Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

10.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին

 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

 

«Հոդված 29.1. Վարչական վարույթում ծանուցելը

 

1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

2. Վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին օրենքով սահմանված կարգով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

3. Վարչական վարույթի ընթացքում ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

4. Ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են վարույթի մասնակիցներին` նրանց կողմից վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում` իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով:

5. Ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե վարչական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարումը կամ որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան ծանուցումն ստանալու փաստով:

6. Ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին:

7. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կողմին ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է վարչական վարույթի մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ծանուցումներն ուղարկվելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

9. Ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկվելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում` նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

10. Ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում վարչական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

11. Ծանուցումները պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում է ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում են ծանուցումն ուղարկվելու (հաղորդվելու) փաստը հաստատող ապացույցները (արձանագրությունը, հեռախոսագիրը, ձայնագրությունը և այլն):

12. Ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

13. Վարչական վարույթի մասնակիցները պարտավոր են վարչական մարմնին անհապաղ հայտնել վարչական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ` էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

14. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում ուղարկվելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա ծանուցումն ուղարկվում է`

1) ֆիզիկական անձի դեպքում` աշխատանքի վայրի հասցեով (վարչական վարույթի նյութերում դրա առկայության դեպքում) և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական վարույթը հարուցվել է համայնքի կողմից), իսկ վարչական վարույթում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` այդ հասցեներով.

2) իրավաբանական անձի դեպքում` վարչական վարույթում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ այլ տվյալների առկայության դեպքում` այդ հասցեներով:

15. Սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո` հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված):»:

 

i

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հունիսի 29
Երևան
ՀՕ-259-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2022 թվական:

 


 

 

pin
ՀՀ 15.06.2022
N ՀՕ-259-Ն օրենք