Սեղմել Esc փակելու համար:
{01.04.2018 - 21.12.2019} ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.04.2018 - 21.12.2019} ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2018  -ից մինչեւ   21.12.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.04.2018 - 21.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(օրենքը խմբ. 19.03.12 ՀՕ-129-Ն օրենք)

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային և անհատական ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:

 

i
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անհատական ծանուցում` անձին առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն.

2) հրապարակային ծանուցում` տեղեկատվություն պարունակող հայտարարություն.

3) հրապարակային ծանուցում հրապարակող անձ` հրապարակային ծանուցումը հրապարակման լիազորություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին (այսուհետ` հրապարակող անձ).

4) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայք (այսուհետ` կայք).

5) տպագրական նիշ` ցանկացած առանձին տառ, թիվ, կետադրական նշան կամ այլ նշան, բացառությամբ բացատների.

6) կայքը վարող անձ` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի ադմինիստրատոր կամ մոդերատոր.

7) պաշտոնական էլեկտրոնային փոստ`

ա. ֆիզիկական անձի դեպքում` անձին նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստը,

բ. իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը,

գ. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մատնանշված էլեկտրոնային փոստը:

(2-րդ հոդ. փոփ. 05.12.13 ՀՕ-114-Ն, 25.10.17 ՀՕ-176-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Հրապարակային ծանուցումը կայքի միջոցով

 

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում:

 

Հոդված 4. Կայքի վարումը

 

1. Կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

i
Հոդված 5. Հրապարակային ծանուցում ներկայացնելը

 

1. Հրապարակող անձը հրապարակային ծանուցման տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային ձևաչափով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` գործակալություն):

2. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հրապարակային ծանուցման հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է ներկայացվի գործակալություն սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ:

3. Հրապարակային ծանուցումը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը:

4. Հրապարակային ծանուցման բովանդակության համար պատասխանատու է այն հրապարակող անձը: Հրապարակային ծանուցումը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ ծանուցման հրապարակումը:

5. Հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հրապարակային ծանուցումը պետք է շարադրված լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով:

7. Տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Արգելվում է կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, օգտագործել բարոյականության սկզբունքներին հակասող բառեր: Թույլատրվում է բառերի կամ տերմինների համընդհանուր օգտագործման հապավումների օգտագործում:

8. Հրապարակային ծանուցման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կայքը վարող անձը պարտավոր է ինքնուրույն ուղղել այն սխալները և վրիպակները, որոնց ուղղման դեպքում չի արատավորվի հրապարակային ծանուցման բովանդակությունը, և այդ մասին պարտավոր է մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել հրապարակային ծանուցում հրապարակող անձին:

 

i
Հոդված 6. Կայքում հայտարարություն տեղադրելը

 

1. Կայքը վարող անձը հրապարակային ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային ծանուցման տեքստը տեղադրում է կայքում:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալու պահից:

3. Կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7. Հրապարակային ծանուցման վճարը
ԻՐՏԵԿ     21.12.2019 թվականից 7-րդ հոդվածը շարադրվելու է նոր խմբագրությամբ` 14.11.19 ՀՕ-231-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք:

1. Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձվում է վճար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում` գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին:

2. Հրապարակող անձը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, պարտավոր է վճարել սույն օրենքով սահմանված վճարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվում են կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետևանքով պատճառված վնասի հատուցմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նյութատեխնիկական ապահովմանը, մատուցվող ծառայությունների որակի, աշխատանքային, սոցիալական և կենցաղային պայմանների բարելավմանը:

Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետևանքով պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով վնաս պատճառած անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը:

(7-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-25-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 8. Հրապարակային ծանուցման վճարի դրույքաչափը

 

1. Հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ:

2. Գործում են հրապարակային ծանուցման նվազագույն և առավելագույն վճարման չափեր: Նվազագույն վճարման չափը կազմում է 2000 դրամ, իսկ առավելագույնը` 100.000 դրամ:

3. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար վճարի չափը չի կարող գերազանցել 5000 դրամը:

(8-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-29-Ն օրենք)

 

Հոդված 9. Կայքից տեղեկատվություն ստանալը

 

1. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցմանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:

2. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցումն անձը կարող է ստանալ նաև էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:

3. Հրապարակային ծանուցումների մասին տեղեկությունը տրամադրվում է անվճար հիմունքներով:

4. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

i
Հոդված 10. Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

 

1. Օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

2. Կողմերի համաձայնությամբ սահմանված դեպքերում անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն ուղարկվել է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում, եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը: Սույն մասով նախատեսված դեպքում անձը պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան` ծանուցումն ուղարկած անձը կամ մարմինը հնգօրյա ժամկետում չի ստանում ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում, կամ ծանուցվող անձը մասնակի կամ ամբողջությամբ չի կատարում ծանուցմամբ պահանջվող գործողությունը, ապա ծանուցումը ևս մեկ անգամ ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դա ուղարկելուց հետո` հնգօրյա ժամկետում, այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում չստանալու կամ ծանուցմամբ պահանջվող գործողության ամբողջական կամ մասնակի կատարում կրկին չլինելու դեպքում ծանուցումն ուղարկվում է փոստային կապի միջոցով` պատվիրված նամակով` ծանուցումն ստացող ֆիզիկական անձի դեպքում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառված հասցեով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` գտնվելու վայրի փոստային հասցեով:

4. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված դեպքերի, անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցողի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործողությունները կատարվելուց հետո ծանուցումը ևս մեկ անգամ ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում անհատական ծանուցման առկայության վերաբերյալ ծանուցում հրապարակելուց հետո` տասներորդ օրը:

5. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն` նույնականացման քարտ չունեցող ֆիզիկական անձանց կամ պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող իրավաբանական անձանց անհատական ծանուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

(10-րդ հոդ. փոփ. 05.12.13 ՀՕ-114-Ն, 25.10.17 ՀՕ-176-Ն օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 4
Երևան
ՀՕ-172-Ն

 

 

 

pin
ՀՀ 09.04.2007
N ՀՕ-172-Ն օրենք