Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 210-ՐԴ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՇԴ/1639/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1639/02/13   2018 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ն. Տավարացյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ս. Միքայելյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին,

քննարկելով ըստ հայցի Արաքսի Մխիթարյանի ընդդեմ «Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 23.09.2017 թվականի որոշման դեմ «Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արաքսի Մխիթարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 514.426 ՀՀ դրամ, ինչպես նաև 09.05.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումն այդ գումարի վրա հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, իսկ վերաքննիչ բողոքը` վերադարձվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արաքսի Մխիթարյանի ներկայացուցիչ Գնել Նազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 210-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում վերացվել են նախկինում թույլ տրված թերությունները, մասնավորապես` հայցվորին է ուղարկվել վերաքննիչ բողոքի պատճենը և վճարվել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ «Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը` բողոքի օրինակը հայցվորին ուղարկված լինելու փաստը հաստատող ապացույցի բացակայությունը, չի վերացվել, քանի որ հայցվորի ստացած RR246602798AM կոդով և 15.00 գրամ քաշով թիվ 651 առաքանին պարունակել է միայն պատասխանողի` մեկ թերթից բաղկացած դիմումը»: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից և փորձել է պարզել դատավարության մասնակցին ուղարկված ծրարի պարունակությունը, դրա քաշը և այլն, որի արդյունքում էլ հանգել է սխալ եզրահանգման, ինչն էլ բողոքը վերադարձնելու հիմք է հանդիսացել:

Ավելին, սույն գործում առկա է ապացույց այն մասին, որ թիվ RR246602798AM կոդով թիվ 651 առաքանին փոստային ծառայության միջոցով հանձնվել է Արաքսի Մխիթարյանին, այսինքն` բողոք բերած անձի կողմից պատշաճ ձևով Արաքսի Մխիթարյանին է ուղարկվել վերաքննիչ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 23.09.2017 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

27.08.2017 թվականին Արաքսի Մխիթարյանը փոստով ստացել է բողոքաբերի կողմից ուղարկված նամակ, որում եղել է մեկ թերթից բաղկացած` Վերաքննիչ դատարանին հասցեագրված դիմում, այնինչ պետք է լիներ նաև վերաքննիչ բողոքը, որը, սակայն, առկա չի եղել: Այսինքն` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով թերություններն իրականում վերացված չեն եղել:

 

i

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանզի դատարանի մատչելիության իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Այս առումով պետությունը որոշակի հայեցողություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե դա չի հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանադրական նշված նորմի բովանդակությունը կազմում են հետևյալ հիմնարար պահանջները`

1. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները որոշվում են Սահմանադրությամբ և օրենքներով,

2. այդ լիազորությունները (գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները) կամայական չեն և չեն կարող հակասել Սահմանադրությանը, օրենքներին և դրանց հիման վրա ընդունված օրենսդրության այլ ակտերին,

3. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն Սահմանադրությամբ, օրենքներով և դրանց հիման վրա ընդունված օրենսդրական այլ ակտերով նախատեսված գործողություններ և ձեռնպահ մնալ այդ ակտերով չնախատեսված կամ դրանց պահանջներին հակասող որևէ գործողությունից,

4. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց օրինական գործողություններից բխող պահանջները պարտադիր են կատարման այն սուբյեկտների համար, որոնց հասցեագրված են:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործելու սահմանադրաիրավական պահանջը պայմանավորված է իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.

6) բողոք բերող անձի պահանջը.

7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված դրույթներին, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Մասնավորապես` վերաքննիչ բողոքը պետք է պարունակի դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական կարգավորումները, փաստելով, որ ցանկացած դատավարական գործողություն կարող է կատարվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, գտնում է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի քննարկման փուլում առերևույթ գնահատում է բողոքին կից ներկայացվող փաստաթղթերին առաջադրված պահանջների պահպանվածությունը: Մասնավորապես` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը պարտավորեցնում էր վերաքննիչ բողոք բերած անձին վերաքննիչ բողոքին կից ներկայացնել նաև բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Ընդ որում, օրենսդիրը կարևորել էր բողոքի պատճենն ուղարկելու, այլ ոչ թե գործին մասնակցող այլ անձի կողմից այն ստանալու փաստը` որպես բողոքը վարույթ ընդունելու նախապայման դիտելով բողոքի պատճենը գործին մասնակցող այլ անձին ուղարկելու վերաբերյալ ապացույցի ներկայացումը: Նման ապացույցի ներկայացման պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ կողմին ուղարկվել է հենց վերաքննիչ բողոքի պատճենը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` իրավահարաբերության ծագման պահին գործող դատավարական կարգավորումների պայմաններում վերաքննիչ դատարանն իրավասություն չուներ իրականացնելու քննություն` պարզելու համար այն հարցը, թե արդյոք պատշաճ ձևով ներկայացված անդորրագրով հավաստվում է, որ կողմին ուղարկվել է վերաքննիչ բողոքի օրինակը, թե` մեկ այլ փաստաթուղթ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանի 28.04.2017 թվականի վճռով Արաքսի Մխիթարյանի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցն ընդդեմ Ընկերության, բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 154-162): Ընկերությունը 30.06.2017 թվականին Դատարանի 28.04.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել (հատոր 3-րդ, գ.թ. 5-9):

Վերաքննիչ դատարանը 04.08.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով` մասնավորապես նշելով, որ վերաքննիչ բողոքին չեն կցվել բողոքի օրինակը հայցվորին ուղարկելը հավաստող ապացույց, ինչպես նաև պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույցը, կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 14-15):

Ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի կողմից փոստային առաքման եղանակով 24.08.2017 թվականին ներկայացվել է թիվ RR246602798AM պատվիրված առաքանու անդորրագիրը, որով հավաստվում է, որ Արաքսի Մխիթարյանին «Հայաստան, Երևան, Աթոյան 2-9» հասցեով 24.08.2017 թվականին ուղարկվել է 15.00 գրամ քաշով փոստային առաքանի (հատոր 3-րդ, գ.թ. 23):

Հայցվոր Արաքսի Մխիթարյանի կողմից 01.09.2017 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացվել «Վերաքննիչ բողոքը վարույթ չընդունելու վերաբերյալ» դիմում, որով հայտնել է, որ Ընկերության ներկայացուցիչը բողոքի օրինակը հայցվորին չի ուղարկել, այլ ուղարկել է մեկ էջանոց դիմում, առանց վերաքննիչ բողոքի բուն տեքստի (հատոր 3-րդ, գ. թ. 34- 35):

Վերաքննիչ դատարանը 23.09.2017 թվականի որոշմամբ վերադարձրել է Ընկերության վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը դարձյալ ենթակա է վերադարձման, քանի որ Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը` բողոքի օրինակը հայցվորին ուղարկված լինելու փաստը հաստատող ապացույցի բացակայությունը, չի վերացվել: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորի ներկայացրած ապացույցների և փաստարկների պայմաններում ակնհայտորեն վիճելի է վերաքննիչ բողոքի օրինակը պատասխանողի կողմից հայցվորին ուղարկված լինելու փաստը, ուստի անդորրագիրը չի կարող գնահատվել որպես տվյալ փաստը հաստատող ապացույց, իսկ այդ փաստը հաստատող այլ ապացույցներ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել (հատոր 3-րդ, գ.թ. 41-42):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ այն հարցը, թե արդյոք Ընկերության կողմից ներկայացված անդորրագրով հավաստվում է այն փաստը, որ Ընկերությունը կամ Ընկերության ներկայացուցիչն Արաքսի Մխիթարյանին պատշաճ կերպով ուղարկել է վերաքննիչ բողոքի օրինակը:

Սույն գործով Ընկերությունը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է հայցվորին վերաքննիչ բողոքն ուղարկելը հավաստող անդորրագիր (թիվ RR246602798AM պատվիրված առաքանու անդորրագիրը), որով հաստատվում է, որ Ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանն Արաքսի Մխիթարյանին «Հայաստան, Երևան, Աթոյան 2-9» հասցեով 24.08.2017 թվականին ուղարկել է փոստային առաքանի: Այսինքն` կրկին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ բողոքի պատճենն ուղարկվել է գործին մասնակցող անձին: Հետևաբար հաշվի առնելով այն, որ նման ապացույցի ներկայացման պայմաններում արդեն իսկ գործում էր այն կանխավարկածը, որ բողոք բերած անձը կատարել է իր վրա դրված պարտականությունը, միաժամանակ նկատի ունենալով, որ բողոքի ընդունելության փուլում Վերաքննիչ դատարանն առաքանու պարունակությունը ստուգելու գործառույթ չուներ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Ընկերության կողմից Արաքսի Մխիթարյանին ուղարկված և վերջինիս կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված մեկ թերթից բաղկացած առաքանու քաշը նույնն է` երկուսն էլ կազմում են 15.00 գրամ, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճելի է մնացել վերաքննիչ բողոքի օրինակը պատասխանողի կողմից հայցվորին ուղարկված լինելու փաստը և վերադարձրել է Ընկերության վերաքննիչ բողոքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, մասնավորապես` կողմին վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկելու պահանջը պահպանվել է (հիմք` թիվ RR246602798AM պատվիրված առաքանու անդորրագիրը), մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված պահանջը պահպանված չլինելու հիմքով վերադարձնելով վերաքննիչ բողոքը` սահմանափակել է անձի դատական պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է երկու հիմքով. առաջին` բողոքին չի կցվել բողոքի օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող ապացույց, երկրորդ` վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որևէ ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Վերաքննիչ դատարանը 23.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ անդրադարձ է կատարել միայն վերաքննիչ բողոքի վերադարձի առաջին հիմքին, իսկ երկրորդ հիմքի վերաբերյալ որևէ դատողություն չի ներկայացվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ որոշում չի կայացրել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով երկրորդ թերությունը շտկված լինելու հարցի վերաբերյալ:

Նման պայմաններում անհրաժեշտ է գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության պարզելու համար` արդյոք շտկվել է պետական տուրքի մասով արձանագրված վերաքննիչ բողոքի թերությունը, և ըստ այդմ լուծել` վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 23.09.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԵՇԴ/1639/02/13
Որոշում