Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ2/0283/05/18

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0283/05/18

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 4-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Շահեն Աղաջանյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձինք` «Այ Դի բանկ» ՓԲԸ-ն, Մերի Աղաջանյանի` «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 02.10.2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Շահեն Աղաջանյանը պահանջել է անվավեր ճանաչել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 02.10.2018 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.03.2021 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.11.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Ռ. Նահապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջները.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, 30-րդ հոդվածը և 35.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/12638/05/17 և թիվ ՎԴ/0927/05/19 վարչական գործերով, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/0781/05/16 վարչական գործով եզրահանգել են, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի չէ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից սույն վարչական գործով 23.03.2021 թվականին կայացված որոշմամբ արձանագրվել է, որ նշված դրույթը կիրառելի է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ: Հետևաբար, ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ բեկանել և փոփոխել` կայացնելով նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 15.05.2018 թվականի և 16.05.2018 թվականի որոշումներով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.05.2018 թվականին տրված թիվ ԳԴ4/1929/02/17 կատարողական թերթերի հիման վրա հարուցվել են համապատասխանաբար թիվ 04196378 և թիվ 04196395 կատարողական վարույթները (հատոր 1-ին, գ.թ. 41,43):

2. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 16.05.2018 թվականի որոշմամբ արգելանք է դրվել պարտապան Շահեն Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 43):

3. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 30.05.2018 թվականի «Փորձագետ նշանակելու մասին» որոշմամբ թիվ 04196378 և թիվ 04196395 կատարողական վարույթներով նշանակվել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Փորձագետին առաջադրվել է որոշել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ս. Սևանեցու 18/11 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը (հատոր 1-ին, գ.թ. 52):

4. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 30.05.2018 թվականի որոշմամբ թիվ 04196395 կատարողական վարույթը կասեցվել է (հատոր 1, գ.թ. 54):

5. Համաձայն 02.10.2018 թվականի Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում ստացված «ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 24.09.2018 թվականի թիվ Գ/Վ-ԹԴ06 եզրակացության` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ս. Սևանեցու փողոցի 18-րդ շենքի թիվ 11 հասցեում գտնվող բնակարանի շուկայական արժեքը 12.09.2018 թվականի դրությամբ կազմել է 8.700.000 դրամ (հատոր 1-ին, գ.թ. 62):

6. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 02.10.2018 թվականի որոշմամբ թիվ 04196395 կատարողական վարույթը վերսկսվել է (հատոր 1-ին, գ.թ. 63):

i

7. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի կողմից 02.10.2018 թվականին կայացվել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում, որով Շահեն Աղաջանյանին պատկանող Սևան քաղաքի Սարգիս Սևանեցու փողոցի 18-րդ շենքի բնակարան թիվ 11 հասցեում գտնվող բնակարանը 6.525.000 դրամ մեկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի` ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով (հատոր 1-ին, գ.թ. 64-65):

i

8. Շահեն Աղաջանյանի կողմից «Անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վիճարկելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ծառայության կողմից չեն պահպանվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ:

 

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյո՞ք գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, թե ոչ:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հրապարակային սակարկությունները կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:

Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել` առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նաև` հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք և իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ և մեկնարկային, այսինքն` աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով:

Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ և դրա նվազագույն արժեք` օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես.

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե նույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:

Շարադրված իրավանորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն` դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոխ` լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

Այլ կերպ ասած` լոտի արժեքը գնահատելու և դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, և որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող:

i

Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ հարկադիր կատարողը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է նաև հրապարակային ծանուցում:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը` կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող և անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում ևս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական և էլեկտրոնային հատուկ համակարգերի և միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի առնելով` այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է և ներառվում է դրանում, բխում է ոչ միայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլև նույն օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը:

Մասնավորապես, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը և դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավանորմերը ևս ներառված են այդ գլխում (տե՛ս «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները): Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու և բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ` օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին` էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նաև լոտի առարկաները:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններով օժտված տեսակ է, և այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով:

i

Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների` հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով:

i

Վերևում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու և սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռևս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու և մեկնարկային գինը սահմանելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու և դրա մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը` կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու և հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ նույն օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է նույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլև «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշման մասին պատշաճ ծանուցել պարտապանին և պահանջատիրոջը, և սահմանված ժամկետում և կարգով կատարել հրապարակային ծանուցում: Հարկ է նշել, որ վկայակոչված` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է` պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:

Շարադրվածից բխում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-րդ հոդվածը` դրանում սահմանված ընդհանուր կանոններով կարգավորելով նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը:

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման և կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու և մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որևէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետևաբար` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները` տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում ևս հարկադիր կատարողը կրում է լոտի մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի մեկնարկային գինը, որից հետո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը և ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում:

i

Սույն գործի փաստերի համաձայն Գեղարքունիքի մարզային բաժնում հարուցված թիվ 04196378 և թիվ 04196395 կատարողական վարույթների շրջանակներում պարտապան Շահեն Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող Սևան քաղաքի Սարգիս Սևանեցու փողոցի 18-րդ շենքի բնակարան 11 հասցեում գտնվող բնակարանը 6.525.000 դրամ մեկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Ի կատարումն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների` իրականացվել է Անշարժ գույքի գնահատում` հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի նշանակած գնահատողի` «ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով: Անշարժ գույքը զննվել է և 12.09.2018 թվականի դրությամբ դրա շուկայական արժեքը կազմել է 8.700.000 դրամ: Հիմք ընդունելով Անշարժ գույքի` 8.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունենալու հանգամանքը և առաջնորդվելով լոտի մեկնարկային գինը դրա գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու օրենսդրական պահանջով` Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանը 02.10.2018 թվականին ընդունել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում և լոտի մեկնարկային գին սահմանել 6.525.000 ՀՀ դրամը, որը կազմում է 8.700.000 ՀՀ դրամի 75 տոկոսը: Շարադրվածով Անշարժ գույքի, որպես լոտի, մեկնարկային գինը սահմանելու հետ կապված գործողություններն ավարտվել են, սակայն 03.10.2018 թվականին Շահեն Աղաջանյանը հրաժարվել է հարկադիր կատարողից առձեռն ստանալ արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 71):

Շարադրվածից բխում է, որ Անշարժ գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Վերջինս ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի` 6.525.000 ՀՀ դրամի, և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին Շահեն Աղաջանյանին և պահանջատերերին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ:

Արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անշարժ գույքի մեկնարկային գնի և դրանից ավելի բարձր գին սահմանելու ընթացակարգի վերաբերյալ պարտապան Շահեն Աղաջանյանին և բոլոր պարտատերերին ծանուցելու պարտականությունը չկատարելու հետևանքով վերջիններս զրկվել են լոտի մեկնարկային գնի մասին իրազեկվելու, ինչպես նաև լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու` օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Անշարժ գույքի, որպես աճուրդի հանված լոտի, մեկնարկային գինը հարկադիր կատարողի կողմից սահմանվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով թույլատրված դրա նվազագույն արժեքի չափով, իսկ կատարողական վարույթի կողմերին չի ընձեռվել նույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատրելի գործողությունները կատարելու միջոցով լոտի մեկնարկային գինը որոշելու գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն:

Փաստորեն` 02.10.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Շահեն Աղաջանյանին լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման և իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու և ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի կողմից 02.10.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը կայացնելիս ամբողջությամբ չեն պահպանվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետևաբար վերոհիշյալ որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր 02.10.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու համար, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը:

 

i

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Շահեն Աղաջանյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.03.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ2/0283/05/18 վարչական գործով 04.02.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

