Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0631.120609

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2009 թվականի N 631-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 4-ի

N 631-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարմանը ներկայացվող պահանջները, ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացում ներգրավված մարմինների գործառույթներն ու ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

1) երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոց` ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ, որը կառուցված է երկրի մակերևույթից մի քանի հարյուր մետր խորության վրա գտնվող կայուն երկրաբանական բնութագրեր ունեցող ֆորմացիաներում և ապահովում է ռադիոիզոտոպների մեկուսացումը կենսոլորտից.

2) մերձմակերեսային գերեզմանոց` ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ, որը կառուցված է երկրի մակերևույթին կամ երկրի մակերևույթից մինչև մի քանի տասնյակ մետր խորության վրա.

3) ռադիոակտիվ թափոնի վերամշակում` ռադիոակտիվ թափոնների ֆիզիկական և քիմիական բնութագրերի փոփոխմանն ուղղված գործողություն, որի նպատակը թափոնը փոխադրման, պահման կամ թաղման համար ընդունելի վիճակի հասցնելն է.

4) կարճ ապրող ռադիոակտիվ թափոն` 100 օրվանից ավելի և մինչև 30 տարի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն: Այս դասի թափոններում թույլատրվում է 30 տարվանից ավելի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպների այնպիսի պարունակություն, որի դեպքում ռադիոակտիվ թափոնների յուրաքանչյուր առանձին վերցրած փաթեթի տեսակարար ակտիվությունը չի գերազանցում 4000 Bq/g-ն, և ընդհանուր տեսակարար ակտիվության միջին արժեքը չի գերազանցում 400 Bq/g-ն.

5) երկար ապրող ռադիոակտիվ թափոն` 30 տարվանից ավելի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն.

6) ռադիոակտիվ թափոնի փաթեթ (waste package)` ռադիոակտիվ թափոնը կոնդիցիայի բերելու արդյունք, որը ներառում է թափոնի ձևը, տարան (տարաները) (կոնտեյները (կոնտեյներները) և ներքին արգելապատնեշները (կլանող նյութեր և այլն).

7) թափոնի ձև (waste form)` ռադիոակտիվ թափոնի մշակումից և (կամ) այն կոնդիցիայի բերելուց հետո թափոնի ֆիզիկական և քիմիական ձևը` մինչև փաթեթավորումը.

8) շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոն` մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն.

9) ռադիոակտիվ թափոնների ընդունելիության չափանիշներ` ռադիոակտիվ թափոնի փաթեթի և թափոնի ձևի նկատմամբ ներկայացվող ճառագայթային, մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական չափանիշներ, որոնք ապահովում են ռադիոակտիվ թափոնների ընդունելի լինելը վերամշակման, պահման, փոխադրման և թաղման համար.

10) ռադիոակտիվ թափոնների բնութագրում` ռադիոակտիվ թափոնների ճառագայթային, ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկությունների որոշում` ուղղված հաստատելու դրանց հետագա մշակման և կոնդիցիայի բերման անհրաժեշտությունը կամ դրանց համապատասխանությունը փոխադրման, վերամշակման, պահման և թաղման ընդունելիության չափանիշներին կամ կարգավորող վերահսկողությունից դուրսբերման մակարդակներին.

11) հիմնական ռադիոակտիվ իզոտոպ կամ հեշտությամբ չափելի ռադիոակտիվ իզոտոպ կամ մարկերային ռադիոիզոտոպ` գամմա ճառագայթող ռադիոակտիվ իզոտոպ, որի ռադիոակտիվությունը փոխկապակցված է դժվար չափելի ռադիոիզոտոպների ռադիոակտիվությանը և կարող է հեշտությամբ չափվել չքայքայող վերլուծության միջոցներով.

12) դժվար չափելի ռադիոակտիվ իզոտոպ` իզոտոպ, որի ռադիոակտիվությունը չքայքայող վերլուծության միջոցներով դժվար է անմիջականորեն չափել թափոնների փաթեթների արտաքին մակերևույթից, օրինակ, ալֆա և մաքուր բետտա ճառագայթող ռադիոակտիվ իզոտոպներ, ցածր էներգիայով գամմա ճառագայթող ռադիոակտիվ իզոտոպներ և իզոտոպների բնութագրական ռենտգենյան ճառագայթում.

13) կշռային գործոն` մաթեմատիկական հարաբերակցության արդյունքում ստացված գործակից, որն օգտագործվում է դժվար չափելի ռադիոակտիվ իզոտոպների ռադիոակտիվության հաշվարկման համար` հիմնվելով նմուշառման և վերլուծության տվյալների արդյունքում որոշված հեշտությամբ չափելի ռադիոակտիվ իզոտոպների ռադիոակտիվության վրա.

14) քայքայող վերլուծություն` չմշակված ռադիոակտիվ թափոնի կամ թափոնի ձևի քիմիական և ռադիոքիմիական մշակում (նմուշառում, նմուշի նախապատրաստում և քիմիական բաժանման մեթոդների կիրառում)` չափելու համար հետազոտվող նյութում մեկ կամ ավելի ռադիոիզոտոպների պարունակությունը և դրանցից յուրաքանչյուրի ակտիվությունը.

15) չքայքայող վերլուծություն` վերլուծություն, որը հիմնված է սպոնտան (ինքնաբերաբար կատարվող) կամ խթանված ատոմի միջուկի ճառագայթման դիտարկման վրա` գնահատելու համար հետազոտվող նյութում մեկ կամ ավելի ռադիոիզոտոպների պարունակությունը` առանց ազդելու նյութի ֆիզիկական կամ քիմիական ձևի վրա.

16) ներկայացուցչական փորձանմուշ` տվյալ գործընթացում նյութից վերցված նմուշ կամ նյութի այնպիսի քանակություն, որն ունի թափոնների տվյալ հոսքի հատկանիշները (բնութագրերը)` ռադիոիզոտոպների պարունակությունը և ռադիոիզոտոպների ակտիվությունների համամասնությունները.

17) բնական ծագմամբ ռադիոակտիվ իզոտոպներ (բնական ճառագայթման աղբյուր)` ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք բնական պայմաններում հանդիպում են զգալի քանակությամբ (հասկացությունը սովորաբար կիրառվում է 40K, 235U, 238U, 232Th ռադիոիզոտոպների, դրանց տրոհման արդյունքների և բնական ակտիվացման գործընթացներից առաջացած 3H և 14C ռադիոիզոտոպների նկատմամբ` ի հակադարձում «անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպներ» հասկացության).

18) բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութ-թափոն` բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութ, որը չի նախատեսվում օգտագործել հետագայում որևէ նպատակով.

19) բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութ` նյութ, որը չի պարունակում բնական ծագմամբ ռադիոիզոտոպներից տարբեր` զգալի քանակությամբ ռադիոիզոտոպներ: Բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութ են համարվում նաև տեխնիկապես հարստացված` բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութերը, որոնցում բնական ծագմամբ ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունները ենթարկվել են փոփոխության` անթրոպոգեն գործունեության արդյունքում.

20) բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութի մնացորդ` նյութ, որն առաջանում է անթրոպոգեն գործունեության արդյունքում և պարունակում է բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութ կամ աղտոտված է բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութով: Բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութի մնացորդը կարող է ճանաչվել և կառավարվել որպես թափոն.

21) ռադիոակտիվ թափոնի կայունություն` ռադիոակտիվ թափոնի ձևի և թափոնի փաթեթի ունակությունը շուրջ հարյուր տարի գոյություն ունենալով` պահպանել իր նախնական որակը և հատկությունները: Ներառում է թափոնի ձևի և թափոնի փաթեթի ճառագայթային, քիմիական ու մեխանիկական կայունությունը.

