07.03.2025 -
040.0963.190815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2015 թվականի N 963-Ն
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օդանավ շահագործողի վկայական տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականը գործում է դրանում նշված ժամկետում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ դրա մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտի նկատմամբ կիրառվում են սույն որոշման պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի օգոստոսի 6-ի
N 963-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օդանավ շահագործողի վկայականի (այսուհետ` վկայական) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը մշակված է «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ` օրենք), «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) N 6 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ. 8335 փաստաթղթի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի N 2-Ն (այսուհետ` N 2-Ն հրաման), 2022 թվականի փետրվարի 11-ի N 3-Ն և 2022 թվականի հունիսի 1-ի N 10-Ն հրամանների (այսուհետ` N 10-Ն հրաման) պահանջների հիման վրա:
3. Վկայականը տրվում է, եթե հայտատուն ունի այդ վկայականով նախատեսված գործունեությունն իրականացնելու համար սույն կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում` ԻԿԱՕ փաստաթղթով սահմանված, ինչպես նաև սույն կարգով պահանջվող ֆինանսական միջոցներ, համապատասխան ապահովագրություն, հմտություններ, գիտելիքներ, փորձառություն, անձնակազմ, հարմարություններ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են վկայականով նախատեսված գործունեությունն իրականացնելու անվտանգությունն ապահովելու համար:
4. Վկայականը հանդիսանում է օդանավ շահագործողի գործունեության կարգավորման հիմք և օդային փոխադրման գործունեության իրականացման իրավունք: Վկայականը տրվում է օդային փոխադրման թռիչքային անվտանգության նպատակով` օդանավ շահագործողի անվտանգության նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացմամբ:
5. Վկայականը տրվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից մինչև 16 տարի գործողության ժամկետով` N 2-Ն հրամանով սահմանված վերահսկողության պլանավորման առնվազն 8 ցիկլ ապահովելու նպատակով, որում նշվում են նաև կիրառվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները:
6. Վկայականը ներառում է դրա անբաժանելի մաս կազմող շահագործման հատուկ դրույթները (այսուհետ` հատուկ դրույթներ) (Operations specifications), որոնց համապատասխան իրականացվում է օդանավի շահագործումը:
7. Հատուկ դրույթները ներառում են թռիչքների իրականացման հատուկ լիազորությունները (authorizations), այդ թվում` կիրառվող հատուկ պայմանները, սահմանափակումները և հաստատումները:
8. Հայտատուի կողմից հայտով ներկայացված յուրաքանչյուր տիպի օդանավի դեպքում Հատուկ դրույթները տրամադրվում են առանձին:
9. Հայտատուի կողմից ներկայացված երկու և ավել նույն տիպի օդանավերի համար կիրառվող հատուկ պայմանների, սահմանափակումների և հաստատումների նույնական լինելու դեպքում այդ օդանավերը կարող են խմբավորվել մեկ հատուկ դրույթներում:
10. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավերի շահագործումն առանց Վկայական ունենալու չի թույլատրվում:
11. Կոմիտեն իրականացնում է մշտական վերահսկողություն վկայական կրող կազմակերպության (այսուհետ` շահագործող) նկատմամբ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում` ԻԿԱՕ փաստաթղթով սահմանված, ինչպես նաև սույն կարգով նախատեսված պահանջներին օդանավերի թռիչքային և ավիացիոն անվտանգությունը և քաղաքացիական ավիացիայում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակի շարունակական համապատասխանելիությունն ապահովելու նպատակով:
12. Շահագործողը չի կարող վկայականը որևէ կերպ փոխանցել մեկ այլ անձի: Վկայականի և հատուկ դրույթների բնօրինակները պահպանվում են շահագործողի գլխամասային գրասենյակում, իսկ կոմիտեի կողմից վկայականի հաստատված պատճենը (true copy) և հատուկ դրույթների պատճենը` շահագործողի օդանավում:
13. Վկայական ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն:
2. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
14. Վկայականի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ հինգ փուլերով`
1) հայտի պաշտոնական ներկայացմանը նախորդող փուլ.
2) հայտի պաշտոնական ներկայացման փուլ.
3) փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլ.
4) տեսչական ստուգումների, փաստացի դիտարկումների և ուսումնասիրությունների փուլ.
5) սերտիֆիկացման փուլ:
3. ՀԱՅՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ՓՈՒԼ
15. Վկայական ստանալու համար հայտ ներկայացնելու մտադրություն ունեցող օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձը և մարմինը (այսուհետ` հայտատու) հայտի պաշտոնական ներկայացմանը նախորդող փուլում (այսուհետ` 1-ին փուլ) թույլատրվող թռիչքների տեսակների, հայտի և դրա ներկայացման ընթացակարգի հետ կապված պահանջների, այդ թվում` պահանջվող փաստաթղթերի ցանկին և դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջների, հայտատուի կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության, դրանց պատրաստման ու ներկայացման կարգի և հայտի ուսումնասիրման գործընթացի սահմանված փուլերի, հայտատուի կողմից ամբողջական և պատշաճ կերպով ներկայացված հայտը կոմիտեում ստացվելուց հետո վկայականի տրամադրման սահմանված ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կոմիտե է ներկայացնում աշխատանքային քննարկում անցկացնելու վերաբերյալ նախնական գրավոր հարցում (այսուհետ` հարցում):
16. Հայտատուի հետ փաստաթղթաշրջանառությունը (հարցում, հայտարարություն, հայտ և կից փաստաթղթեր, ծանուցումներ, տեղեկացումներ և այլ գրություններ) իրականացվում է գրավոր` թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Կոմիտեի հետ փաստաթղթաշրջանառությունը թղթային եղանակով իրականացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով` կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով: Հայտատուի հետ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հայտատուի կողմից հայտով նշված փոստային հասցեով, եթե վերջինս գրությամբ այլ հասցե չի նշում: Բնօրինակ փաստաթղթերն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:
17. Կոմիտեն հարցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում վկայականի տրամադրման գործընթացի վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետով նշված անհրաժեշտ տեղեկատվությունը:
18. Հայտատուն տրամադրված տեղեկատվության հիման վրա այն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է նախնական գնահատման մասին հայտարարություն (այսուհետ` հայտարարություն)` համաձայն Ձև 1-ի և ներկայացնում կոմիտե: Հայտարարության նպատակն է հաստատել հայտատուի` վկայականը ստանալու գործընթացը շարունակելու մտադրությունը և դրա հիման վրա կոմիտեի կողմից պլանավորել վկայականի տրամադրման գործընթացը` կախված օդանավի տիպից և շահագործման տեսակից:
19. Կոմիտեն Հայտարարությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն, որի ամբողջական լինելու դեպքում աշխատանքային քննարկման անցկացման վերաբերյալ (վայրը, օրը, ժամը) 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին: Աշխատանքային քննարկման օրը նշանակվում է այդ մասին հայտատուին տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Եթե Հայտարարության մեջ առկա է թերի ներկայացված տեղեկություն, ապա կոմիտեն այդ մասին հայտարարությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի ներկայացված տեղեկությունը: Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի լրացնում թերությունները կամ այդ ժամկետը հիմնավոր երկարաձգելու վերաբերյալ պաշտոնական գրություն չի ներկայացնում կոմիտե, ապա 1-ին փուլը համարվում է չկայացած, որի մասին կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:
21. 1-ին փուլում հայտատուի հետ աշխատանքային քննարկման անցկացման նպատակն է հաստատել հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը, հավաստիանալ, թե արդյոք հայտատուն ունի բավարար գիտելիքներ վկայականով նախատեսված գործունեության իրականացման համար սույն կարգի 3-րդ կետով ներկայացվող պահանջների ապահովման, ինչպես նաև այդ գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ:
22. 1-ին փուլում կոմիտեի կողմից իրականացվում է հայտատուի ֆինանսական, տնտեսական և իրավական գնահատում սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
23. Աշխատանքային քննարկմանը պետք է մասնակցեն կոմիտեի ներկայացուցիչները և հայտատուի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձինք (ընկերության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) մեծ մասի (վերահսկիչ փաթեթ) սեփականատեր), պատասխանատու պաշտոնատար անձինք (առկայության դեպքում), ինչպես նաև ֆինանսական, տնտեսական և իրավական հարցերի շուրջ քննարկումն իրականացնելու համար հայտատուի համապատասխան մասնագետները:
24. Անհրաժեշտության դեպքում կոմիտեն կարող է աշխատանքային քննարկմանը մասնակցելու նպատակով հրավիրել մասնագետներ այլ գերատեսչություններից` ոլորտային հարցերի վերաբերյալ կառավարության վարած քաղաքականության և իրենց իրավասության շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար:
25. 1-ին փուլում աշխատանքային քննարկումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն ամփոփում է հայտատուի հետ աշխատանքային քննարկման արդյունքները: Այն դեպքում, երբ կոմիտեն եզրակացնում է, որ հայտատուն պատրաստ չէ անցնել վկայականի տրամադրման հաջորդ` հայտի պաշտոնական ներկայացման փուլ, ապա կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում է լրացուցիչ նախապատրաստական աշխատանքների իրականացման մասին: Այդ դեպքում հայտատուն տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեին առաջարկում է նշանակել հավելյալ աշխատանքային քննարկումներ կամ դադարեցնել վկայականի տրամադրման գործընթացը:
26. Եթե 1-ին փուլի ավարտին կոմիտեն եզրակացնում է, որ հայտատուն պատրաստ է շարունակել վկայականի տրամադրման գործընթացը, ապա կոմիտեն հայտատուի հետ վերջին հանդիպումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է հայտատուին` առաջարկելով անցնել վկայականի տրամադրման գործընթացի հաջորդ` հայտի պաշտոնական ներկայացման փուլ:
27. 1-ին փուլում հայտատուի հետ յուրաքանչյուր աշխատանքային քննարկման արդյունքում կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է աշխատանքային քննարկմանը մասնակցած կոմիտեի ներկայացուցիչների կողմից: Ստորագրված արձանագրության մեկ օրինակը յուրաքանչյուր աշխատանքային քննարկումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հայտատուին:
4. ՀԱՅՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼ
28. Վկայական ստանալու համար կոմիտե կարող են հայտ ներկայացնել օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձը և մարմինը`
1) որոնք չեն հանդիսանում այլ պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված օդանավ շահագործողի վկայական կրող,
2) որոնց սեփականատերը չի հանդիսանում օդանավ շահագործողի վկայական կրող այլ կազմակերպության սեփականատեր կամ գրանցված աշխատող, բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպություններից մեկը հանդիսանում է մյուսի դուստր կազմակերպությունը,
3) որոնք առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) են կամ կնքել են առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր:
29. Հայտի պաշտոնական ներկայացման փուլում (այսուհետ` 2-րդ փուլ) հայտատուն շահագործման գործունեության նախատեսված օրվանից առնվազն 90 օր առաջ կոմիտե է ներկայացնում հայտ` համաձայն Ձև 2-ի:
30. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից հայտատուի վերաբերյալ քաղվածք` տրված հայտը կոմիտե ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում.
2) շահագործման ենթակա օդանավերի ցանկը` նշելով յուրաքանչյուր օդանավի տեսակը, մոդելը, սերիական համարը, առկայության դեպքում` ազգային և գրանցման նիշերը, ինչպես նաև յուրաքանչյուր օդանավի ծագման աղբյուրի մանրամասները: Այն դեպքում, երբ առանձին օդանավերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի չէ, պետք է ներկայացվեն սույն կարգի 30-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը.
3) օդանավի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի կամ վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի կամ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագրի (այսուհետ` մտադրությունների հուշագիր) պատճենը. Մտադրությունների հուշագիր ներկայացնելու դեպքում հայտատուն դրա հիման վրա կնքված օդանավի ձեռքբերման կամ վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի վավեր պատճենը կոմիտե է ներկայացնում մինչև վկայականի տրամադրման փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլի ավարտը.
4) N 10-Ն հրամանի N 1 հավելվածով սահմանված կարգով թռիչքային պիտանիության պահպանման կառավարման կազմակերպության (PART-CAMO) վավերացման սերտիֆիկատի ստացման հայտ և պահանջվող փաստաթղթեր,
5) N 10-Ն հրամանի N 2 հավելվածով սահմանված կարգով տեխնիկական սպասարկման կազմակերպության (PART-145) վավերացման սերտիֆիկատի ստացման հայտ և պահանջվող փաստաթղթեր կամ նույն հավելվածով սահմանված կարգով հաստատված տեխնիկական սպասարկման կազմակերպության (PART-145) հետ կնքված պայմանագրի պատճենը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումը չի իրականացվելու հայտատուի կողմից.
6) թռիչքների անվտանգության կառավարման համակարգի ներդրման և կիրարկման պլանի վերլուծությունը, ինչպես նաև թռիչքների անվտանգության կառավարման համակարգի իրականացման պլանը.
7) օդանավի նվազագույն սարքավորումների ցանկը (Minimum Equipment List (MEL)) և կոնֆիգուրացիայի շեղումների ցանկը (Configuration Deviation List (CDL))` 2-Ն հրամանի պահանջներին համապատասխան.
8) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ձեռնարկը (Continuing Airworthiness Management Exposition (CAME)). հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել հայտը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 օր առաջ.
9) օդանավի տեխնիկական սպասարկման ծրագիրը (Maintanance Program).
10) օդանավի պետական գրանցման վկայականի պատճենը կամ դրան համարժեք փաստաթղթի պատճենը.
11) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 20-Ն հրամանով սահմանված կարգով օդանավի գրանցման հայտ կամ վկայական ստանալու համար կոմիտե ներկայացված հայտով նախատեսված և այլ պետությունում գրանցված օդանավի առնչությամբ Չիկագոյի կոնվենցիայի 83 բիս հոդվածին համապատասխան օդանավի գրանցման պետության որոշակի գործառույթներ և դրանցից բխող պարտավորություններ ստանձնելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում` օդանավի գրանցման պետության ավիացիոն իշխանության պատասխանատու (կոնտակտային) անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն). հայտատուն ապահովում է սույն կետով նախատեսված հայտի ներկայացումը կամ տրամադրում է սույն կետով նախատեսված տեղեկատվությունը մինչև վկայականի տրամադրման փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլի ավարտը.
12) օդանավի թռիչքային պիտանիության վկայականի պատճենը, եթե առկա է.
13) օդանավի տեխնիկական շահագործման փաստաթղթեր.
14) օդանավի քաշի ճշգրտման և հավասարակշռության ձեռնարկ (Weight and Balance Manual (WBM)).
15) օդանավի բեռնման և բեռնաթափման ձեռնարկը կամ վերգետնյա սպասարկման ձեռնարկը (Handling Manual).
16) ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի օդային փոխադրումների իրականացման կանոնները.
17) թռիչքների կառավարման և վերահսկման ձեռնարկը (operational control and dispatch manual),
18) ֆինանսական մոդել` համաձայն Ձև 3-ի, ինչպես նաև տեղեկանք ֆինանսական միջոցների, բանկային դեպոզիտների, փոխառության պայմանագրերի առկայության մասին.
19) կոմիտեի կողմից հաստատման ենթակա հետևյալ փաստաթղթերը.
ա. օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի նախագիծը,
բ. շահագործման ձեռնարկը (Operations Manual, Part A, B, C, D)` 2-Ն հրամանի և ԻԿԱՕ դոկ 9376 փաստաթղթի պահանջներին համապատասխան. հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել հայտը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 օր առաջ,
գ. թռիչքների անվտանգության կառավարման ձեռնարկը (Safety Management System Manual), ինչպես նաև համապատասխանության վերահսկողության դրույթների վերաբերյալ փաստաթուղթը,
դ. նշանակման համար պատասխանատու կառավարման անձնակազմի թեկնածությունը` համաձայն Ձև 4-ի, ընդ որում հաշվետու ղեկավար (Accountable Manager) չի կարող լինել օտարերկրյա այն պետության քաղաքացին, որի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ կամ որը գտնվում է միջազգային սանկցիաների տակ,
20) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(30-րդ կետը փոփ. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)
31. Հայտի հետ մեկտեղ հայտատուն կոմիտե է ներկայացնում հայտատուի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձանց (ընկերության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) մեծ մասի (վերահսկիչ փաթեթ) սեփականատեր) կողմից լրացված հայտարարագիր նրանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության կամ առկայության վերաբերյալ:
32. Հայտատուն կամ շահագործողը, նախքան փաստացի շահագործումը, չվերթից առնվազն 15 օր առաջ պարտավոր է կոմիտե ներկայացնել նախատեսվող ցանկացած երթուղով չվերթերի վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն Ձև 5-ի:
33. Հայտը և դրան կից փաստաթղթերը կոմիտեում մուտքագրվելուց հետո կոմիտեն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում հայտատուին այդ մասին տեղեկացվում է կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:
34. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին տեղեկացումը հայտատուի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը, որը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով հայտատուի կողմից սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ հիմնավոր և կոմիտեի կողմից ընդունելի պատճառաբանության հիման վրա:
35. 2-րդ փուլում կոմիտեն իրականացնում է օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված` վկայականի տրամադրման մերժման համար նախատեսված հիմքերի ստուգում, որի վերաբերյալ կազմվում է վկայականի տրամադրման մերժման հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «ա»-»դ» ենթակետերի մասով նախատեսված հիմքերի ստուգման նպատակով կոմիտեն հայտը և կից փաստաթղթերը կոմիտեում մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական գրավոր հարցում է ներկայացնում պետական կառավարման լիազոր մարմիններ, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջիններիս կողմից ներկայացվում է հարցումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
36. 2-րդ փուլում կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված ֆինանսական մոդելի ուսումնասիրություն և գնահատում` հավաստիանալու համար, որ հայտատուն շահագործման մեկնարկի օրվանից 3 ամսվա ընթացքում կարող է բավարարել իր` աշխատակազմ և գրասենյակ պահելու, անձնակազմի ուսուցման և այլ վարչական ծախսերը, ինչպես նաև ոչ կանոնավոր օդային փոխադրումներ (նախատեսված լինելու դեպքում) կատարելու հետ կապված ծախսերը` առանց հաշվի առնելու հայտատուի գործունեությունից առաջացած ցանկացած եկամուտ:
37. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում կոմիտեն հայտատուին տեղեկացնում է վկայականի տրամադրման հաջորդ` փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլ անցնելու վերաբերյալ` հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը կոմիտեում մուտքագրվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
38. Սույն կարգի 33-րդ և 34-րդ կետերով նախատեսված ժամկետներում հայտատուի կողմից թերությունները և անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու, սույն կարգի 35-րդ կետով նախատեսված վկայականի տրամադրման մերժման հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացության, ինչպես նաև սույն կարգի 36-րդ կետով նախատեսված հայտատուի կողմից ներկայացված ֆինանսական մոդելի գնահատման արդյունքում ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:
5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼ
39. Փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլում (այսուհետ` 3-րդ փուլ) կոմիտեն 60 օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և գնահատում է դրանց համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում` ԻԿԱՕ փաստաթղթով սահմանված և սույն կարգի պահանջներին:
40. 3-րդ փուլում կոմիտեն իրականացնում է նաև սույն կարգի Ձև 4-ի համաձայն ներկայացված պատասխանատու կառավարման անձնակազմի թեկնածուների (այսուհետ` թեկնածու) գնահատում` հաստատման նպատակով:
41. Գնահատման նպատակն է ստուգել թեկնածուի գիտելիքները (Knowledge), հմտությունները (Skills)` հաշվի առնելով վերջինիս վարքագիծը (Attitude) զբաղեցրած պաշտոնի, այդ պաշտոնին ներկայացվող պահանջների նկատմամբ:
42. Թեկնածուների գնահատումն իրականացվում է սույն կարգի համաձայն թեստավորման և հարցազրույցի միջոցով: Թեստավորման և հարցազրույցի օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ կոմիտեն գրավոր տեղեկացնում է թեկնածուներին դրանց անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ:
43. Թեստավորման միջոցով կոմիտեն ստուգում է թեկնածուի գիտելիքները (Knowledge), որը ներառում է թեկնածուի պատասխանատվության շրջանակին առնչվող գործառույթի իրականացման համար վերաբերելի հիմնական փաստաթղթերի իմացության ստուգումը` կոմիտեի նախագահի կողմից հաստատված կամ ճանաչված էլեկտրոնային հարթակներով նախատեսված թեստերի միջոցով:
44. Թեստերն ընդգրկում են թեկնածուի պատասխանատվության շրջանակին առնչվող գործառույթին վերաբերող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքներ: Յուրաքանչյուր թեկնածուի համար կազմվում է մեկ թեստ, որը բաղկացած է 16-20 առաջադրանքից:
45. Թեկնածուի գիտելիքները գնահատվում են բավարար` թեստային առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
46. Հարցազրույցի միջոցով կոմիտեն գնահատում է թեկնածուի հմտությունները (Skills) և վարքագիծը (Attitude) զբաղեցրած պաշտոնի, այդ պաշտոնին ներկայացվող (պաշտոնի նկարագրով տրված) պահանջների նկատմամբ` հիմք ընդունելով թեկնածուի գիտելիքները հավաստող սերտիֆիկատները և գործնականում դրա հիման վրա կատարած աշխատանքները և դրանց արդյունքները: Թեկնածուի հետ հարցազրույցն անցկացնում է կոմիտեի նախագահի կողմից ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են թեկնածուի պատասխանատվության տակ մտնող գործունեության մասով կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, թռիչքային անվտանգության ապահովման (SMS) և որակի կառավարման (QMS) ստորաբաժանման մասնագետը և վկայականի տրամադրման գործընթացը համակարգող ստորաբաժանման ներկայացուցիչը:
47. Թեկնածուի ստուգման արդյունքներով կազմվում է եզրակացություն հաստատման համար թեկնածուների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:
48. 3-րդ փուլում իրականացված գնահատման արդյունքում կոմիտեի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է փաստաթղթերի և թեկնածուի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն:
49. Փաստաթղթերի և թեկնածուի անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է հայտատուին` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո վերացնել անհամապատասխանությունը: Անհամապատասխանության վերացման ժամկետը չի կարող գերազանցել հայտատուի մոտ այդ մասին տեղեկացումը ստանալուց հետո 3 ամիսը:
50. Սույն կարգի 48-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում է փաստաթղթերի և թեկնածուի համապատասխանության և հաստատման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության մասին` դրանց հիման վրա հայտատուի կողմից հետագա գործընթացներն ապահովելու համար, և հայտնում է կոմիտեի կողմից վկայականի տրամադրման տեսչական ստուգումների, փաստացի դիտարկումների և ուսումնասիրությունների փուլ անցնելու վերաբերյալ` նշելով հայտատուի մոտ տեսչական ստուգումների, դիտարկումների և ուսումնասիրությունների անցկացման ժամկետները և ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակը և իրավական հիմքերը:
6. ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ, ՓԱՍՏԱՑԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒԼ
51. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը ստուգելու, նրա կարողություններն ու հնարավորությունները գնահատելու համար հայտատուի մոտ իրականացվում են տեսչական ստուգումներ, փաստացի դիտարկումներ և ուսումնասիրություններ:
52. Տեսչական ստուգումների, փաստացի դիտարկումների և ուսումնասիրությունների փուլում (այսուհետ` 4-րդ փուլ) կոմիտեն ուսումնասիրում է հայտատուի հմտությունները, գիտելիքները, փորձառությունը, անձնակազմը, հարմարությունները, սարքավորումները և օդանավը, ինչպես նաև այն բոլոր ասպեկտները, որոնք անհրաժեշտ են վկայականով նախատեսված գործունեությունն իրականացնելու համար և գնահատում է դրանց համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում` ԻԿԱՕ փաստաթղթով սահմանված, ինչպես նաև սույն կարգով նախատեսված պահանջներին:
53. Անհրաժեշտության դեպքում 4-րդ փուլում կոմիտեն կարող է հայտատուից պահանջել կատարել ցուցադրական թռիչքներ: Ցուցադրական թռիչքները կարող են ներառել հատուկ դրույթներում ներառվող ցանկացած գործունեության ցուցադրումը: ՈՒսումնական թռիչքները կամ օդանավի տեղափոխման թռիչքները կոմիտեի տեսուչի հսկողության ներքո կարող են համարվել որպես ցուցադրական թռիչքներ:
54. Կոմիտեն 4-րդ փուլում պետք է հավաստիանա, որ այլ պետության տարածքում գործող ենթակառուցվածքները, որոնք նախատեսում է օգտագործել հայտատուն, ևս համապատասխանում են սույն կարգի պահանջներին, իսկ թռիչքային անձնակազմի անդամների վկայականներն ընդունելի են այն պետությունների կողմից, որտեղ կիրականացվի շահագործումը: Սույն կետով նշված հարցերը ենթակա են կարգավորման երկու պետությունների միջև փոխհամաձայնեցման միջոցով:
55. 4-րդ փուլում կոմիտեի կողմից իրականացվում են`
1) շահագործման տեսչական ստուգում և ուսումնասիրություն` համաձայն N 2-Ն հրամանի պահանջների.
2) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության տեսչական ստուգում և ուսումնասիրություն` N 10-Ն հրամանի համաձայն.
3) օդանավի տեսչական ստուգում` N 20-Ն հրամանի համաձայն.
4) հայտատուի հնարավորությունների` սույն կարգի 58-րդ կետի պահանջներին համապատասխանության գնահատում:
56. Շահագործման տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում են`
1) հայտատուի գործունեության կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն.
2) շահագործման ձեռնարկի (Operations Manual, Part A, B, C, D) գործնական ուսումնասիրություն.
3) վերգետնյա և թռիչքային շահագործման ուսումնասիրություն` ներառյալ ստացիոնար և շարժական ավիացիոն սարքավորումները, տեխնիկական սպասարկման միջոցները.
4) հայտատուի ներքին շահագործման հսկողության մակարդակի ուսումնասիրություն.
5) թռիչքային անձնակազմի որակավորման, անձնակազմի պատրաստման ծրագրերի ուսումնասիրություն.
6) հայտագրված աերոդրոմների ուսումնասիրություն, ընդ որում`
ա. եթե հայտագրված է աերոդրոմ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և դրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը լիարժեք են, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել փաստաթղթային եղանակով,
բ. եթե կոմիտեին հայտնի են տվյալ աերոդրոմի հնարավորությունները, ապա նման ուսումնասիրություն կարող է չիրականացվել:
57. Օդանավի տեսչական ստուգման ընթացքում իրականացվում են`
1) օդանավի տեսչական ստուգում.
2) օդանավի կառամատուցային ստուգում (օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում):
58. Տնտեսական առումով հայտատուի հնարավորությունների գնահատման ժամանակ կոմիտեն պետք է համոզվի, որ հայտատուն համապատասխանում է 2-Ն հրամանով սահմանված բոլոր չափանիշներին` ներառյալ աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ գրասենյակային տարածքին, համակարգչային ու կապի միջոցներին և աշխատակազմին ներկայացվող չափանիշների, որոնց միջոցով իրականացնելու է վկայականով նախատեսված գործունեությունը:
59. Վկայականի տրամադրման գործընթացի ժամանակ հայտատուի օդանավերի, գրասենյակների և այլ ավիացիոն ենթակառուցվածքների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու դեպքում հայտատուն դրանց համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է կոմիտե` ուսումնասիրությունն ապահովելու նպատակով, և իր ցանկությամբ` դրանց նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունների գործընթացն ապահովում է դրանց գտնվելու վայրերում` իր միջոցների հաշվին:
60. Կոմիտեն 4-րդ փուլում հայտնաբերված թերությունների կամ անհամապատասխանությունների վերաբերյալ 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք:
61. 4-րդ փուլում իրականացված ստուգումների, դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում 7 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն:
7. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՓՈՒԼ
62. Կոմիտեն սույն կարգի 61-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա հայտատուին տրամադրում է օդանավ շահագործողի վկայական (Ձև 6) և դրան կից շահագործման հատուկ դրույթներ (Ձև 7): Վկայականում նշվում են հերթական համարը և տրման ամսաթիվը, որը ստորագրվում է կոմիտեի նախագահի կողմից, իսկ հատուկ դրույթներում նշվում են վկայականի համարը, տրամադրման ամսաթիվը, օդանավ շահագործողի անվանումը, օդանավի տիպը, մոդելը, ազգային և գրանցման նիշերը և գործարանային համարը, թույլատրվող թռիչքների տեսակները և աշխարհագրական տարածքները: Հատուկ դրույթները ստորագրվում են կոմիտեի թռիչքային պիտանիության և թռիչքային գործունեության վարչությունների կողմից:
63. Վկայականի տրամադրման հետ մեկտեղ կոմիտեի նախագահի հրամանով հաստատվում են նաև հայտատուի կողմից հայտին կից ներկայացված և հաստատում պահանջող փաստաթղթերը: Հայտատուի կողմից ներկայացված Ձև 4-ը ստորագրվում է կոմիտեի թռիչքային պիտանիության և թռիչքային գործունեության վարչությունների կողմից:
64. Կոմիտեն սույն կարգի 61-րդ կետով նախատեսված անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է հայտը: Այդ դեպքում կոմիտեն վկայականի տրամադրումը մերժելու մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր իրավական և փաստական հանգամանքները:
65. Վկայականի տրամադրումը կոմիտեի կողմից մերժվում է նաև, եթե հայտատուի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) մեծ մասի (վերահսկիչ փաթեթ) սեփականատեր) կամ նրա հետ փոխկապակցված անձինք ունեն տնտեսվարողի վատ հեղինակություն:
66. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:
67. Վկայականի վավեր պատճենները և հատուկ դրույթների պատճենները տրվում են հատուկ դրույթներում ներառված օդանավերի քանակին համապատասխան:
68. Շահագործողը պատասխանատու է վկայականի պահպանման համար: Վկայականի կորստի կամ վնասման դեպքում շահագործողը դրա մասին անհապաղ տեղեկացնում է կոմիտեին` ներկայացնելով դիմում վկայականի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումի հիման վրա կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա օդանավ շահագործողին տրամադրում է վկայականի կրկնօրինակը` վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը:
69. Կոմիտեի միջնորդության հիման վրա վկայական ստացած կազմակերպությանը ԻԿԱՕ-ի կողմից հատկացվում է եռանիշ կոդ:
8. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
70. Վկայական ստացած անձը պարտավոր է կոմիտեին տեղեկացնել վկայական տալու համար հիմք հանդիսացած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին:
71. Ցանկացած փոփոխություն ենթակա է կոմիտեի կողմից նախնական հաստատման, եթե այն ազդում է`
1) վկայականով կամ հատուկ դրույթներով նախատեսված գործունեության,
2) շահագործողի կառավարման համակարգի ցանկացած տարրի,
3) թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման պահանջների վրա:
72. Շահագործողի մոտ հաստատում պահանջող փոփոխության անհրաժեշտության առաջացման դեպքում այն ենթակա է կոմիտեի կողմից հաստատման Վկայականի տրամադրման 2-րդ, 3-րդ և 5-րդ փուլերով, իսկ շահագործողական գործընթացներին վերաբերող փոփոխության դեպքում նաև 4-րդ փուլով նախատեսված ընթացակարգերով:
73. Հաստատում պահանջող փոփոխության հաստատման համար շահագործողը կոմիտե է ներկայացնում սույն կարգի Ձև 2-ով նախատեսված փոփոխություն կատարելու մասին հայտ, որին կից ներկայացվում են`
1) սույն կարգի 30-րդ կետով սահմանված այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք փոփոխվել են,
2) թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատում` ներառյալ օդանավերի քանակին և դրանց շահագործողական տվյալներին, թռիչքային, տեխնիկական և սպասարկող անձնակազմին, ֆինանսական միջոցներին, համապատասխան ապահովագրությանը օրենսդրությամբ, կառավարության որոշմամբ, ինչպես նաև վկայական կրողի շահագործողական փաստաթղթերով սահմանված պահանջներին և սահմանափակումներին շահագործողի համապատասխանության ապահովման վերաբերյալ տեղեկություններ.
3) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(73-րդ կետը փոփ. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)
74. Եթե փոփոխությունները հանգեցնում են վկայականում կամ հատուկ դրույթներում փոփոխության, ապա շահագործողը սույն կարգի 73-րդ կետով նախատեսված հայտը և կից փաստաթղթերը կոմիտե է ներկայացնում փոփոխություններն ուժի մեջ մտնելու նախատեսված օրվանից առնվազն 30 աշխատանքային օր առաջ:
75. Սույն կարգի 73-րդ կետի հիման վրա ներկայացված հայտի հիման վրա փոփոխությունները կոմիտեի կողմից հաստատվում կամ մերժվում են հայտը կոմիտեում մուտքագրվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:
76. Հաստատում պահանջող փոփոխություններն ուժի մեջ են մտնում շահագործողի մոտ կոմիտեի գրավոր պաշտոնական հաստատումը ստացվելուց հետո:
77. Հաստատում չպահանջող բոլոր փոփոխությունների մասին վկայական կրողը պետք է ծանուցի կոմիտեին դրանց իրավական հիմքերն առաջանալուց հետո 15 օրվա ընթացքում:
78. Վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար դրա գործողության ժամկետի ավարտից առնվազն 60 օր առաջ շահագործողը կոմիտե է ներկայացնում սույն կարգի Ձև 2-ով նախատեսված` վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու մասին հայտ` կից ներկայացնելով սույն կարգի 30-րդ կետով սահմանված այն բոլոր փաստաթղթերը, որոնցում կատարվել են փոփոխություններ: Վկայականի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է վկայականի տրամադրման նույն ընթացակարգով:
79. Օդանավի շահագործումը և թռիչքային անվտանգությունը կանոնակարգող օրենսդրության պահանջների, ԻԿԱՕ-ի կողմից հրապարակած ստանդարտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների գործող պահանջների փոփոխության դեպքում շահագործողի վկայականը ենթակա է սույն կարգի համաձայն վերահաստատման, եթե այդ փոփոխությունները տարբերվում են օդանավի շահագործման այն պայմաններից և պահանջներից, որոնք չեն եղել վկայականը ստանալու պահին:
80. Վկայականի վերահաստատումն իրականացվում է սույն կարգի համաձայն վկայականի տրման նույն կարգով` պարզեցված ընթացակարգով հետևյալ տարբերվող առանձնահատկություններով.
1) շահագործողը սույն կարգի համաձայն կոմիտե է ներկայացնում միայն այն փաստաթղթերը, որոնք ենթակա են փոփոխության և վերահաստատման,
2) վկայականի վերահաստատումն իրականացվում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում, առանց այդ գործընթացը բարդացնելու` լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնելու կամ տեսչական ստուգումներ իրականացնելու, եթե առկա չեն վկայականի վերահաստատման համար փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ.
3) այն գործողությունները (սույն կետի 1-ին ենթակետում չնշված փաստաթղթերի ուսումնասիրություն և գնահատում, շահագործողի մոտ տեսչական ստուգումներ, փաստացի դիտարկումներ և ուսումնասիրություններ), որոնք շարունակական վերահսկողության շրջանակներում կոմիտեի կողմից իրականացվել են վերջին տասներկու ամսվա ընթացքում, վերահաստատման ընթացքում կրկնակի չեն իրականացվում:
81. Վկայականի վերահաստատման իրավական հիմքի առաջացումից և սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեն այդ մասին տեղեկացնում է Շահագործողին` հայտնելով վերահաստատման գործընթացը սկսելու մասին:
82. Սույն կարգի 81-րդ կետով նախատեսված տեղեկացումը ստանալուց հետո շահագործողը 30 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե է ներկայացնում սույն կարգի 80-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև շահագործողի կողմից առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը` կոմիտեի կողմից վերահաստատման գործընթացը սկսելու համար:
83. Վերահաստատման ընթացքում վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում վերահաստատման գործընթացը դադարեցվում է և նոր վկայականը տրամադրումն իրականացվում է սույն կարգի համաձայն նոր հայտի հիման վրա: Ընդ որում, եթե նոր հայտը ներկայացվում է վկայականի գործողության ժամկետի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում, ապա վկայականի տրամադրումն իրականացվում է սույն կարգի համաձայն` պարզեցված ընթացակարգով:
84. Վերահաստատման արդյունքում Շահագործողին տրվում է նոր Վկայական` գործողության ժամկետը հաշվարկելով այդ վկայականի տրման օրվա դրությամբ:
9. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
85. Պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով վկայական կրող կազմակերպությունների գործունեության, աշխատանքների և ծառայությունների շարունակական համապատասխանության ապահովման նպատակով կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն: Վերահսկողության նպատակն է ապահովել վկայականով նախատեսված գործունեության թռիչքային և ավիացիոն անվտանգությունը և քաղաքացիական ավիացիայում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների համապատասխանությունը սահմանված չափանիշներին:
86. Վերահսկողությունն իրականացվում է պլանային և ոչ պլանային (անակնկալ) ստուգումների միջոցով: Կոմիտեի կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ մշակվում է առանձին վերահսկողության ծրագիր:
87. Վերահսկողության նպատակով կոմիտեի նշանակված ներկայացուցիչներն իրենց իրավասության շրջանակում իրավունք ունեն անարգել մուտք գործելու քաղաքացիական ավիացիայի ծառայություններ և շինություններ, ստուգելու վերգետնյա միջոցները, գտնվելու օդանավում ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում, իսկ պետական օդանավերի դեպքում, անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ` ներառյալ համակարգիչներում պահվող տեղեկությունները:
88. Նշված ներկայացուցիչներին քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազորված մարմնի կողմից տրվում են վկայականներ, որոնք կրողին իրավունք են տալիս անարգել մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, օդանավեր և օբյեկտներ:
89. Մշտական վերահսկողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջներին չհամապատասխանելու դեպքում կոմիտեն կարող է կասեցնել կամ դադարեցնել վկայականի գործողությունը:
90. Վկայականի գործողությունը կասեցվում է, եթե իրականացված տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում կամ որևէ այլ կերպ պարզվի, որ`
1) առկա է թռիչքային կամ ավիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգ կամ դրա առաջացման հավանականություն.
2) օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է վկայականը.
3) օդանավ շահագործողը չի պահպանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում` ԻԿԱՕ փաստաթղթով սահմանված, ինչպես նաև սույն կարգով նախատեսված պահանջները.
4) օդանավ շահագործողը կոմիտեի համապատասխան լիազորություն ունեցող աշխատակիցներին չի տրամադրում պահանջվող փաստաթղթեր, չի ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին, օդանավերին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո.
5) առկա է օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հիմքը. այն դեպքում, երբ նշված հիմքը հնարավոր չէ վերացնել, վկայականի գործողությունը ենթակա է դադարեցման առանց նախապես կասեցման,
6) օդանավ շահագործողը օդանավ շահագործողի վկայականի պահպանման համար չի կատարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի տարեկան վճարման պարտավորությունները:
(90-րդ կետը փոփ. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)
91. Վկայականի գործողությունը կարող է կասեցվել նաև շահագործողի դիմումի հիման վրա:
92. Թռիչքային կամ ավիացիոն անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում կոմիտեն կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք իրավասու են անմիջապես կասեցնելու ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը և պահանջելու ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:
93. Վկայականի գործողությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով: Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կարող է վերսկսվել կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողն իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները, որի մասին օդանավ շահագործողը կոմիտեին գրավոր պետք է տեղեկացնի ոչ ուշ, քան կասեցման ժամկետի ավարտից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
94. Օդանավ շահագործողը վկայականի գործողության կասեցման մասին տեղեկացվում է կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
95. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) շահագործողը ներկայացրել է դադարեցման վերաբերյալ դիմում.
2) օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամկետը լրանալու պահին օդանավ շահագործողի կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները և (կամ) պատճառները.
3) օդանավ շահագործողն իր` օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամանակաընթացքում իրականացրել է առևտրային թռիչքներ.
4) լրացել է օդանավ շահագործողի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ստորաբաժանման կամ կազմակերպության` տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող վկայականի գործողության ժամկետը կամ
5) առկա է օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հիմքը, որը հնարավոր չէ վերացնել:
96. Շահագործողը վկայականի գործողությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու դեպքում կից ներկայացնում է վկայականի գործողությունը դադարեցման հիմքերը և պատճառները: Շահագործողի դիմումի հիման վրա վկայականի գործողությունը կոմիտեի կողմից դադարեցվում է, եթե շահագործողը ներկայացնում է վկայականով նախատեսված գործունեության մասով քաղաքացիաիրավական պարտավորություններ չունենալու վերաբերյալ հայտարարություն:
97. Օդանավ շահագործողն օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման մասին տեղեկացվում է կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
98. Վկայականի գործողության դադարեցման դեպքում օդանավ շահագործողը կոմիտեին է հանձնում վկայականի և հատուկ դրույթների բնօրինակները 5 աշխատանքային օրվա ընթացքում:
99. Վկայականի գործողության դադարեցման դեպքում կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նաև ԻԿԱՕ-ին` հատկացված եռանիշ կոդը չեղյալ համարելու նպատակով:
100. Կոմիտեի կողմից վկայականի կասեցման և դադարեցման գործընթացներն իրականացվում են վկայականի տրամադրման 2-5-րդ փուլերով նախատեսված նույն ընթացակարգերով:
10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
101. Սույն կարգի պահանջների խախտումները կարող են առաջացնել պատասխանատվություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
11. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
102. Օդանավ շահագործողների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև վկայականի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկությունները, ուղեցույցները, ձեռնարկները կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվում են կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (www.gdca.am):
Ձև 1
._________________________________________________________________________.
| ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| PRE-ASSESSMENT STATEMENT |
|_________________________________________________________________________|
|Բաժին 1Ա. Լրացվում է հայտատուների կողմից / Section 1A. To be |
|completed by applicants |
|_________________________________________________________________________|
|1. Իրավաբանական անձի կամ մարմնի անվանումը,| |
|ֆիրմային անվանումը (եթե առկա է), | |
|գործունեության վայրը, հասցեն, փոստային | |
|ինդեքսը, հեռախոսահամարը, ֆաքս և էլ. փոստ:| |
|Name, business name (if any), address, | |
|postal code, telephone number, fax and | |
|e-mail address of the legal entity or | |
|body. | |
|__________________________________________|______________________________|
|2. Գործունեության վայրի հասցեն` ներառյալ | |
|հեռախոսահամար, ֆաքս և էլ. փոստ | |
|Address of the principal place of | |
|business, including telephone, fax and | |
|e-mail. | |
|Գործունեության տեսակը Type of operation: | |
|__________________________________________|______________________________|
|3. Շահագործումը սկսելու նախատեսված օրը | |
|Proposed start-up date: | |
|_________________________________________________________________________|
|4. Ղեկավարներ և հիմնական աշխատակիցներ/Management and key staff personnel|
|_________________________________________________________________________|
|Անուն Ազգանուն/Name Surname |Պաշտոն/Title|Հեռախոս, Ֆաքս, |
| | |Էլ.փոստ/Telephone|
| | |fax and e-mail |
|__________________________________________|____________|_________________|
|__________________________________________|____________|_________________|
|__________________________________________|____________|_________________|
|__________________________________________|____________|_________________|
|__________________________________________|____________|_________________|
|__________________________________________|____________|_________________|
|__________________________________________|____________|_________________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| PRE-ASSESSMENT STATEMENT |
|_________________________________________________________________________|
|Բաժին 1Բ. Տեխնիկական սպասարկման առաջարկներ (լրացվում են հայտատուի |
|կողմից) / Section 1B. Proposals for maintenance (to be completed by |
|applicants) |
|_________________________________________________________________________|
|5. |[] Շահագործողը նախատեսում է ինքնուրույն |
| |իրականացնել տեխնիկական սպասարկում` |
| |որպես «Հաստատված տեխնիկական սպասարկման |
| |կազմակերպություն» (լրացնել 7 և 8) |
| |Air operator intends to perform its |
| |maintenance as an AMO (complete 7 and 8) |
| |[] Շահագործողը նախատեսում է իրականացնել |
| |օդանավերի և համապատասխան սարքավորումների |
| |տեխնիկական սպասարկումն ու ստուգումները |
| |կապալառու կազմակերպության կողմից (լրացնել 7 |
| |և 11) |
| |Air operator intends to arrange for |
| |maintenance and inspections of aircraft |
| |and associated equipment to be performed by |
| |others (complete 7 and 11). |
| |[] Շահագործողը նախատեսում է սպասարկում |
| |իրականացնել համարժեք համակարգի միջոցով |
| |(լրացնել 7 և 11) |
| |Air operator intends to perform maintenance |
| |under an equivalent system (complete 7 and |
| |11). |
| |[] «Հաստատված տեխնիկական սպասարկման |
| |կազմակերպություն» (լրացնել 8) AMO/(complete |
| |8) |
|____________________________|____________________________________________|
|6. Շահագործողի կողմից |7. «Հաստատված տեխնիկական սպասարկման |
|փոխադրումների առաջարկվող |կազմակերպության» նախատեսվող գործունեության |
|տեսակները |շրջանակը. |
|Air operator proposed types |AMO proposed ratings: |
|of operation: | |
|____________________________|____________________________________________|
|[] Ուղևորներ և բեռներ / |[] Օդանավ/Airframe |[] Համակարգիչ/ Computer|
|Passengers and cargo |[] Շարժիչ/Powerplant|[] Սարքեր/Instruments |
|[] Միայն բեռնափոխադրումներ /|[] Պտուտակ/Propeller|[] Աջակցող համակարգեր/ |
|Cargo only |[] Սարքավորումներ/ |Accessory |
|[] Կանոնավոր թռիչքներ / |Avionics |[] Մասնագիտացված/ |
|Scheduled operations | |սպասարկում |
|[] Ոչ կանոնավոր թռիչքներ / | |Specialized service |
|Charter flight operations | | |
|_________________________________________________________________________|
|Բաժին 1Գ. Լրացվում է հայտատուի կողմից/ Section 1C. To be completed by |
|applicants |
|_________________________________________________________________________|
|8. Տեղեկություններ օդանավերի մասին / Aircraft data |
|_________________________________________________________________________|
|1) Օդանավերի քանակն ըստ | |
|տեսակի և մոդելի. | |
|Օդանավի(երի) ազգային և | |
|գրանցման նշանները, եթե | |
|այդպիսիք կան. | |
|Number of aircraft by type | |
|and model. Aircraft | |
|nationality and registration| |
|marks where available | |
|____________________________|____________________________________________|
|2) Նստատեղերի քանակը և/կամ | |
|առևտրային բեռնվածությունը. | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| PRE-ASSESSMENT STATEMENT |
|_________________________________________________________________________|
|Number of passengers seats and/or cargo payload | |
|capacity. | |
|________________________________________________|________________________|
|9. Առաջարկվող թռիչքների աշխարհագրական | |
|տարածք(ներ)ը և առաջարկվող երթուղու կառուցվածքը | |
|Geographic area(s) of intended operations and | |
|proposed route structure | |
|_________________________________________________________________________|
|Բաժին 1Դ. Լրացվում է հայտատուների կողմից / Section 1D. To be completed |
|by applicants |
|_________________________________________________________________________|
|10. Լրացուցիչ տեղեկություններ նախատեսվող աշխատանքներն ավելի ստույգ |
|ներկայացնելու համար (անհրաժեշտության դեպքում ավելացրեք լրացուցիչ |
|թերթիկներ) |
|Additional information that provides a better understanding of the |
|proposed operation or business (attach additional sheets, if necessary): |
|_________________________________________________________________________|
|11. Առաջարկվող ուսուցում (ուսումնական ինքնաթիռներ և/կամ թռիչքի |
|սիմուլյատորներ) |
|Proposed training (aircraft and/or flight simulation training device): |
|_________________________________________________________________________|
|Բաժին 1Ե. Այս ձևաթուղթը ստորագրելը և լրացնելը նախատեսում է դիմել |
|օդանավ շահագործողի վկայականի և/կամ, որտեղ կիրառելի է, որպես տեխնիկական |
|սպասարկման կազմակերպության հաստատման համար Section 1E. The signature and |
|the information contained in this form denote an intent to apply for an |
|AOC and/or approval as a maintenance organization, as appropriate. |
|_________________________________________________________________________|
|Կազմակերպության տեսակը/ | |
|Type of organization: | |
|____________________________|____________________________________________|
|Ստորագրություն/Signature: |Ամսաթիվ / Data: |Անուն ազգանուն, պաշտոն |
| |______/_____/_____ |Name, Surname and title:|
|_________________________________________________________________________|
|Բաժին 2. Լրացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից/ Section 2. |
|To be completed by the Civil Aviation Committee |
._________________________________________________________________________.
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում