i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0256/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0256/02/08
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Է. Մուրադյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչ-Ներսես Կապրիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ Նարինե Նալբանդյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) բաժնետեր Հրաչ-Ներսես Կապրիելյանի, Արագած Ախոյանի` ուրիշի տիրապետումից գույքը հետ պահանջելու և համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նարինե Նալբանդյանը պահանջել է Հրաչ-Ներսես Կապրիելյանին պարտավորեցնել վերադարձնել Ընկերության 20% կազմող 20 հատ բաժնետոմսերը և դրանց նկատմամբ ճանաչել համատեղ սեփականության իրավունքը:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ Դատարան) 10.06.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է և այն փոփոխվել. Նարինե Նալբանդյանի հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչ-Ներսես Կապրիելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Համատեղ կյանքի ընթացքում Արագած Ախոյանի կինը` Նարինե Նալբանդյանը, իր իրավունքը չի գրանցել բաժնետերերի ռեեստրում: ՈՒստի հնարավոր անբարենպաստ հետևանքների ռիսկը պետք է կրի Նարինե Նալբանդյանը, քանի որ Հրաչ Կապրիելյանը, հիմք ընդունելով ռեեստրի տվյալները և օբյեկտիվորեն բաժնետոմսերի սեփականատեր համարելով Արագած Ախոյանին, նվիրատվության պայմանագրով որպես նվեր ընդունել է Արագած Ախոյանին պատկանող բաժնետոմսերը` չիմանալով բաժնետոմսերի նկատմամբ այլ համասեփականատիրոջ առկայության, հետևաբար նաև վերջինիս համաձայնության բացակայության մասին:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, չի ընդունել այն հանգամանքը, որ Հրաչ Կապրիելյանը չգիտեր և չէր էլ կարող իմանալ նվիրատվության պայմանագրի կնքման հարցում Նարինե Նալբանդյանի անհամաձայնության մասին:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվում են այն դեպքերը, երբ գույքը ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից: Սույն գործով Հրաչ Կապրիելյանը բաժնետոմսերը ձեռք է բերել դրանք օտարելու իրավունք ունեցող անձից` Արագած Ախոյանից, հետևաբար սեփականատերը դրանք բոլոր դեպքերում պահանջելու իրավունք չունի, այլ կարող է հետ պահանջել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում:
i
2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
i
Չնայած այն հանգամանքին, որ սույն գործի և Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459 (ՏԴ) գործով որոշման միջև առկա են փաստական հանգամանքների որոշ տարբերություններ, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի, 198-րդ հոդվածի 3-րդ մասի, 319-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները սերտորեն փոխկապակցված են և իրավակիրառական պրակտիկայում դրանցից յուրաքանչյուրը պետք է մեկնաբանվի մյուսների բովանդակության և տրամաբանության ներքո: Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ համատեղ սեփականության մասնակիցների ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը բավարար չէ համատեղ սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար, այլ անհրաժեշտ է համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և գործարքի մյուս կողմի` այդ մասին իմանալու կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության հանգամանքների միաժամանակյա առկայությունը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վերը նշված երկու պայմաններն առկա չեն:
i
3. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 1-ին մասի և 132-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 136-րդ, 197-րդ հոդվածները, 199-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը, 68-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Ընկերության 20%-ը կազմող 20 հատ բաժնետոմսերը դիտելով անբաժանելի գույք, հաշվի չի առել, որ իր կողմից վկայակոչված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անբաժանելի գույք է մեկ բաժնետոմսը:
Ավելին, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններից և բաժնետոմսերի բաժնի առանձնացման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է այդ պահանջին` ըստ էության հաստատված համարելով այնպիսի փաստ, որը որևէ կապ չունի սույն գործի հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և փոփոխել, կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.06.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Թիվ III258766 ամուսնության վկայականի համաձայն` Նարինե Նալբանդյանը և Արագած Ախոյանը 04.05.1985 թվականից ամուսիններ են (գ.թ. 5):
2. 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագրի համաձայն` Արագած Ախոյանը Ընկերության 20 հատ (20%) բաժնետոմսերը նվիրել է նույն ընկերության բաժնետեր Հրաչ-Ներսես Կապրիելյանին, իսկ Հրաչ-Ներսես Կապրիելյանը ընդունել է այն (գ.թ. 12):
