Սեղմել Esc փակելու համար:
{16.11.2017 - 31.10.2019} ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.11.2017 - 31.10.2019} ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.11.2017  -ից մինչեւ   31.10.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

16/11/2017 - 31/10/2019

040.0967.190815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 967-Ն

 

i

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 02.11.17 թիվ 1393-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի օգոստոսի 18-ի

N 967-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) վտանգավոր կենսաբանական նյութ` բնական կամ արհեստական ծագում ունեցող կենսաբանական նյութ, որի հետ շփվելն անբարենպաստ ազդեցություն է գործում մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի վրա, ինչպես նաև վնաս է պատճառում շրջակա միջավայրին.

2) կենսաբանական վարակվածության օջախ` տարածք, որտեղից կենսաբանական զենքի կիրառման կամ բնածին վարակների հարուցիչների տարածման հետևանքով առաջացել է կամ կարող է առաջանալ բնակչության, կենդանիների ու բուսականության տեղային կամ զանգվածային հիվանդացում.

3) կենսաբանական վարակվածության գոտի` օդային տարածք, հողատարածք` բուսածածկ տարածք կամ ջրատարածք, որոնց սահմաններում տարածվել կամ ներբերվել են վտանգավոր կենսաբանական նյութեր, մարդկանց և կենդանիներին ախտահարող կենսաբանական միջոցներ կամ ախտածին միկրոօրգանիզմներ, որոնք վտանգ են ստեղծում մարդկանց կյանքի ու առողջության, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, ինչպես նաև շրջակա միջավայրի համար.

4) վարակազերծում` տարածքի, շինությունների, տեխնիկայի, ջրային ռեսուրսի, պարենային հումքի, սննդամթերքի և անասնակերի` վարակիչ հիվանդությունների հարուցիչներով ախտահարման նվազեցում` մինչև սահմանային թույլատրելի նորմերը, ախտահանման ու թունազերծման քիմիական, ֆիզիկական և մեխանիկական եղանակներով.

5) ախտահանում` ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացում կամ հեռացում` քիմիական, ֆիզիկական և մեխանիկական եղանակներով.

6) հատուկ մշակում` պաշտպանական, ինժեներատեխնիկական, կազմակերպական միջոցառումներ` ուղղված կենդանիների, տեղանքի, տեխնիկայի, սպառազինության, սարքավորումների, շինությունների ապաակտիվացմանը, ապագազացմանը և ախտահանմանը` համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ.

7) հատուկ մշակման կետ` տարածքի հատված, որի վրա ծավալվում են վթարների հետևանքները վերացնող ստորաբաժանումները` տեխնիկայի, սարքավորումների և հանդերձանքի վարակազերծման համար.

8) սանիտարական մշակում` վարակվածության ենթարկված մարդկանց մաշկային ծածկույթների, լորձաթաղանթների մեխանիկական մաքրումը, ինչպես նաև աղետի գոտուց դուրս գալու ժամանակ նրանց հագուստի և կոշիկների վարակազերծումը` համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ.

9) հատուկ տեխնիկա` տրանսպորտային, տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, որոնք նախատեսված են քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումներ իրականացնելու համար.

10) կենսաբանական վարակվածության օջախում փրկարարական աշխատանքներ` կենսաանվտանգության կանոնների պահպանմամբ փրկարարական, որոնողափրկարարական, բուժասանիտարական միջոցառումների համալիր` ուղղված մարդկանց, կենդանիների, բույսերի, նյութական և մշակութային արժեքների փրկությանը:

3. Կենսաբանական վարակվածության օջախում փրկարարական աշխատանքների իրականացման նպատակը կենսաբանական վարակվածության օջախում մարդկանց, կենդանիների, բույսերի, նյութական և մշակութային արժեքների փրկությունն է:

i

4. Կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների գործընթացի համակարգումն ու փոխգործողության կազմակերպումն իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1393-Ն որոշում)

 

II. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

5. Կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման գործընթացում ներգրավվում են հետևյալ մարմինները`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը.

6) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:

(5-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1393-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խնդիրներն են`

1) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ու բնակչության ազդարարումը և անհրաժեշտ տեղեկատվական ապահովումը.

2) կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման գործընթացում ներգրավված մարմինների գործունեության համակարգումն ու փոխգործողության կազմակերպումը` արտակարգ իրավիճակներում.

3) կենսաբանական վարակվածության օջախներում` իրենց վերապահված իրավասությունների և գործառույթների սահմաններում, սահմանված ընթացակարգերի համաձայն կենսաբանական հետախուզության և մշտադիտարկման իրականացումը`

ա. կենսաբանական վարակվածության փաստի և նյութի հայտնաբերումը,

բ. կենսաբանական վարակվածության սահմանների որոշումը և ցուցանշումը,

գ. օդի, հողի, ջրի նմուշառումը և տեղափոխումն ախտածին միկրոօրգանիզմների հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ,

դ. կենսաբանական վարակվածության գոտուն մոտենալու և բնակչության տարահանման երթուղիների որոշումը,

ե. կենսաբանական վարակվածության գոտում աշխատելու նպատակով անհատական պաշտպանության միջոցների կատեգորիայի որոշումը,

զ. կենսաբանական վարակվածության գոտում փրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում կենսաանվտանգության կանոնների պահպանման հսկողությունը.

4) կենսաբանական վարակվածության օջախներում և կենսաբանական ազդակներով վարակվածության տարածքներում փրկարարական ու վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող անձնակազմին և բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման կազմակերպումը.

5) տուժածների հայտնաբերումը, դուրսբերումը կենսաբանական վարակվածության օջախից և տարահանման կազմակերպումը.

6) փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող անձնակազմի սանիտարական մշակման, հագուստի ախտահանման աշխատանքներին մասնակցությունը.

7) տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության պարագաներով ու միջոցներով ապահովելը.

8) տարահանված բնակչության կենսաապահովումը.

9) տարահանվածներին մաքուր հագուստով ապահովելը.

10) սննդի և սննդամթերքի մատակարարման շարժական կետերի միջոցով տուժած բնակչությանը սննդով ապահովելը.

i

11) կենսաբանական վարակվածության օջախներում բնակչության կենսաապահովման իրականացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան.

12) հնարավոր վարակվածության գոտում գործող վտանգավոր արտադրական կազմակերպությունների անվտանգ շահագործման և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը.

13) փաստացի և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը:

(6-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1393-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրներն են`

1) կենսաբանական վարակվածության գոտում` իրենց վերապահված իրավասությունների և գործառույթների սահմաններում, սահմանված ընթացակարգերի համաձայն կիրառված կենսաբանական ազդակի հայտնաբերումը և դրա տեսակի որոշումը.

2) կենսաբանական իրավիճակի գնահատումը.

3) հատուկ մշակման կետերի ծավալումը.

4) անձնակազմի սանիտարական մշակման իրականացումը.

5) ըստ անհրաժեշտության` մասնակցությունը բնակչության սանիտարական մշակման աշխատանքներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդիրներն են`

1) կենսաբանական վարակվածության օջախներում` իրենց վերապահված իրավասությունների և գործառույթների սահմաններում, սահմանված ընթացակարգերի համաձայն կենսաբանական հետախուզության և համաճարակաբանական հետազոտության իրականացումը`

ա. կենսաբանական նյութի և հիվանդության տարածման ուղիների որոշումը,

բ. բաց ջրամբարների` կենսաբանական ազդակներով վարակվածության որոշումը,

գ. օդի, հողի, ջրի նմուշառումը և լաբորատոր փորձաքննության իրականացումը,

դ. կենսաբանական ազդակների, վարակիչ հիվանդությունների հարուցիչների տեսակի որոշումը և նույնականացումը,

ե. հիվանդ և կոնտակտավոր անձանց մանրէաբանական հետազոտության իրականացումը.

2) կենսաբանական նյութերով վարակվածության տարածքներից դուրս բերված տուժածներին շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կազմակերպումը.

3) տուժածների տեղափոխման կազմակերպումը բժշկական կազմակերպություններ` մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով.

4) կենսաբանական նյութերով վարակվածության տարածքներում հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը:

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության խնդիրներն են`

1) գյուղատնտեսական կենդանիների վարակվածության պատճառ հանդիսացող կենսաբանական ազդակների, վարակիչ հիվանդությունների հարուցիչների տեսակի որոշումը և գյուղատնտեսական կենդանիների մանրէաբանական հետազոտությունների իրականացումը.

2) սննդամթերքի, պարենային հումքի սանիտարական և մանրէաբանական փորձաքննության անցկացումը.

3) մշակաբույսերի վարակիչ հիվանդությունների, հողերի վարակվածության որոշումը.

4) տարահանվող գյուղատնտեսական կենդանիների վարակազերծումը, պատվաստումը, հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացումը.

5) մասնակցությունը համաճարակային տվյալների հավաքագրման և վերլուծման, ինչպես նաև անասնաբուժական լաբորատոր փորձաքննության համար անհրաժեշտ ախտաբանական նմուշների հավաքագրման աշխատանքներին.

6) կենդանիների շրջանում վարակի հետագա զարգացման, տարածման ռիսկերի բացահայտումը և գնահատումը:

i

10. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության խնդիրներն են`

1) շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգի իրականացումը.

2) կենսաբանական իրավիճակի գնահատման աշխատանքներին մասնակցությունը:

(10-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության խնդիրներն են`

1) կենսաբանական վարակվածության գոտուց բնակչության տարահանման, ինչպես նաև տուժածների և հիվանդների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովումը.

2) բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում կապի ապահովումը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խնդիրներն են`

1) կենսաբանական նյութերով վարակվածության տարածքների, կենսաբանական վարակվածության օջախների արգելափակումը.

2) հասարակական կարգի պահպանումը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խնդիրներն իրականացվում են ծառայությանը վերապահված գործառույթների սահմաններում:

 

III. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՈՒՄ ՀԱՄԱԼԻՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

i

14. Կենսաբանական վարակվածության օջախում համալիր փրկարարական աշխատանքների իրականացումը ներառում է`

1) կենսաբանական վարակվածության օջախի և կենսաբանական վարակվածության գոտու հետախուզումը, որն իրականացնում են կենսաբանական հետախուզության ստորաբաժանումները: Այդ աշխատանքների իրականացման համար կենսաբանական հետախուզության խումբը պետք է ապահովված լինի տարբեր մակարդակների անհատական պաշտպանության միջոցներով, կենսաբանական հետախուզման և նմուշառման լրակազմերով.

2) կենսաբանական վարակվածության օջախներում կենսաբանական հետախուզության և մշտադիտարկման իրականացումը, որը ներառում է`

ա. կենսաբանական նյութի տեսակի որոշումը, կենսաբանական վարակվածության գոտու սահմանների որոշումը և նշագծումը,

բ. օդի, հողի, ջրի փորձանմուշներ վերցնելը` հետագա լաբորատոր հետազոտության համար,

գ. կենսաբանական վարակվածության գոտում փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհատական պաշտպանության միջոցների տեսակի և մակարդակի որոշումը,

դ. օջախին մոտենալու ուղիների ճշտումը և նշագրումը.

3) հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

4) փաստացի և կանխատեսվող եղանակային պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.

5) փրկարարական և վթարավերականգնողական ուժերի անձնակազմերի, բնակչության, տարածքի սանիտարական մշակման կետերի ծավալումը և մշակումը`

ա. կենսաբանական վարակվածության հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած փրկարարական, վթարավերականգնողական ուժերի անձնակազմերին, կենսաբանական վարակվածության ենթարկված բնակչությանը վարակման գոտուց դուրս գալուց անմիջապես հետո սանիտարական մշակման ենթարկվելը, որն իրականացվում է կենսաբանական վարակվածության վերացման նպատակով: Սանիտարական մշակման կետերը ծավալվում են հատուկ մշակման ստորաբաժանումների կողմից, որոնք ունեն ցնցուղային-վարակազերծող համակարգ,

բ. հատուկ մշակման աշխատանքների իրականացումը կենսաբանական վարակվածության հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների կողմից: Ստորաբաժանումների հատուկ մշակման և անձնակազմի ու բնակչության սանիտարական մշակման իրականացման համար ծավալվում է հատուկ մշակման հարթակը, որը, որպես կանոն, ծավալվում է չվարակված տարածքում, ստորաբաժանումների վարակման գոտուց դուրս գալու երթուղիների վրա, ինչպես նաև բնակչության տարահանման երթուղիների վրա տեղաբաշխված անցակետերի մոտ, որն ընդգրկում է մշակման ենթակա ստորաբաժանումների հավաքման ու սպասեցման հարթակը, հատուկ մշակման մեկ կամ մի քանի կետեր, սանիտարական մշակման կետ, ոչ լիարժեք վարակազերծում անցած տեխնիկայի կայանատեղ (կրկնակի վարակազերծման համար): Հատուկ մշակման կետը (կետերը) և սպասեցման հարթակը նախատեսված են ստորաբաժանումներին հատուկ մշակման նախապատրաստման ենթարկելու և հերթադրման համար: Կախված իրավիճակից` սպասեցման հարթակը հատուկ մշակման կետից (կետերից) պետք է գտնվի 1-5 կմ հեռավորության վրա: Հատուկ մշակման կետում ծավալվում են հսկիչ-տեղաբաշխիչ կետը, որը տեղաբաշխվում է հատուկ մշակման հարթակից 0,5-1 կմ հեռավորության վրա` տեխնիկայի և անձնակազմի վարակվածության որոշման համար, տեխնիկայի մշակման հարթակը` որը ծավալվում է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության կամ հրշեջ ստորաբաժանումների կողմից (վարակազերծումն իրականացվում է ջերմային մեքենաների, ավտոլցավորող մեքենաների և հրշեջ մեքենաների միջոցով), սարքերի և գործիքների մշակման հարթակը` որը (անհրաժեշտության դեպքում) ծավալվում է ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումների կողմից (այդ նպատակով հարթակում ծավալվում են վարակազերծման և ջրատար մեքենաները), անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի վարակազերծման հարթակը` որը ծավալվում է հատուկ մշակման ստորաբաժանումների կողմից, որոնք ունեն ցնցուղային-վարակազերծող համակարգ: Վարակազերծումը (սանիտարական մշակումը) կարող է լինել մասնակի կամ լրիվ: Մասնակի վարակազերծումն իրականացվում է ժամանակի սղության կամ հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում: Վարակազերծվում են տեխնիկայի այն հատվածները, որոնք կարող են շփվել մարդկանց մաշկի հետ: Վարակազերծման (սանիտարական մշակման) աշխատանքներն իրականացվում են այնպես, որպեսզի չխոչընդոտեն ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարման ընթացքին,

