07.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1869-Ն
ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական կազմակերպությունների և կրթահամալիրների հետ կապված շինարարական ծրագրերի գնման գործընթացների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ` կարգ)` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`
1) շինարարական աշխատանքների հետ կապված հրավերով նախատեսվում է (պայմանագրի նախագծով), որ`
ա. հայտի և պայմանագրի ապահովման չափը հավասար է հրավերով հրապարակված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համապատասխանաբար հինգ և տասը տոկոսին: Եթե առկա է տեղակապված նախագծանախահաշվային փաստաթուղթ, ապա ապահովման չափերը հաշվարկվում են այդ փաստաթղթով սահմանված և հրավերով հրապարակված գնի նկատմամբ: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված գները մասնակցի կողմից գնային առաջարկ ներկայացնելու համար համարվում են կողմնորոշիչ: Մասնակցի գնային առաջարկը սույն պարբերության մեջ նշված գինը գերազանցելու դեպքում հայտի և պայմանագրի ապահովման չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի համապատասխանաբար հինգ և տասը տոկոսին: Եթե հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների գները չեն գերազանցում հրավերով հրապարակված գնի տասը տոկոսը, ապա անկախ հայտեր ներկայացրած մասնակիցների քանակից` գնահատող հանձնաժողովը ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարում է ընտրված մասնակից,
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը հայտով ներկայացնում է նախորդող հինգ տարիների համախառն եկամուտների (ավելացված արժեքի հարկի կամ շահութահարկի հաշվարկ-հաշվետվություններից) հանրագումարի վերաբերյալ տեղեկատվություն, որի իսկությունը գնահատող հանձնաժողովն ստուգում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցով` կարգի 67-րդ կետով նախատեսված ընթացակարգով: Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը հայտով ներկայացնում է հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում բնակելի կամ հասարակական նշանակության շենքերի կառուցման կամ վերակառուցման պատշաճ կատարված և ամբողջովին ավարտված առնվազն երեք կապալի օբյեկտներին վերաբերող պայմանագրերը (ներառյալ համաձայնագրերը) և պատվիրատուի կողմից հաստատված ավարտական ակտերը,
գ. շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30 տոկոսը կարող է իրականացվել ենթակապալի կամ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու միջոցով: Եթե պայմանագիրն իրականացվելու է ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև ենթակապալի պայմանագրի պատճենը, դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում` ենթակապալառու իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջի հղումը: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում: Մասնակցի կողմից հայտը ներկայացվելու օրվա դրությամբ ենթակապալառուն չպետք է ներառված լինի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում,
դ. պայմանագրի գինը գործոնային է: Գործոն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-րդ օրը, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվող գնի միջինացված ինդեքսը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի կողմից նախորդող 12 ամիսների ընթացքում հրապարակված` «Գների ինդեքսը շինարարությունում» ինդեքսի միջինացված ցուցանիշը: Գործոնի փոփոխությամբ պայմանավորված` պայմանագրի հիման վրա կնքված յուրաքանչյուր համաձայնագրով նախատեսված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների գնի վերահաշվարկն իրականացվում և տարբերությունը կապալառուին վճարվում է համաձայնագրով նախատեսված աշխատանքները պատվիրատուի կողմից ողջ ծավալով ընդունվելուն հաջորդող 120 աշխատանքային օրվա ընթացքում: Գործոնը կիրառվում է` հիմք ընդունելով յուրաքանչյուր համաձայնագրով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով պատվիրատուի կողմից ընդունվելուն նախորդող ամսվա համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հրապարակված գների ինդեքսի միջինացված ցուցանիշը: Ընդ որում, հաշվարկների համար բազային գործոն է հանդիսանում տվյալ համաձայնագիրը կնքվելուն նախորդող ամսվա համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ինդեքսը: Մինչև համաձայնագրով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով պատվիրատուի կողմից ընդունվելուն նախորդող ամիսը ներառյալ, միջինացված ցուցանիշը հավասար մնալու կամ մինչև 5 տոկոսը ներառյալ աճելու, կամ նվազելու դեպքում համաձայնագրի գնի վերահաշվարկ չի կատարվում,
ե. կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման նախագծման աշխատանքների կատարումը` օրենքով նման գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող անձի միջոցով: Մասնակիցը հայտով ներկայացնում է տեղակապումն իրականացնող անձի տվյալները, վերջինիս գրավոր համաձայնությունը տեղակապումն իրականացնելու, ինչպես նաև պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու միջոցով աշխատանքների կատարման ամբողջական նախագծային փաստաթղթերի (տիպային և տեղակապման նախագծեր) նկատմամբ հեղինակային հսկողության աշխատանքները կատարելու մասին և թույլտվությունը հիմնավորող փաստաթղթերը,
զ. կապալառուին կանխավճար կարող է հատկացվել յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում կատարվելիք աշխատանքների համաձայնագրով նախատեսված արժեքի 30 տոկոսի չափով: Կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է համաձայնագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ: Ընդ որում, եթե կանխավճարը գերազանցում է 10 տոկոսը, ապա կանխավճարի մարման ենթակա գումարի վերջին չափին ավելացվում է հետևյալ բանաձևով հաշվարկված գումարը` ԱԳ=ԿԾ*ՊՏ`
ԱԳ - ավելացվող գումար,
ԿԾ - պետության կողմից տրամադրվող կանխավճարի ծավալ, որը գերազանցում է 10%-ը,
ՊՏ - պետական տարեկան պարտատոմսերի վերջին երեք տեղաբաշխումների միջին կշռված եկամտաբերության մակարդակ,
է. որակավորման ապահովման չափը հաշվարկվում է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված գնի նկատմամբ: Եթե ընտրված մասնակցի` սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված համախառն եկամուտների հանրագումարը`
- մինչև 2 միլիարդ դրամ է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 30 տոկոսին.
- 2 միլիարդ դրամից մինչև 4 միլիարդ դրամ է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 20 տոկոսին.
- 4 միլիարդ դրամից բարձր է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 10 տոկոսին:
Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գինը, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է ընտրված մասնակցի գնային առաջարկի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ընտրված մասնակցի դեպքում սույն ենթակետի «է» պարբերությամբ նախատեսված պայմանները կիրառվում են` հաշվի առնելով սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագրերի արժեքների հանրագումարը: Ընդ որում, արտարժույթով արտահայտված պայմանագրերի արժեքները հաշվարկվում են` հիմք ընդունելով հայտերը բացվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը,
ը. նախագծի տեղակապված մասի նախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների պայմանագրային արժեքը հաշվարկվում և դրանց մասով պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է հետևյալ բանաձևի կիրառմամբ` ՎԳՏ=ԾԳՏx(ՄԳ/Գ), որտեղ`
ՎԳՏ-ն տեղակապված մասի նախահաշվով սահմանված առանձին տեսակների աշխատանքների դիմաց վճարվելիք գումարն է,
ԾԳՏ-ն տեղակապված նախահաշվով ըստ աշխատանքի առանձին տեսակների համար սահմանված միավոր գինն է,
ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է,
Գ-ն գինն է:
Ընդ որում, այս բանաձևի կիրառմամբ հաշվարկն իրականացվում է անմիջապես տեղակապման նախագծի մասով նախագծանախահաշվային փորձաքննություն անցած փաստաթղթերը պատվիրատուին հանձնելուց և դրանք վերջինիս կողմից ընդունվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ վճարումներն իրականացվում են դրանց մասով կնքված համաձայնագրի ծավալաթերթ-նախահաշվին համապատասխան: Եթե պայմանագրի գինը գերազանցում է հրավերով հրապարակված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գինը, ապա սույն պարբերությամբ նախատեսված բանաձևը չի կիրառվում, իսկ տեղակապված մասի աշխատանքների համար պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է փորձաքննված նախահաշվային արժեքով:
թ. կապալառուի կողմից համաձայնագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը խախտելու դեպքում հաշվարկվող տույժերը պակասեցվում են կատարողականի դիմաց վճարվող գումարից` պայմանով, որ համաձայնագրով սահմանված աշխատանքների վերջնաժամկետի պահպանման դեպքում պահված տույժերի գումարը վճարվում է,
ժ. տուգանքի չափը սահմանվում է համաձայնագրով նախատեսված պահանջներին անհամապատասխան կատարված տվյալ կատարողական ակտի ընդհանուր գնի նկատմամբ և չի կարող պակաս լինել կատարողականում տվյալ տողի գծով նախատեսված աշխատանքների արժեքի 10%-ից,
ժա. համաձայնագրով աշխատանքների կատարման ծավալները նախատեսվում են 12 ամսում կատարելու հաշվարկով` պայմանով, որ պակաս ֆինանսական միջոցները բյուջետավորվում և վճարումները կատարվում են 12 ամիսը լրանալուն հաջորդող մինչև 90 օրվա ընթացքում.
ժբ. տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական (պարզ) փորձաքննությունն ապահովում է կապալառուն.
2) շինարարական ծրագրերի իրականացման տեխնիկական հսկողության ծառայության հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ`
ա. գնման գինը սահմանվում է օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համամասնությամբ` հաշվարկի համար հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից 2020-2023 թվականներին կազմակերպված մրցույթների կամ գնանշման հարցումների արդյունքում ձևավորված պայմանագրային արժեքները և դրանց միջակայքերը,
բ. նախագծի տեղակապված մասի նախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների մասով տեխնիկական հսկողության ծառայության համար պայմանագրային արժեքը հաշվարկվում և դրա մասով պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է հետևյալ բանաձևի կիրառմամբ` ՎԳՏ=ՏՆԱx(ՄԳ/ՕՆԱ), որտեղ`
ՎԳՏ-ն տեղակապված մասի տեխնիկական հսկողության ծառայության դիմաց վճարվելիք գումարն է,
ՏՆԱ-ն տեղակապված մասի փորձաքննություն անցած նախահաշվային արժեքն է,
ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է, որը չի կարող ավել լինել տվյալ ծառայության համար սահմանված գնման գնից,
ՕՆԱ-ն օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գինն է:
(1-ին կետը փոփ. 18.01.2024 թիվ 71-Ն / տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված գնման գործընթացների վրա /,
25.01.2024 թիվ 118-Ն, 12.12.2024 թիվ 1987-Ն, 06.03.2025 թիվ 227-Ն որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և չավարտված գնման գործընթացների և կնքված պայմանագրերի վրա:
(վերնագիրը փոփ. 12.12.2024 թիվ 1987-Ն, 06.03.2025 թիվ 227-Ն որոշումներ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հոկտեմբերի 30
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հոկտեմբերի 2023 թվական: