկ որոշ դեպքերում` բարձրագույն մասնագիտական կրթություն կամ գործնական աշխատանքի հետկրթական զգալի փորձ:
3.Այս ենթախմբում ներառված մասնագետների պարտականությունները հիմնականում ներառում են. ֆիզիկական գիտությունների, համակարգչային և այլ տեխնիկայի բնագավառում տեխնիկական աշխատանք կատարելը. օպտիկական, էլեկտրոնային և դրանց առնչվող սարքավորումներ ու համակարգեր հսկելը և շահագործելը. օդանավեր և նավեր վարելը և կառավարելը, շինարարական և արտադրական գործընթացների սարքավորումներ շահագործելը և արտադրանքի օգտագործման ու արտադրության անվտանգության կանոնների և չափորոշիչների կիրառումը հսկելը:
4.Նրանց գործունեությունը կարող են ղեկավարել հիմնարկների, կազմակերպությունների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ հմուտ մասնագետները:
5.Սույն ենթախմբի մասնագետները կարող են իրենց պարտականությունները կատարել ինքնուրույնաբար: Դրանք կարող են ներառել նաև այլ աշխատողներին ղեկավարելը:
6.Այս ենթախմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ փոքր խմբերում.
1) Փոքր խումբ 311. Տեխնիկներ` ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների.
2) Փոքր խումբ 312. Աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման.
3) Փոքր խումբ 313. Տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների.
4) Փոքր խումբ 314. Հսկիչներ և տեխնիկ-մասնագետներ` նավերի և օդանավերի.
5) Փոքր խումբ 315. Տեսուչներ և որակի հսկիչներ` շինարարության, հրշեջ ծառայության, տրանսպորտային միջոցների, արտադրական գործընթացների, արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման:
3. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 311. ՏԵԽՆԻԿՆԵՐ` ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
1.Ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների տեխնիկները լուծում են տնտեսության տարբեր ճյուղերում ճարտարագիտանախագծային մշակումների գործնական կիրառմանն առնչվող գիտական հայեցակարգերի և սկզբունքների մշակման, տեխնիկական միջոցների և շինությունների շահագործման, արտադրական գործընթացների տնտեսական արդյունավետության գնահատման տեխնիկական խնդիրներ:
2.Կատարվող պարտականությունները հիմնականում ներառում են. քիմիայի, ֆիզիկայի, երկրաբանության, հիդրոօդերևութաբանության, աստղագիտության, ինչպես նաև ինժեներական գործի, տեխնիկական նախագծումների, արտադրական գործընթացների տնտեսական արդյունավետության բնագավառներում տեխնիկական աշխատանքներ կատարելը: Նրանց գործունեությունը կարող են ղեկավարել հիմնարկների, կազմակերպությունների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ հմուտ մասնագետները: Այն կարող է ներառել նաև այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1) Ստորին խումբ 3111. Տեխնիկներ` քիմիայի և ֆիզիկայի բնագավառների.
2) Ստորին խումբ 3112. Տեխնիկներ` արդյունաբերական և քաղաքացիական շինարարության.
3) Ստորին խումբ 3113. Տեխնիկ-էլեկտրագետներ.
4) Ստորին խումբ 3114. Տեխնիկ-էլեկտրոնիկներ և տեխնիկներ` հեռահաղորդակցության.
5) Ստորին խումբ 3115. Տեխնիկ-մեքենագետներ.
6) Ստորին խումբ 3116. Տեխնիկներ` քիմիական մեքենաշինության.
7) Ստորին խումբ 3117.Տեխնիկներ` արդյունահանման և մետաղագործության բնագավառների.
8) Ստորին խումբ 3118. Գծագրողներ.
9) Ստորին խումբ 3119. Տեխնիկներ` ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների, այլ խմբերում չներառված:
4. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 3111. ՏԵԽՆԻԿՆԵՐ` ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
1.Քիմիայի և ֆիզիկայի բնագավառների տեխնիկները լուծում են քիմիայի, ֆիզիկայի, երկրաբանության, երկրաֆիզիկայի, հիդրոօդերևութաբանության և աստղագիտության բնագավառների հետազոտություններին, ինչպես նաև արդյունաբերական, բժշկական, ռազմական և այլ ոլորտների հետազոտությունների արդյունքների գործնական կիրառմանն առնչվող տեխնիկական խնդիրներ:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
1) ելակետային տվյալներ, նմուշներ և տիպօրինակներ հավաքելը, մշակելը և կուտակելը, հետազոտությունների, փորձերի և վերլուծությունների համար նյութեր և սարքավորումներ նախապատրաստելը.
2) հետազոտություններ և փորձեր կատարելուն, դրանց արդյունքները վերլուծելուն և մշակելուն մասնակցելը.
3) նախագծերի իրացման համար անհրաժեշտ նյութական և աշխատանքային ծախսերի ծավալներ որոշելը.
4) հետազոտությունների և փորձերի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար տեխնիկական գիտելիքներ կիրառելը.
5) սարքավորումների սպասարկում և նորոգում կազմակերպելը.
6) այլ աշխատողներին ղեկավարելը.
7) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) տեխնիկ-քիմիկոս.
2) տեխնիկ-երկրաբան.
3) տեխնիկ-օդերևութաբան.
4) տեխնիկ-ֆիզիկոս.
5) տեխնիկ-երկրաֆիզիկոս.
6) տեխնիկ-ջրամեքենագետ (հիդրոմեխանիկ):
5. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 3112. ՏԵԽՆԻԿՆԵՐ` ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1.Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության տեխնիկները կատարում են շինարարության ոլորտում գիտական հետազոտություններին և դրանց գործնական կիրառմանը, շենքերի և շինությունների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, կամուրջների, թունելների, ճանապարհների, օդանավակայանների, պատնեշների, ջրատեխնիկական և ստորգետնյա կառույցների նախագծմանը, շինարարությանը, շահագործմանը և վերանորոգմանն առնչվող տեխնիկական աշխատանքներ:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) շինարարական նյութերի և հողերի նմուշների լաբորատոր ու դաշտային ստուգումներ կատարելը կամ դրանց օգնելը.
2) շենքերի և այլ կառույցների շինարարությանը, հետազոտություններին և դրանց հաշվետվությունների պատրաստմանն առնչվող տեխնիկական օգնություն ապահովելը.
3) տիպային նախագծեր, գիտատեխնիկական տեղեկատվություն, տեղեկատու և մասնագիտական գրականություն ուսումնասիրելը.
4) աշխատանքային փաստաթղթերի ձևավորման տեխնիկական աշխատանքներ, նյութերի գծագրական ձևավորում կատարելը.
5) մշակվող նախագծերի նկարագրություններ կազմելը` գործող նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան, նախագծային մանրօրինակներ (մակետներ) պատրաստելուն մասնակցելը.
6) ճարտարապետներին և շինարար-ճարտարագետներին շինարարական տեղամասերում ներկայացնելը` նախագծային մասնագրերի համաձայնեցում ապահովելու համար, նյութերի և աշխատանքի պահանջվող չափորոշիչներ ապահովելը.
7) շինարարության բնագավառի տեխնիկական գիտելիքները, սկզբունքները և փորձը աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար կիրառելը.
8) պարզ նախագծերի մշակմանը մասնակցելը, մասնագրեր և այլ տեխնիկական փաստաթղթեր կազմելը, պարզագույն հաշվարկներ կատարելը.
9) նախագծերի իրացման համար անհրաժեշտ աշխատանքային և նյութական ծախսերի քանակն ու արժեքը մասնագրերին համապատասխան որոշելուն օգնելը.
10) շահագործում և վերանորոգում կազմակերպելը,
10) այլ աշխատողներին ղեկավարելը.
11) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) աշխղեկ` շինարարության.
2) տեխնիկ-շինարար.
3) տեխնիկ-տեղագրագետ.
4) տեխնիկ-նախագծող:
6. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 3113. ՏԵԽՆԻԿ - ԷԼԵԿՏՐԱԳԵՏՆԵՐ
1.Տեխնիկ-էլեկտրագետները լուծում են էլեկտրատեխնիկայի ոլորտի հետազոտություններին, ինչպես նաև էլեկտրական սարքավորումներ և բաշխիչ համակարգեր նախագծելուն, պատրաստելուն, հավաքելուն, կառուցելուն, շահագործելուն և նորոգելուն առնչվող տեխնիկական խնդիրներ:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) էլեկտրական սարքերի ու սարքավորումների հետազոտմանը և կատարելագործմանը, ինչպես նաև փորձնական նմուշների փորձարկմանն առնչվող տեխնիկական օգնություն ապահովելը.
2) էլեկտրական սարքավորումների գծագրեր և ուրվագծեր մշակելն ու պատրաստելը` մասնագրերին համապատասխան.
3) սարքավորումներ պատրաստելու և տեղակայելու համար անհրաժեշտ նյութական և աշխատանքային ծախսերի քանակը և արժեքը որոշելը` մասնագրերին համապատասխան.
4) էլեկտրական սարքավորումների և համակարգերի ճիշտ շահագործումը հսկելը, սարքավորումների անսարքությունների պատճառները բացահայտելը և դրանք վերացնելը.
5) էլեկտրասարքավորումներից և սարքերից օգտվող աշխատողներին դրանց շահագործման կանոնների մասին հրահանգավորելը.
6) էլեկտրական համակարգերի և սարքավորումների պատրաստման, տեղակայման, շահագործման և նորոգման տեխնիկական հսկողություն ապահովելը` աշխատանքների որակով կատարումն ապահովելու համար` գործող կանոններին և մասնագրերին համապատասխան.
7) էլեկտրատեխնիկայի բնագավառի տեխնիկական գիտելիքները, սկզբունքները, ինչպես նաև գործնական փորձը աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար կիրառելը.
8) այլ աշխատողներին ղեկավարելը.
9) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) էլեկտրատեխնիկ.
2) տեխնիկ` էլեկտրական էներգիայի հաղորդման.
3) տեխնիկ-էլեկտրագետ` արտադրամասի:
7. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 3114. ՏԵԽՆԻԿ-ԷԼԵԿՏՐՈՆԻԿՆԵՐ ԵՎ ՏԵԽՆԻԿՆԵՐ` ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
1.Տեխնիկ-էլեկտրոնիկները և հեռահաղորդակցության տեխնիկները լուծում են էլեկտրոնային և հեռահաղորդակցման տեխնիկայի բնագավառի հետազոտություններին, ինչպես նաև էլեկտրոնային սարքավորման, էլեկտրոնային և էլեկտրամեխանիկական հեռահաղորդակցման համակարգերի մշակմանը, պատրաստմանը, հավաքմանը, շահագործմանը, նորոգմանն առնչվող տեխնիկական խնդիրներ:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) էլեկտրոնային և հեռահաղորդակցման սարքավորումների հետազոտությունների և կատարելագործման, ինչպես նաև փորձնական նմուշների փորձարկման բնագավառում տեխնիկական օգնություն ապահովելը.
2) էլեկտրոնային սարքավորումների գծագրեր և ուրվագծեր մշակելն ու պատրաստելը` մասնագրերին համապատասխան.
3) էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորումներ պատրաստելու և տեղակայելու համար անհրաժեշտ նյութական և աշխատանքային ծախսերի քանակը և արժեքը որոշելը` մասնագրերին համապատասխան.
4) էլեկտրոնային սարքավորումների աշխատանքի ցուցանիշների և ռեժիմների, տեխնիկական փաստաթղթերի հաշվառում վարելը.
5) սարքավորումներն աշխատանքի նախապատրաստելը, անսարքությունները հայտնաբերելու նպատակով թեստային ստուգումներ կատարելը, առանձին տարրեր և կառուցահատվածներ (բլոկներ) կարգաբերելը.
6) էլեկտրոնային սարքավորումների և հեռահաղորդակցման համակարգերի ճիշտ շահագործումը հսկելը, կանխարգելիչ զննումներ և նորոգում կատարելը.
7) աշխատանքների որակն ապահովելու համար էլեկտրոնային սարքավորումների և հեռահաղորդակցության համակարգերի պատրաստման, կարգաբերման, շահագործման և նորոգման տեխնիկական հսկողություն ապահովելը` գործող կանոններին և մասնագրերին համապատասխան.
8) էլեկտրոնային և հեռահաղորդակցության տեխնիկայի բնագավառի տեխնիկական գիտելիքները, սկզբունքները և գործնական փորձը աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար կիրառելը.
9) այլ աշխատողներին ղեկավարելը.
10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) տեխնիկ` էլեկտրոնային համակարգեր.
2) տեխնիկ` հեռահաղորդակցության համակարգերի:
8. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 3115. ՏԵԽՆԻԿ - ՄԵՔԵՆԱԳԵՏՆԵՐ
1.Տեխնիկ-մեքենագետները լուծում են մեքենաշինության բնագավառի հետազոտություններին, ինչպես նաև սարքավորումների, մեխանիկական համակարգերի և մեքենաների մշակմանը, պատրաստմանը, հավաքմանը, գործարկմանը, պահպանմանը և նորոգմանն առնչվող տեխնիկական խնդիրներ:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) մեքենաների և մեխանիկական համակարգերի, սարքավորումների և բաղադրամասերի հետազոտությունների կատարմանը և կատարելագործմանը, ինչպես նաև փորձնական նմուշների փորձարկմանն առնչվող տեխնիկական օգնություն ապահովելը.
2) մեքենաների մանրօրինակներ (մակետներ) և մեխանիկական համակարգեր, սարքավորումներ և բաղադրամասեր նախագծելը և ստեղծելը` մասնագրերին համապատասխան.
3) սարքավորումներ պատրաստելու և տեղակայելու համար անհրաժեշտ աշխատանքային և նյութական ծախսերի քանակն ու արժեքը որոշելը` մասնագրերին համապատասխան.
4) մեքենաները և մեխանիզմները աշխատանքի նախապատրաստելը, առանձին հանգույցներ և մանրամասեր (դետալներ) կարգաբերելը.
5) սարքավորումների աշխատանքի, պարապուրդների պատճառների և տևողության հաշվառում վարելը, նորոգման համար անհրաժեշտ նյութեր, պահեստամասեր, մանրամասեր (դետալներ) և գործիքներ ստանալու հայտեր կազմելը.
6) աշխատանքների որակն ապահովելու համար սարքավորումների, մեխանիկական համակարգերի և մեքենաների պատրաստման, տեղակայման, շահագործման և նորոգման տեխնիկական հսկողություն ապահովելը` գործող կանոններին և մասնագրերին համապատասխան.
7) մեքենաշինության բնագավառի տեխնիկական գիտելիքները, սկզբունքները և գործնական փորձը աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար կիրառելը.
8) տրանսպորտային միջոցների պատրաստման, բեռնման-բեռնաթափման, բեռի ամրացման տեսչական ստուգումների ժամանակ անվտանգության կանոնների և չափորոշիչների պահպանումը հսկելը.
9) տրանսպորտային միջոցներ նորոգող, ներկող, մաքրող բանվորների աշխատանքը համակարգելը և հսկելը.
10) այլ աշխատողներին ղեկավարելը.
11) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) տեխնիկ-մեքենագետ` ինքնաթիռաշինության.
2) տեխնիկ -մեքենագետ` նավաշինության.
3) տեխնիկ-մեքենագետ` ավտոմեքենաշինության.
4) տեխնիկ-մեքենագետ` մեքենաշինության ոլորտի:
9. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 3116. ՏԵԽՆԻԿՆԵՐ` ՔԻՄԻԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ
1.Քիմիական մեքենաշինության տեխնիկները լուծում են բնագավառի հետազոտություններին, ինչպես նաև քիմիական սարքավորումների մշակմանը, պատրաստմանը, կառուցմանը, շահագործմանը, պահպանմանը և նորոգմանն առնչվող տեխնիկական խնդիրներ:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) արդյունաբերական քիմիական գործընթացների, մեքենաների և սարքավորումների հետազոտմանը և կատարելագործմանը, ինչպես նաև փորձնական նմուշների փորձարկմանն առնչվող տեխնիկական օգնություն ապահովելը.
2) քիմիական սարքավորումների ուրվագծեր (սխեմաներ) մշակելը և պատրաստելը` մասնագրերին համապատասխան.
3) սարքավորումներ պատրաստելու և կարգաբերելու համար անհրաժեշտ աշխատանքային և նյութական ծախսերի քանակն ու արժեքը որոշելը` մասնագրերին համապատասխան.
4) սարքավորումներն աշխատանքի նախապատրաստելը, անսարքությունները բացահայտելը և վերացնելը.
5) քիմիական սարքավորումների աշխատանքի ցուցանիշների և ռեժիմների, այլ տեխնիկական փաստաթղթերի հաշվառում վարելը.
6) աշխատանքների որակն ապահովելու համար քիմիական սարքավորումների կառուցման, կարգաբերման, շահագործման և նորոգման աշխատանքներում տեխնիկական հսկողություն ապահովելը` գործող կանոններին և մասնագրերին համապատասխան.
7) քիմիական մեքենաշինության բնագավառում տեխնիկական գիտելիքները և սկզբունքները, ինչպես նաև գործնական փորձը աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար կիրառելը.
8) քիմիական սարքավորումների և տեխնոլոգիական համակարգերի կանխարգելիչ ստուգումներ և վերանորոգման աշխատանքներ կատարելը.
9) որոշակի նյութերի և ապրանքների արտադրության գործընթացների տեխնոլոգիական խնդիրներին վերաբերող տեխնիկական օգնություն ապահովելը.
10) այլ աշխատողներին ղեկավարելը.
11) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) տեխնիկ` քիմիական մեքենաշինության.
2) տեխնիկ` քիմիական գործընթացների.
3) տեխնիկ` նավթի և նավթամթերքների վերամշակման.
4) տեխնիկ` էլեկտրաքիմիական պաշտպանության:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում