(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0723.150713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2013 թվականի N 723-Ն
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԻՐԱՑՎԱԾ` ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պիտանիության ժամկետում չիրացված` դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո իրացված Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հուլիսի 4-ի
N 723-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԻՐԱՑՎԱԾ` ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
i
1. Սույն կարգով կարգավորվում են «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված պիտանիության ժամկետում վերջնական սպառողներին չիրացված, դրոշմապիտակներով դրոշմավորված այն ապրանքների դուրսգրման հետ կապված հարաբերությունները, որոնց վրա, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, մակնշված է ապրանքի պիտանիության (այսուհետ` պիտանիության) ժամկետը:
(1-ին կետը փոփ. 04.09.14 թիվ 979-Ն որոշում)
2. Սույն կարգի կիրառման առումով, պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ են համարվում նաև սույն կարգի 1-ին կետում նշված` արտադրված և դրոշմավորված այն ապրանքները, որոնք հաստատված տեխնոլոգիական փաստաթղթերի հիման վրա իրականացված լաբորատոր ուսումնասիրության արդյունքներով համարվել են իրացման համար ոչ պիտանի և արտադրողի կողմից չեն օտարվել կամ իրացնողների կողմից տվյալ ապրանքի պահպանման տեխնոլոգիական պայմանները չպահպանելու պատճառով մինչև պիտանիության ժամկետի լրանալը կորցրել են սպառողական հատկանիշները և վերադարձվել են անմիջական արտադրողներին կամ ներմուծողներին:
3. Պիտանիության ժամկետում չիրացված ապրանքները սույն կարգին համապատասխան դուրս գրելու իրավունք ունեն միայն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետություն «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծող և Հայաստանի Հանրապետությունում այդպիսի ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք):
4. Պիտանիության ժամկետում չիրացված ապրանքները սույն կարգին համապատասխան դուրս են գրվում արտադրողի կամ ներմուծողի առնվազն երեք անդամից բաղկացած` կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ հրամանով (կարգադրությամբ) ստեղծված պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների դուրսգրման հանձնաժողովի միջոցով:
5. Պիտանիության ժամկետը լրացած` արտադրողի կամ ներմուծողի մոտ առկա ապրանքների (ապրանքային մնացորդների) առկայությունը կազմակերպություններում հիմնավորվում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերով, իսկ անհատ ձեռնարկատերերի մոտ` հաշվառման տվյալներով: Մատակարարման պայմանագրով գնորդներին առաքված կամ կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալական պայմանագրով` իրացում կազմակերպող անձանց տրամադրված և հետագայում պիտանիության ժամկետը լրացած ապրանքների հետ ընդունումը հիմնավորվում է ընդունման-հանձնման ակտով (ակտերով), իսկ հարկային հաշիվ դուրս գրված լինելու դեպքում նաև նախկինում դուրս գրված հարկային հաշիվը սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշվի առկայությամբ, անվավեր ճանաչված հարկային հաշվի փոխարեն դուրս գրված նոր հարկային հաշիվ դուրս գրված լինելու դեպքում` նաև վերջինիս առկայությամբ: Հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայմանագրի հիման վրա իրացում կազմակերպող անձանց տրամադրված և հետագայում պիտանիության ժամկետը լրացած ապրանքների հետ ընդունումը հիմնավորվում է ընդունման-հանձնման ակտերով:
i
6. Պիտանիության ժամկետը լրացած ապրանքների դուրսգրման գործընթացը ներառում է`
1) անմիջական արտադրողի կամ ներմուծողի մոտ դուրսգրման ենթակա ապրանքային մնացորդների կամ իրացված ապրանքների հետ ընդունումը հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրությունը.
2) դուրսգրման ենթակա ապրանքների քանակների արձանագրումը (հաշվարկը).
3) փաստացի քանակների արձանագրման արդյունքների և սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում նշած քանակների հանրագումարին համապատասխանությունը` ըստ ապրանքների անվանումների (մակնիշների), տարողությունների (ծավալների, քաշերի կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորների).
4) դուրսգրման ենթակա ապրանքների փաստացի քանակությամբ, բայց ոչ ավելի փաստաթղթերով հիմնավորված քանակից, պիտանիության ժամկետը լրացած ապրանքների դուրսգրման վերաբերյալ համապատասխան ակտի կազմումը.
5) դուրս գրվող ապրանքների ապրանքային տեսքի փչացումը և ապատարայավորումը (ապափաթեթավորումը).
6) սահմանված սանիտարական և բնապահպանական նորմերին համապատասխան դուրս գրվող ապրանքների դուրսգրման ընթացքում առաջացող թափոնների վնասազերծումը կամ վերամշակումը.
7) հարկային հաշվառման մեջ, իսկ կազմակերպությունների դեպքում հաշվապահական հաշվառման մեջ դուրսգրման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան ձևակերպումների կատարումը:
(6-րդ կետը փոփ. 04.09.14 թիվ 979-Ն որոշում)
i
7. Դուրսգրման ենթակա քանակների արձանագրումը (որոշումը) իրականացվում է ըստ ապրանքատեսակների և տարողությունների (ծավալների, քաշերի կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորների): Դուրսգրման ենթակա են ապրանքների փաստացի քանակները, սակայն ոչ ավելի փաստաթղթերով հիմնավորված` համապատասխան քանակներից:
(7-րդ կետը փոփ. 04.09.14 թիվ 979-Ն որոշում)
8. Պիտանիության ժամկետը լրացած ապրանքների դուրսգրման գործընթացն սկսելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ արտադրողը կամ ներմուծողը հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացնում գրություն պիտանիության ժամկետը լրացած ապրանքների դուրսգրում իրականացնելու վերաբերյալ` նշելով դուրս գրվող ապրանքների գտնվելու վայրի (դուրսգրման վայրի) և դուրսգրման գործընթացն սկսելու ժամի վերաբերյալ:
9. Հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա հարկային ծառայողը (ծառայողները) իրավունք ունի (ունեն) մասնակցելու դուրսգրման գործընթացի բոլոր փուլերին, բացի դուրսգրման արդյունքների ձևակերպումից: Հարկային մարմնի ղեկավարի հրամանի օրինակը ներկայացվում է կազմակերպության ղեկավարին, անհատ ձեռնարկատիրոջը:
10. Պիտանիության ժամկետը լրացած ապրանքների դուրսգրման գործընթացին հարկային մարմնի աշխատողի չներկայանալը հիմք չէ դուրսգրման գործընթացի իրականացումը հետաձգելու կամ չիրականացնելու համար:
i
11. Պիտանիության ժամկետը լրացած ապրանքների դուրսգրման գործընթացին մասնակցող հարկային ծառայողն իրավունք ունի ստուգելու դուրս գրվող ապրանքների վրա պիտանիության ժամկետների առկայությունը և դրանց լրացված լինելու հանգամանքը, դուրս գրվող ապրանքների համապատասխան տեսակի և տարողությամբ (ծավալով, քաշով կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորով) դրոշմապիտակներով դրոշմավորման փաստը, դուրսգրման գործընթացը սույն կարգին համապատասխան իրականացված լինելու հանգամանքը:
(11-րդ կետը փոփ. 04.09.14 թիվ 979-Ն որոշում)
i
12. Պիտանիության ժամկետը լրացած ապրանքների դուրսգրումը ձևակերպվում է ակտով, որում նշվում են դուրսգրման ենթակա ապրանքների քանակները` ըստ անվանումների (մակնիշների), տարողությունների (ծավալների, քաշերի կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորների), պիտանիության ժամկետը լրացրած ապրանքների մասով` ժամանակագրական կարգով ամենավերջին այն պիտանիության ժամկետը, որը նշված է եղել դուրս գրվող ապրանքների վրա, մինչև պիտանիության ժամկետը լրանալը դուրս գրվող ապրանքների մասով` պիտանիության ժամկետը, դուրս գրվող ապրանքների ապրանքային տեսքի փչացման և ապատարայավորման (ապափաթեթավորման) ու ակտավորումից հետո ապրանքների ոչնչացման արդյունքում առաջացած թափոնների վնասազերծման, վերամշակման կամ որպես երկրորդային հումք օգտագործելու եղանակները:
(12-րդ կետը փոփ. 04.09.14 թիվ 979-Ն որոշում)
i
13. Դուրս գրվող ապրանքների ապրանքային տեսքի փչացումից և ապատարայավորումից (ապափաթեթավորումից) հետո դուրսգրման ակտն ստորագրվում է դուրսգրման հանձնաժողովի անդամների և կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ կողմից), իսկ դուրսգրման գործընթացին հարկային մարմնի աշխատողի մասնակցության դեպքում` նաև վերջինիս կողմից: Հարկային ծառայողն իրավունք ունի ակտում կատարելու գրառումներ դրոշմավորման կանոնների, սույն կարգի դրույթների պահպանման վերաբերյալ: Հարկային մարմնի աշխատողի ստորագրությամբ ակտի մեկ օրինակը տրվում է այդ աշխատողին, ով այն հանձնում է հարկային մարմին` հարկ վճարողի անձնական գործում պահելու համար:
(13-րդ կետը փոփ. 04.09.14 թիվ 979-Ն որոշում)
i
14. Պիտանիության ժամկետը լրացրած ապրանքների դուրսգրման վերաբերյալ տվյալները (այդ թվում` ակտի կազմման ամսաթիվը) արտացոլվում են դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի մեջ: Մատակարարման պայմանագրով գնորդներին առաքված և պիտանիության ժամկետը լրանալու պատճառով գնորդներից հետ ընդունված փաստաթղթերով հիմնավորված քանակներին, ապրանքների տեսականուն, տարողություններին (ծավալներին, քաշերին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորներին), բացթողման գներին համապատասխան սահմանված կարգով կատարվում են հարկման հիմք հանդիսացող շրջանառությունների ճշգրտումներ` ըստ մատակարարումների ժամանակաշրջանների:
(14-րդ կետը փոփ. 04.09.14 թիվ 979-Ն որոշում)
15. Սույն կարգին համապատասխան դուրս գրված` պիտանիության ժամկետը լրացած ապրանքների մասով հարկային պարտավորություններ չեն առաջանում: Պիտանիության ժամկետը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից արտահանված ապրանքների դրոշմավորման համար դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարները ենթակա չեն նվազեցման հարկ վճարողի հարկային պարտավորություններից:
Շահութահարկով (եկամտահարկով) հարկման նպատակով պիտանիության ժամկետը լրացած և սույն կարգին համապատասխան դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշապիտակների ձեռքբերման համար վճարված գումարները նվազեցվում եմ համախառն եկամտից` օրենքով սահմանված կարգով: