ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-444 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-4007
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
գ Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հունիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Էդուարդ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ջոն Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի և Կարինե Սարգսյանի` ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Կարինե Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ընդհանուր բաժնային սեփականության մեջ բաժինը որոշելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ջոն Սարգսյանը պահանջել է ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարել հարգելի և ճանաչել հոր` 26.11.1997 թվականին մահացած Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
Դիմելով դատարան` Կարինե Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը և սեփականության իրավունքի վկայականը, որոշել նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքում բաժնի չափը և բնակեցնել այդ բնակարանում:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռով Ջոն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի հայցերը բավարարվել են:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2008 թվականի վճռով Ջոն Սարգսյանի հայցը մերժվել է, իսկ Կարինե Սարգսյանի հայցը` բավարարվել: Քաղաքացիական գործի վարույթը` թիվ 0245539 սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով, կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով նախագահող դատավոր Տ. Սահակյանը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյան և Էդուարդ Սարգսյանի միջև քննվող մեկ այլ գործով գործի քննությանը մասնակցել է որպես դատավոր, իսկ սույն գործով նախագահող դատավոր է:
Էդուարդ Սարգսյանը միջնորդել է գործի քննությունը հետաձգել, սակայն Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել միջնորդությունը լիարժեք ներկայացնել, որի արդյունքում այն մերժվել է:
i
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հայցապահանջի շրջանակներից դուրս է եկել: Հայցվոր Կարինե Սարգսյանը հայցապահանջի չափը փոփոխելու մասին դիմումով հայտնել է, որ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` համարվում է 26.11.1997 թվականին մահացած հոր` Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և հետևաբար, անկախ իր սեփականության իրավունքի պետական գրանցումից, Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանը հանդիսանում է իր և պատասխանողի ընդհանուր բաժնային սեփականությունը:
Կարինե Սարգսյանը պահանջել է վիճելի բնակարանի 1/2-րդ մասն առանձնացնել սեփականության իրավունքով և հատկացնել իրեն: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ճանաչել է վերջինիս սեփականության իրավունքը բնակարանի 1/4-րդ մասի նկատմամբ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ անվավեր է ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը վիճելի բնակարանի նկատմամբ, որի հետևանքով վերջինս զրկվել է այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից:
Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մտնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը:
i
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը, 1226-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, Կարինե Սարգսյանին ճանաչելով Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի 1/4-րդ մասի ժառանգ, ամբողջությամբ անվավեր է ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իրավունք ուներ մասնակի` վիճելի բնակարանի 1/4-րդի մասով, անվավեր ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Անվավերությունը պետք է համաչափ լինի կողմին սեփականության իրավունքով հատկացված բաժնի չափին: Նման խախտման արդյունքում Էդուարդ Սարգսյանը զրկվում է սեփականության իրավունքի գրանցումից և վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքից, որը զուգորդվել է տիրապետումից զրկելու հետ:
26.11.1997 թվականին մահացած Ս. Սարգսյանի գույքը փաստացի տիրապետմամբ ժառանգել է Էդուարդ Սարգսյանը, իսկ Կարինե Սարգսյանը գիտեր հոր մահվան մասին, և նրա համար ակնհայտ էր ժառանգական գույքի գոյությունը: Սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքը, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Կարինե Սարգսյանի հայցի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2008 թվականի վճիռը և փոփոխել` Կարինե Սարգսյանի հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Սպանդարյան շրջխորհրդի գործկոմի 14.09.1995 թվականի թիվ 33/86 որոշմամբ Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանը սեփականաշնորհվել է Սարգիս Սարգսյանի, Թամարա Պապովայի և Էդուարդ Սարգսյանի անվամբ որպես ընդհանուր սեփականության հավասար բաժիններով:
2) Թամարա Պապովան մահացել է 1995 թվականին:
