03.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները, ամրագրում է պարտադիր բուսասանիտարական պահանջները և բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների աճեցման, պահպանման, փոխադրման կամ շուկայահանման գործընթացում բուսասանիտարական հիմնական սկզբունքները, ինչպես նաև հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները:
2. Սույն օրենքը տարածվում է բուսասանիտարիայի ոլորտում ծագած հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում` բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վրա:
Հոդված 2. |
Բուսասանիտարիայի մասին օրենսդրությունը |
1. Բուսասանիտարիայի ոլորտում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
i
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) լիազոր մարմին` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
2) բույսեր` բույսերն ամբողջությամբ և բույսերի առանձին մասերը, այդ թվում` սերմերը, սաղմը.
3) բուսասանիտարիա` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ. ↩
4) բույսերի կարանտին` բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համալիր, որի նպատակն է բացահայտել, մեկուսացնել և վերացնել բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների համար կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված օջախները. ↩
5) բուսական արտադրանք` բուսական ծագման չվերամշակված նյութ, ինչպես նաև վերամշակված մթերքներ (բացառությամբ ջերմամշակում անցածների), որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման վտանգ.
6) բուսասանիտարական ռիսկի վերլուծություն` կենսաբանական և տնտեսական տվյալների գնահատում` վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, դրանց դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներ իրականացնելու կամ բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.
7) բուսասանիտարական կանոններ և նորմեր` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված բուսասանիտարական պահանջներ.
8) բույսերի պաշտպանություն` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, բույսերի պաշտպանությանն ուղղված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների համալիր. ↩
9) բուսասանիտարական զննում` բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով. ↩
10) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեսական նշանակություն ունեցող վնասակար օրգանիզմ, որը տվյալ գոտում դեռևս բացակայում է կամ առկա է սահմանափակ, հանդիսանում է պայքարի օբյեկտ և պաշտոնապես հսկվում է.
11) բույսերի վնասակար օրգանիզմ` բույսերի, բուսական արտադրանքի համար հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի ցանկացած տեսակ.
12) բույսերի կարանտին գոտի` տարածք, որտեղ գոյություն ունի կարանտին վնասակար օրգանիզմ, որի հետագա տարածումը կանխարգելելու և վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն, և անցկացվում են բուսասանիտարական միջոցառումներ.
13) բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ` վնասակար օրգանիզմ, որի առկայությունը տնտեսական վնաս է հասցնում բույսերի նպատակային օգտագործմանը, և հսկվում ներմուծող երկրի կողմից.
14) բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքար` կարանտին վնասակար օրգանիզմների սերնդատվության ճնշման, մեկուսացման և (կամ) վերացման, ինչպես նաև կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման նպատակով բուսասանիտարական կանոնների պարտադիր կիրառում.
15) կարգավորվող առարկա (կարանտին օբյեկտ)` ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորման նյութ, տրանսպորտային միջոց, բեռնարկղ, հող և ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել բույսերի վնասակար օրգանիզմ և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական միջոցառումներ.
16) բուսասանիտարական փորձաքննություն` բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների լաբորատոր հետազոտություն` վնասակար օրգանիզմի առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով. ↩
17) բուսասանիտարական հաշվառում` բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալների հավաքում, դասակարգում, պահպանում, թարմացում և օգտագործում.
18) բուսասանիտարական հաշվառման վկայական` բուսասանիտարական հաշվառման արդյունքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող փաստաթուղթ.
19) բուսասանիտարական միջոցառում` պաշտոնական գործընթաց` ուղղված կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման և (կամ) տարածման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.
20) բուսասանիտարական անձնագիր` Հայաստանի Հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը և այլ կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ, որը հավաստում է դրանց ստուգված և կարանտին վնասակար օրգանիզմից զերծ լինելու մասին. ↩
21) խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող սահմանված նույն պահանջներին համապատասխանող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից փաստաթղթով.
22) բուսասանիտարական ուսումնասիրություն` պաշտոնական միջոցառում` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմի սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.
23) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք` բույսեր, բուսական արտադրանք և այլ կարգավորվող առարկա. ↩
24) ագրոքիմիկատներ` պարարտանյութեր, քիմիական հողաբարելավիչներ, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.
25) պեստիցիդ` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է բույսերի հիվանդությունների, որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացները խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների տարածման ու զարգացման կանխարգելման կամ ոչնչացման համար: Պեստիցիդների հիմնական խմբերից են միջատասպանները (ինսեկտիցիդները), տզասպանները (ակարիցիդները), կրծողասպանները (ռոտենդիցիդները), սնկասպանները (ֆունգիցիդները), մանրէասպանները (բակտերիոցիդները), նեմատոդասպանները (նեմատոցիդները), մոլախոտասպանները (հերբիցիդները), բույսերի աճի կարգավորիչները, բույսերի պատվաստանյութերը, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները, ֆումիգանտները. ↩
26) սերմանյութ (տնկանյութ)` սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս.
27) բույսերի պաշտպանության միջոցներ` բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ.
28) հրատապ դեպք` բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածման կամ դրա հետևանքով հասցվող վնասի կանխարգելման կամ բույսերի պաշտպանության կամ հողերի բերրիության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների քանակի պահանջարկ, որն ուղղված է բույսերի վնասակար օրգանիզմների դեմ հրատապ պայքարին և բույսերի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովելուն: ↩
29) ազդող նյութ` պեստիցիդի պատրաստուկային ձևի մեջ առկա կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը.
30) ֆերոմոն` կենդանի օրգանիզմների ներզատիչ և արտազատիչ գեղձերի գործունեության արգասիք հանդիսացող բուրավետ նյութերի համանման սինթետիկ քիմիական պատրաստուկ, որը պեստիցիդ է և կիրառվում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարելու, դրանց տարածումը, զարգացումը կանխարգելելու, նվազեցնելու, ինչպես նաև վնասակար օրգանիզմների զարգացմանը, թռիչքի շարժին հետևելու և դրանց դեմ միջատասպանների կիրառման ժամկետները որոշելու համար: Ֆերոմոնները վնասակար օրգանիզմների կենսաքիմիական պրոցեսների վրա ազդելու փոխարեն խաթարում են դրանց զուգավորման բնական ցիկլը.
31) դեֆոլիանտ` պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որը բույսերի շրջանում առաջացնում է արհեստական տերևաթափ: Որոշակի չափաքանակով կիրառելու դեպքում բույսերի կենսունակությունը դրանից չի նվազում և գյուղատնտեսության մեջ օգտագործվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.
32) դեսիկանտ` պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որն արագացնում է մշակաբույսերի հասունացումը, չորացումը, կիրառվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.
33) ֆումիգանտ` պեստիցիդ հանդիսացող գազային վիճակով քիմիական նյութ, որը կիրառվում է վնասակար օրգանիզմների (միջատների) դեմ պայքարելու համար, և այն դրանց օրգանիզմ է թափանցում շնչուղիների միջոցով.
34) վարակազերծում` բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների նկատմամբ իրականացվող գործողությունների համալիր, որն ուղղված է կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացմանը.
35) արտադրող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրացման նպատակով իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն.
36) արտադրական տարածք` արտադրամաս, որտեղ անմիջապես արտադրողի կողմից կամ արտադրողի պատվերով և նրա կողմից սահմանված համապատասխան բաղադրությամբ իրականացվում է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն.
37) առևտրային անվանում` պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանում, որի ներքո պեստիցիդը կամ ագրոքիմիկատը մակնշվում է, գրանցվում, գովազդվում և օգտագործվում է տվյալ արտադրանքը նույնատիպ ազդող նյութ կամ սննդատարր պարունակող այլ պեստիցիդներից կամ ագրոքիմիկատներից տարբերելու նպատակով.
38) քաղաքականություն մշակող լիազոր մարմին` բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականություն մշակող պետական կառավարման համակարգի մարմին:
2. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:
(3-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-240-Ն, 23.03.18 ՀՕ-287-Ն, 15.06.23 ՀՕ-220-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 2
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 4. |
Բուսասանիտարիայի խնդիրները |
Բուսասանիտարիայի խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպման վերահսկողությունը.
2) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման և տարածման կանխարգելումը` բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննման, փորձաքննության համար նմուշառման և բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը. ↩
3) բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը` բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման ժամանակ. ↩
4) բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը. ↩
5) բույսերի վնասակար օրգանիզմի զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելելու նպատակով միջոցառումների իրականացումը.
6) գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:
(4-րդ հոդ. փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն օրենք)
i
Հոդված 5. |
Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության լիազորությունները |
i
1. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության լիազորություններն են`
1) ոլորտում իրականացվող նպատակային ծրագրերի հաստատումը.
2) բուսասանիտարիայի միջազգային համագործակցության պետական ծրագրերի հաստատումը.
i
3) պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգի սահմանումը.
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.06.2025 թվականից` 15.11.24 ՀՕ-460-Ն օրենք) ↩
i
5) պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգի և պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման եզրակացության ձևերի սահմանումը.
6) բույսերի կարանտինի սահմանումը և կարանտինի չեղյալ հայտարարումը.
i
7) պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջների սահմանումը.
8) պեստիցիդի և ագրոքիմիկատի փաթեթավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը.
8.1) բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգի սահմանումը.
8.2) բուսաբուծության ոլորտում աշխատանքի անվտանգության կանոնների հաստատումը.
9) սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի ընդունումը:
(5-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-240-Ն, 23.03.18 ՀՕ-287-Ն, 07.07.22 ՀՕ-310-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
Հոդված 5.1 |
Լիազոր մարմնի լիազորությունները |
1. Լիազոր մարմինը հաստատում է`
1) բուսասանիտարական անձնագրի ձևը և տրամադրման կարգը.
2) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը:
2. Լիազոր մարմինը իրականացնում է նաև այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
(5.1- ին հոդ. լրաց. 07.07.22 ՀՕ-310-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
ԳԼՈՒԽ 3
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 6. |
Պեստիցիդների պետական գրանցումը և վերագրանցումը ↩ |
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող պեստիցիդները պարտադիր ենթակա են պետական գրանցման (այսուհետ` գրանցում), բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների:
2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով: Կառավարությունը սահմանում է պեստիցիդների պարզեցված ընթացակարգով գրանցման իրականացման դեպքերը:
3. Պեստիցիդների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:
4. Լիազոր մարմինը պեստիցիդների ընդհանուր ընթացակարգով գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հայտում կամ հայտին կից` սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքերում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները երկարաձգվում են 10 աշխատանքային օրով:
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների գրանցումն իրականացվում է ընդհանուր ընթացակարգով: Պեստիցիդների գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.
1) պեստիցիդի առևտրային անվանումը, ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, համագործիչ և օժանդակ նյութերը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը).
2) պեստիցիդի ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.
3) պեստիցիդի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում).
4) պեստիցիդի քիմիական փորձաքննության, ազդող նյութի մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, պեստիցիդների ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը), եթե տվյալ նյութի փորձաքննության մեթոդիկաներով բյուրեղային տիպօրինակն անհրաժեշտ է.
5) պեստիցիդի թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի միկրոօրգանիզմներ և այլն).
6) պեստիցիդի ազդեցությունը վերարտադրողականության վրա.
7) պեստիցիդի մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ, տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները.
8) պեստիցիդի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը.
9) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` պեստիցիդի պիտակի նկարագիրը.
10) տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում դրանց երկու տարվա անընդմեջ դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին, որը տրամադրում են քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտով սահմանված գիտական և կրթական կազմակերպությունները` քաղաքականություն մշակող լիազոր մարմնի հաստատած ձևին համապատասխան:
7. Օտարերկրյա պետություններում արտադրված պեստիցիդները գրանցվում են հետևյալ ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով.
1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են`
ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ.
2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են`
ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-4-րդ և 9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
8. Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կայացնում է տվյալ պեստիցիդը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում և թղթային կամ էլեկտրոնային տարբերակով երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճորեն տեղեկացնում է հայտատուին:
9. Լիազոր մարմինը պեստիցիդների գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում պեստիցիդների գրանցման փաթեթը վերադարձնում է հայտատուին: Գրանցումը մերժվում է, եթե`
1) պեստիցիդի ազդող նյութը կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.
2) հայտատուն սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները.
3) պեստիցիդը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդի:
10. Պեստիցիդի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
11. Պեստիցիդները ենթակա են վերագրանցման, եթե գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել, և պեստիցիդի ազդող, համագործիչ, օժանդակ նյութերի բաղադրությունը և դրանց տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել: Պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդների դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան, իսկ ընդհանուր ընթացակարգով գրանցված պեստիցիդների դեպքում` ընդհանուր ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին պեստիցիդը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդի:
(6-րդ հոդ. փոփ. 17.12.2014 ՀՕ-240-Ն, 04.03.20 ՀՕ-125-Ն, 15.06.23 ՀՕ-220-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
Հոդված 6.1. |
Ագրոքիմիկատների գրանցումը և վերագրանցումը |
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են գրանցման, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված ագրոքիմիկատների:
2. Հայաստանի Հանրապետությունում ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով: Կառավարությունը սահմանում է պարզեցված ընթացակարգով ագրոքիմիկատների գրանցման իրականացման դեպքերը:
3. Ագրոքիմիկատների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:
4. Լիազոր մարմինը ընդհանուր ընթացակարգով ագրոքիմիկատների գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հայտում կամ հայտին կից` սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքերում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները երկարաձգվում են 10 աշխատանքային օրով:
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ագրոքիմիկատների գրանցումն իրականացվում է ընդհանուր ընթացակարգով: Գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.
1) ագրոքիմիկատի առևտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը).
2) ագրոքիմիկատի կիրառման եղանակները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.
3) աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային քանակը.
4) ագրոքիմիկատի սննդատարրերի քիմիական փորձաքննության մեթոդիկան.
5) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի.
6) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` ագրոքիմիկատի պիտակի նկարագիրը:
7. Օտարերկրյա պետություններում արտադրված, փորձարկված և գործածության մեջ գտնվող ագրոքիմիկատները գրանցվում են հետևյալ ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով.
1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են`
ա. սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ.
2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են`
ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-3-րդ և 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
8. Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կայացնում է տվյալ ագրոքիմիկատը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում և թղթային կամ էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պատշաճորեն տեղեկացնում է հայտատուին:
9. Լիազոր մարմինը ագրոքիմիկատների գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում ագրոքիմիկատների գրանցման փաթեթը վերադարձնում է հայտատուին: Գրանցումը մերժում է, եթե`
1) ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.
2) հայտատուն սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները:
10. Ագրոքիմիկատի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
11. Ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել, և ագրոքիմիկատի սննդատարրերի կազմը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել: Պարզեցված ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատների դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան, իսկ ընդհանուր ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատների դեպքում` ընդհանուր ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին ագրոքիմիկատը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատի:
(6.1-ին հոդ. լրաց. 15.11.24 ՀՕ-460-Ն օրենք)
Հոդված 6.2. |
Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, փորձարկումը, գրանցման ժամկետը և դրանց գրանցումից հանումը |
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ և 6.1-ին հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրի արտադրողը:
2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք պետական գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են հինգ տարի ժամկետով, իսկ ագրոքիմիկատները` տասը տարի ժամկետով, և գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջը տրվում է գրանցման վկայական:
4. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե`
1) լրացել է գրանցման ժամկետը, սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչև պիտանիության ժամկետի ավարտը.
2) գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ.
3) պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից և ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.
4) գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ տեղեկություններ կամ անհամապատասխանություններ օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
5) առկա են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցումը անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ հիմքեր:
(6.2-րդ հոդ. լրաց. 15.11.24 ՀՕ-460-Ն օրենք)
Հոդված 7. |
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները |
1. Ներմուծման և շրջանառության փուլերում պեստիցիդները և ագրոքիմիկատները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
2. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել և օգտագործել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների: ↩ ↩
3. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել արտադրողի սահմանած պիտանելիության ժամկետի մեկ երրորդից պակաս պիտանելիության ժամկետ ունեցող պեստիցիդներ և ագրոքիմիկատներ:
(7-րդ հոդ. փոփ. 15.06.23 ՀՕ-220-Ն, 15.06.23 ՀՕ-220-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
Հոդված 8. |
Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը ↩ |
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցման ներկայացված պեստիցիդները և ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր թունաբանահիգիենիկ գնահատման, բացառությամբ սույն օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգով պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունները:
3. Գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների և օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցումը կատարվում է առանց թունաբանահիգիենիկ գնահատման:
4. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացվում է փաստաթղթային և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա: Ընդ որում, կարող են նաև հիմք ընդունվել այլ երկրներում իրականացված փորձարկման արդյունքները: Երկրների ցանկը հաստատում է Կառավարությունը:
5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Թունաբանահիգիենիկ գնահատման սկզբունքներն են`
1) թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացությունների գիտական հիմնավորումը.
2) գնահատող փորձագետների անկախությունը լիազորությունների իրականացման ժամանակ.
3) թունաբանահիգիենիկ գնահատման ամբողջական իրականացումը.
4) հետազոտվող նյութերի գաղտնիության ապահովումը:
(8-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-287-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
Հոդված 9. |
Պեստիցիդների և ագրոքիմիկատների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները |
1. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող չափածրարված պեստիցիդների և ագրոքիմիկատների վրա հայերեն մակնշումը պարտադիր է:
2. Մակնշումը զետեղվում է անմիջապես տարայի և (կամ) տարայի պահպանումը ապահովող փաթեթվածքի նյութին ամրացված պիտակի վրա:
3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների մակնշումը պետք է ներառի`
1) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը և նշանակությունը.
2) ազդող նյութի անվանումը, պարունակությունը.
3) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը (երկիրը, իրավաբանական հասցեն).
4) պատրաստուկային ձևը.
5) տարայի ծավալը և (կամ) զտաքաշը.
6) տեղեկություն անվտանգության մասին.
7) մանիպուլյացիոն նշանները.
8) տեղեկատվություն կիրառման վերաբերյալ (մշակվող մշակաբույսերը կամ օբյեկտը, ծախսի նորմաները, մշակումների առավելագույն քանակը, պարբերականությունը, վնասակար օրգանիզմը, «սպասման ժամկետները»).
9) գրանցման վկայականի համարը, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքի. ↩ ↩
10) արտադրության ժամկետը (ամիսը, տարեթիվը).
11) պահման պայմանները.
12) պիտանելիության ժամկետը.
13) նույնականացման կոդը (շտրիխը).
14) կիրառման սահմանափակումները (այլ պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ համատեղելիություն, բուսաթունունակություն (ֆիտոտոքսիկություն).
15) անվտանգության կանոնները աշխատելիս, տեղափոխելիս և պահպանելիս.
16) թափված պեստիցիդների և ագրոքիմիկատների վնասազերծման եղանակները.
17) դատարկ տարաների վնասազերծման և (կամ) ոչնչացման եղանակները.
18) սուր թունավորումների կլինիկական պատկերը (տվյալների առկայության դեպքում), խորհուրդներ բժշկին, այդ թվում` հակաթույնի անվանումը (առկայության դեպքում).
19) առաջին օգնությունը թունավորման դեպքում:
4. Երկաթուղային ցիստերների և ավտոցիստերների մակնշումը զետեղվում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխման կանոններին համապատասխան:
5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդիրի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:
6. Մակնշումը պետք է կայուն լինի քիմիական նյութերի, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ, պահպանվի պեստիցիդի և ագրոքիմիկատի երաշխիքային պահպանման ժամկետի ընթացքում:
(9-րդ հոդ. փոփ. 15.06.23 ՀՕ-220-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. |
Հողերի մշակությունը, պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը |
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրականացնել`
1) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային և միջշարքային մշակության համալիր միջոցառումներ.
2) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումներ.
3) հողի երկրորդային աղակալումը և ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումներ.
4) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաև մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.
5) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումներ.
6) հողը պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումներ.
7) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումներ.
8) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը:
1.1. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմի-կատների արտադրությունը և վաճառքը օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության տեսակներ են:
2. Արգելվում են`
1) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում չընդգրկված, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև ընդգրկված, բայց ժամկետանց և անորակ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, իրացումն ու օգտագործումը. ↩ ↩
2) բուսասանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանումը.
3) պահեստներում պեստիցիդների ու ագրոքիմիկատների և սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.
4) պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդային առավելագույն քանակը գերազանցող բուսաբուծական մթերքների իրացումը.
5) պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը:
(10-րդ հոդ. փոփ. 15.06.23 ՀՕ-220-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
Հոդված 11. |
Սերմանյութի և տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը |
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`
1) սերմանյութի ու տնկանյութի արտադրության համար հողի տեղանքի ընտրությունը.
2) մշակաբույսերի ցանքափոխանակությունը.
3) սերմանյութի ու տնկանյութի սորտայնության (սորտ, հիբրիդ, վերարտադրություն) դասի և որակի վկայականի առկայությունը.
4) սերմանյութի և տնկանյութի նախացանքային մշակությունը` զտումը, տեսակավորումը, ախտահանումը.
5) սերմադաշտերի և տնկարանների գնահատման (ապրոբացիա) հատուկ միջոցառումների իրականացումը` դաշտային հետազոտություններ` սերմադաշտերի և տնկարանների տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, վնասակար օրգանիզմներով վարակվածության որոշման միջոցառումներ.
6) սերմանյութի ու տնկանյութի ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման համալիր միջոցառումների իրականացումը:
2. Արգելվում են անհայտ ծագում ունեցող սերմանյութի և տնկանյութի իրացումը և օգտագործումը:
Հոդված 12. |
Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ տարվող պայքարը |
1. Բուսասանիտարիայի ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`
1) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.
2) հողում և բուսական արտադրանքում պեստիցիդների և ագրոքիմիկատների թույլատրելի մնացորդային առավելագույն քանակի չգերազանցումը.
3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննումը, ստուգումը և փորձաքննությունը: ↩
2. Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների, օգտագործումից հանված, ժամկետանց, անորակ և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը. ↩ ↩
2) մինչև 18 տարեկան, պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած անձանց, ինչպես նաև հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավումը պեստիցիդների հետ կատարվող աշխատանքներում.
3) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.
4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների արտահանումն առանց բուսասանիտարական անձնագրի: ↩
3. Բույսերի վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է բուսասանիտարական ուսումնասիրություն:
(12-րդ հոդ. փոփ. 15.06.23 ՀՕ-220-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
Հոդված 13. |
Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք և այլ կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ, ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը ↩ |
1. Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք և այլ կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում է լիազոր մարմինը` հաշվառման էլեկտրոնային համակարգում գրանցման և բուսասանիտարական հաշվառման վկայական տրամադրելու միջոցով: ↩
2. Յուրաքանչյուր արտադրող, որի արտադրանքը նախատեսված է իրացման համար, հաշվառվում է լիազոր մարմնի կողմից, որի տվյալները գրանցվում են պաշտոնական գրանցամատյանում, և տրվում է հաշվառման չկրկնվող համար:
3. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում այն բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների փոքր քանակների նկատմամբ, որոնք նախատեսված են վերջինիս սեփականատիրոջ կամ ստացողի կողմից ոչ արդյունաբերական և ոչ առևտրային նպատակներով սպառման համար կամ փոխադրման ընթացքում սպառման համար, եթե առկա չէ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ: ↩
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 31.07.2022 թվականից` 07.07.22 ՀՕ-310-Ն օրենք) ↩
(13-րդ հոդ. փոփ. 07.07.22 ՀՕ-310-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
Հոդված 14. |
Բուսասանիտարական անձնագիրը |
1. Բուսասանիտարական անձնագիրը տրվում է միայն հաշվառված ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների համար` բուսասանիտարական զննման կամ փորձաքննության արդյունքում և բուսասանիտարական կանոնների ու նորմերի բավարարման դեպքում: ↩
2. Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերը, բուսական արտադրանքը և այլ կարգավորվող առարկաներն արգելվում է ներմուծել վնասակար օրգանիզմներից զերծ գոտի կամ տեղափոխել այդ գոտով, բացառությամբ եթե առկա է բուսասանիտարական անձնագիր տվյալ գոտու համար: ↩
(14-րդ հոդ. 15.11.24 ՀՕ-460-Ն օրենք)
Հոդված 15. |
Վնասակար օրգանիզմների հայտնաբերման մասին ծանուցումը |
1. Լիազոր մարմինը գրավոր ծանուցում է Բույսերի պաշտպանության միջազգային կազմակերպությանը և Բույսերի պաշտպանության եվրոպական կազմակերպությանը, եթե հայտնաբերել է վնասակար օրգանիզմ, որի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելված է:
2. Ծանուցման մեջ նշվում է նաև ձեռնարկված կամ նախատեսվող միջոցառումների մասին:
3. Լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում վնասակար օրգանիզմի վերացման, իսկ անհնարինության դեպքում դրանց տարածումը կանխարգելելու ուղղությամբ:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վնասակար օրգանիզմի ռիսկի վերլուծությունը տվյալ տարածքի համար, ձեռնարկված միջոցառումների շարունակման, դադարեցման կամ փոփոխման անհրաժեշտությունը պարզելու նպատակով:
ԳԼՈՒԽ 5
ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 16. |
Բույսերի կարանտինի սահմանումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման, մեկուսացման, վերացման և տարածման կանխարգելման նպատակով իրականացված բուսասանիտարական մշտադիտարկման և լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա, կարանտին օրգանիզմից զերծ գոտում կարանտին վնասակար օրգանիզմով վարակվածություն հայտնաբերվելու դեպքում`
1) լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվում են լիազոր մարմնի, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, բուսասանիտարիայի ոլորտի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ.