22) ճառագայթային կայունություն` թափոնի ձևի և թափոնի փաթեթի կարողությունը` դիմակայելու ճառագայթման ազդեցությանը (կարճաժամկետ և երկարաժամկետ)` առանց թափոնի ձևի, ֆիզիկական կամ մոլեկուլային հատկությունների, թափոնի փաթեթի ամբողջականության փոփոխության.

23) քիմիական կայունություն` նյութի լուծման արագությունը կամ նյութի էրոզիայի արագությունը կամ պինդ նյութից դիֆուզիայի եղանակով ազատման արագությունը, որը թափոնի ձևից և թափոնի փաթեթից ռադիոնուկլիդների միգրացիայի արագության չափման միավոր է.

24) մեխանիկական կայունություն` թափոնի փաթեթի կարողությունը` դիմակայելու դրա կառավարման ժամանակ հնարավոր մեխանիկական ազդեցություններին, որոնք առաջանում են թափոնի փաթեթի փոխադրման, բեռնաթափման, պահման, գերեզմանոցում տեղադրման ժամանակ` բնականոն իրավիճակներում և բնականոն իրավիճակներից տարբեր` կանխատեսելի իրավիճակներում:

(2-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն, 01.12.16 թիվ 1234-Ն, 09.11.17 թիվ 1424-Ն որոշումներ)

 

II. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

3. Ռադիոակտիվ թափոնների աղբյուրներն են`

1) միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր օգտագործող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտները.

2) ռադիոակտիվ հանքանյութեր արդյունահանող և հարստացնող օբյեկտները.

3) ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ արտադրող օբյեկտները.

4) այն օբյեկտները, որտեղ առկա ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի օգտագործման ժամկետը լրացել է, կամ դադարեցվել է դրանց օգտագործմամբ գործունեությունը.

5) այն օբյեկտները, որտեղ առաջացել են հետազոտական նպատակներով ռադիոակտիվ նյութեր ներարկված կենսաբանական օբյեկտների մնացորդներ (կենդանիների դիակներ, բույսերի փորձանմուշներ և այլն).

6) այն օբյեկտները, որտեղ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների օգտագործման ժամանակ առաջացել են ռադիոակտիվ աղտոտման ենթարկված սարքավորումներ, արտահագուստ և նյութեր.

7) շահագործումից հանվող ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտները, որտեղ աշխատանքներ են կատարվել միջուկային և (կամ) ռադիոակտիվ նյութերի հետ.

8) ռադիոակտիվ աղտոտման ենթարկված շրջակա բնական միջավայրի օբյեկտները (հող, ջուր, բուսականություն):

3.1. (3.1-ին կետն ուժը կորցրել է 01.12.16 թիվ 1234-Ն որոշում)

(3.1-ին կետը լրաց. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

 

III. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացը բաղկացած է ռադիոակտիվ թափոնների վերամշակման (նախնական մշակման, մշակման, կոնդիցիայի բերման), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններում պահման և գերեզմանոցներում թաղման փուլերից:

(4-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն, 01.12.16 թիվ 1234-Ն որոշումներ)

5. Ռադիոակտիվ թափոնների նախնական մշակումը ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացի սկզբնական փուլն է, որի նպատակը ռադիոակտիվ թափոնների հավաքումն ու նախապատրաստումն է` դրանք ռադիոակտիվ թափոնների վերամշակման օբյեկտ և (կամ) պահեստարան և (կամ) գերեզմանոց հանձնելու համար:

(5-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

6. Ռադիոակտիվ թափոնների նախնական մշակման փուլը ներառում է`

1) ռադիոակտիվ թափոնների հավաքումն առաջացման վայրում.

2) ռադիոակտիվ թափոնների բնութագրումը և տարանջատումը` ըստ ֆիզիկական, քիմիական և ճառագայթային հատկությունների.

3) ռադիոակտիվ թափոնների քիմիական բաղադրության կանոնավորումը.

4) ռադիոակտիվ թափոնների ապաակտիվացումը:

(6-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

7. Ռադիոակտիվ թափոնների հավաքումն իրականացվում է ռադիոակտիվ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշումներին համապատասխան:

8. Հավաքված ռադիոակտիվ թափոնները ենթարկվում են վերամշակման` թափոնների փոխադրման, պահեստարանում պահման կամ գերեզմանոցում թաղման համար ընդունելի վիճակի բերելու նպատակով:

9. Ռադիոակտիվ թափոնները վերամշակվում են ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման, լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից:

10. Ռադիոակտիվ թափոնների մշակման փուլը ներառում է գործողություններ, որոնց նպատակն է ռադիոակտիվ թափոնների բնութագրերի փոփոխմամբ բարձրացնել դրանց անվտանգությունը: Ռադիոակտիվ թափոնների մշակման եղանակներն են`

1) ռադիոակտիվ թափոնների ծավալի փոքրացումը` գոլորշիացման, մասնատման, մանրացման, մամլման, այրման, հալման և այլ մեթոդներով.

2) ռադիոակտիվ թափոններից ռադիոիզոտոպների հեռացումը` ֆիլտրման, նստվածքագոյացման, իոնային փոխանակման, մեմբրանային տեխնոլոգիաների և այլ մեթոդներով.

3) բաղադրության փոփոխումը` քիմիական մշակման մեթոդներով:

(10-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

10.1. Ռադիոակտիվ թափոնները կոնդիցիայի բերելու փուլը ներառում է գործողություններ, որոնց նպատակն է փոխադրման, պահման և թաղման համար ընդունելի ռադիոակտիվ թափոնի փաթեթի ստեղծումը: Այդ փուլը ներառում է`

1) ռադիոակտիվ թափոնների վերափոխումը կայուն պինդ վիճակի` ցեմենտավորման, բիտումավորման, ապակիացման կամ այլ մեթոդներով.

2) տեղադրումը հատուկ տարաների մեջ.

3) լրացուցիչ տարայի մեջ ռադիոակտիվ թափոնի մեկ կամ մի քանի փաթեթների տեղադրումը:

(10.1-ին կետը լրաց. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

10.2. Ռադիոակտիվ թափոններն ըստ ծագման բաժանվում են`

1) միջուկային վառելիքային ցիկլում առաջացած ռադիոակտիվ թափոնների.

2) ռադիոակտիվ իզոտոպների արտադրությունից և գիտության, արդյունաբերության, կրթության և բժշկության բնագավառներում առաջացած ռադիոակտիվ թափոնների.

3) հանքարդյունահանման և հանքամշակման ժամանակ առաջացած ռադիոակտիվ թափոնների:

(10.2-րդ կետը լրաց. 09.11.17 թիվ 1424-Ն որոշում)

10.3. Ռադիոակտիվ թափոնը, թափոնի ձևը և թափոնի փաթեթը պետք է բնութագրվեն ռադիոակտիվ թափոնների կառավարման յուրաքանչյուր փուլում:

(10.3-րդ կետը լրաց. 09.11.17 թիվ 1424-Ն որոշում)

10.4. Ռադիոակտիվ թափոնը բնութագրվում է`

1) ըստ ճառագայթային հատկությունների`

ա. գումարային ակտիվությունը` ներառյալ դժվար չափելի ռադիոակտիվ իզոտոպների ակտիվությունը,

բ. տեսակարար ակտիվությունը` ներառյալ դժվար չափելի ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը,

գ. ռադիոիզոտոպային կազմը` ներառյալ կիսատրոհման պարբերությունը և ճառագայթման տեսակը,

դ. գամմա ճառագայթման դոզայի հզորությունը,

ե. մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությունը և տեսակը (ֆիքսված կամ չֆիքսված),

զ. տրոհվող նյութերի առկայությունը և քանակը,

է. ջերմագոյացումը,

ը. ռադիոակտիվության բնույթը (ռադիոակտիվ աղտոտվածություն կամ ակտիվացում).

2) ըստ ֆիզիկաքիմիական հատկությունների`

ա. ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազային),

բ. ծավալը, զանգվածը, երկրաչափական չափսերը,

գ. խտությունը,

դ. ցնդելիությունը,

ե. քիմիական բաղադրությունը,

զ. հրդեհավտանգավորությունը և ջերմակայունությունը,

է. քիմիական համատեղելիությունը,

ը. պայթյունավտանգավորությունը,

թ. գազերի առաջացումը,

ժ. թթվայնությունը (pH-ը),

ժա. թունավորությունը.

3) ըստ կենսաբանական հատկությունների`

ա. փտող նյութերի առկայությունը,

բ. վարակիչ և պաթոգեն նյութերի առկայությունը:

(10.4-րդ կետը լրաց. 09.11.17 թիվ 1424-Ն որոշում)

10.5. Բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութ-թափոնի բնութագրման ժամանակ, ինչպես նաև բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութի մնացորդի` որպես ռադիոակտիվ թափոն կառավարելու վերաբերյալ որոշման ընդունման դեպքում չափվում է նաև ծանր մետաղների պարունակությունը:

(10.5-րդ կետը լրաց. 09.11.17 թիվ 1424-Ն որոշում)

10.6. Ռադիոակտիվ թափոնի ձևի և թափոնի փաթեթի բնութագրումը ներառում է`

1) ըստ ճառագայթային հատկությունների`

ա. գումարային ակտիվությունը` ներառյալ դժվար չափելի ռադիոիզոտոպների ակտիվությունը,

բ. ռադիոակտիվ իզոտոպային կազմը` ներառյալ կարճ ապրող ռադիոիզոտոպների հարաբերությունը երկար ապրող ռադիոիզոտոպներին,

գ. գամմա ճառագայթման դոզայի հզորությունը,

դ. մակերեսային աղտոտվածությունը,

ե. տրոհվող նյութերի առկայությունը,

զ. ջերմագոյացումը.

է. ճառագայթային կայունությունը.

2) ըստ ֆիզիկաքիմիական հատկությունների`

ա. զանգվածը,

բ. կառուցվածքային և ծավալային կայունությունը,

գ. թափանցելիությունը և ծակոտկենությունը,

դ. խտությունը,

ե. դատարկ (չզբաղեցված) ընդհանուր ծավալը,

զ. մեխանիկական կայունությունը,

է. արտաքին ազդեցության, ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականությունը,

ը. միատարրությունը,

թ. քիմիական կայունությունը,

ժ. քիմիական բաղադրությունը,

ժա. կոռոզիայի նկատմամբ կայունությունը,

ժբ. պայթյունավտանգավորությունը,

ժգ. գազերի առաջացումը,

ժդ. թունավորությունը,

ժե. հրդեհակայունությունը:

(10.6-րդ կետը լրաց. 09.11.17 թիվ 1424-Ն որոշում)

10.7. Ատոմային էլեկտրակայանում առաջացած ռադիոակտիվ թափոններում բնութագրման ենթակա ռադիոակտիվ իզոտոպների ցանկը (ներառյալ դժվար չափելի ռադիոակտիվ իզոտոպները) ներկայացված է N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1. Ցանկ ատոմային էլեկտրակայանում առաջացած ռադիոակտիվ

թափոններում բնութագրման ենթակա ռադիոակտիվ իզոտոպների

 

._____________________________________________________________________.

|Ռադիոակտիվ|Կիսատրոհման       |Հիմնական          |Առաջացման հիմնական  |

|իզոտոպը   |պարբերականությունը|ճառագայթման տեսակը|մեխանիզմը           |

|__________|__________________|__________________|____________________|

|    1     |        2         |         3        |          4         |

|__________|__________________|__________________|____________________|

|H-3       |12.3 տարի         |B-(Emax=18.6keV)  |Li-6(n, a)          |

|          |                  |                  |H-2(n, Y)           |

|          |                  |                  |միջուկի եռակի       |

|          |                  |                  |տրոհում             |

|__________|__________________|__________________|____________________|

|C-14      |5730 տարի         |B-(Emax=156 keV)  |C-13(n, Y)          |

|          |                  |                  |N-14(n, p)          |

|          |                  |                  |O-17(n, a)          |

|__________|__________________|__________________|____________________|

|Cl-36     |3.01x10(5) տարի   |B-(Emax=708.6 keV)|Cl-35(n, Y)         |

|          |                  |                  |Ca-40(n, Y)         |

|__________|__________________|__________________|____________________|

|Ca-41     |1.03x10(5) տարի   |e-(2.97 keV)      |Ca-40(n, Y)         |

|          |                  |X (3.31 keV)      |                    |

|          |                  |X (3.59 keV)      |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Mn-54     |312 օր            |Y (835 keV)       |Fe-54(n,p)          |

|          |                  |X (5.4 keV)       |                    |

|          |                  |X (5.9 keV)       |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Fe-55     |2.74 տարի         |X (5.90 keV)      |Fe-54(n, Y)         |

|          |                  |X (6.49 keV)      |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Ni-59     |7.6x10(4) տարի    |X (6.93 keV)      |Ni-58(n, Y)         |

|          |                  |X (7.65 keV)      |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Co-60     |5.27 տարի         |Y (1173.2 keV)    |Co-59(n, Y)         |

|          |                  |Y (1332.5 keV)    |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Ni-63     |100.1 տարի        |B-(Emax=66.9 keV) |Ni-62(n, Y)         |

|__________|__________________|__________________|____________________|

|Se-79     |2.95x10(5) տարի   |B-(Emax=151 keV)  |միջուկի տրոհում     |

|          |                  |                  |տրոհման արգասիքի    |

|          |                  |                  |ակտիվացում`         |

|          |                  |                  |Se-78(n, Y)         |

|__________|__________________|__________________|____________________|

|Sr-90     |28.9 տարի         |Չ- (Emax=546 keV) |միջուկի տրոհում     |

|          |                  |                  |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Nb-94     |2.03 x10(4) տարի  |Y (702.6 keV)     |Nb-93(n, Y)         |

|          |                  |Y (871.1 keV)     |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Tc-99     |2.11x10(5) տարի   |B-(Emax=293.5 keV)|միջուկի տրոհում     |

|          |                  |(Emax=293.5 keV)  |Mo-98(n, Y)         |

|          |                  |                  |Mo-99(B-)           |

|__________|__________________|__________________|____________________|

|Ru-106    |373.6 օր          |Y (511.9 keV)a    |միջուկի տրոհում     |

|          |                  |Y (621.9 keV)a    |                    |

|          |                  |Y (1050.4 keV)a   |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Ag-110m   |250 օր            |Y (660 keV)       |Ag-109(n,Y)         |

|          |                  |Y (880 keV)       |                    |

|          |                  |Y (940 keV)       |                    |

|          |                  |Y (1380 keV)      |                    |

|          |                  |X (23.2 keV)      |                    |

|          |                  |X (21.9 keV)      |                    |

|          |                  |X (24.9keV)       |                    |

|          |                  |X (25.5 keV)      |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Sb-125    |2.76 տարի         |Y (427.9 keV)     |միջուկի տրոհում     |

|          |                  |Y (600.6 keV)     |Sn-124(n, Y)        |

|          |                  |Y (635.9 keV)     |Sn-125(B-)          |

|__________|__________________|__________________|____________________|

|I-129     |1.57x10(7) տարի   |X (29.8 keV)      |միջուկի տրոհում     |

|          |                  |X (29.5 keV)      |                    |

|          |                  |X (33.6 keV)      |                    |

|          |                  |Y (39.6 keV)      |                    |

|          |                  |X (34.4 keV)      |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Cs-135    |2.3x10(6) տարի    |B-(Emax=268.7keV) |միջուկի տրոհում     |

|__________|__________________|__________________|____________________|

|Cs-137    |30.08 տարի        |Y (661.6 keV)     |միջուկի տրոհում     |

|__________|__________________|__________________|____________________|

|Ce-144    |284.9 օր          |Y (133.5 keV)     |միջուկի տրոհում     |

|          |                  |Y (696.5 keV)(a)  |                    |

|          |                  |Y (80.1 keV)      |                    |

|          |                  |Y (2185.7keV)a    |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|U-235     |7.04x10(8) տարի   |a (4.398 MeV)     |բնական ծագմամբ      |

|          |                  |a (4.366 MeV)     |                    |

|          |                  |a (4.215 MeV)     |                    |

|          |                  |Y (185.7 keV)     |                    |

|          |                  |Y (143.8 keV)     |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Np-237    |2.14x10(6) տարի   |a (4.788 MeV)     |U-235(n, Y)         |

|          |                  |a (4.771 MeV)     |U-236(n, Y)         |

|          |                  |a (4.767 MeV)     |U-237(B-)           |

|          |                  |Y (29.4 keV)      |                    |

|          |                  |Y (86.5 keV)      |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|U-238     |4.47x10(9) տարի   |a (4.198 MeV)     |բնական ծագմամբ      |

|          |                  |a (4.151 MeV)     |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Pu-238    |87.7 տարի         |a (5.499 MeV)     |Np-237(n, Y)        |

|          |                  |a (5.456 MeV)     |Np-238(շ-)          |

|          |                  |                  |Cm-242(a)           |

|__________|__________________|__________________|____________________|

|Pu-239    |24 110 տարի       |a (5.157 MeV)     |U-238(n, Y)         |

|          |                  |a (5.144 MeV)     |U-239(շ-)           |

|          |                  |                  |Np-239(Չ-)          |

|__________|__________________|__________________|____________________|

|Pu-240    |6561 տարի         |a (5.168 MeV)     |նեյտրոնների բազմակի |

|          |                  |a (5.124 MeV)     |կլանում             |

|__________|__________________|__________________|____________________|

|Pu-241    |14.29 տարի        |B-(Emax=20.78keV) |նեյտրոնների բազմակի |

|          |                  |a (4.896 MeV)     |կլանում             |

|          |                  |a (4.853 MeV)     |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Am-241    |432.6 տարի        |a (5.486 MeV)     |Pu-241(B-)          |

|          |                  |a (5.443 MeV)     |                    |

|          |                  |Y (59.5 keV)      |                    |

|          |                  |Y (26.3 keV)      |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Pu-242    |3.75x10(5) տարի   |a (4.902 MeV)     |նեյտրոնների բազմակի |

|          |                  |a (4.858 MeV)     |կլանում             |

|__________|__________________|__________________|____________________|

|Cm-242    |162.8 օր          |a (6.113 MeV)     |նեյտրոնների բազմակի |

|          |                  |a (6.069 MeV)     |կլանում, որին       |

|          |                  |                  |հաջորդում է         |

|          |                  |                  |Am-242(B-)          |

|__________|__________________|__________________|____________________|

|Cm-243    |29.1 տարի         |a (5.785 MeV)     |նեյտրոնների բազմակի |

|          |                  |a (5.742 MeV)     |կլանում             |

|          |                  |a (5.992 MeV)     |                    |

|__________|__________________|__________________|____________________|

|Cm-244    |18.1 տարի         |a (5.805 MeV)     |նեյտրոնների բազմակի |

|          |                  |a (5.763 MeV)     |կլանում             |

._____________________________________________________________________.

 

a-կարճ ապրող դուստր ռադիոակտիվ իզոտոպի տրոհման էներգիան:

(10.7-րդ կետը լրաց. 09.11.17 թիվ 1424-Ն որոշում)

10.8. Ռադիոակտիվ թափոնի, թափոնի ձևի, թափոնի փաթեթի բնութագրման մեթոդը` ներառյալ բնութագրման համար ընտրված փորձանմուշի ներկայացուցչական լինելու հիմնավորումը, դժվար չափելի ռադիոակտիվ իզոտոպների բնութագրման համար ընտրված կշռային գործակցի հաշվարկման եղանակը և հիմնավորումը համաձայնեցվում են կարգավորող մարմնի հետ:

(10.8-րդ կետը լրաց. 09.11.17 թիվ 1424-Ն որոշում)

10.9. Ռադիոակտիվ թափոնի, թափոնի ձևի, թափոնի փաթեթի բնութագրման տվյալներն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորված անձանց կողմից գրանցվում են թղթային և էլեկտրոնային գրանցամատյաններում և պահպանվում են մինչև թափոնների կառավարման տեղակայանքի շահագործման ավարտը:

(10.9-րդ կետը լրաց. 09.11.17 թիվ 1424-Ն որոշում)

11. Ռադիոակտիվ թափոնները պահեստարաններում պահման նպատակն է ապահովել թափոնների ժամանակավոր մեկուսացումը շրջակա միջավայրից` մինչև դրանց թաղումը:

12. Ռադիոակտիվ թափոնները պահեստարաններում պահվում են ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից:

13. Շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոնները պահվում են կիսատրոհման այլ պարբերություն ունեցող թափոններից առանձին:

(13-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

14. Ռադիոակտիվ թափոնների թաղումը ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացի վերջնական փուլն է, որի նպատակն է ապահովել ռադիոակտիվ թափոնների վերջնական մեկուսացումը մարդկանցից և շրջակա միջավայրից:

15. Շատ ցածր ակտիվությամբ, ցածր ակտիվությամբ, ինչպես նաև կարճ ապրող միջին ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնները թաղվում են մերձմակերեսային գերեզմանոցներում, իսկ երկար ապրող միջին ակտիվությամբ և բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնները` միայն երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոցներում:

(15-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

 

IV. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Ռադիոակտիվ թափոնների վերամշակման, ռադիոակտիվ թափոնների` պահեստարաններում պահման և գերեզմանոցներում թաղման աշխատանքները պետք է իրականացվեն տարածքային առումով կենտրոնացված:

(16-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

17. Ռադիոակտիվ թափոնների առաջացումը` ըստ ակտիվության և ծավալի, պետք է պահվի գործնականորեն հասանելի նվազագույն մակարդակի վրա:

18. Ռադիոակտիվ թափոնների առաջացման և դրանց կառավարման բոլոր փուլերը պետք է լինեն փոխկապակցված:

19. Ռադիոակտիվ թափոնների կառավարման բոլոր փուլերում պետք է ներդրվեն որակի ապահովման ծրագրեր, որոնք մշակում և ներդնում են ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգի կազմակերպությունները:

20. Ռադիոակտիվ թափոնների կառավարման ցանկացած փուլում կարող են օգտագործվել միայն փորձարկված այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջները:

21. Գերակայություն պետք է տրվի այն տեխնոլոգիաներին, որոնք ապահովում են անձնակազմի, բնակչության և արտաքին միջավայրի վրա ռադիոակտիվ թափոնների վնասակար ազդեցության առավել ցածր ռիսկը:

 

V. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

22. Ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցերով լիազոր պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որը`

1) մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման իրավական ակտերի նախագծեր, ռազմավարությունը, ռադիոակտիվ թափոնների կառավարման պետական նպատակային ծրագիրը, համակարգում է ծրագրի իրականացման աշխատանքները.

2) իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարման բնագավառում գիտատեխնիկական, ներդրումային և կառուցվածքային պետական քաղաքականություն.

3) մշակում և իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարմանը, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ու գերեզմանոցների անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված միջոցառումներ.

23. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինն իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության պետական կարգավորումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

24. Ռադիոակտիվ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտը`

1) ապահովում է օբյեկտում առաջացող ռադիոակտիվ թափոնների հավաքումը և թափոնների վերամշակման օբյեկտ, պահեստարան, գերեզմանոց դրանց հանձնումը.

2) ապահովում է օբյեկտում առաջացող` շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոնների պահումը` մինչև դրանց տեսակարար ակտիվության համապատասխանելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի 27-րդ կետով նախատեսված արժեքներին:

(24-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1291-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2009
N 631-Ն
Որոշում