Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2025 - } ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2025 - } ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը ուժի մեջ է մտնելու   01.07.2025  -ից:         անցնել գործող խմբագրությանը
 

01.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 8-ին

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

i

1. Սույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:

Սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաև պետության և համայնքների կարիքների համար իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն օրենքը չի տարածվում նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված` կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի կազմակերպման հետ կապված հարաբերությունների վրա:

3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի անվճարունակության (սնանկության) առնչությամբ կազմակերպվող հրապարակային սակարկությունների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

4. Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա: Օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:

5. Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային և ապրանքային բորսաների միջոցով հրապարակային սակարկությունների կազմակերպման վրա, ինչպես նաև արժեթղթերի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա:

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 18.04.2021 թվականից` 24.03.21 ՀՕ-146-Ն օրենք)

7. Սույն օրենքը չի տարածվում կատարողական վարույթներով անցկացվող հարկադիր աճուրդների վրա:

(1-ին հոդ. փոփ. 15.06.06 ՀՕ-133-Ն, 24.03.21 ՀՕ-146-Ն, 04.05.22 ՀՕ-120-Ն, 11.04.24 ՀՕ-199-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

i
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
i

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ` աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել սույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.

աճուրդ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին.

մրցույթ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ.

հրապարակային սակարկությունների առաջարկող կամ առաջարկող` գույքի սեփականատեր կամ գույքային իրավունքների տիրապետող, որն անմիջականորեն չի կազմակերպում հրապարակային սակարկությունների անցկացումը.

հրապարակային սակարկությունների կազմակերպիչ կամ կազմակերպիչ` աճուրդ (մրցույթ) անցկացնող գույքի սեփականատեր, գույքային իրավունքների տիրապետող, ինչպես նաև պայմանագրով կամ օրենքով հրապարակային սակարկություններ կազմակերպելու լիազորություններով օժտված անձ կամ մարմին.

աճուրդի (մրցույթի) կանոնակարգ` հրապարակային սակարկությունների կազմակերպչի սահմանած փաստաթուղթ, որում նախատեսվում են սույն օրենքի համապատասխան կազմակերպչի կողմից սահմանման ենթակա դրույթներ.

հրապարակային սակարկությունների մասնակիցներ կամ մասնակիցներ` սույն օրենքով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք.

աճուրդի (մրցույթի) պայմաններ` օրենքին համապատասխան աճուրդ (մրցույթ) առաջարկողի և (կամ) կազմակերպչի կողմից նախատեսված սակարկություններով կնքվող պայմանագրի էական պայմանների համալիր.

լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, սույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:

Լոտը կարող է լինել կատարման ենթակա աշխատանք կամ մատուցման ենթակա ծառայություն.

աճուրդավար` անձ, որն անմիջականորեն վարում է աճուրդը.

մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին.

գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.

գնման գին` աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի ներկայացրած վերջին ամենաբարձր գնային հայտ.

աճուրդի (մրցույթի) ծախսեր` աճուրդի (մրցույթի) կազմակերպչի կատարած ծախսերը` կապված աճուրդի (մրցույթի) կազմակերպման ու անցկացման հետ.

(15-րդ պարբերությունն ուժը կորցրել է 18.04.2021 թվականից` 24.03.21 ՀՕ-146-Ն օրենք)

(2-րդ հոդ. փոփ. 25.10.17 ՀՕ-185-Ն, 24.03.21 ՀՕ-146-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Սակարկությունների մասնակիցները

 

1. Սակարկությունների մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:

2. Սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաև մրցութային հանձնաժողովի անդամները:

Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը:

3. Սակարկությունների մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

 

Հոդված 4. Սակարկությունների միջոցով պայմանագրեր կնքելու պայմանները

 

1. Եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:

2. Եթե լոտն իրավունք է, այդ թվում` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու առաջարկ, ինչպես նաև օգտագործման իրավունք, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում համապատասխան պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:

4. Սակարկությունների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

 

ԳԼՈՒԽ 2.
ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հոդված 5. Աճուրդի կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմանները

 

1. Աճուրդը պետք է սկսվի ժամը 9.00-19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սեփականատիրոջ (իրավատիրոջ) կողմից կազմակերպվող աճուրդների, որոնք պետք է սկսվեն ժամը 8.00-23.00 ընկած ժամանակահատվածում:

Լոտի վաճառքը պետք է ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների` տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող և իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում:

Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

3. Աճուրդին, աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով, կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը (այսուհետ` մասնակից չհամարվող անձինք):

Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

4. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանն ու ենթարկվել աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:

(5-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-128-Ն, 25.10.17 ՀՕ-185-Ն, 24.03.21 ՀՕ-146-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը

 

1. Եթե աճուրդն անցկացվելու է սեփականատեր կամ իրավունքի տիրապետող չհամարվող անձի կողմից, ապա առաջարկողի և կազմակերպչի միջև կնքվում է աճուրդի անցկացման մասին գրավոր պայմանագիր:

2. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`

1) առաջարկողի և կազմակերպչի անունները (անվանումները) և գտնվելու վայրերը (բնակության վայրերը).

2) աճուրդին ներկայացվելիք լոտի անվանումը.

3) լոտի մեկնարկային գինը.

4) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

3. Եթե կազմակերպիչը լիազորված է նվազեցնելու լոտի մեկնարկային գինը, ապա աճուրդ անցկացնելու մասին պայմանագիրը պետք է պարունակի նաև համապատասխան դրույթներ` նշելով մեկնարկային գինը նվազեցնելու թույլատրելի սահմանները:

4. Լոտը կազմակերպչին ի պահ հանձնելու դեպքում պայմանագիրը պետք է պարունակի պահատվությանը վերաբերող դրույթներ:

 

Հոդված 7. Աճուրդի կազմակերպչի վարձատրությունը

 

1. Կազմակերպչի կողմից աճուրդի կազմակերպման դեպքում կազմակերպչի վարձատրության կարգը և պայմանները սահմանվում են աճուրդի անցկացման մասին պայմանագրով:

2. Կազմակերպչի և առաջարկողի միջև կնքված պայմանագրով վարձատրության չափը չի կարող գերազանցել աճուրդով վաճառքի ենթակա գույքի աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի առաջարկած առավելագույն գնի երեք տոկոսը:

(7-րդ հոդ. փոփ. 24.03.21 ՀՕ-146-Ն օրենք)

 

Հոդված 8. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը

 

1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.

6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.

9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.

10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

12) հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգը:

Աճուրդի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ:

3. Շուտ փչացող ապրանքների դեպքում աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կարող է կատարվել աճուրդի բացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

4. Անշարժ գույքի վաճառքի, ինչպես նաև այլ դեպքերում օրենքով կարող են սահմանվել աճուրդի մասին հրապարակային ծանուցման առավել երկար ժամկետներ:

(8-րդ հոդ. փոփ. 13.12.17 ՀՕ-310-Ն օրենք)

 

Հոդված 9. Աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխությունները և լրացումները

 

1. Այն պայմանները և տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:

Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մինչև նախորդող երեք օրը կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություններ և լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը չի կատարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և կարգով, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցում կատարելուց հետո թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

 

Հոդված 10. Աճուրդին մասնակցելու պայմանները

 

i

1. Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում և կարգով, մուծում են նախավճար, որի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի մինչև հիսուն տոկոսը: Տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդին մասնակցելու համար մուծվող նախավճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Նախավճարը մուծվում է աճուրդի կազմակերպչին: Նախավճարը կարող է վճարվել կանխիկ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է աճուրդի կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման վայրը (հասցեն) և ժամանակը:

4. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

5. Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականներ տրամադրելը, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց տոմսերի վաճառքը պետք է դադարի աճուրդի բացումից առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:

(10-րդ հոդ. փոփ. 17.09.09 ՀՕ-177-Ն, 19.04.21 ՀՕ-174-Ն օրենքներ)

 

Հոդված 11. Լոտի ուսումնասիրումը

 

1. Նախքան աճուրդի բացումը, մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ աճուրդի մասին ծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին (լոտերին):

2. Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու վայրը:

Աճուրդի կազմակերպիչը ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի (լոտերի) ուսումնասիրման համար:

3. Անշարժ գույքի զննության անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև այլ տեղերում պահվող շարժական գույքի ուսումնասիրման համար աճուրդի կազմակերպիչը նախատեսում է համապատասխան օրեր և ժամեր ու պարտավոր է նշված ժամանակահատվածում ապահովել լոտի (լոտերի) ամբողջական ուսումնասիրման հնարավորությունը ցանկացողների համար:

4. Լոտի (լոտերի) ուսումնասիրման համար ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս լինել անշարժ գույքի համար քառասուն ժամից, շարժական գույքի համար` տասը ժամից:

5. Եթե վաճառվող լոտն իրավունք է, ապա սույն հոդվածի համաձայն պետք է հնարավորություն տրվի ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը:

 

Հոդված 12. Աճուրդից հրաժարվելը

 

1. Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է հատուցել մասնակիցների կրած իրական վնասը:

Սեփականատիրոջ (իրավատիրոջ) մեղքով աճուրդից հրաժարվելու հետևանքով կրած վնասները կազմակերպիչը կարող է վերականգնել հետադարձ պահանջի կարգով:

2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա կազմակերպիչն աճուրդից պարտավոր է հրաժարվել, եթե`

1) առկա է սեփականատիրոջ (իրավատիրոջ) գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու վերաբերյալ, եթե աճուրդի անցկացման մասին պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

2) լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետևանքով լուծարվող իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում.

3) առկա է դատարանի որոշումը լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ:

3. Կազմակերպիչը կարող է աճուրդից հրաժարվել, եթե աճուրդ առաջարկողը`

1) աճուրդի մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով չի վճարել նախատեսված վարձատրությունը.

2) խոչընդոտներ է ստեղծում լոտն ուսումնասիրելու համար:

4. Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

 

Հոդված 13. Ընդհանուր աճուրդները

 

1. Ընդհանուր աճուրդ է համարվում այն աճուրդը, որի ընթացքում վաճառվում է մեկից ավելի լոտ:

2. Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է պահպանել ծանուցման մեջ նշված լոտերի վաճառքի հերթականությունը:

 

Հոդված 14. Աճուրդի ընթացքը

 

1. Նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր:

2. Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը և նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև աճուրդի անցկացման ձևը, այդ թվում` գնային հայտեր ներկայացնելու կարգը:

3. Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույն հավելման չափով:

4. Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

5. Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:

6. Աճուրդի անցկացման այլ ընթացակարգային պայմանները կարող են նախատեսվել աճուրդի մասին կանոնակարգով, որի դրույթներին կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին ծանոթացնել նախքան աճուրդի սկսվելը:

7. Լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:

 

Հոդված 15. Չկայացած աճուրդները

 

1. Եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաև եթե հաղթող ճանաչված անձը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:

2. Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

i

3. Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:

4. Յուրաքանչյուր հաջորդ աճուրդ կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

i
Հոդված 16. Անվավեր աճուրդները

 

1. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

2. Սույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:

3. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

4. Աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդի պայմանները կարող են փոփոխվել, եթե աճուրդի անվավերությունը կապված է եղել նախնական որևէ պայմանի հետ, ինչպես նաև եթե տեղի է ունեցել լոտի վիճակի փոփոխություն, այդ թվում` կապված դրա վերաբերյալ իրավունքների և պարտականությունների փոփոխման հետ:

 

Հոդված 17. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը

 

1. Աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվում են`

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և ժամանակը.

2) լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները և այլ սահմանափակումներ, ինչպես նաև լոտի վիճակը (արտադրության տարին, ֆիզիկական մաշվածության աստիճանը և այլն).

3) լոտի մեկնարկային գինը.

4) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

5) հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

6) լոտի գնման գինը:

2. Արձանագրությունն ստորագրում են աճուրդն անցկացնելու օրը` հաղթող մասնակիցը և աճուրդի կազմակերպիչը:

3. Եթե հաղթող ճանաչված մասնակիցն արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

4. Ընդհանուր աճուրդի դեպքում արձանագրությունը կարող է կազմվել սակարկությունների ընթացքում: Լոտն աճուրդում վաճառելուց հետո տվյալ լոտի նկատմամբ հաղթող ճանաչված մասնակիցը հրավիրվում է արձանագրությունն ստորագրելու:

 

Հոդված 18. Լոտի գնի վճարումը

 

1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

2. Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:

3. Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման:

4. Սեփականատեր (իրավատեր) չհամարվող աճուրդի կազմակերպիչը փոխանցում է լոտի գինը սեփականատիրոջը (իրավատիրոջը)` աճուրդի կազմակերպման մասին պայմանագրին համապատասխան հաշվանցելով իր կատարած ծախսերը:

5. Աճուրդի կազմակերպիչը նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:

 

Հոդված 19. Աճուրդի ձևերը

 

1. Աճուրդի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` աճուրդի կազմակերպչի կողմից:

2. Աճուրդն սկսելու պահից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալու աճուրդի կանոնակարգին` մասնակիցների համար հասանելի տեղում կանոնակարգը փակցնելու միջոցով:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում էլեկտրոնային աճուրդների անցկացման վրա:

(19-րդ հոդ. փոփ. 07.07.05 ՀՕ-158-Ն, 24.03.21 ՀՕ-146-Ն, 11.04.24 ՀՕ-199-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

 

ԳԼՈՒԽ 3.
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հոդված 20. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը

 

1. Եթե մրցույթն անցկացնելու է մրցույթի կազմակերպիչը, ապա նրա և առաջարկողի միջև կնքվում է գրավոր պայմանագիր:

2. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`

1) առաջարկողի և կազմակերպչի անունները (անվանումները) և գտնվելու վայրը (բնակության վայրը).

2) նշում այն մասին, թե ում անունից պետք է հանդես գա մրցույթի կազմակերպիչը.

3) մրցույթում առաջարկվող լոտի նկարագրությունը և (կամ) մրցույթի պայմանները.

4) կազմակերպչի վարձատրության չափը և վճարման կարգը, բացառությամբ անվճար մրցույթներ անցկացնելու դեպքերի:

3. Մրցույթի մասին պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, նախավճարով և այլ միջոցներով:

 

Հոդված 21. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը

 

1. Եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին կատարում է հրապարակային ծանուցում այդ թվում` http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ:

2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).

2) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

3) մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.

4) մրցույթի ձևը և անցկացնելու կարգը.

5) մրցույթի լոտի նկարագրությունը (անվանումը), մրցույթի պայմանները.

6) մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

7) մրցույթում հաղթողին որոշելու կարգը.

8) մրցույթին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարելու կարգը և ժամկետները.

9) մրցույթում ծածկագրեր կիրառելու կարգը.

10) մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.

11) մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը:

Մրցույթի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:

i

3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:

(21-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-128-Ն, 24.03.21 ՀՕ-146-Ն օրենքներ)

 

Հոդված 22. Հրապարակային ծանուցման փոփոխությունները և լրացումները

 

1. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչը պարտավոր է անհապաղ կատարել մրցույթի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր մրցույթի մասին հրապարակային ծանուցումը:

2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը կատարվել է մինչև մրցույթի հաղթողին որոշելու օրը` երեսուն օրվա ընթացքում, ապա կազմակերպիչը կրում է մասնակիցների կողմից կրած իրական վնասների ռիսկը, եթե օրենքով կամ մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ այլ բան նախատեսված չէ:

3. Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

 

Հոդված 23. Մրցութային հանձնաժողովը

 

1. Մրցույթի կազմակերպիչը, նախքան մրցույթի մասին ծանուցումը հրապարակելը, ստեղծում է առնվազն երեք անձից բաղկացած մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

2. Մրցութային հանձնաժողովը հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաև որոշում է մրցույթի հաղթողին:

3. Մրցութային հանձնաժողովը որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մրցույթի կանոնակարգով այլ կարգ չի սահմանվում:

Մրցույթի կանոնակարգով սահմանվում է նաև մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացակարգը:

 

Հոդված 24. Մրցույթի հայտեր ներկայացնելու կարգը

 

1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, կազմակերպչին են ներկայացնում մրցույթի հայտերը:

2. Մրցույթի հայտում ներառվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը մրցույթի մասին հրապարակային ծանուցման տվյալների հիման վրա սահմանվում է մրցույթի կանոնակարգով:

3. Մրցույթի հայտերը ներկայացնում են սոսնձված և ստորագրված ծրարով:

Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:

Մրցույթի կանոնակարգով նախատեսված դեպքում ծրարի վրա կարող են կատարվել հետևյալ գրառումները.

1) մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը.

3) «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:

4. Մրցույթի հայտը գրանցվում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը:

Կազմակերպիչը մասնակցին տալիս է տեղեկանք` մրցույթի հայտն ընդունելու մասին:

5. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված մրցույթի հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում են ներկայացնողին:

6. Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը:

Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն օրենքով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

7. Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթի հայտերը կազմակերպչին ուղարկել պատվիրված նամակով:

Մասնակիցները կարող են նույն կարգով հետ վերցնել մրցույթի հայտը:

8. Մասնակիցները հրապարակային ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով և ժամկետներում մուծում են նախավճար:

(24-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-76-Ն օրենք)

 

Հոդված 25. Մրցույթի հայտերի բացումը և արդյունքների ամփոփումը

 

1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում:

2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են`

1) մրցույթի հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը, իսկ եթե տվյալ անձը չի առարկում, ապա նաև` նրա անունը (անվանումը).

2) մրցույթի հայտեր ներկայացնելու համապատասխանությունը սույն օրենքի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին.

3) ամփոփ տվյալներ` մրցույթի հայտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Նրանք կարող են ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրություններին` մրցույթի կանոնակարգով նախատեսված կարգով:

4. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշում է`

1) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները.

2) մրցույթի մասնակիցների անունները (անվանումները) և գտնվելու (բնակության) վայրը.

3) տեղեկություններ` մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին.

4) մրցույթում հաղթողի անունը (անվանումը).

5) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

5. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

 

Հոդված 26. Սակարկվող մրցույթները

 

1. Մրցույթի կազմակերպիչը կարող է անցկացնել սակարկվող մրցույթներ, այն է` մասնակիցներին առաջարկել իրեն վաճառելու միևնույն հատկանիշներով օժտված լոտերը:

Սակարկություններում հաղթողին որոշելու համար նշանակություն ունի միայն մասնակիցների կողմից վաճառվող կամ առաջարկվող լոտերի գնային պայմանը:

2. Սակարկվող մրցույթը կազմակերպվում և անցկացվում է մրցույթների համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգով, եթե այլ բան չի բխում սակարկվող մրցույթի էությունից:

Սակարկվող մրցույթների ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են սակարկվող մրցույթի կանոնակարգով:

3. Սակարկվող մրցույթի մասնակիցները սակարկվող մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված տեղում, օրը և ժամին ներկայացնում են առաջարկություններ իրենց կողմից վաճառվող լոտերի գնի վերաբերյալ:

Առավել ցածր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

4. Եթե մի քանի մասնակիցների կողմից կատարվում է միևնույն չափով գնի առաջարկ, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

5. Սակարկվող մրցույթում հաղթողին որոշելու օրը հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկվող մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

 

Հոդված 27. Չկայացած և անվավեր մրցույթները

 

1. Մրցութային հանձնաժողովը չկայացած է համարում մրցույթը, եթե`

1) ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաև եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն օրենքի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին.

3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

2. Սույն օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված և անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:

3. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

 

Հոդված 28. Մրցույթի ձևերը

 

1. Մրցույթի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են մրցույթի կանոնակարգով` մրցույթի կազմակերպչի կողմից:

2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահից մրցույթի կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել, որ ցանկացողները ծանոթանան մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև պարտավոր է նրանց տրամադրել կանոնակարգի պատճենը` սույն օրենքով նախատեսված կարգով:

 

i

ԳԼՈՒԽ 4.
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ

(4-րդ գլուխն ուժը կորցրել է 01.07.2025 թվականից` 11.04.24 ՀՕ-199-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.1. 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ

(4.1-ին գլուխը լրաց. 24.03.21 ՀՕ-146-Ն օրենք)

 

Հոդված 35.5.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունները

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող են համարվում այն սակարկությունները, որոնք իրականացվում են էլեկտրոնային եղանակով և համապատասխանում են սույն օրենքով էլեկտրոնային սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջներին:

2. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների աճուրդի լոտ կարող է լինել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(35.5-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-199-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 35.6. 

Էլեկտրոնային համակարգերը

 

1. Սույն օրենքի իմաստով` էլեկտրոնային համակարգեր են համարվում սակարկությունների կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, ինտերնետային հասցեն, տեխնիկական լուծումները և բոլոր այն համակարգերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման, իրականացման և ավտոմատ եղանակով հաղթողին որոշելու համար:

 

Հոդված 35.7.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպչի վրա տարածվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված պահանջները:

 

Հոդված 35.8.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ հրապարակային ծանուցումը

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների (աճուրդի) մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն երկու օր առաջ: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը ներառում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-10-րդ կետերով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև կազմակերպչի ինտերնետային կայքում տեղադրված այլ տեղեկություններ գույքի մասին (պարտադիր ներառելով լուսանկարներ, տեսաձայնագրություններ), եթե վաճառքի ենթակա գույքն անհնար է տեղափոխել պահառության վայր:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների` տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող և իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում:

 

Հոդված 35.9.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջները

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային կայք և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված հաշիվ:

2. Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց գրանցումը կատարվում է անվճար:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ինտերնետային կայքում հրապարակվում են աճուրդի մասնակցության կանոնակարգն ու պայմանները:

4. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը մինչև աճուրդի նախորդ օրը` ժամը 16:00-ն, գրանցվում է ինտերնետային կայքում` նշելով և կցելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը (իրավաբանական անձանց դեպքում` գրանցման վկայականը և հարկ վճարողի հաշվառման համարը), եթե այլ բան նախատեսված չէ աճուրդի կանոնակարգով, որից հետո ծրագիրը նրան տալիս է նույնականացնող համարանիշ, որով մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու աճուրդին:

5. Վաճառքի ենթակա լոտերի վերաբերյալ գնային հայտ ներկայացնելու և վճարումներ կատարելու գործընթացը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

6. Աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը: Աճուրդի մասնակիցների անձնական տվյալները չեն կարող տրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 35.10.  Աճուրդի ընթացքը և ավարտը

 

1. Աճուրդի մեկնարկը և ընթացքը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

2. Աճուրդի տևողությունը և ավարտը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

3. Աճուրդը համարվում է ավարտված, երբ լրանում է աճուրդի համար սահմանված ժամկետը:

4. Աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը:

5. Լոտի գնի վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, եթե աճուրդի կազմակերպման համակարգը թույլ է տալիս կցել բանկային քարտ կամ հաշիվ:

6. Կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ աճուրդի անցկացման օրն ստորագրում է աճուրդի արձանագրությունը, որի ձևը և ստորագրության կարգը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

7. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ` հաշվանցելով նախավճարը:

8. Լոտի վաճառքի ամբողջական գինն աճուրդի կազմակերպչի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի հետ կնքվում է առք ու վաճառքի պայմանագիր:

9. Աճուրդի կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ գույքի առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, երկկողմանի ստորագրված հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացնում է գույքի հանձնում` տեղեկացնելով սահմանված ժամկետում իրավունքների գրանցման մասին, եթե դա պահանջվում է:

 

Հոդված 35.11.  Աճուրդը չկայացած և անվավեր ճանաչելը

 

1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ:

2. Աճուրդը չկայացած է հայտարարվում նշված հանգամանքների ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ:

3. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով` դատական կարգով:

4. Աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետևանքներ` օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 36. Փաստաթղթերի պահպանման պարտականությունը

 

Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) սակարկությունների ավարտից երեք տարվա ընթացքում:

 

Հոդված 37. Սակարկությունների կազմակերպչի պատասխանատվությունը

 

1. Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար, որոնց մասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի զգուշացրել սակարկությունների մասնակիցներին:

2. Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների համար և կրում է լոտի պատահական կորստի ռիսկը, եթե սակարկությունների կազմակերպման մասին պայմանագրով այլ բան սահմանված չէ:

3. Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է ապահովել լոտերի պահպանումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական և այլ պարտադիր նորմերին համապատասխան:

 

Հոդված 38. Անցումային դրույթներ

 

Սույն օրենքով նախատեսված կանոնները տարածվում են նաև այն սակարկությունների կազմակերպման և անցկացման վրա, որոնց մասին հրապարակային ծանուցումը կատարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
4 նոյեմբերի 2003 թ.
ՀՕ-15-Ն

 

pin
ՀՀ 08.10.2003
N ՀՕ-15-Ն օրենք