Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 25-ՐԴ, 27-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/2598/05/21

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2598/05/21

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի օգոստոսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Էմբիդիզայն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` թիվ 8452 և թիվ 8467 ԱՏԳ ԱԱ կոդերով ապրանքների 2019 թվականին կատարված ներմուծման նկատմամբ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունը կիրառելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին թիվ 8452 և թիվ 8467 ԱՏԳ ԱԱ կոդերով ապրանքների 2019 թվականին կատարված ներմուծման նկատմամբ կիրառել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 31.03.2021 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 31.03.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացել Ընկերությունը (ներկայացուցիչներ` Արսեն Սարդանյան, Էդգար Այվազյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 67-րդ հոդվածները, 78-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021 թվականի թիվ 3/6 որոշումը բավարար չէ սույն գործով պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական նախադրյալի` վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու առկայությունը հաստատված համարելու համար:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում ձևավորված ներքին համոզմամբ կայացված դատական ակտով թույլ է տվել դատական սխալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր որոշում:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021 թվականի թիվ 3/6 որոշման համաձայն` «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է «Ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ Ընկերության դիմում-բողոքը մերժվել է: Ակնհայտ է, որ վարչական մարմին ներկայացված դիմումով Ընկերությունը հայցել է կիրառել իր նկատմամբ օրենքով նախատեսված արտոնություն, որից հետո Կոմիտեի համապատասխան բողոքարկման հանձնաժողովը մերժել է նաև ներկայացված դիմում-բողոքը, ինչն էլ թույլ է տալիս եզրահանգել, որ վարչական մարմնի կողմից ընդունվել է միջամտող վարչական ակտ: Վերոգրյալի հետևանքով Ընկերությունը ձեռք է բերել դատարան դիմելու սահմանադրական իր իրավունքն իրացնելու հնարավորություն:

 

Վերոգրյալ հիմնավորումներով Ընկերությունը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածների, ինչպես նաև 78-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ինչը, սակայն, հերքվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայց հարուցելու պարտադիր նախապայմանների առանձնահատկություններին:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրել է, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի` դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին` հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է` վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն` միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմնին ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած չլինելու հանգամանքով պայմանավորված անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը: Այսինքն` պարտավորեցման հայցի մասով հայցվորի և պատասխանողի միջև պետք է առկա լինի վեճ, որը ենթակա կլինի ՀՀ վարչական դատարանի քննությանը (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնին ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած չլինելու հանգամանքով պայմանավորված անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, ուստի հայցադիմում ներկայացնելու պարագայում դրա ընդունումը պետք է մերժվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ: Համապատասխանաբար նաև պարտավորեցման հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե մինչև ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելը հայցվորը բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով դիմել է վարչական մարմնին, որի ընդունումը մերժվել է:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին թիվ 8452 և թիվ 8467 ԱՏԳ ԱԱ կոդերով ապրանքների 2019 թվականին կատարված ներմուծման նկատմամբ կիրառել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունը:

Դատարանը, մերժելով հայցադիմումի ընդունումը, գտել է, որ հայցվորի մոտ չի ծագել պարտավորեցման հայցով Դատարան դիմելու իրավունքը, քանի որ նա իր կողմից ակնկալվող բարենպաստ վարչական ակտի ընդունման համար վարչական մարմնին չի դիմել և մերժում չի ստացել:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով հայցադիմումին կից ներկայացված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021 թվականի թիվ 3/6 որոշմանը, Դատարանն արձանագրել է, որ դրանից և հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ պետական եկամուտների կողմից Ընկերության վերաբերյալ կատարված կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են անճշտություններ, անհամապատասխանություններ և (կամ) խախտումներ, որի արդյունքում կազմված թիվ 2394/20201 արձանագրությունը նշված ընկերությունը ստացել է 21.05.2020 թվականին: Այնուհետև համաձայն չլինելով այդ արձանագրության հետ, «Էմբիդիզայն» ՍՊ ընկերությունը հարկային մարմին է ներկայացրել առարկություն, ապա պահանջել է հարկային մարմնից պարզաբանում, իսկ ավելի ուշ այդ արձանագրության արդյունքները բողոքարկել է վերադասության կարգով, որպիսի բողոքը մերժվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021 թվականի թիվ 3/6 որոշմամբ:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021 թվականի թիվ 3/6 որոշման բովանդակությունից անմիջականորեն բխում է և ակնհայտ է ակնկալվող իրավունքի տրամադրման մերժումը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ներկայացված հայցադիմումով Ընկերությունը փաստարկել է, որ Կոմիտեի կամերալ ուսումնասիրության և վերլուծության թիվ 4 բաժնի 21.05.2020 թվականի թիվ 2394/20201 արձանագրությամբ Ընկերությունը տեղեկացվել է, որ կատարվել են ներմուծման հարկային հայտարարագրերի ճշգրտումներ, կիրառվել է արտոնություն և չի հաշվարկվել 4.538.895 ՀՀ դրամ ԱԱՀ միասնական անվանական անվանացանկի, մասնավորապես 8452, 8467 ծածկագրերով ապրանքների 22.694.476 ՀՀ դրամ հարկման բազայի նկատմամբ: Ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծման ԱԱՀ-ից ազատման արտոնություն կիրառելի չէ համաձայն 29.06.2001 թվականի «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի:

Ընկերության կողմից ներկայացվել է առարկություն, որի համաձայն` իր կողմից ներմուծվող ապրանքներն ըստ վերոնշյալ օրենքի կարող են օգտվել արտոնությունից, քանի որ բացառությունների տակ չեն և ըստ վերոգրյալ օրենքի 1-ին հոդվածի` ընդգրկված են «ապրանքի համառոտ անվանման» մեջ:

Կոմիտեի 10.07.2020 թվականի գրությամբ պարզաբանվել է, որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքով սահմանված է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից: Վերը նշված օրենքով սահմանված ցանկում ներառված ապրանքների (բացառությամբ ցանկում ընդգրկված բացառությունների) ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից` անկախ ներմուծվող հարկ վճարողների` ԱԱՀ վճարվող համարվելու հանգամանքից:

Նույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված են ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային դիրքին դասվող այն ապրանքները (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 2001, 8418 10 8001, 8418 30 2001, 8418 40 2001, 8422 11 0000, 8447 90 0001, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 0000, 8508 19 0001, 8509 4, 8516 31 000, 8516 33 0000, 8516 40, 8516 50, 8516 60 1010, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 0001, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների), որոնց ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ապրանքները ներմուծվում են ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողի կողմից:

Ընկերությունը կրկին դիմել է Կոմիտե` պարզաբանում ստանալու նպատակով:

Կոմիտեն պարզաբանել է, որ.

1. Մինչև 2020թ. հունվարի 1-ը շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպության կողմից ԱՏԳ ԱԱ 84 ապրանքային ենթախմբում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում էր ԱԱՀ-ից, եթե այդ ապրանքները չէին դասվում տվյալ ենթախմբում ներառված ԱՏԳ ԱԱ այն ծածկագրերին, որոնց մասով օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ցանկով նախատեսված էր բացառություն և այդ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի չէր:

2. Մինչև 2020թ. հունվարի 1-ը ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ԱՏԳ ԱԱ 84 ապրանքային ենթախմբում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից օրենքի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության համապատասխան, բացառությամբ ՍՏ. ՍՍ. 8418 10 2001, 8418 10 8001, 8418 30 2001, 8418 40 2001, 8422 11 0000, 8450 11, 8451 21, 8452 10 ծածկագրերին դասվող ապրանքների, որոնց ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի չէր:

Այնուհետև, հայցվորը ճշգրտել է ԱՏԳ ԱԱ 8452 10 ապրանքային դիրքին դասվող ապրանքի ներմուծման հայտարարությունը և հայտարարագիրը:

Հայցվորի ևս մեկ դիմումին Կոմիտեն պատասխանել է, որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով (29.06.2001թ. ՀՕ-195) սահմանված` ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման մասով գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ իրազեկում է տրվել 26.08.2020թ. թիվ 03/3-1/55315-2020 գրությամբ:

Հայցադիմումով նաև փաստարկվել է, որ Ընկերության տնօրենը, գտնելով, որ օրենսդրությունը ճիշտ չի մեկնաբանվել 21.12.2020 թվականին դիմել է Կոմիտե` խնդրելով կայացնել որոշում, որը կազատի Ընկերությանը խնդրո առարկա ԱԱՀ-ն վճարելու պարտականությունից:

Դրանից հետո ստացվել է Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մանուկյանի 25.12.2020 թվականի թիվ 03/3-1/81000-2020 գրությունը, որով հայտնվել է, որ ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով (29.06.2001թ. ՀՕ-195) սահմանված` ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման մասով Ձեր 04.08.2020թ. և 03.09.2020թ. գրություններով բարձրացրած հարցերի վերաբերյալ իրազեկում տրվել է 26.08.2020թ. թիվ 03/3-1/55315-2020 և 07.09.2020թ. թիվ 03/3-1/58191-2020 գրություններով»:

Կոմիտեի նախագահի տեղակալի վերոգրյալ գրության դեմ հայցվորը ներկայացրել է վարչական բողոք:

ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021թ. թիվ 3/6 որոշման եզրափակիչ մասի համաձայն. ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է «Ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ «Էմբիդիզայն» ՍՊԸ-ի դիմում-բողոքը մերժել»:

Վերոգրյալից հետևում է որ, ըստ էության, Ընկերության կողմից պարզաբանում ստանալու նպատակով ներկայացված դիմումները վերաբերել են վերոնշյալ օրենքով սահմանված արտոնությունից օգտվելուն: Կոմիտեի պատասխան գրություններով նշվում են այն հիմնավորումները, որոնց հիման վրա վերջինս գտել է, որ Ընկերությունը չի կարող օգտվել նշված արտոնությունից:

Միևնույն ժամանակ, ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021 թվականի թիվ 3/6 որոշման ինչպես պատճառաբանական, այնպես էլ հատկապես եզրափակիչ մասից բխում է, որ «Էմբիդիզայն» ՍՊԸ-ի դիմում-բողոքը վերաբերել է ԱԱՀ-ից ազատվելու արտոնությունից օգտվելուն: Հետևաբար` տվյալ պարագայում առկա է բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու փաստը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործում առկա չէ թիվ 8452 և թիվ 8467 ԱՏԳ ԱԱ կոդերով ապրանքների 2019 թվականին կատարված ներմուծման նկատմամբ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունը կիրառելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ Ընկերության կողմից Կոմիտե հասցեագրված դիմումի օրինակ, այդուհանդերձ հայցադիմումին կից ներկայացվել է ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021 թվականի թիվ 3/6 որոշման պատճենը, որի բովանդակությունը համադրելով հայցադիմումով ներկայացված փաստարկների հետ ակնհայտ է դառնում, որ հայցվորը պահպանել է պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը, այն է` պարտավորեցման հայց ներկայացնելուց առաջ Ընկերությունը դիմել է Կոմիտե` խնդրելով կայացնել որոշում, որը կազատի Ընկերությանը խնդրո առարկա ԱԱՀ-ն վճարելու պարտականությունից: Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մանուկյանը, սակայն, 25.12.2020 թվականի թիվ 03/3-1/81000-2020 գրությամբ, ըստ էության, մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, որից հետո Ընկերությունը նշված գրությունը բողոքարկել է վարչական կարգով, սակայն Ընկերության բողոքը մերժվել է:

Վերոգրյալ փաստական հանգամանքները համադրելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է գնահատում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ պարտավորեցման հայցի ներկայացման իրավական նախադրյալ հանդիսացող` հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի` անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը չի կարող պայմանավորվել բացառապես անձին ուղղված անհատական ակտում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին ուղղակիորեն նշում կատարված լինելու փաստով, այն պայմաններում երբ այդ իրավունքի տրամադրման մերժումը (չտրամադրումը) անմիջականորեն բխում է կոնկրետ փաստաթղթի բովանդակությունից, այսինքն` վարչական մարմնի կողմից ընդունված որոշման բովանդակությունից ակնհայտ է անձի կողմից ակնկալվող իրավունքի տրամադրման մերժումը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա են եղել պարտավորեցման հայցը դատարան ներկայացնելու օրենքով սահմանված բավարար փաստական և իրավական հիմքեր: Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 19.01.2021 թվականի թիվ 3/6 որոշմամբ հաստատվում է, որ Ընկերության կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը Կոմիտեի կողմից մերժելու հետևանքով Ընկերության և վարչական մարմնի միջև առաջացել է վեճ, որը ենթակա է լուծման վարչադատավարական կարգով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցի շրջանակներում: Մինչդեռ Դատարանը, անտեսելով վերոգրյալ փաստական հանգամանքները, մերժել է Ընկերության կողմից ներկայացված պարտավորեցման հայցի ընդունումը` անհամաչափ և անհիմն կերպով սահմանափակելով դատական պաշտպանության վերջինիս իրավունքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 67-րդ հոդվածների, 78-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման արդյունքում հանգել է այն իրավաչափ հետևության, որ Դատարանի որոշումը ենթակա է վերացման և Ընկերությանը պետք է տրամադրվի դատական պաշտպանություն, քանի որ դրա համար առկա են բավարար փաստական և իրավական հիմքեր:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար, հետևաբար տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 26 օգոստոսի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.08.2022
N ՎԴ/2598/05/21
Որոշում