Սեղմել Esc փակելու համար:
{06.06.2024 - } ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{06.06.2024 - } ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ Գ ...

Ակտի տվյալ խմբագրությունը ուժի մեջ է մտնելու   06.06.2024  -ից:         անցնել գործող խմբագրությանը
 

06.06.2024 -

(ուժը կորցնելու է 06.06.2024 թվականից` 30.11.23 թիվ 2106-Ն որոշում)

 

040.0855.300709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2009 թվականի N 855-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 23-ի

N 855-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթները վերաբերում են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետներին (այսուհետ` մասնագետ):

i

2. Քաղաքաշինության բնագավառում մասնագետները որակավորվում են ըստ հետևյալ բնագավառների`

1) շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)` ըստ հետևյալ մասնագիտությունների`

ա. արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն կամ շինարարություն, շինարարական շինվածքների և կոնստրուկցիաների արտադրություն կամ շինարարություն և ճարտարապետություն,

բ. փոխադրումների կազմակերպում ու կառավարում կամ տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում կամ թունելներ և կամուրջներ կամ ավտոճանապարհներ, երկաթուղային տրանսպորտի շահագործում, երկաթուղային ուղիների շահագործում,

գ. ատոմային էլեկտրական կայաններ և սարքավորումներ կամ էլեկտրաէներգետիկա կամ էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ կամ էլեկտրակայաններ կամ ջերմային էլեկտրակայանների շինարարություն կամ ինժեներ էներգետիկ կամ տեխնիկ էլեկտրիկ,

դ. քաղաքային տնտեսություն և ջերմագազամատակարարում կամ ջերմագազամատակարարում և օդափոխություն կամ ջերմային կայաններ կամ գազային տնտեսություն կամ արդյունաբերական ջերմաէներգետիկա,

ե. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում կամ հիդրոկայաններ և ջրամբարներ,

զ. ռադիոֆիզիկա կամ ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա կամ կիսահաղորդիչների ֆիզիկա և էլեկտրոնիկա կամ հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում կամ էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ կամ ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա կամ ռադիոկապ.

2) ինժեներական հետազննում` ըստ հետևյալ մասնագիտությունների`

ա. երկրաբանություն կամ երկրաբանություն, օգտակար հանածոների հետախուզում և մշակում կամ հողաբարելավում և հողային կադաստր կամ հողաշինարարություն և հողային կադաստր,

բ. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում կամ հիդրոտեխնիկ կամ ջրաօդերևութաբանություն,

գ. գեոդեզիա կամ գեոդեզիա և հողաբարելավում կամ տեխնիկ գեոդեզիստ.

3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն` ըստ հետևյալ մասնագիտությունների`

ա. փորձագետ կոնստրուկտոր,

բ. երկրաբան կամ հիդրոերկրաբան,

գ. տնտեսագետ-շինարար:

(2-րդ կետը փոփ. 18.03.11 թիվ 256-Ն որոշում)

3. Որակավորման ստուգման համար մասնագետները որակավորման ստուգումից առնվազն 10 օր առաջ որակավորման ստուգման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) անձնագրի պատճենը.

2) աշխատանքային գրքույկի պատճենը.

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) 3 x 4 սմ չափսերի երկու գունավոր լուսանկար:

4. Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է 5 անձից` նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:

5. Հանձնաժողովը`

1) կազմակերպում է մասնագետների որակավորման ստուգման աշխատանքները.

2) որոշում է մասնագետների որակավորման ստուգման անցկացման վայրը, օրը, ժամը և դրա մասին տալիս է հայտարարություն.

3) ընդունում է որակավորման ստուգման մասին եզրակացություն.

4) քննում է մասնագետների բողոքները` կապված ստուգման կազմակերպման և ստուգման արդյունքների հետ.

5) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

6. Որակավորման ստուգման անցկացման վայրի, օրվա և ժամի մասին մասնագետներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 օր առաջ:

7. Որակավորման ստուգումն իրականացվում է հայերենով, դռնբաց կարգով: Որակավորման ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, ձայնագրվել կամ նկարահանվել:

8. Որակավորման ստուգումը կատարվում է գրավոր, քննական հարցաթերթիկներով (թեստերով)` հաստատված հանձնաժողովի նախագահի կողմից: Որակավորման ստուգման հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման` ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

9. Որակավորման ստուգումը տեխնիկական միջոցներով իրականացվելու դեպքում մասնագետին հանձնաժողովի քարտուղարը մինչև որակավորման ստուգումն սկսելը պետք է տեղեկացնի իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգի և պայմանների հետ:

10. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

11. Որակավորման հարցաթերթիկները պետք է ներառեն 50 հարց, որից`

1) 40 հարց` համապատասխան ոլորտը կարգավորող նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերից,

2) 10 հարց` քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրությունից:

12. Թեստավորման առաջադրանքների լուծման համար տրվում է 60 րոպե ժամանակ:

13. Որակավորման ստուգման արդյունքները գնահատում է հանձնաժողովը: Իննսուն տոկոս հարցերին ճիշտ պատասխանած մասնագետը համարվում է որակավորման ստուգումն անցած:

14. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

15. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

16. Որակավորման ստուգման արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ:

17. Որակավորման ստուգման մասին եզրակացությունն ստորագրվում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կողմից:

18. Հանձնաժողովը ստուգումների արդյունքներն ամփոփում է դռնփակ: Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է: Ստուգումների արդյունքների մասին մասնագետին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

19. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

20. Որակավորման ստուգմանը չներկայացած մասնագետներն իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:

21. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում մասնագետին տրվում է որակավորման վկայական` անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

22. Որակավորման վկայականում նշվում են`

1) որակավորման վկայականի համարը.

2) որակավորման ստուգում անցած մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը.

3) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.

4) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

5) որակավորման բնագավառը:

23. Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի գունավոր լուսանկարը:

24. Որակավորման վկայականը վավերացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

25. Որակավորման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2009
N 855-Ն
Որոշում