04.02.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի փետրվարի 4-ին գրավոր ընթացակարգով քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ Շահեն Աղաջանյանի հայցի ընդդեմ Ծառայության, երրորդ անձինք «Այ Դի բանկ» ՓԲԸ-ի և Մերի Աղաջանյանի` «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 02.10.2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.03.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Շահեն Աղաջանյանը պահանջել է անվավեր ճանաչել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 02.10.2018 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.03.2021 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.11.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Ռ. Նահապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, 30-րդ հոդվածը և 35.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/12638/05/17 և թիվ ՎԴ/0927/05/19 վարչական գործերով, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/0781/05/16 վարչական գործով եզրահանգել են, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի չէ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից սույն վարչական գործով 23.03.2021 թվականին կայացված որոշմամբ արձանագրվել է, որ նշված դրույթը կիրառելի է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ: Հետևաբար, ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ բեկանել և փոփոխել` կայացնելով նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 15.05.2018 թվականի և 16.05.2018 թվականի որոշումներով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.05.2018 թվականին տրված թիվ ԳԴ4/1929/02/17 կատարողական թերթերի հիման վրա հարուցվել են համապատասխանաբար թիվ 04196378 և թիվ 04196395 կատարողական վարույթները (հատոր 1-ին, գ.թ. 41,43):

2. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 16.05.2018 թվականի որոշմամբ արգելանք է դրվել պարտապան Շահեն Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 43):

3. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 30.05.2018 թվականի «Փորձագետ նշանակելու մասին» որոշմամբ թիվ 04196378 և թիվ 04196395 կատարողական վարույթներով նշանակվել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Փորձագետին առաջադրվել է որոշել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ս. Սևանեցու 18/11 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը (հատոր 1-ին, գ.թ. 52):

4. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 30.05.2018 թվականի որոշմամբ թիվ 04196395 կատարողական վարույթը կասեցվել է (հատոր 1, գ.թ. 54):

5. Համաձայն 02.10.2018 թվականի Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում ստացված «ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 24.09.2018 թվականի թիվ Գ/Վ-ԹԴ06 եզրակացության` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ս. Սևանեցու փողոցի 18-րդ շենքի թիվ 11 հասցեում գտնվող բնակարանի շուկայական արժեքը 12.09.2018 թվականի դրությամբ կազմել է 8.700.000 դրամ (հատոր 1-ին, գ.թ. 62):

6. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի 02.10.2018 թվականի որոշմամբ թիվ 04196395 կատարողական վարույթը վերսկսվել է (հատոր 1-ին, գ.թ. 63):

7. Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի կողմից 02.10.2018 թվականին կայացվել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում, որով Շահեն Աղաջանյանին պատկանող Սևան քաղաքի Սարգիս Սևանեցու փողոցի 18-րդ շենքի բնակարան թիվ 11 հասցեում գտնվող բնակարանը 6.525.000 դրամ մեկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի` ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով (հատոր 1, գ.թ. 64-65):

8. Շահեն Աղաջանյանի կողմից «Անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վիճարկելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ծառայության կողմից չեն պահպանվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

i

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ:

 

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյո՞ք գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, թե ոչ:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հրապարակային սակարկությունները կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:

Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել` առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նաև` հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք և իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ և մեկնարկային, այսինքն` աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով:

Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ և դրա նվազագույն արժեք` օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես.

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե նույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:

Շարադրված իրավանորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն` դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոխ` լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

Այլ կերպ ասած` լոտի արժեքը գնահատելու և դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, և որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող:

Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ հարկադիր կատարողը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է նաև հրապարակային ծանուցում:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը` կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող և անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում ևս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական և էլեկտրոնային հատուկ համակարգերի և միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի առնելով` այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է և ներառվում է դրանում, բխում է ոչ միայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլև նույն օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը:

Մասնավորապես, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը և դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավանորմերը ևս ներառված են այդ գլխում (տե՛ս «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները): Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու և բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ` օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին` էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նաև լոտի առարկաները:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններով օժտված տեսակ է, և այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով:

i

Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների` հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով:

