ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1982-Ա
«ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» պարբերությունը և 2-րդ մասը, 17-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 7-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության` 4,701,732.8 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Օրբելի 41) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (13 229 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 3 290 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել մրցույթով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել մրցութային հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից 3 անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից 1 անդամ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից 1 անդամ:
3. Սահմանել (հաշվետու ժամանակահատվածի` 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2020 թվականի ապրիլի 21-ին գնահատված արժեքը (գնահատման պահ)` 4,663,930.6 հազ. դրամ:
4. Ընկերության գնահատված պարտավորությունները 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 37,802.2 հազ. դրամ, այդ թվում`
1) կրեդիտորական պարտքեր գնումների գծով` 5,978.2 հազ. դրամ.
2) ստացված ընթացիկ կանխավճար` 120.0 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 31,063.6 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 271.9 հազ. դրամ.
5) այլ ընթացիկ պարտավորություններ` 368.5 հազ. դրամ:
5. Ընկերության պարտավորությունները 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմում են 42,961.0 հազ. դրամ:
6. Ընկերության 2014-2019 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ կազմում են 6,089.4 հազ. դրամ, որոնք ենթակա են վճարման սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
7. Սահմանել`
1) որ մրցույթի մասնակցի կողմից առաջարկված գինը կարող է վճարվել 3 տարվա ընթացքում.
2) մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները`
ա. գույքի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել բաժնետոմսերի գնահատված արժեքից)` գործակիցը` 0.5,
բ. ներդրումների չափ` ուղղված ընկերության զարգացմանը (3 տարիների կտրվածքով)` գործակիցը` 0.3,
գ. վճարումների կատարման ժամկետ` գործակիցը` 0.2, ընդ որում, ամբողջ գումարի միանվագ (1 ամսվա ընթացքում) վճարման դեպքում կիրառել 1 գործակից, 1 տարվա ընթացքում` 0.9, 2 տարվա ընթացքում` 0.8, 3 տարվա ընթացքում` 0.7.
3) որ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է բարձր գին առաջարկած մասնակցին:
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել մրցույթ.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի առնվազն 5 տոկոսի չափով, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված` 1,200.0 հազ. դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց գումարները,
բ. մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում:
9. Սահմանել, որ`
1) մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը: Պայմանի չկատարման, ինչպես նաև գնորդի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը վերադարձման Հայաստանի Հանրապետությանը.
2) գնորդը պարտավոր է մասնավորեցումից և պայմանագիրը կնքելուց հետո առնվազն վեց ամիս պահպանել ընկերության աշխատողների թիվը և աշխատավարձի չափը:
10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Հաղթող մասնակցի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
11. Սահմանել, որ գնորդի կողմից վճարված գումարի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 4
Երևան