2) ժամանակավոր աշխատանքային խումբը լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ` կարանտին գոտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
3) լիազոր մարմինը հաստատում է հայտնաբերված վնասակար օրգանիզմի անվանումը, դրանց տարածման սահմանները (արեալները), հնարավոր վնասի գնահատումը, կարանտինի և հարող տարածքների սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը և կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Կառավարություն` միաժամանակ ներկայացնելով սույն կետով նախատեսված փաստաթղթերը.
4) բույսերի կարանտինը սահմանվում է հանրապետության, մարզի, համայնքի, բնակավայրերի կամ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող տարածքում կամ դրանց մի մասում.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով լիազոր մարմինը կարանտին գոտում իրականացնում է վերահսկողություն կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման և կարգավորվող առարկաների վարակազերծման բուսասանիտարական միջոցառումների անցկացման նկատմամբ:
2. Բույսերի կարանտին սահմանված գոտիներից բույսերը և բուսական արտադրանքը, սերմերը և տնկանյութը դուրս բերելը կատարվում է լիազոր մարմնի տված բուսասանիտարական անձնագրի առկայությամբ: Առանց բուսասանիտարական անձնագրի դուրս բերված ապրանքները ենթակա են վարակազերծման, անհրաժեշտության դեպքում` ոչնչացման:
3. Արգելվում են կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բազմամյա տնկարկներին հարող տարածքներում տնկարանի հիմնումը և չհետազոտված տարածքներից պատվաստակալների և պատվաստացուների մթերումն ու օգտագործումը:
4. Տնկանյութի արտադրությամբ զբաղվող յուրաքանչյուր տնտեսավարող պետք է ունենա կարանտին հսկողության մատյան` աճեցված և իրացված տնկանյութի կարանտին հետազոտությունների արդյունքները և կարանտին վնասակար օրգանիզմների բացակայության, բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները գրանցելու համար:
5. Կարանտին սահմանված գոտում բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտադրությամբ, մթերմամբ, փոխադրմամբ, պահեստավորմամբ և (կամ) իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարանտին վնասակար օրգանիզմի դեմ պայքարի միջոցառումները կազմակերպում և անցկացնում են վերահսկողություն իրականացնող մարմնի անմիջական հսկողության ներքո:
6. Եթե կարանտին սահմանված գոտում բուսասանիտարական զննումից և (կամ) փորձաքննությունից պարզվել է, որ արտադրողի արտադրած, օգտագործած կամ պահեստավորած բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների որոշակի խմբաքանակ առողջ է և վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ չի ներկայացնում, ապա բուսասանիտարական անձնագիրը լրացվում է միայն տվյալ խմբաքանակի համար: ↩
(16-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-287-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
Հոդված 17. |
Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի միջոցառումները, կարանտինի չեղյալ հայտարարումը |
1. Բույսերի կարանտինի գոտում իրականացվում են բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների պարտադիր ախտահանում (վարակազերծում) կամ ոչնչացում: ↩
Բույսերի կարանտինի գոտում սահմանափակվում կամ արգելվում են բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը: ↩
2. Բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է կարանտին գոտում ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ առաջադրանքներ սույն օրենքի պահանջների կատարման վերաբերյալ և հսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ:
3. Բույսերի կարանտինը չեղյալ է հայտարարվում լիազոր մարմնի առաջարկությամբ` համապատասխան միջոցառումների իրականացման և վնասակար օրգանիզմի օջախների ոչնչացման դեպքում, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում:
4. Բույսերի կարանտինի սահմանման և կարանտինի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունները տրվում են զանգվածային լրատվության միջոցներով:
(17-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-287-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 6
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ↩
(Վերնագիրը փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն օրենք)
Հոդված 18. |
Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը ↩ |
1. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով բուսասանիտարական փորձաքննության արդյունքում բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի տված եզրակացության հիման վրա վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը և այլ կարգավորվող առարկաները վարակազերծվում կամ ոչնչացվում են` բուսասանիտարական կանոններին համապատասխան` բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հսկողությամբ: ↩
2. Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման անհրաժեշտությունը, կատարման վայրը և եղանակը որոշում է բուսասանիտարական լիազոր մարմնի պաշտոնատար անձը: ↩
3. Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ↩
(18-րդ հոդ. փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 19. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
1. Սույն օրենքը խախտող ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով ագրոքիմիկատների վերաբերյալ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անժամկետ գրանցված և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական ու կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված պեստիցիդները համարվում են գրանցված 5 տարի ժամկետով` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
i
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-209-Ն օրենքը:
5. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-209-Ն օրենքի համաձայն ընդունված իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին:
(20-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-240-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-140-Ն
|