Վերևում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու և սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռևս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու և մեկնարկային գինը սահմանելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու և դրա մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը` կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու և հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ նույն օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է նույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլև «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշման մասին պատշաճ ծանուցել պարտապանին և պահանջատիրոջը, և սահմանված ժամկետում և կարգով կատարել հրապարակային ծանուցում: Հարկ է նշել, որ վկայակոչված` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է` պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:

Շարադրվածից բխում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-րդ հոդվածը` դրանում սահմանված ընդհանուր կանոններով կարգավորելով նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը:

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման և կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու և մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որևէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետևաբար` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները` տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

 

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում ևս հարկադիր կատարողը կրում է լոտի մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի մեկնարկային գինը, որից հետո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը և ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում:

 

Սույն գործի փաստերի համաձայն Գեղարքունիքի մարզային բաժնում հարուցված թիվ 04196378 և թիվ 04196395 կատարողական վարույթների շրջանակներում պարտապան Շահեն Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող Սևան քաղաքի Սարգիս Սևանեցու փողոցի 18-րդ շենքի բնակարան 11 հասցեում գտնվող բնակարանը 6.525.000 դրամ մեկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Ի կատարումն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների` իրականացվել է Անշարժ գույքի գնահատում` հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի նշանակած գնահատողի` «ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով: Անշարժ գույքը զննվել է և 12.09.2018 թվականի դրությամբ դրա շուկայական արժեքը կազմել է 8.700.000 դրամ: Հիմք ընդունելով Անշարժ գույքի` 8.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունենալու հանգամանքը և առաջնորդվելով լոտի մեկնարկային գինը դրա գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու օրենսդրական պահանջով` Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանը 02.10.2018 թվականին ընդունել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում և լոտի մեկնարկային գին սահմանել 6.525.000 ՀՀ դրամը, որը կազմում է 8.700.000 ՀՀ դրամի 75 տոկոսը: Շարադրվածով Անշարժ գույքի, որպես լոտի, մեկնարկային գինը սահմանելու հետ կապված գործողություններն ավարտվել են, սակայն 03.10.2018 թվականին Շահեն Աղաջանյանը հրաժարվել է հարկադիր կատարողից առձեռն ստանալ արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը (հատոր 1, գ.թ. 71):

Շարադրվածից բխում է, որ Անշարժ գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Վերջինս ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի` 6.525.000 ՀՀ դրամի, և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին Շահեն Աղաջանյանին և պահանջատերերին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ:

Արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անշարժ գույքի մեկնարկային գնի և դրանից ավելի բարձր գին սահմանելու ընթացակարգի վերաբերյալ պարտապան Շահեն Աղաջանյանին և բոլոր պարտատերերին ծանուցելու պարտականությունը չկատարելու հետևանքով վերջիններս զրկվել են լոտի մեկնարկային գնի մասին իրազեկվելու, ինչպես նաև լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու` օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Անշարժ գույքի, որպես աճուրդի հանված լոտի, մեկնարկային գինը հարկադիր կատարողի կողմից սահմանվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով թույլատրված դրա նվազագույն արժեքի չափով, իսկ կատարողական վարույթի կողմերին չի ընձեռվել նույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատրելի գործողությունները կատարելու միջոցով լոտի մեկնարկային գինը որոշելու գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն:

Փաստորեն` 02.10.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Շահեն Աղաջանյանին լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման և իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու և ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի կողմից 02.10.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը կայացնելիս ամբողջությամբ չեն պահպանվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետևաբար վերոհիշյալ որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր 02.10.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու համար, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Շահեն Աղաջանյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով` գտնելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի միատեսակ կիրառության համար այն առումով, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում նշված նորմը ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համեմատ, կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Նախ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ նշված հիմքով բողոքը վարույթ ընդունելու դեպքերում Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացվելիք դատական ակտում պարտավոր էր պատճառաբանական մասում վկայակոչել ինչպես համապատասխան ստորադաս դատարանները, վերջիններիս կողմից նույնանման փաստական հանգամանքներով կայացված դատական ակտերի ամսաթվերը և գործի համարները, այնպես էլ համեմատական վերլուծություն կատարել Վերաքննիչ դատարանի դատական ակտի և այդ ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի միջև` մեջբերելով դրանց հակասող մասերը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշումը վերը նշվածների վերաբերյալ որևէ նշում չի պարունակում, որը համարում եմ անթույլատրելի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքից չբխող, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը պարտավոր էր իր որոշման մեջ նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համապատասխան հիմքի առկայության մասին հիմնավորումը:

 

Այնուամենայնիվ վերոգրյալից բացի, ցանկանում եմ կարծիք հայտնել նաև Վճռաբեկ դատարանի այն շարժառիթների վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու համար: Այսպես`

Վճռաբեկ դատարանը, դիրքորոշում հայտնելով այն մասին, որ հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի ու ժամկետների մասին կողմերին ծանուցելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, եզրահանգել է, որ անշարժ գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության հարկադիր կատարող Հայկ Հարությունյանի կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ` վերջինս ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի` 6.525.000 ՀՀ դրամի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին Շահեն Աղաջանյանին և պահանջատերերին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից:

Կարծում եմ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնելիս հարկադիր կատարողը չունի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին նրան ծանուցելու պարտականություն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է այն տեղեկությունների սպառիչ ցանկը, որոնք հարկադիր կատարողը պարտավոր է ներառել կայքում հրապարակվող հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ: Նշված կարգավորման համաձայն` հարկադիր կատարողն ունի այդ ծանուցման մեջ վերը նշվածներից միայն նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` լոտի մեկնարկային գնի մասին տեղեկությունը ներառելու պարտականություն. ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին տեղեկություն ներառելու պարտականություն հարկադիր կատարողը, ի տարբերություն հարկադիր աճուրդի դեպքերի, չունի: Նման պայմաններում կարծում եմ, որ այդ առումով հարկադիր կատարողին չի կարող վերագրվել նման խախտում թույլ տալը:

Ավելին` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու սպառիչ հիմքեր` նշելով, որ դատարանը կարող է շահագրգիռ անձի պահանջով հարկադիր էլեկտրոնային աճուրդը ճանաչել անվավեր միայն այն դեպքում, երբ այն անց է կացվել նույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ: Տվյալ դեպքում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումն իրականացվում է նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով. նշված դրույթը որևէ հղում չի պարունակում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասին, որից հետևում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը` իրացվող լոտի գնահատման առումով, կարող է անվավեր ճանաչվել բացառապես այն հիմքով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հենց 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգի խախտմամբ. օրենսդիրը հարկադիր էլեկտրոնային աճուրդն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնների խախտմամբ իրականացված լինելն անգամ չի դիտում որպես աճուրդն անվավեր ճանաչելու ինքնուրույն հիմք:

Վերոգրյալից բխում է, որ եթե, օրինակ, հարկադիր կատարողը պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին) պատշաճ չի ծանուցել աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին, կամ չի նշել լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները, կամ չի պահպանել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում նշված մնացած պայմանները, ապա այդ հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ նշեցի վերը, օրենսդիրը որպես այդպիսի հիմքեր նախատեսել է բացառապես նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջների խախտումը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը)` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ունեն ինչպես նոր գնային հայտ ներկայացնելու, այնպես էլ լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումներ կատարելու իրավունքներ, որոնցից կարող են անմիջականորեն օգտվել հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում:

Նման պայմաններում կարծում եմ, որ այդ առումով հարկադիր կատարողին չի կարող վերագրվել վերը նշված խախտումները թույլ տալը, որի պայմաններում վերը նշված շարժառիթները չէին կարող հիմք հանդիսանալ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար:

 

    Դատավոր`                               Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.02.2022
N ՎԴ2/0283/05/18
Որոշում