Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎ ...

 

20.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2022 թվականի N 234-Ն

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը, «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 253-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

25 մայիսի 2022 թ.

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի մայիսի 25-ի

N 234-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց (այսուհետ` կարգավորվող անձ) գործունեության մոնիթորինգի (այսուհետ` մոնիթորինգ) իրականացմանն առնչվող հարաբերությունները:

2. Մոնիթորինգն իրականացվում է կարգավորվող անձանց գործունեությունը «Էներգետիկայի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) իրավական ակտերին, լիցենզիայի պայմաններին համապատասխանության ստուգման, հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման համար (ծախսեր, ներդրումներ, գնումներ, սպառման ծավալներ և այլն):

3. Մոնիթորինգի ընթացքում կարգավորվող անձի և հանձնաժողովի փոխհարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, սույն կարգով և հանձնաժողովի այլ իրավական ակտերով:

4. Կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգն իրականացվում է`

1) հանձնաժողովում` կարգավորվող անձի կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկատվության ուսումնասիրության միջոցով.

2) կարգավորվող անձի տարածքում` կարգավորվող անձի գտնվելու կամ գործունեության վայրում` կարճաժամկետ (մինչև տասն աշխատանքային օր) կամ երկարաժամկետ (տասնմեկից մինչև հիսուն աշխատանքային օր): Կարգավորվող անձի տարածքում հերթական երկարաժամկետ մոնիթորինգը կարող է իրականացվել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ, և ոչ շուտ, քան նախորդ երկարաժամկետ մոնիթորինգի ավարտի օրվանից վեց ամիս հետո:

(4-րդ կետը փոփ. 14.06.2023 թիվ 202-Ն որոշում)

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված մոնիթորինգն իրականացվում է հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ու տեղեկատվության ուսումնասիրության միջոցով` հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգերին համապատասխան:

6. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մոնիթորինգն իրականացվում է հանձնաժողովի նախագահի` կարգավորվող անձի տարածքում մոնիթորինգ իրականացնելու մասին հրամանի (այսուհետ` հրաման) հիման վրա, որում նշվում են հանձնաժողովի անվանումը, կարգավորվող անձի անվանումը, մոնիթորինգի առարկան, նպատակը, ժամանակահատվածը, իրականացման եղանակը և վայրը, մոնիթորինգի ընթացքում ընտրանք կատարելու դեպքում կիրառվող ընտրանքի մեթոդները (դրանց համակցությունը), մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը և պաշտոնը:

(6-րդ կետը փոփ. 14.06.2023 թիվ 202-Ն որոշում)

7. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մոնիթորինգը ներառում է`

1) մոնիթորինգի իրականացման ձևաչափի քննարկում կարգավորվող անձի հետ.

2) այցելություն հրամանում նշված տարածք.

3) անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկությունների ստացում և (կամ) համապատասխան շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ու սարքավորումների ակնադիտական զննություն.

4) ստացված փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկությունների որակական ու քանակական վերլուծություն և մոնիթորինգի գործընթացի փաստաթղթավորում:

8. Բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերի` կարգավորվող անձի տարածքում մոնիթորինգի իրականացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ հանձնաժողովն այդ մասին գրավոր (այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով) տեղեկացնում է վերջինիս` հայտնելով մոնիթորինգի առարկան, նպատակը, ժամանակահատվածը և իրականացման վայրը:

9. Առանձին դեպքերում անհրաժեշտությունից ելնելով` կարգավորվող անձի տարածքում մոնիթորինգը, վերջինիս համաձայնությամբ, կարող է սկսվել սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետից ավելի շուտ: Կարգավորվող անձի կողմից ակնհայտ խախտում կատարելու վերաբերյալ ողջամիտ կասկած առաջանալու դեպքում նրա տարածքում մոնիթորինգը կարող է իրականացվել անհապաղ և առանց նրան տեղեկացնելու:

10. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մոնիթորինգի ընթացքում ընտրանքը կարող է կատարվել պատահական, համակարգված, կամայական, շղթայական, դրամական միավորի և ըստ օգտագործման ծավալի (քանակի) մեթոդներով կամ այդ մեթոդների որոշակի համակցությամբ:

11. Պատահական ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում համակարգչային ծրագրերի միջոցով ուսումնասիրության շրջանակից պատահականորեն ընտրվում են որոշակի քանակությամբ տարրեր:

12. Համակարգված ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության շրջանակից ընտրվում են իրարից նախապես որոշված միջակայքերում գտնվող տարրեր:

13. Կամայական ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության շրջանակից կամայականորեն ընտրվում են համակցության տարրեր:

14. Շղթայական ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության շրջանակից ընտրվում է կամայական գործարք, և ուսումնասիրվում են վերջինիս հետ կապակցված փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները:

15. Դրամական միավորի ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության շրջանակից ընտրվում են դրամական արտահայտությամբ համեմատաբար մեծ արժեք ունեցող տարրեր:

16. Ըստ օգտագործման ծավալի (քանակի)` ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության տիրույթից ընտրվում են որոշակի ծավալային (քանակական) շեմից ավելի կամ պակաս տարրեր:

17. Մոնիթորինգի ընթացքում կարող են կատարվել լուսանկարահանում, տեսագրում և ձայնագրում:

18. Անհրաժեշտության դեպքում մոնիթորինգի իրականացմանը կարող են ներգրավվել փորձագետներ և այլ մասնագետներ` օրենքով սահմանված կարգով:

19. Կարգավորվող անձն իրավունք ունի ծանոթանալ մոնիթորինգին վերաբերող փաստաթղթերին, մոնիթորինգի ընթացքում դրան մասնակից դարձնել փորձագետների, այլ մասնագետների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով բողոքարկել մոնիթորինգ իրականացնող անձի գործողությունները:

20. Կարգավորվող անձը պարտավոր է մոնիթորինգ իրականացնող անձի պահանջով տրամադրել մոնիթորինգի առարկային առնչվող փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները, տալ պարզաբանումներ, չխոչընդոտել մոնիթորինգի իրականացման ընթացքին և ստեղծել անհրաժեշտ պայմաններ մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) գործունեության համար:

21. Մոնիթորինգ իրականացնող անձն իրավունք ունի անարգել մուտք գործել հրամանում նշված տարածք, պահանջել և ստանալ մոնիթորինգի առարկային առնչվող փաստաթղթեր, նյութեր, այլ տեղեկություններ, պարզաբանումներ և էլեկտրոնային շտեմարանների տեղեկատվությանը հասանելիություն:

22. Մոնիթորինգ իրականացնող անձը պարտավոր է մոնիթորինգի ընթացքում պահպանել օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, կարգավորվող անձի պաշտոնատար անձանց ծանոթացնել մոնիթորինգին առնչվող իրենց իրավունքներին և պարտականություններին, անաչառ և համակողմանի հավաքագրել ու արձանագրել մոնիթորինգի առարկային առնչվող փաստաթղթերը, նյութերը, այլ տեղեկությունները և չխոչընդոտել կարգավորվող անձի բնականոն աշխատանքին:

23. Մոնիթորինգի արդյունքներով, հրամանում նշված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է արձանագրություն (այսուհետ` մոնիթորինգի արձանագրություն) և ուղարկվում կարգավորվող անձին:

24. Մոնիթորինգի արձանագրությունը ներառում է`

1) հանձնաժողովի անվանումը.

2) մոնիթորինգի ենթարկված կարգավորվող անձի անվանումը.

3) մոնիթորինգն իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը կամ ժամանակահատվածը.

4) մոնիթորինգի առարկան.

5) մոնիթորինգի արդյունքները.

6) մոնիթորինգն իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը և պաշտոնը.

7) արձանագրության կազմման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, մոնիթորինգ իրականացրած անձի (անձանց) ստորագրությունը:

25. Մոնիթորինգի շրջանակում ստացված լուսանկարները, տեսագրությունները, ձայնագրությունները և այլ փաստաթղթերը կցվում են մոնիթորինգի արձանագրությանը:

26. Մոնիթորինգի արձանագրության վերաբերյալ կարգավորվող անձը, այն ստանալու օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, իրավունք ունի ներկայացնելու առարկություններ կամ առաջարկություններ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.05.2022
N 234-Ն
Որոշում