Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

 

27.01.2018 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) պարտքային պարտավորություն` փոխառության (այդ թվում` ներքին և արտաքին շուկաներում տեղաբաշխվող արժեթղթերի) կամ վարկային պայմանագրով ստացված և որոշակի պահի դրությամբ չմարված գումար, ներառյալ` ժամկետում չմարված տոկոսագումարը, ինչպես նաև տրամադրված պետական երաշխիքների գումարը.

2) պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) անունից (բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների) ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

3) կառավարության պարտք` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

4) Կենտրոնական բանկի պարտք` ոչ ռեզիդենտների, օտարերկրյա պետությունների առջև Կենտրոնական բանկի ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

5) ներքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հանդեպ փոխառության կամ վարկային պայմանագրերի հիման վրա ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

6) արտաքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից և Կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների և օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

7) պետական երաշխիք` որոշակի պահի դրությամբ կառավարության պարտավորությունը (բյուջետային երաշխիքը) փոխատուների և վարկատուների առջև, ինչպես նաև Կենտրոնական բանկի պարտավորությունը ոչ ռեզիդենտ փոխատուների և վարկատուների առջև ամբողջությամբ կամ մասնակի մարելու` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ փոխառուների և վարկառուների կողմից վճարման ենթակա գումարները` սահմանված ժամկետներում նրանց կողմից չվճարվելու դեպքում.

8) Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտք` Հայաստանի Հանրապետության անունից, Կենտրոնական բանկի անունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից ոչ ռեզիդենտների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

9) պարտքի մարում` փոխառության կամ վարկային պայմանագրի հիման վրա պարտքային պարտավորության կատարում.

10) պարտքի սպասարկում` փոխառության կամ վարկային պայմանագրով նախատեսված տոկոսագումարի, կոմիսիոն վճարի, տուժանքի և այլ վճարի կատարում.

11) Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության, կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների անունից.

12) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին.

13) ռեզիդենտ` ֆիզիկական անձինք, որոնք տվյալ տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնք ստեղծվել և պետական գրանցում են ստացել Հայաստանի Հանրապետությունում.

14) ոչ ռեզիդենտ` սույն օրենքի իմաստով ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները.

15) պետական գանձապետական պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից ազգային արժույթով թողարկվող պարտատոմսը.

16) արտարժույթով թողարկվող պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից արտարժույթով թողարկվող պետական պարտատոմսը.

17) պայմանագիր` Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության, կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների կողմից կնքված փոխառության, վարկային և պետական երաշխիքի պայմանագիրը, համաձայնագիրը և Կենտրոնական բանկի կողմից կնքված արտաքին փոխառության, վարկային և պետական երաշխիքի պայմանագիրը, համաձայնագիրը.

18) ընթացիկ պարտավորություն` որոշակի պահի դրությամբ փոխառության և վարկային պայմանագրերով առաջիկա 365 օրվա համար նախատեսված պարտքի մարումների և սպասարկման հանրագումարը.

19) առաջնային տեղաբաշխում` թողարկողի կամ նրա հանձնարարությամբ այլ մարմնի կողմից որոշակի մեխանիզմով թողարկողի պարտատոմսերի առաջին օտարումը շուկայի մասնակիցներին.

20) առաջնային շուկա` շուկա, որտեղ իրականացվում է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը:

 

Հոդված 3. Օրենքի նպատակը

 

1. Սույն օրենքի նպատակը պետական պարտքի կառավարման գործընթացի արդյունավետ և հրապարակային կազմակերպման ապահովումն է:

 

Հոդված 4. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ նորմատիվ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 5. Պետական պարտքը

 

1. Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է:

2. Պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության, պետական մարմինների և պետական հիմնարկների կողմից և Կենտրոնական բանկի անունից` Կենտրոնական բանկի կողմից:

3. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով:

4. Պետական պարտքը կարող է հրապարակվել նաև այլ արժույթներով:

5. Պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման` արտահայտվելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ:

6. Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է:

7. Եթե կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, ապա գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ և 8.4-րդ մասերով սահմանված դրույթները:

8. (8-րդ մասն ուժը կորցրել է 27.01.2018 թվականից` 20.12.17 ՀՕ-6-Ն օրենք)

(5-րդ հոդ. փոփ. 23.06.15 ՀՕ-97-Ն, 20.12.17 ՀՕ-6-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ II
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱԶՄԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հոդված 6. Պետական պարտքի կազմը

 

1. Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պետական պարտքը, արտաքին պետական պարտքը և պետական երաշխիքները: Պետական պարտքի բաղադրիչներից բխող դրամական պարտավորություններն ունեն նույն գերակայությունը:

2. Պետական պարտքը, ըստ ժամկետայնության, լինում է կարճաժամկետ (մինչև 1 տարին ներառյալ), միջնաժամկետ (1-5 տարին ներառյալ) և երկարաժամկետ (5-ից ավելի տարով):

 

Հոդված 7. Պետական պարտքի ձևավորման գործիքակազմը

 

1. Պետական պարտքի ձևավորման գործիքներն են`

1) ֆինանսական, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կնքված վարկային պայմանագրերը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը.

3) պետական գանձապետական և արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետևանքով որպես պետական պարտք վերաձևակերպված երրորդ անձանց պարտավորությունները.

5) պետական պարտքի վերաձևակերպման պայմանագրերը.

6) պետական երաշխիքները:

 

Հոդված 8. Պետական պարտքի ներգրավման նպատակները

 

1. Պետական պարտքի ներգրավման նպատակներն են`

1) պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը և ընթացիկ իրացվելիության ապահովումը.

2) վճարային հաշվեկշռի աջակցությունը և պահուստների համալրումը.

3) ներքին պետական պարտքի շուկայի պահպանումը և զարգացումը:

 

ԳԼՈՒԽ III
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 9. Պետական պարտքի կառավարման նպատակները

 

1. Պետական պարտքի կառավարումը գործընթաց է, որն իրականացվում է փոխառու միջոցների ներգրավման, վերաձևակերպման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` սույն հոդվածով սահմանված նպատակների շրջանակներում:

2. Կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակն է կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումը` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը:

3. Կառավարության պարտքի կառավարման նպատակներն են`

1) կառավարության պարտքի օպտիմալ կառուցվածքի ձևավորումը` հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը.

2) պետական պարտքի կառավարման և դրամավարկային քաղաքականությունների համակարգումը:

4. Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակները սահմանվում են Կենտրոնական բանկի մասին օրենքով:

5. Կառավարության պարտքի կառավարման նպատակների իրագործումն ապահովելու համար լիազոր մարմինը կիրառում է ֆինանսական շուկաներում ընդունված պարտքի կառավարման գործիքներ, այդ թվում` պարտքի վերաձևակերպում, վերակառուցում, հետգնում, փոխանակում, սվոփ և այլն:

 

Հոդված 10. Պետական պարտքի կառավարման սկզբունքները

 

1. Պետական պարտքի կառավարումն իրականացվում է թափանցիկության, հաշվետվողականության, կանխատեսելիության և հրապարակայնության սկզբունքներով:

 

Հոդված 11. Պետական պարտքը կառավարող մարմինները

 

1. Պետական պարտքի կառավարումն իրականացնում են լիազոր մարմինը և Կենտրոնական բանկը` իր պարտքի մասով:

2. Լիազոր մարմինը և Կենտրոնական բանկն իրականացնում են պետական պարտքի գրանցում, հաշվառում և պատասխանատու են այդ հաշվառման հավաստիության համար: Պետական պարտքի գրանցման և հաշվառման ձևերը սահմանում են լիազոր մարմինը և Կենտրոնական բանկը համատեղ:

3. Լիազոր մարմինը և Կենտրոնական բանկն իրավասու են վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, եթե համապատասխան պայմանագրով այն արգելված չէ:

 

Հոդված 12. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը

 

1. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական եռամյա ծրագիրը ներառվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում:

2. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը ներառում է կառավարության պարտքի ուղենշային ցուցանիշները և հնարավոր ռիսկերի գնահատականը:

 

ԳԼՈՒԽ IV
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13. Պետական պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի հրապարակայնությունը

 

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության կազմում ներկայացնում է տեղեկատվություն` պետական պարտքի և ընթացիկ պարտավորության վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

ԳԼՈՒԽ V
ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

 

Հոդված 14. Ներքին պետական պարտքի աղբյուրները

 

Ներքին պետական պարտքի աղբյուրներն են`

1) ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական և արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

2) ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարությանը տրամադրված փոխառությունները և վարկերը.

3) ներքին պետական երաշխիքները:

 

Հոդված 15. Ներքին պետական պարտքի մարումը

 

1. Ներքին պետական պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են պայմանագրերով նախատեսված բոլոր պայմանները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:

2. Շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններն արգելվում են:

 

Հոդված 16. Ռեզիդենտների կողմից կառավարությանը տրվող փոխառու միջոցները

 

1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից փոխառությունների և վարկերի ստացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

2. Հայաստանի Հանրապետության անունից ռեզիդենտների հետ փոխառության կամ վարկային պայմանագիր կնքելու իրավասություն ունի միայն լիազոր մարմինը:

3. Բացառությամբ պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումների, ռեզիդենտներից կարող են ներգրավվել փոխառու միջոցներ (փոխառություններ և վարկեր)` նույն ժամկետայնության պետական գանձապետական պարտատոմսերի նախորդ 3 ամիսների առաջնային տեղաբաշխումների ընթացքում ձևավորված միջին կշռված եկամտաբերությունից ոչ բարձր տոկոսադրույքով:

 

Հոդված 17. Պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումը

 

1. Հայաստանի Հանրապետության անունից պետական գանձապետական պարտատոմսեր թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է լիազոր մարմնին:

i

2. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(17-րդ հոդ. փոփ. 28.09.16 ՀՕ-152-Ն օրենք)

 

Հոդված 18. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը

 

i

1. Լիազոր մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը և դրան համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Լիազոր մարմինն ապահովում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության չափանիշների հրապարակայնությունը:

2. Կենտրոնական բանկը լիազոր մարմնին տրամադրում է պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի հիման վրա Կենտրոնական բանկին տրամադրված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Լիազոր մարմնին տրամադրվող այդ տեղեկատվությունը չի կարող պարունակել բանկային գաղտնիք:

(18-րդ հոդ. փոփ. 28.09.16 ՀՕ-152-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ VI
ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

 

Հոդված 19. Արտաքին պետական պարտքը

 

1. Արտաքին պետական պարտք ներգրավելու վերաբերյալ պայմանագրերը կնքվում են լիազոր մարմնի համաձայնությամբ: Լիազոր մարմնի համաձայնությունը տրվում է` հիմք ընդունելով պայմանագրի համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին:

 

Հոդված 20. Արտաքին պետական պարտքի աղբյուրները

 

1. Արտաքին պետական պարտքի աղբյուրներն են`

1) օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, վարկավորող բազմակողմ հաստատություններից փոխառությունները և վարկերը.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանցից փոխառությունները և վարկերը.

3) ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական և արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

4) արտաքին պետական երաշխիքները:

 

Հոդված 21. Արտաքին պետական պարտքի մարումը

 

1. Արտաքին պետական պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են համապատասխան պայմանագրերով նախատեսված բոլոր վճարումները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:

 

ԳԼՈՒԽ VII
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

Հոդված 22. Ներքին և արտաքին պետական երաշխիքները

 

1. Ներքին պետական երաշխիքները Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին տրամադրված բյուջետային երաշխիքներն են:

2. Արտաքին պետական երաշխիքները ոչ ռեզիդենտներին և օտարերկրյա պետություններին Հայաստանի Հանրապետության և Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պետական երաշխիքներն են:

3. Եթե միևնույն պարտավորության համար միաժամանակ երաշխիք են տրամադրել կառավարությունը և Կենտրոնական բանկը, ապա պետական պարտքի կազմում հաշվառվում է դրանցից մեկը (առավելագույնը):

 

Հոդված 23. Կառավարության կողմից պետական երաշխիքների տրամադրումը

 

1. Պետական երաշխիքներ կարող են տրամադրվել լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին:

2. Համայնքների համար պետական երաշխիքների տրամադրման դեպքերը և կարգը սահմանում է կառավարությունը:

3. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության տնտեսական ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ և վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի, մասնավորապես, ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը և ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաև վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը և ծախսերը հիմնավորող հաշվարկները:

4. Պետական երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու պահին չպետք է գերազանցի երաշխիք ստացողի ակտիվների 20 տոկոսը:

Սույն սահմանափակումը կիրառելի չէ, եթե`

1) երաշխիքով ներգրավվող վարկային միջոցները օգտագործվելու են պետական կարիքների, ներառյալ` պետական պահուստի կարիքների համար գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ֆինանսավորման համար.

2) երաշխիքը տրամադրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետության ռազմավարական խնդիրները լուծելուն ուղղված ծրագրերին ֆինանսավորում ապահովելու համար` վարկատուների կողմից այլ ապահովության միջոցներ չընդունելու դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար` երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:

6. Լիազոր մարմինն իրավասու է մինչև վարկի մարելը բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ստուգելու ստացողի ֆինանսական վիճակը:

7. Բյուջետային երաշխիքներ ստացող տնտեսական ոլորտների առաջնահերթությունը սահմանվում է կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով և արտացոլվում է կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում:

8. Կառավարության կողմից Կենտրոնական բանկի համար տրամադրված արտաքին պետական երաշխիքը հաշվառվում է որպես Կենտրոնական բանկի պարտք:

9. Որոշակի պահի դրությամբ տրամադրված և չմարված պետական երաշխիքների հանրագումարը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը:

(23-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-4-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ VIII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած և չդադարած, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-78-Ն


 

pin
ՀՀ 26.05.2008
N ՀՕ-78-Ն օրենք