3. Ընկերության 20 հատ (20%) բաժնետոմսերը Նարինե Նալբանդյանի և Արագած Ախոյանի ընդհանուր համատեղ սեփականությունն է:
4. Գործում առկա չէ 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքելու համար Նարինե Նալբանդյանի համաձայնություն տալու փաստը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքը` ամուսնական հարաբերությունները և օրենքով նախատեսված այլ դեպքերը, ըստ էության ամրագրել է ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը:
Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու ժամանակ մասնակիցների համաձայնության առկայության կանխավարկածը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ համատեղ սեփականության գույքի նվիրատվության դեպքում օրենսդիրը նախատեսել է սահմանափակումներ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի` նվիրատվության ձևով տնօրինման համար պարտադիր կերպով անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը և չի սահմանվել բացառություն:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջելու այդ գույքը:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու անվերապահ պայման այն դեպքում, երբ բարեխիղճ ձեռք բերողը գույքը ձեռք է բերել անհատույց և այն օտարելու իրավունք չունեցող անձից:
Սույն գործի փաստերի համաձայն` Նարինե Նալբանդյանը և Արագած Ախոյանը 04.05.1985 թվականից ամուսիններ են, Ընկերության 20 հատ (20%) բաժնետոմսերը Նարինե Նալբանդյանի և Արագած Ախոյանի ընդհանուր համատեղ սեփականությունն են, 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագրի համաձայն` Արագած Ախոյանը Ընկերության 20 հատ (20%) բաժնետոմսերը նվիրել է Հրաչ-Ներսես Կապրիելյանին, իսկ Հրաչ-Ներսես Կապրիելյանը ընդունել է այն, գործում առկա չէ 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքելու համար Նարինե Նալբանդյանի համաձայնություն տալու փաստը հավաստող որևէ ապացույց:
Վերը նշվածը հիմք ընդունելով և համադրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Նալբանդյանի համաձայնության բացակայության պայմաններում Արագած Ախոյանն իրավունք չի ունեցել նվիրելու Ընկերության 20 հատ 20 (%) բաժնետոմսերը Հրաչ-Ներսես Կապրիելյանին, իսկ Հրաչ Կապրիելյանի` բաժնետոմսերի նկատմամբ համասեփականատիրոջ համաձայնության բացակայության մասին չիմանալու հանգամանքը սույն գործի համար էական նշանակություն չունի:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հրաչ-Ներսես Կապրիելյանն Ընկերության 20 հատ 20% բաժնետոմսերը Արագած Ախոյանից ձեռք է բերել անհատույց` օրենքի պահանջների խախտմամբ կնքված 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա և այն օտարելու իրավունք չունեցող անձից, ուստի այն ենթակա է վերադարձման:
2) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն, դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար, և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ 3-480 (ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459 (ՏԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն` Թագուշ Պետրոսյանը «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Ժաննա Ղազարյանին օտարել էր 16.08.2004 թվականի կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, այսինքն` հատուցմամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի և Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-459 (ՏԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն:
Մասնավորապես, սույն քաղաքացիական գործով Հրաչ-Ներսես Կապրիելյանը Ընկերության 20 հատ 20% բաժնետոմսերը Արագած Ախոյանից ձեռք է բերել անհատույց` 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա, մինչդեռ Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-459 (ՏԴ) գործի փաստական հանգամանքներով Ժաննա Ղազարյանը «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Թագուշ Պետրոսյանից ձեռք էր բերել հատուցմամբ` 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ վճռաբեկ բողոքում վկայակոչված այն փաստարկը, որ սույն գործի էական նշանակություն ունեցող փաստերը նույնական են Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459 (ՏԴ) գործի փաստերի հետ:
3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բաժնետոմսերի բաժանման պահանջ չի ներկայացվել, և քննարկման առարկա չի դարձվել Արագած Ախոյանի և Նարինե Նալբանդյանի բաժնի չափի որոշման հարցը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով բողոքի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել գործի քննության սահմաններից, վերը նշված պատճառաբանությամբ չի անդրադառնում նշված պահանջին:
Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում նաև բողոքի մյուս հիմնավորումներին, քանի որ դրանք նույնպես կապված են բաժնետոմսերի բաժանման պահանջի հետ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան