Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-57-Ո-Կ-16

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(1-ին մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ         Կ. Անդրեասյանի

 

    մասնակցությամբ` անդամներ                    Ա. Աթաբեկյանի

                                                Հ. Գրիգորյանի

                                                Ե. Թումանյանցի

                                                Ք. Մկոյանի

                                                Վ. Քոչարյանի

 

    Արդարադատության նախարարի տեղակալ            Լ. Բալյանի

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ  Ա. Սուջյանի

Ա. Բադալյանի

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

    իրավասության քրեական դատարանի դատավոր       Դ. Հարությունյանի

 

    քարտուղարությամբ`                           Թ. Ղուկասյանի

 

    2023 թվականի հուլիսի 3-ին                   ք. Երևանում

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի` «news.am» լրատվական կայքի հրապարակումը:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 14.04.2023 թվականին ներկայացրել է զեկուցագիր (այսուհետ` Զեկուցագիր)` զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:

Զեկուցագրի ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձածի հիման վրա Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողն Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը հանձնարարել է իրականացնել Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ 31-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև` Խորհուրդ)` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհուրդը 19.06.2023 թվականի արձանագրային որոշումներով բավարարել է Խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի և վարույթ հարուցած մարմնի կողմից Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանին ներկայացված բացարկ հայտնելու մասին միջնորդությունները:

Դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացվել նաև Խորհրդի նախագահին և մյուս անդամներին, սակայն արձանագրային որոշումներով մերժվել են:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 67-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի համադրության արդյունքում ստացվում է, որ դատավորին արգելվում է կասկածի տակ դնել դատարանի կողմից (այդ թվում` որպես դատարան հանդես եկող Խորհրդի կողմից) կայացված դատական ակտերը, դատարանի գործողությունները, արգելվում է կասկածի տակ առնել դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև չի թույլատրվում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատավորը, Խորհրդի` որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային` միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ, ինչից հետևում է, որ Դատավորի բնորոշմամբ, եթե առկա է կոլեգիալ կազմով որևէ գործ քննող մարմնի կողմից ընդունված միաձայն որոշում, ապա դա չի կարող լինել տվյալ մարմնի անդամների սեփական և անկախ կարծիքի արտահայտման դրսևորում: Նշվածը փաստում է Դատավորի հրապարակային կարծիքի մասին առ այն, որ Խորհրդի անդամներն իրենց որոշումները (դատական ակտերը) կայացնելիս անկախ և անաչառ չեն` կաշկանդված լինելով որոշակի ուղղորդումներով (կամ ցուցումներով):

Նշված դիրքորոշման շրջանակներում վարույթ հարուցած մարմինն էական է համարել այն հանգամանքը, որ Դատավորը Խորհրդի կոնսենսուսային որոշումներ կայացնելու վերաբերյալ փաստը ներկայացնելով, ըստ էության, միտումնավոր կերպով փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել հասարակության լայն շրջանակներում, որ կոնսենսուսային որոշման կայացումը բացառում է կոլեգիալ մարմնի անդամների կողմից իրենց դիրքորոշման արտահայտման հնարավորությունը և կարող է որոշակի ցուցման (ուղղորդման) առկայության հետևանք լինել միայն: Այնինչ, Դատավորն ուղղակիորեն անտեսել է այն հանգամանքը, որ կոնսենսուսային որոշման, տվյալ դեպքում Խորհրդի` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման և դրա տեքստի համաձայնեցմանը և միաձայն ընդունմանը կարող են նախորդել լայնածավալ մասնագիտական քննարկումներ, բանավեճեր, Խորհրդի անդամներից յուրաքանչյուրի արտահայտած դիրքորոշման հիման վրա կատարված բովանդակային փոփոխություններ և դրա արդյունքում միայն կարող է ընդունվել փոխադարձ ընդունելի և համաձայնեցված որոշում: Հատկանշական է, որ հրապարակմանը նախորդող վեցամսյա ժամանակահատվածում Խորհրդի կողմից կայացվել են նաև ոչ միաձայն որոշումներ (այդ թվում` դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցով), ինչի վերաբերյալ Դատավորը որևէ հիշատակում չի կատարել իր տված հարցազրույցում: Այս առումով դժվար է ենթադրել, որ Դատավորը տեղյակ չի եղել ոչ միաձայն որոշումների կայացման փաստի մասին (անգամ տեղյակ չլինելու պարագայում` Դատավորը, մինչ հրապարակային եղանակով Խորհրդի որոշումների վերաբերյալ գնահատականներ տալը կարող էր և պարտավոր էր նման տեղեկություններին տիրապետել), որպիսի պայմաններում ստացվում է, որ Դատավորը, միտումնավոր կերպով անտեսելով այդ հանգամանքը, վերստին փորձ է կատարել Խորհրդի կողմից կայացվող որոշումները ներկայացնել որպես արտաքին (կամ ներքին) որոշակի ուղղորդման հետևանք:

Վերոգրյալից զատ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորը, վերջին վեց ամսվա ընթացքում, իր հաշվարկով, 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է որպես անօրինական: Արդյունքում` Դատավորն անօրինական է որակել դատավորներ Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի դատական ակտերը: Այս առումով, ակնհայտ է, որ Դատավորի կողմից մեկ այլ դատարանի կողմից կայացված դատական ակտերի «անօրինական» որակումը, ակնհայտորեն և ուղղակիորեն, հրապարակայնորեն կասկածի տակ է դնում այդ դատարանի, տվյալ դեպքում` Խորհրդի կայացրած դատական ակտերը:

Միևնույն ժամանակ, Դատավորի արտահայտած գնահատականների հիման վրա վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ Դատավորը դատական իշխանության մաս կազմող Խորհուրդը վարկաբեկող, տվյալ սահմանադրական մարմնի անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ է դրսևորել: Դատավորի նման վարքագիծը վտանգում է դատական իշխանության հեղինակությունը և կարող է նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Վարույթ հարուցած մարմինը, անդրադառնալով սույն վարույթի համար էական նշանակություն ունեցող` Դատավորի` իր կարծիքի ազատ արտահայտման և դատավորի վարքագծի կանոնների պահպանման սկզբունքի համատեղման հարցին, անհրաժեշտ է համարել նշել հետևյալը.

Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ըստ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների` կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է` երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ: Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերի վերաբերյալ, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին: Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում, դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը:

Վերը նշված իրավական նորմերը և մեկնաբանությունները, ինչպես նաև վկայակոչված վարքագծի կանոնները համադրելով տվյալ գործի փաստական հանգամանքների հետ` վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը տարածվում է նաև դատավորների վրա, այնուամենայնիվ, այն ունի որոշակի սահմանափակումներ Օրենսգրքով ամրագրված վարքագծի կանոնների համատեքստում: Ընդ որում` դատավորը, ստանձնելով իր պաշտոնը, գնում է նման գիտակցված սահմանափակման և դատավորի կարծիքի ազատ արտահայտման սահմանափակումը, այդ թվում` որոշակի կոնկրետ հարցերի վերաբերյալ կարծիքի արտահայտման բացառումը (ի տարբերություն հասարակության այլ անդամների), պայմանավորված է բացառապես դատական իշխանության հեղինակությունը և անկախությունը բարձր պահելու անհրաժեշտությամբ:

Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 4-րդ մասը` վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են դիտավորությամբ, քանի որ ցանկացած հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու փաստը (այդ թվում` կայացված դատական ակտի օրինականությունը կասկածի տակ դնելը, Խորհրդի` որպես դատարանի անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնելը) ինքնին ենթադրում է անձի սուբյեկտիվ, գնահատողական վերաբերմունքի արտացոլում այս կամ այն հանգամանքի վերաբերյալ, կարծիքի արտահայտումը չի կարող դրսևորվել անձի` իր արտահայտած խոսքով սոսկ փաստերի շարադրանքի և այդ փաստերի առնչությամբ սուբյեկտիվ ընկալման արտահայտման միջև տարբերակման սահմանագիծը չգիտակցելու եղանակով:

Վերոգրյալի արդյունքում` Դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ:

Անդրադառնալով Դատավորի կողմից 12.05.2023 թվականին և 19.02.2023 թվականին ներկայացրած գրություններին` վարույթ հարուցած մարմինը նշել է.

Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել (ինչպես բացահայտված է եղել վարույթ հարուցելու մասին որոշման շրջանակներում) Դատավորի կողմից` Օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ վարույթի հարուցման առիթ` զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը: Հրապարակմամբ զետեղված տեսանյութն ամբողջությամբ, ինչպես նաև դրա առանձին հատվածների բառացի մեջբերումները ներկայացվել են Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին` մամուլի քարտուղարի կողմից, իր պաշտոնի անձնագրով և աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում: Նշված զեկուցագրի հիման վրա հետագայում իրականացվել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն:

Դատավորի դրսևորած վարքագծով Խորհրդի` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատական ակտերը կասկածի տակ դնելու մասին Լիազոր մարմնի եզրահանգման առնչությամբ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ դրա կատարման համար հիմք է հանդիսացել տեսանյութում արտացոլված լրագրողի հարցի և Դատավորի պատասխանի կոնտեքստը, դատողությանն առնչվող ժամանակահատվածը, ինչպես նաև լիազորությունները դադարեցված դատավորների վերաբերյալ թվաքանակը:

Մասնավորապես համաձայն տեսանյութի` Դատավորը, անդրադառնալով լրագրողի հարցին, մի խումբ դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու (այդ թվում, լրագրողի բնորոշմամբ, դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից իր խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար) և այդ երևույթի` դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության մասին, նշել է, որ հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա` ի հավելումն դրա, մատնանշելով իր գնահատականը 20-ից ավելի դատավորների լիազորությունների անօրինական կերպով դադարեցման մասին: Այդ համատեքստում օբյեկտիվորեն ակնհայտ է, որ դատավորների լիազորությունների դադարեցումը բնորոշելով անօրինական` ի պատասխան լրագրողի` այդ թվում նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի շրջանակներում դատավորների լիազորությունների դադարեցման արդյունքում դատական իշխանության վրա ունեցած հետևանքների մասին Դատավորը «անօրինական» է որակել նաև նշված 4 դատական ակտերը: Ընդ որում, նշված դատավորների` լիազորությունների դադարեցման մասին որոշումները կայացվել են հենց Դատավորի առանձնացրած ժամանակահատվածում` վերջին 6 ամսվա ընթացքում: Այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածում 20-ից ավելի դատավորների լիազորությունների դադարեցման անօրինական լինելու մասին գնահատականն անխուսափելիորեն ներառում է նաև Խորհրդի նշված 4 դատական ակտերի արդյունքում դատավորների լիազորությունների դադարեցմանը` հաշվի առնելով նաև նշված ժամանակահատվածում դատավորների լիազորությունների դադարեցման ընդհանուր թվաքանակը:

Ինչ վերաբերում է այլ դատավորների կողմից կատարված հրապարակումների վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից կատարվող ուսումնասիրություններին, ապա հաշվի առնելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգապահական վարույթի գաղտնիության պահպանման պահանջը` սույն վարույթի շրջանակներում, Լիազոր մարմինը կաշկանդված է նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու հնարավորությամբ:

Ինչ վերաբերում է հիշյալ գրությամբ ներկայացված դիրքորոշմանը և հարցադրումներին առ այն, որ Արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 30-Ա որոշմանը կից տրամադրված լազերային կրիչն ունի ստեղծման ամսաթիվ «19.04.2023» և ձևափոխման ամսաթիվ «14.04.2023»` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ հիշյալ լազերային կրիչում պատճենահանված էր «news.am» լրատվական կայքում 07.04.2023 թվականին հրապարակում ստացած տեսանյութը, որն ամբողջությամբ հասանելի է նաև հետևյալ հղմամբ https://news.am/arm/videos/60618.html:

Դատավորի` 19.05.2023 թվականի գրության շրջանակներում բարձրացրած հարցադրումների վերաբերյալ վարույթ հարուցած մարմինը նշել է հետևյալը.

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ Ե-0243 գրությամբ առաջարկվել է այդ գրությունը ստանալու պահից 15-օրյա ժամկետում Արդարադատության նախարարին ներկայացնել գրավոր բացատրություններ: Նշված գրությունը Դատավորի կողմից ստացվել է 26.04.2023 թվականին, ուստի բացատրությունները կարող էին ներկայացնել մինչև 11.05.2023 թվականը ներառյալ: Դատավորի կողմից Արդարադատության նախարարին 12.05.2023 թվականին ուղղված գրությամբ թեև դիրքորոշում է ներկայացվել հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ, սակայն գրավոր բացատրություններ, որպես այդպիսին չեն ներկայացվել: Այնուհետև, Արդարադատության նախարարի 16.05.2023 թվականի թիվ Ե-0268 գրությամբ առաջարկվել է գրավոր բացատրությունները ներկայացնել մինչև 22.05.2023 թվականը: Նշված գրությունը Դատավորի կողմից ստացվել է 17.05.2023 թվականին, սակայն Արդարադատության նախարարին ուղղված գրությամբ գրավոր բացատրություններ կրկին չեն ներկայացվել:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 30-Ա որոշման էլեկտրոնային տարբերակը տրամադրելու հարցին վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասից բխում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման և հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում կազմվող այլ փաստաթղթերի շրջանառությունն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային` «Mulberry» համակարգի միջոցով, այլև թղթային տարբերակով, հետևաբար նաև` դրանք չեն ստորագրվում էլեկտրոնային եղանակով: Նման պայմաններում վարույթ հարուցած մարմնի կողմից կազմվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները չեն կարող տրամադրվել այլ անձանց, քանի որ դրանք ստորագրվող փաստաթղթերի աշխատանքային, նախագծային տարբերակներն են և իրենցում չեն պարունակում որոշման համար պարտադիր պահանջվող վավերապայման հանդիսացող` այն ընդունելու իրավասություն ունեցող անձի ստորագրությունը:

Անդրադառնալով Դատավորի կողմից Արդարադատության նախարարին ուղղված` սույն կարգապահական վարույթի շրջանակներում իր անունից հանդես գալու հորդորին` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարին փոխարինող փոխնախարարն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Ազգային ժողովում, իսկ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տվյալ մարմնում պետական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: (...):

Միաժամանակ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Վարչապետի 03.05.2023 թվականի N 471-Ա որոշման համաձայն` 2023 թվականի մայիսի 10-14-ը ներառյալ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ), Վարչապետի 10.05.2023 թվականի N 500-Ա որոշման համաձայն` 2023 թվականի մայիսի 15-19-ը ներառյալ գործուղվել է Էստոնիայի Հանրապետություն (Տալլին), Վարչապետի 19.05.2023 թվականի N 539-Ա որոշման համաձայն` 2023 թվականի մայիսի 22-25-ը ներառյալ գործուղվել է Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի):

Նշվածի կապակցությամբ գործուղումների ընթացքում Արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը համապատասխանաբար վերապահվել են Արդարադատության նախարարի տեղակալներ` Արմենուհի Հարությունյանին և Լևոն Բալյանին:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավակարգավորումները, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածներում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի` արտասահմանում գործուղման մեջ գտնվելու հանգամանքը` Արդարադատության նախարարի` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու լիազորությունն ամբողջ ծավալով Վարչապետի համապատասխան որոշումներով պայմանավորված վերապահվել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող տեղակալին: Ուստի, վերոնշյալ իրավակարգավորումների առկայությամբ և թվարկված օբյեկտիվ փաստերով պայմանավորված` Արդարադատության նախարարի փոխարեն նրա տեղակալի կողմից որոշումների կայացումը կամ նախարարին ուղղված գրություններին պատասխանելը չի կարող ընկալվել որպես կամայական, առավել ևս` օրենսդրությամբ անթույլատրելի լիազորությունների իրականացում, որի դեպքում պարզապես հիմնազուրկ է դառնում Դատավորի կողմից կատարված հորդորն առ այն, որ Արդարադատության նախարարը «գոնե» այսուհետ հանդես գա իր անունից:

Միաժամանակ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորն իր գրությամբ ներկայացրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից, ինչպես նաև Դատավորի կողմից իր աշխատանքի կազմակերպման հարցերի վերաբերյալ գնահատողական դատողություններ, որոնց անդրադարձ չի կատարվել, քանի որ դրանք սույն կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն չունեն:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը վարույթ հարուցած մարմնին 12.05.2023 թվականին հասցեագրված գրությամբ պահանջել է պարզաբանել`

- վարույթի ենթադրյալ խախտման հիմքն ու բովանդակությունը, մասնավորապես` պարզաբանել, թե ով է սղագրել հարցազրույցը, նյութը,

- վարույթի հեղինակն ինչի՞ց է ենթադրել, թե Դատավորը կասկածի տակ է դրել չորս դատավորի վերաբերյալ Խորհրդի դատական ակտերը,

- Դատավորի՞, թե՞ այլ անձանց խոսքերից է վարկաբեկվել Խորհուրդը, ինչո՞վ է վտանգվում դատական իշխանության հեղինակությունը ու նվազում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ և վերաբերելի խոսքերի հեղինակների, հնչեցրած ու գործողություններ կատարած նախորդ այլ անձանց հրապարակային խոսքն ու գործողություններն ուսումնասիրվել է նախարարության կողմից, թե ոչ:

Իսկ 19.05.2023 թվականի գրությամբ Դատավորը նշել է, որ. «(...) կողմերը գրագրություն, որոշումներ միմյանց ուղարկելիս, ի հարգանք նաև մյուս կողմի, ուղարկում են նաև էլեկտրոնային տարբերակը, որպիսի արձագանքելու, քաղվածքներ ուղղակի խոսքի, գրվածքի մեջբերման (copy/paste) տեխնիկական խնդիրներ, հավելյալ ժամանակ չպահանջվի: Առավել ևս, եթե նույնիսկ չեն ուղարկում, ապա պահանջի, խնդրանքի դեպքում անհապաղ տրամադրվում են: Մինչդեռ` անտեսվել է նույնիսկ այդ խնդրանքը` անարձագանք թողնելով այն կամ նշելով, թե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքների շրջանակը չի նախատեսում վարույթի ընթացքում բարձրացված հարցադրումներին պարզաբանում կամ պատասխան ստանալու որևէ ընթացակարգ: (...): (...), սույն գրությունը ոչ միայն վերևում նշվող հասցեատիրոջ, այլև բովանդակային առումով հասցեագրված է բացառապես Վարույթի, գրության իրական հեղինակին` Նախարարին, ով անձամբ ծանոթացել է փաստաթղթին դեռևս մայիսի 15-ին, սակայն կրկին գերադասել է պատասխանել հաջորդ օրն այլ պաշտոնյայի անունից: Դեռ ավելին, որևէ այլ պաշտոնյա իրավասու էլ չէ իրականացնել օրենքով բացառապես նախարարին վերապահված վիճարկելի լիազորությունը: (..): Պահանջներս, որոնք առավելապես տեխնիկական են, պատշաճ անդրադառնալու չնչին ակնկալիքով կրկին հորդորում եմ նախարարին գոնե այսուհետ հանդես գալ իր անունից»:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1. Խորհուրդը 26.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27 որոշմամբ բավարարել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լիազոր մարմնի միջնորդությունը` էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները: Նշված որոշման կարգապահական տույժի ընտրության հարցով Բարձրագույն դատական խորհրդի անդամներից երկուսը դեմ են քվեարկել:

4.2. Բարձրագույն դատական խորհրդի 26.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4, 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3, 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-9 որոշումներով բավարարել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լիազոր մարմնի միջնորդությունները` էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորությունները: Նշված որոշումները Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել են միաձայն` որոշումներին կողմ են քվեարկել (թե կարգապահական խախտման առկայության, թե կարգապահական տույժի ընտրության հարցով) նիստին մասնակցող բոլոր անդամները:

4.3. Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակման կատարմանը նախորդող վեց ամսվա ընթացքում ընդունել է մի շարք այլ միաձայն որոշումներ` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննության շրջանակներում, գործելով որպես դատարան` Արդարադատության նախարարության և Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա:

4.4. Զեկուցագրում մեջբերումներ են կատարվել 07.04.2023 թվականին «news.am» լրատվական կայքին Դատավորի կողմից տրված հարցազրույցից: Նշված հրապարակմամբ Դատավորը, պատասխանելով լրագրողի հարցադրմանը` ԲԴԽ և դատավորների միջև առկա հնարավոր լարվածության մասին, չբնորոշելով լարվածության առկայությունը, այնուամենայնիվ իր գնահատականն է տվել վերջին մեկ տարվա ընթացքում Դատավորների միության կողմից ԲԴԽ փոխարեն դատավորների անկախության, դատական իշխանության պաշտպանության անունից հանդես գալու մասին, որպիսի գործառույթը պետք է արվեր ԲԴԽ կողմից, իսկ նման հանգամանքը, Դատավորի կարծիքով, կարող է հանգեցնել լարվածության առկայության: Անդրադառնալով քաղաքական իշխանության կողմից ուղղորդումների վերաբերյալ լրագրողի հարցադրմանը` Դատավորը, ըստ էության, արձանագրել է իր գնահատականն առ այն, որ տասը դատավորներից բաղկացած կոլեգիալ մարմնում կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը պարտադիր ենթադրում է ինչ-որ (արտաքին կամ ներքին) ուղղորդման առկայություն:

Միաժամանակ, հրապարակման շրջանակներում Դատավորը, անդրադառնալով լրագրողի հարցին` մի խումբ դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու (այդ թվում, լրագրողի բնորոշմամբ, դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից իր խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար) և այդ երևույթի` դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության մասին, նշել է, որ հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա` ի հավելումն դրա, մատնանշելով իր գնահատականը 20-ից ավելի դատավորների լիազորությունների անօրինական կերպով դադարեցման մասին:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի ու նրա ներկայացուցիչների կողմից ներկայացված դիրքորոշումները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է տրվել խոսքի ազատության իրավունքի սահմանազանցում, որը հանգեցրել է վարքագծի կանոնի (կանոնների) խախտման,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի (կանոնների) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,

5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը հանգեցրել է էական կարգապահական խախտման:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև Արդարադատության նախարարի տեղակալի և ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի ու նրա ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

ՀՀ Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 8-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է`

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,

6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի,

8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որն, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում` դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:

Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված` «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի` «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն:

Վկայակոչված միջազգային փաստաթղթերում ամրագրված են դատական իշխանության, դատավորների անկախության, դատավորների գործունեության, ինչպես նաև վերջիններիս վարքագծի կանոնների վերաբերյալ ելակետային դրույթներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հովանու ներքո հրապարակված ««Դատական սեմինար» Վստահության ամրապնդումը դատական համակարգի նկատմամբ» հաշվետվողական փաստաթղթում ամրագրված են եվրոպական չափանիշներով ընդունելի մոտեցումները, մասնավորապես այն, որ դատավորի շրջահայաց լինելու պարտականությունը հետապնդում է որոշակի նպատակ, այն է` դատավորի խոսքն ի տարբերություն փաստաբանների, ընկալվում է, որպես օբյեկտիվ գնահատականի արտահայտում, որը պարտավորեցնող է ոչ միայն դատավորի` որպես առանձին սուբյեկտի, այլ նաև ամբողջ դատական համակարգի համար:

Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999 թվականի նոյեմբերի 17-ին Թայվանում ընդունված, Վերանայված 2017 թվականի նոյեմբերի 14-ին Սանտյագոյում (Չիլի) դատավորների համընդհանուր խարտիայի 6.2 հոդվածի համաձայն` դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի վարքագծից, գործողություն կատարելուց կամ արտահայտություն անելուց, որն ազդեցություն կունենա նրա անկողմնակալության, անկախության, ինչպես նաև վստահության վրա:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 4-րդ կետի համաձայն` վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:

Իսկ նույն սկզբունքների 4.6-րդ կետի համաձայն` դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու, դավանանքի, միավորման և հավաքների իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի դատավորի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ:

Նույն սկզբունքների 4.1-րդ կետի համաձայն` դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:

Բանգալորյան սկզբունքների 4-րդ և 4.6-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ` դատավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն դատավորի կողմից այդ իրավունքի իրականացումը պետք է կատարվի զգուշորեն, իր բարձր պաշտոնի համբավը չվնասելու և իր ազատ արտահայտվելու իրավունքի իրականացման շրջանակում կատարված արտահայտությունները դատական իշխանության անաչառության և անկախության հետ անհամատեղելի չդիտվելու նկատառմամբ:

Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ նշված է, որ դատավորն իր պաշտոնը ստանձնելուց հետո չի կորցնում ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև նախկինում ձևավորված իր քաղաքական համոզմունքները և քաղաքական հարցերում հետաքրքրվածություն ունենալու հնարավորությունը: Այնուամենայնիվ, նշված իրավունքների իրականացումը պետք է սահմանափակվի դատական իշխանության անաչառության և անկախության նկատմամբ հանրության վստահությունը չնվազեցնելու նկատառմամբ: Այս կապակցությամբ դատավորի կամ դատական իշխանության կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցերի (public debate) քննարկմանը ներգրավվելու աստիճանի պատշաճությունը գնահատելու, առաջնորդվելու հիմք հանդիսացող չափանիշներից մեկն էլ այն հանգամանքն է, թե արդյո՞ք դատավորի կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցի քննարկմանը ներգրավվելը կամ դրա կապակցությամբ կարծիք հայտնելը ողջամտորեն նվազեցնում է դատավորի անաչառության վերաբերյալ վստահությունը(1):

 

________________

1) Տես, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից հաստատված Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, 2007թ., էջ 95-97, կետ 134, 136, 138, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/ Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf:

 

Որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա` դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Մասնավորապես` դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:

Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ ևս նշված է, որ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է` երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ: Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերին, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին: Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում. դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը(2):

 

________________

2) Տե՛ս, նույն տեղում, կետ 138:

 

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) իր 2015 թվականի հունիսի 23-ի ո՛806/2015 եզրակացության 80-րդ կետում արձանագրում է, որ «եվրոպական երկրների օրենսդրական և սահմանադրական դրույթները, ինչպես նաև համապատասխան նախադեպային իրավունքը ցույց են տալիս, որ խոսքի ազատության երաշխիքները տարածվում են նաև քաղաքացիական ծառայողների, այդ թվում` դատավորների վրա: Բայց, դատավորների լիազորությունների և պարտականությունների յուրահատկությունը և դատական իշխանության անկողմնակալությունն ու անկախությունն ապահովելու անհրաժեշտությունը համարվում են օրինաչափ նպատակներ` դատավորների խոսքի, միավորման և հավաքների ազատության իրավունքները որոշակիորեն սահմանափակելու համար»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «... արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դա տարածվում է ոչ միայն այն «տեղեկությունների» կամ «գաղափարների» վրա, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են ոչ վիրավորական կամ պարզապես անտարբերությամբ հնչեցված, այլև` վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտությունների վրա. այդպիսիք են բազմակարծություն, հանդուրժողականություն և լայն մտածելակերպ պահանջող արտահայտությունները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» լինել չի կարող: Արտահայտվելու ազատությունը, ինչպես շարադրված է 10-րդ հոդվածում, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի»:

Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բակկան ընդդեմ Հունգարիայի գործով որպես ընդհանուր կանոն արձանագրել է. «(...) դատական համակարգում ծառայող պետական պաշտոնյաներից կարելի է ակնկալել, որ նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց խոսքի ազատությունն իրականացնելիս բոլոր այն դեպքերում, երբ դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը կարող են կասկածի տակ դրվել: Նույնիսկ ճշգրիտ տեղեկատվության տարածումը պետք է իրականացվի չափավոր և պատշաճ ձևով»(3):

 

________________

3 Տե՛ս, Բակկան ընդդեմ Հունգարիայի, թիվ 20261/12 դիմում, Վերին պալատ, 23/06/2016, պար.164:

 

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատավորի խոսքի ազատության սահմանափակումը համապատասխանում է «սոցիալական անհրաժեշտության» և «օրինական նպատակին համաչափ լինելու» չափանիշներին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դատավարական պրակտիկայում հարցը քննարկում է կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավարական պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ են դառնում այն գործոնները, որոնք առավել կարևորություն ունեն կոնվենցիայի խախտման առկայությունը կամ բացակայությունն արձանագրելիս. ա) դատավորի պաշտոնը, բ) խնդրո առարկա հայտարարության բովանդակությունը, գ) համատեքստը, որում հայտարարությունն արվել է, դ) դատավորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների բնույթը և խստությունը:

Խորհուրդն իր ԲԴԽ-48-Ո-Կ-17 որոշմամբ արձանագրել է, որ խոսքի ազատության իրավունքը դատավորի անքակտելի իրավունքներից մեկն է` երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով: Այնուամենայնիվ, խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և որոշակի խումբ անձանց համար այդ իրավունքն ավելի լայն սահմանափակումների կարող է ենթարկվել: Դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն` վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, ինչպես նաև պարտավոր են համատեղել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ իրենց` որպես դատավորի, ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում:

Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում դատավորների առանձնահատուկ դերը` օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանել է վարքագծի համապատասխան կանոններ: Այդ կանոնները բացահայտում են այն արարքները, որոնք պաշտպանված չեն խոսքի ազատության իրավունքի ներքո: Այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում վերստին արձանագրել, որ խոսքի ազատությունը, լինելով յուրաքանչյուր անհատի անքակտելի իրավունք, բացարձակ չէ և հաշվի առնելով դատավորի յուրահատուկ կարգավիճակը` ենթակա է ավելի խիստ սահմանափակումների:

Միաժամանակ, հաշվի առնելով լրատվամիջոցների առանցքային դերը ժողովրդավարական հասարակություններում և հատկապես արդարադատության իրականացման մասին հասարակության ընկալումների ձևավորման հարցում` Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ այն բացառիկ դեպքում, երբ դատավորները լրատվամիջոցների առջև հայտարարություններով են հանդես գալիս քննության փուլում գտնվող դատական գործերի վերաբերյալ կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ են անում, վերջիններս պետք է դրսևորեն բացառիկ շրջահայացություն` խուսափելով որևէ կերպ դատական համակարգի անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ առնելուց: Այսինքն, դատավորները չպետք է թույլ տան այնպիսի արտահայտություններ, որոնք ողջամիտ դիտարկման դեպքում կնշանակեն վեճի լուծման կանխորոշում, վարույթի վրա ազդեցություն, կասկածի տակ կդնեն արդարադատության իրականացումը կամ որևէ այլ կերպ կվնասեն դատական համակարգի անկախությանը և հեղինակությանը:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
03.07.2023
N ԲԴԽ-57-Ո-Կ-16
Որոշում