գ. հրամանատարադիտարկման կետի ծավալումը.

6) բժշկական օգնության կազմակերպումը`

ա. կենսաբանական ազդեցության ենթարկվածների վաղ հայտնաբերումը,

բ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագիտացված բժշկական բրիգադների (առնվազն 4 բժիշկ) կողմից առաջին բժշկական օգնության ցուցաբերումը` ծավալված բժշկական կետերում,

գ. հայտնաբերված տուժածների տեսակավորումը և տարահանումը համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններ.

7) կապի ապահովումը` բնակչության պաշտպանության միջոցառումների ընթացքում կապը կազմակերպվում է գերկարճալիք ու կարճալիք ռադիոցանցով` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կողմից: Բջջային, քաղաքային և ուղիղ հեռախոսակապի միջոցներով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից.

8) իրավիճակի փոփոխության հսկումը.

9) վերադասին տվյալների փոխանցումը.

10) կենսաբանական վարակվածության օջախի արգելափակումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներգրավումը (միջոցառումներն իրականացնող անձնակազմը պետք է ապահովված լինի շնչառական ուղիների և մաշկի պաշտպանության անհատական պաշտպանության միջոցներով):

(14-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1393-Ն որոշում)

 

IV. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Կենսաբանական միջոցներից վարակազերծման գործընթացում ներգրավված մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

(15-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1393-Ն որոշում)

16. Կենսաբանական միջոցներից վարակազերծման գործընթացում ներգրավված մարմինների խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խնդիրներն են`

ա. կենսաբանական վարակվածության օջախներում կենսաբանական միջոցներից վարակազերծման գործընթացին մասնակցությունը,

բ. կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող անձնակազմի սանիտարական մշակումը,

գ. կենսաբանական վարակվածության օջախներում կենսաբանական միջոցներից վարակազերծման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրներն են`

ա. կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմի հատուկ մշակման կետերի ծավալումը,

բ. կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմի սանիտարական մշակման, հագուստի վարակազերծման աշխատանքների իրականացումը,

գ. կենսաբանական վարակվածության օջախներում տեղանքի, տեխնիկայի, սպառազինության, շինությունների մասնակի և լիակատար հատուկ մշակումը` համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ,

դ. ըստ անհրաժեշտության` մասնակցությունը բնակչության սանիտարական մշակման աշխատանքներին.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդիրներն են`

ա. կենսաբանական վարակվածության օջախներում բնակչության սանիտարական մշակման հարթակների և սանթողարանների ծավալումը,

բ. կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմի սանիտարական մշակման կետերի ծավալումը,

գ. կենսաբանական վարակվածության օջախներում բնակչության սանիտարական մշակման աշխատանքներին մասնակցությունը,

դ. կենսաբանական վարակվածության օջախներում բնակչության սանիտարական մշակման աշխատանքների ընթացքում բժշկական հսկողության իրականացումը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության խնդիրներն են`

ա. կենսաբանական վարակվածության օջախներում կենդանիների սանիտարական մշակման հարթակների ծավալումը,

բ. կենսաբանական վարակվածության օջախներում կենդանիների մշակման աշխատանքներին մասնակցությունը,

գ. կենսաբանական վարակվածության օջախներում կենդանիների մշակման աշխատանքների ընթացքում անասնաբուժական հսկողության իրականացումը:

(16-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1393-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2015
N 967-Ն
Որոշում