Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿՐ ...

 

 

040.1536.130116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1536-Ն

 

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամ, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացմանը:

2. Հաստատել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:

4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Բենյամին Պողոսի Պողոսյանին (անձնագիր` AK 0492721, տրված` 20.04.2010 թ., 012-ի կողմից):

5. Սահմանել, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 15 անդամից:

(5-րդ կետը փոփ. 24.08.17 թիվ 1028-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել հիմնադրամի պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1536-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) անդամություն չունեցող, կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:

4. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ՊԱՀՀ հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` Ֆօնդ սօդեյստվիյա նաուչնո-օբրազօվատելնօյ դեյատելնօստի Նացիօնալնօգօ իսսլեդօվատելսկօգօ ունիվերսիտետա օբօրօնի.

4) ռուսերեն կրճատ` Ֆօնդ ՆԻՈՒՕ.

5) անգլերեն լրիվ` Foundation for Supporting Academic-Educational Activities of National Defense Research University.

6) անգլերեն կրճատ` NDRU Foundation:

5. Հիմնադրամի փաստացի շահառուն Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկի (այսուհետ` համալսարան), հնարավոր շահառուներն են պաշտպանական-անվտանգային ոլորտին առնչվող գիտակրթական և գիտահետազոտական գործընթացներում ներգրավված իրավաբանական և ֆիզիկական անձինք:

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, ՈՒլնեցու 56/6:

7. Հիմնադրամի գործունեության ժամկետը` անժամկետ:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Հիմնադրամի առաքելությունն է աջակցել համալսարանի գործունեությանը:

9. Հիմնադրամի գործունեության նպատակներն են`

1) աջակցել համալսարանի գործունեությանը` կապված Հայաստանի ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացման հետ.

2) աջակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային ոլորտում գիտամեթոդաբանական, գիտակրթական, գիտահետազոտական և գիտահրատարակչական աշխատանքներին:

10. Հիմնադրամի խնդիրներն են աջակցել`

1) գիտակրթական գործունեության մեջ ներգրավված անձանց գիտելիքների խորացմանը.

2) գիտաժողովների և սեմինարների կազմակերպման ու անցկացման միջոցով պաշտպանական-անվտանգային ոլորտում միջազգային փորձի փոխանակմանը.

3) պաշտպանական-անվտանգային ոլորտում գիտական հետազոտությունների կատարմանը.

4) պաշտպանական-անվտանգային ոլորտին առնչվող գիտամեթոդաբանական, գիտատեսական, գիտակիրառական և գիտահանրամատչելի մասնագիտական նյութերի հրատարակմանը.

5) պաշտպանական-անվտանգային ոլորտում կրթական գործունեությանը.

6) Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության միջավայրի զարգացմանը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

12. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

13. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային ու այլ հաշիվներ, իր անվանմամբ դրոշմակնիք և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:

14. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

15. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

16. Հիմնադրամը կարող է անձամբ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) պաշտպանական-անվտանգային ոլորտին առնչվող հետազոտական վճարովի ծառայություններին աջակցում.

2) աջակցություն պաշտպանական-անվտանգային ոլորտին առնչվող գիտամեթոդաբանական, գիտատեսական, գիտակիրառական և գիտահանրամատչելի նյութերի հրատարակմանը.

3) աջակցություն պաշտպանական-անվտանգային ոլորտին առնչվող կրթական առանձին վճարովի ծրագրերի իրականացմանը:

17. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան կարող է նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

18. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի`

1) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

19. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

20. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, պաշտպանական-անվտանգային ոլորտում վարվող պետական քաղաքականությանը և սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև աուդիտորի եզրակացություն.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

21. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

22. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

23. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

24. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ սեփականության իրավունքի` օրենքով չարգելված ցանկացած օբյեկտ, այդ թվում` անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամով, արտարժույթով և այլն:

25. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանսական միջոցները, գոյացման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպությունների, նվիրատվությունները, նվիրաբերությունները.

3) դրամաշնորհները և հանգանակությունները.

4) օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները.

5) օրենքով չարգելված այլ միջոցներ:

26. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

27. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` արտարժութային):

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի գործադիր տնօրենը:

29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ:

30. Խորհուրդը բաղկացած է տասնհինգ անդամից`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` ի պաշտոնե.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալը` ի պաշտոնե.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահը` ի պաշտոնե.

4) համալսարանի պետը` ի պաշտոնե.

5) երեք ներկայացուցիչ` համալսարանից, ութը` Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային ոլորտում գործունեության փորձ ունեցող անձինք:

(30-րդ կետը փոփ. 24.08.17 թիվ 1028-Ն որոշում)

31. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը կամ նոր անդամի նշանակումն իրականացվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով և սույն կանոնադրության 29-րդ կետով սահմանված կարգով:

32. Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմինների անդամ:

33. Խորհուրդն իր լիազորություններն իրականացնում է նիստերի միջոցով:

34. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

35. Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա կարող են նիստ հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

36. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռակա կարգով` էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:

37. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

38. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե օրենքով և սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

39. [0] Հիմնադրամի վերակազմակերպման, անվանման փոփոխության, կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման, ինչպես նաև լուծարման նպատակով դատարան դիմելու մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

40. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային և այլ շահերին վերաբերող հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

41. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) հիմնադրամի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) հիմնադրամի բյուջեի, դրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

6) հիմնադրամի խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի, փորձագիտական հանձնաժողովի (հանձնաժողովների) և կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների անդամների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

7) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.

8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

9) խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին որոշումների ընդունումը.

10) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

11) տարեկան մեկ անգամ գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

14) հիմնադրամի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.

15) խորհրդակցական մարմին հանդիսացող փորձագիտական հանձնաժողովների ստեղծումը` բաղկացած ոլորտի մասնագետներից և պետական ու մասնավոր հատվածի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից, հիմնադրամի աշխատանքներին փորձագիտական (խորհրդատվական) աջակցություն ցուցաբերելու նպատակով.

16) փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը, քանակական և անհատական կազմը սահմանելը, ինչպես նաև դրա անդամներին, այդ թվում` ղեկավարին նշանակելը.

17) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

42. Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

43. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

44. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

45. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

46. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնել խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստել և խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալ տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

47. Խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:

48. Հիմնադրամի գործունեությանը և միջոցների հավաքագրման գործին զգալի նպաստ ցուցաբերած անձանց հիմնադրամի խորհրդի որոշմամբ կարող է շնորհվել խորհրդի պատվավոր անդամի կոչում: Խորհրդի պատվավոր անդամներն իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել խորհրդի նիստերին:

49. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր տնօրենը:

50. Գործադիր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ հիմնադրի և խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի: Գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

51. Գործադիր տնօրենին նշանակում և պաշտոնից ազատում է խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

52. Գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից գործադիր տնօրենի հետ պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

53. Հիմնադրամի գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.

4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

5) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

6) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

8) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

54. Գործադիր տնօրենն այլ կազմակերպությունում կարող է այլ վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն խորհրդի համաձայնությամբ:

55. Խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու գործադիր տնօրենի հետ կնքած պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված կարգով:

56. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները: Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.

3) նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները` նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.

4) նիստի օրակարգը:

57. Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

58. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

59. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով: Վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

60. Հիմնադրամը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

61. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2015
N 1536-Ն
Որոշում