Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 137-ՐԴ ԵՎ 145- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/6409/05/20

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6409/05/20

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Կ. Ավետիսյան

                       Կ. Բաղդասարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունվարի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արմինե Աղվանյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արմինե Աղվանյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմինե Աղվանյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2021 թվականի որոշմամբ Դատարանի 10.02.2021 թվականի վճռի դեմ Արմինե Աղվանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Աղվանյանը (ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու մասով:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև Դատարանի վճռով հայցը բավարարվել է, սակայն հարկային պարտավորությունների իրավաչափության մասին վճռում արված հետևությունները խախտում են հայցվորի իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ, հայցվորի պնդմամբ, վերջինս օբյեկտիվորեն հարկային պարտավորություններ չպետք է կրի:

i

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, անտեսել է հայցվորի բողոքարկման իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն` հայցվոր Արմինե Սարգսի Աղվանյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունել:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի և 145-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը միայն պատճառաբանական մասով բողոքարկվելու դեպքում այդ բողոքի ընդունումը ենթակա է մերժման` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով` վերահաստատելով նախկինում իր հայտնած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Եվրոպական դատարանն իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, ապա 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է տրամադրվեն (տե՛ս, օրինակ, Staroszczyk v. Poland գործով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում ձևավորել է այն դիրքորոշումը, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման (տե՛ս, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Այսպես`

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` կողմերն իրավունք ունեն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն բողոքարկելու դատական ակտերը, ընդ որում, գործն ըստ էության լուծող դատական ակտերն առանց բացառության, իսկ միջանկյալ դատական ակտերի դեպքում` այն ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը 21.05.2021 թվականի թիվ ՎԴ/6829/05/14 որոշմամբ փաստել է, որ վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք առավել հաճախ բերում է դատավարության այն մասնակիցը, որը գործի ելքում դատավարական իմաստով պարտվել է, այսինքն` դատավարության այն մասնակիցը, ի վնաս որի կայացվել է վճիռը: Սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ դատավարության այս կամ այն մասնակիցը, համաձայն լինելով վճռի եզրափակիչ մասին, համաձայն չէ դրա պատճառաբանական մասին (դրա մի մասին): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանելով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու` դատավարության մասնակիցների իրավունքը, օրենսդիրն այդ իրավունքի իրացումը որևէ կերպ չի պայմանավորել դատական ակտի եզրափակիչ մասի` դատավարության տվյալ մասնակցի համար ամբողջությամբ կամ մի մասով անբարենպաստ լինելու հետ: Դա նշանակում է, որ դատավարության մասնակիցների` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու իրավունքը երաշխավորվում է` առանց այդ դատական ակտերի միջև տարանջատման` ի վնաս կամ հօգուտ դատավարության տվյալ մասնակցի լինելու չափանիշով:

Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վճիռը միայն պատճառաբանական մասով (դրա մի մասով) բողոքարկելը ևս ինքնանպատակ չէ: Նման հնարավորություն ապահովելու անհրաժեշտությունը ՀՀ վճռաբեկ դատարանը պայմանավորել է այն հանգամանքով, որ դատավարության մասնակիցների համար հետևանքներ է առաջացնում, նրանց իրավունքները և պարտականությունները շոշափում է վճռի ոչ միայն եզրափակիչ մասը, այլև պատճառաբանական մասը: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի նախադատելիության հարցին, արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա: Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական գործով կայացված վճիռը, ուժի մեջ մտնելով, ի թիվս այլ հատկանիշների (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն), ձեռք է բերում նաև նախադատելիության հատկանիշ, որի հիման վրա էլ այդ դատական ակտով հաստատված փաստերը նույն կողմերի միջև (անձանց մասնակցությամբ) նոր վարչական կամ քաղաքացիական գործ քննելիս, որպես ընդհանուր կանոն, պարտադիր նշանակություն են ունենում դատավարության մասնակիցների և դատարանի համար և ներմուծվում են նոր կայացվող դատական ակտում` որպես այլևս ապացուցման կարիք չունեցող փաստեր: Հետևաբար վճռով վարչական դատարանի կողմից որոշակի փաստերի հաստատումը դատավարության մասնակիցների համար էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն տվյալ վարչական գործի ելքի վրա դրանց ունեցած ազդեցության ուժով, այլև այն կարող է ազդել նրանց մասնակցությամբ վարչական կամ քաղաքացիական այլ գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակի որոշման վրա` դրանց կազմից բացառելով նախադատելի փաստերը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նաև սրանով պայմանավորված` վարչական դատավարության մասնակիցների համար պետք է նաև ապահովվի վճիռը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու հնարավորությունը:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել ինչպես այն դեպքում, երբ գործն ամբողջությամբ կամ մասնակիորեն լուծվել է ի վնաս բողոք բերող անձի, այնպես էլ այն դեպքում, երբ վերջինս համաձայն չէ այդ դատական ակտի միայն պատճառաբանական մասին (դրա մի մասին):

i

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը: Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

i

1) նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ կամ նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման: Ընդ որում, վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերը նշված հիմքերը սպառիչ են, ուստի վերաքննիչ դատարանն իրավասու չէ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել այլ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածով չնախատեսված որևէ հիմքով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքին (բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի): ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված իրավանորմը ենթակա է մեկնաբանման` հաշվի առնելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի կարգավորումը: Ինչպես նշվեց, այդ հոդվածով սահմանված է վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու` դատավարության մասնակցի իրավունքը, հետևաբար վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ դատավարության մասնակցի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը (անկախ այն հանգամանքից, թե դատական ակտը բողոքարկվում է միայն պատճառաբանական, թե նաև եզրափակիչ մասով) չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով:

i

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատարանի վճիռը դատավարության մասնակցի կողմից միայն պատճառաբանական մասով բողոքարկվելու դեպքում վերաքննիչ բողոքի ընդունումը չի կարող մերժվել` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով (տե՛ս, Ներսես, Խաչատուր և Սերգեյ Հակոբյանների և Էլեոնորա Մաիլովայի ընդդեմ Երևան համայնքի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6829/05/14 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.05.2021 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Արմինե Աղվանյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշումը:

Դատարանը, արձանագրելով, որ Կոմիտեի իրավաբանական վարչության պետը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վարչական վարույթին հարկային պարտավորություններ ստանձնող անձի մասնակցությունն ապահովելու, քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու և վերջինիս կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու ուղղությամբ, ինչի արդյունքում չի ապահովել վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը` վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը, հայցը բավարարել է: Միևնույն ժամանակ, Դատարանը գտել է, որ Կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարած հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշմամբ հայցվոր Արմինե Աղվանյանին առաջադրված պարտավորություններն իրավաչափ են:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Արմինե Աղվանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով Վերաքննիչ դատարանին վերապահված սպառիչ լիազորությունների համատեքստում Վերաքննիչ դատարանը չունի այն անձի բողոքը քննելու լիազորություն, հօգուտ որի դատական ակտ է կայացվել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ, տվյալ դեպքում, բողոքը բերվել է մի անձի կողմից, ով դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

i

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, դատավարության մասնակիցների համար սահմանելով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորություն, չի բացառել դատական ակտը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու հնարավորությունը: Հետևաբար Արմինե Աղվանյանը, չհամաձայնելով վճռում տեղ գտած պատճառաբանություններին առ այն, որ վիճարկվող որոշմամբ առաջադրված պարտավորություններն իրավաչափ են, որպես դատավարության մասնակից իրավունք ունի բողոքարկելու Դատարանի 10.02.2021 թվականի վճիռը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ տվյալ դեպքում վճռի բողոքարկմամբ Արմինե Աղվանյանը նպատակ է ունեցել վերաքննության կարգով գնահատման առարկա դարձնել վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմքերը, որոնք Դատարանը հիմնավոր չի համարել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստերը կարող են Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում դառնալ նախադատելի, ուստի դատավարության մասնակիցների (այդ թվում` բողոք բերած անձանց) համար պետք է ապահովվի վերաքննիչ բողոք բերելու միջոցով Դատարանի կողմից այդ փաստերի հաստատումը վիճարկելու հնարավորություն:

i

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ տվյալ դեպքում բացակայում է վերաքննիչ բողոքը քննելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված` վերաքննիչ դատարանի համապատասխան լիազորություն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ լիազորությունների, մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

ՀՀ սահմանադրական դատարանի 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը, սահմանելով վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ուղղակիորեն չի սահմանում, որ այդ անձինք կարող են դատական ակտը բողոքարկել միայն այն դեպքում, երբ նրանց համար անբարենպաստ է դրա եզրափակիչ մասը: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածն ինքնին չի արգելափակում անձի բողոքարկման իրավունքի իրացումն այն դեպքում, երբ թեև դատական ակտի եզրափակիչ մասը (դրա մի մասը) այդ անձի համար բարենպաստ է, սակայն նա համաձայն չէ այդ դատական ակտի պատճառաբանական մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ եթե դատարանի քննությանը հանձնված վեճը լուծվում է հօգուտ դատավարության այս կամ այն մասնակցի, դեռ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ այդ դատական ակտի պատճառաբանական մասում ներկայացված վերլուծությունները նույնպես դրական ազդեցություն են ունենում դատավարության այդ մասնակցի համար: Վերջիվերջո, հարկ է նկատի ունենալ, որ նույնպիսի եզրահանգման հնարավոր է գալ տարբեր պատճառաբանություններով, ուստի իրավական հետևանքների գնահատման տեսանկյունից պետք է գնահատման առարկա դարձնել ոչ միայն դատական ակտի եզրափակիչ մասում ձևակերպված եզրահանգումը, այլև այն պատճառաբանությունները, որոնք հիմք են հանդիսացել դրա համար: Դատական ակտի պատճառաբանական մասում ներկայացված վերլուծություններն ու դիրքորոշումները կարևոր են նաև այն առումով, որ դրանց առկայությամբ անձի համար հստակ, որոշակի և կանխատեսելի է դառնում իր հետագա ճիշտ վարքագծի դրսևորումը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

i

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Արմինե Աղվանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձանց զրկել է գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հնարավորությունից:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/6409/05/20

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6409/05/20

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Կ. Ավետիսյան

                       Կ. Բաղդասարյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/6409/05/20 վարչական գործով 11.01.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    «11» հունվարի 2022 թ.                                   ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11.01.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արմինե Աղվանյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արմինե Աղվանյանի բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմինե Աղվանյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2021 թվականի որոշմամբ Դատարանի 10.02.2021 թվականի վճռի դեմ Արմինե Աղվանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Աղվանյանը (ներկայացուցիչ` Նիկոլայ Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու մասով:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև Դատարանի վճռով հայցը բավարարվել է, սակայն հարկային պարտավորությունների իրավաչափության մասին վճռում արված հետևությունները խախտում են հայցվորի իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ, հայցվորի պնդմամբ, վերջինս օբյեկտիվորեն հարկային պարտավորություններ չպետք է կրի:

i

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, անտեսել է հայցվորի բողոքարկման իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն` հայցվոր Արմինե Սարգսի Աղվանյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունել:

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները, պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Արմինե Աղվանյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշումը:

Դատարանը հայցը բավարարել է և անվավեր է ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշումը:

i

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումն այն պատճառաբանությամբ, որ «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` ակտի սխալ կամ թերի պատճառաբանված, սակայն գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ կայացված լինելու դեպքին, ապա այս կետով նախատեսված լիազորությունը կարող է իրականացվել միայն վերաքննիչ բողոքի մերժման դեպքում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ այս կետով նախատեսված լիազորությունը կարող է կիրառվել բացառապես այն անձի կողմից բերված բողոքի շրջանակներում, որին ի վնաս է կայացվել և որը պահանջում է բեկանել դատական ակտը: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատական ակտը լրիվ կամ մասնակի բեկանելու պահանջ բողոքաբերը չի բերել և չէր էլ կարող բերել, քանի որ դատական ակտը կայացվել է հօգուտ նրա: Հետևաբար Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս փաստում է, որ վճռի պատճառաբանությունները կարող են փոփոխվել կամ լրացվել, ինչպես պահանջում է բողոքաբերը, միայն այն անձի կողմից բերված բողոքի քննության շրջանակներում, որին ի վնաս դատական ակտ է կայացվել: Ամբողջ վերոգրյալի հիմքով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով Վերաքննիչ դատարանին վերապահված սպառիչ լիազորությունների համատեքստում Վերաքննիչ դատարանը չունի այն անձի բողոքը քննելու լիազորություն, հօգուտ որի դատական ակտ է կայացվել: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ, տվյալ դեպքում, բողոքը բերվել է մի անձի կողմից, ով դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:»:

i

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանը, արձանագրելով, որ Կոմիտեի իրավաբանական վարչության պետը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վարչական վարույթին հարկային պարտավորություններ ստանձնող անձի մասնակցությունն ապահովելու, քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու և վերջինիս կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու ուղղությամբ, ինչի արդյունքում չի ապահովել վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը` վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը, հայցը բավարարել է: Միևնույն ժամանակ, Դատարանը գտել է, որ Կոմիտեի 10.08.2020 թվականի «Ֆիզիկական անձի կողմից չկատարած հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 2025-Ա որոշմամբ հայցվոր Արմինե Աղվանյանին առաջադրված պարտավորություններն իրավաչափ են: (...) ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, դատավարության մասնակիցների համար սահմանելով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորություն, չի բացառել դատական ակտը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու հնարավորությունը: Հետևաբար Արմինե Աղվանյանը, չհամաձայնելով վճռում տեղ գտած պատճառաբանություններին առ այն, որ վիճարկվող որոշմամբ առաջադրված պարտավորություններն իրավաչափ են, որպես դատավարության մասնակից իրավունք ունի բողոքարկելու Դատարանի 10.02.2021 թվականի վճիռը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ տվյալ դեպքում վճռի բողոքարկմամբ Արմինե Աղվանյանը նպատակ է ունեցել վերաքննության կարգով գնահատման առարկա դարձնել վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմքերը, որոնք Դատարանը հիմնավոր չի համարել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստերը կարող են Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում դառնալ նախադատելի, ուստի դատավարության մասնակիցների (այդ թվում` բողոք բերած անձանց) համար պետք է ապահովվի վերաքննիչ բողոք բերելու միջոցով Դատարանի կողմից այդ փաստերի հաստատումը վիճարկելու հնարավորություն: (...) Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Արմինե Աղվանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձանց զրկել է գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հնարավորությունից»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի և 145-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս` Beles-ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշում, § 49):

i

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս` Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):

«Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս` Philis-ն ընդդեմ Հունաստանի, application no. 12750/87; 13780/88; 14003/88, Եվրոպական դատարանի 27.08.1991 թվականի որոշում, § 59, De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 12964/87, Եվրոպական դատարանի 16.12.1992 թվականի որոշում, § 28, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի ՄՊ, application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 229): Սա կիրառելի է, մասնավորապես, բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ դրա բնույթից ելնելով` պահանջվում է դրա հետ կապված կարգավորում պետության կողմից, որին այս առնչությամբ վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ (տե՛ս` Luordo-ն ընդդեմ Իտալիայի, application no. 32190/96, Եվրոպական դատարանի 17.07.2003 թվականի որոշում, § 85):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս` ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման,

- նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:

i

Սահմանադրական դատարանը 08.02.2011 թվականի ՍԴՈ-936 և 18.07.2012 թվականի ՍԴՈ-1037 որոշումների մեջ արձանագրել է, որ դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես` ՀՀ Սահմ. 18, 19-րդ հոդվածներ),

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

i

- դատական ակտերի վերանայումը (վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի հիման վրա) որպես արդարադատական գործառույթ կարող է ծառայել վերոհիշյալ սահմանադրաիրավական խնդիրների իրագործմանը, եթե իրականացվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից: Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Վերոնշյալ իրավունքի իրացման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվում են վերաքննիչ բողոք բերելու կարգն ու ժամկետները, բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու հիմքերն ու կարգը: Օրենսդրությամբ հստակ սահմանվում է նաև այն լիազորությունների շրջանակը, որոնք իրավասու է կիրառել վերաքննիչ ատյանը դատական ակտի վերաքննության արդյունքում:

i

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:

i

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վերաքննիչ դատարանի լիազորությունները» վերտառությամբ 380-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը բավարարում է վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին: Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվում է, որ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Այսինքն, մի դեպքում օրենսդիրը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին իրավասություն է վերապահել վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով բավարարել վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին: Մյուս դեպքում, նման լիազորություն չի սահմանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի համար:

i

Ընդ որում, նշված խնդրին անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 02.03.2021 թվականի ՍԴՈ-1579 որոշմամբ արձանագրելով, որ «օրենսդիրը կարևորել է վերաքննիչ ատյանին բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասին անդրադառնալու իրավասությամբ օժտելը, որը թույլ է տալիս Վերաքննիչ դատարանին պատճառաբանել այն դատական ակտը, որով թեև գործն ըստ էության ճիշտ է լուծված, սակայն լուծման հիմքում դրված պատճառաբանությունները թերի են կամ սխալ: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ օրենսդիրը չի բացառում այն դեպքերը, երբ վարչական դատարանը կարող է կայացնել գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն դրա հիմքում դնել սխալ կամ թերի պատճառաբանություններ: Սակայն օրենսդիրը, կարևորելով բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասը քննության առարկա դարձնելու` վերադաս ատյանի իրավասությունը, հետևողական մոտեցում չի ցուցաբերել և այդ լիազորությունը կապել է միայն վերաքննիչ բողոքը մերժելու հետ: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորության կիրառմամբ իրավասու է փոփոխել բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունները միայն այն դեպքում, երբ մերժում է ներկայացված վերաքննիչ բողոքը, այսինքն` երբ պարզում է, որ թեև դատարանը գործին բողոք բերող դատավարության մասնակցի համար իրավացիորեն անբարենպաստ լուծում է տվել, սակայն այդ լուծումը սխալ կամ թերի է պատճառաբանել: (...) Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանն օժտված չէ վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի վերաբերյալ վերաքննիչ բողոքը քննելու և լուծելու իրավասությամբ, չի ապահովվում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունը, իսկ սահմանված իրավակարգավորումը այդ իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգ չէ»:

i

Ավելին, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Հիմք ընդունելով` վերոգրյալ իրավական կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ դիրքորոշումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների պայմաններում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օժտված չէ բողոքարկվող դատական ակտի բացառապես պատճառաբանական մասի վերաբերյալ բողոքների քննության իրավասությամբ: Այս պարագայում ստացվում է մի իրավիճակ, որ ըստ էության ճիշտ լուծում ստացած դատական ակտերը երբեմն կարող են մնալ թերի կամ սխալ պատճառաբանված, ինչը չի բխում արդարադատության էությունից, չի ապահովում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, քանի որ նշված իրավունքները ենթադրում են ոչ միայն դատարան դիմելու և վեճի լուծում ստանալու, այլև ճիշտ և ամբողջական պատճառաբանված դատական ակտ ունենալու հնարավորություն:

i

Ընդ որում, արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր, ստացվել է մի իրավիճակ, որ առկա է օրենսդրական բաց:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր, փաստագրվել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների պայմաններում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օժտված չէ բողոքարկվող դատական ակտի բացառապես պատճառաբանական մասի վերաբերյալ բողոքների քննության իրավասությամբ: Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչվելն ինքնին չի նշանակում, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարվելու և օրենսդրությամբ նման լիազորության ամրագրման, օժտված է այդպիսի լիազորությամբ, քանի որ համապատասխան օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, այսինքն` չեն նախատեսվել համարժեք օրենսդրական կարգավորումներ:

Հետևապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ի տարբերություն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի, չունի վերաքննիչ բողոքը բավարարելու և միայն պատճառաբանական մասը փոխելու լիազորություն, իսկ վերաքննիչ բողոքը մերժելու և պատճառաբանական մասը փոխելու լիազորությունը ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր:

Տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով, իրավասու չէ կիրառել այնպիսի լիազորություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավոր վերադարձնել վերաքննիչ բողոքը, այլ ոչ թե մերժեր վերաքննիչ բողոքի ընդունումը:

i

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում է բողոք բերող անձի պահանջը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:

Վերոգրյալ իրավանորմերից ելնելով` Վերաքննիչ դատարանը պետք է կայացներ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում բողոքաբերի կողմից ներկայացված պահանջը պետք է ներկայացվի վերաքննիչ դատարանի լիազորությունների համատեքստում:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ գործող օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների պայմաններում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը լիազորված չէ, ի բավարարումն ներկայացված վերաքննիչ բողոքի` փոփոխել վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, պետք է արձանագրեր, որ բողոքով ներկայացված պահանջն անհրաժեշտ է հստակեցնել` այն ներկայացնելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի լիազորությունների համատեքստում, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումներից առ այն, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Այսպիսով, գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության 134-րդ, 136-րդ, 144-րդ և 145-րդ հոդվածները:

 

Հետևաբար, անհրաժեշտ էր վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանությամբ:

 

    Դատավոր`                               Հ. Բեդևյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 11 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.01.2022
N ՎԴ/6409/05/20
Որոշում