3) Թամարա Պապովայի մահից հետո նշված բնակարանի նրա բաժինը փաստացի տիրապետման հիմքով որպես ժառանգություն ընդունել են Սարգիս Սարգսյանը և Էդուարդ Սարգսյանը:
4) Սարգիս Սարգսյանը մահացել է 26.11.1997 թվականին:
5) Սույն գործով հայցվոր Կարինե Սարգսյանը Սարգիս Սարգսյանի դուստրն է:
6) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և վերջինս ճանաչվել է Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
7) Վերաքննիչ դատարանում սույն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն Էդուարդ Սարգսյանի կողմից չի ներկայացվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:
ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածից հետևում է, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն, և այդպիսին կարող են որակվել ցանկացած հանգամանք, որը կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ:
Սույն քաղաքացիական գործով որպես դատավորի ինքնաբացարկի հիմք նշվել է այն հանգամանքը, որ նա նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործի քննությանը մասնակցել է որպես դատավոր:
ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածում նշված հիմքերին քննարկման առարկա կարող է դառնալ միայն օրենսգրքի այն դրույթը, որը նախատեսում է, որ ինքնաբացարկի հիմք կարող է հանդիսանալ այն, որ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Նման դրույթն օրենսդրի կողմից դիտարկվել է ինքնաբացարկի հիմք այն պարզ պատճառաբանությամբ, որ ստորին ատյանում գործի քննությանը որպես դատավոր մասնակցած լինելու դեպքում դատավորը վերադաս դատական ատյանում ըստ էության վերանայում է իր իսկ կայացրած ակտի օրինականությունը: Մինչդեռ զուտ այն հանգամանքը, որ դատավորը մասնակցել է նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործին որպես դատավոր, նրա անաչառության վերաբերյալ կասկածի և ինքնաբացարկը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնաբացարկի հիմք և դատավորի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք կարող է հանդիսանալ դատավորի ներքին կողմնակալ վերաբերմունքի հանգեցնող ցանկացած փաստ, որը կարող է ազդել թե՛ դատավորի կողմից գործը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու և թե՛ գործի քննության արդյունքում դատավորի մոտ այնպիսի ներքին համոզմունքի ձևավորման վրա, որը չի բխում օրենսդրության նորմերից և գործում հետազոտված փաստերից, այլ հիմնվում է դրանցից դուրս գտնվող այլ հանգամանքի վրա: Մինչդեռ սույն գործում Էդուարդ Սարգսյանի կողմից վերը նշված հանգամանքների մասին վկայող որևէ ապացույց չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է Էդուարդ Սարգսյանի կողմից գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման միջնորդություն Էդուարդ Սարգսյանի կողմից Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում չի ներկայացվել:
2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե սույն բաժնով այլ կանոններ նախատեսված չեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Հայցապահանջի չափը փոփոխելու մասին Կարինե Սարգսյանի դիմումի համաձայն` վերջինս խնդրել է Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը ճանաչել անվավեր, որոշել նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասի չափը և բնակեցնել այդ բնակարանում:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և վերջինս ճանաչվել է Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ են Էդուարդ Սարգսյանը և Կարինե Սարգսյանը, այսինքն` Կարինե Սարգսյանը ժառանգել է նշված բնակարանի 1/4-րդ բաժինը: Վերաքննիչ դատարանը Կարինե Սարգսյանի հայցապահանջը բավարարել է մասնակիորեն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել ներկայացված հայցապահանջի շրջանակներից:
Ինչ վերաբերում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն, քանի որ Վերաքննիչ դատարանը կիրառել է վերոնշյալ հոդվածները և փաստերով, որ սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականն իրավունք առաջացնող վարչական ակտ չէ, և այն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության, այդ մասով կարճել է գործի վարույթը:
3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1125-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է պետական գրանցման:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգությունն ընդունած ժառանգը օրենքի ուժով այդ գույքի սեփականատերն է:
Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, ճանաչելով Կարինե Սարգսյանի սեփականության իրավունքը վեճի առարկա տան 1/4 մասի նկատմամբ, այդ մասով Էդուարդ Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու փոխարեն այն անվավեր է ճանաչել ամբողջությամբ` խախտելով Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքը նշված բնակարանի 3/4 մասի նկատմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի սույն հիմքը գտնում է հիմնավոր:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատման առարկա չի դարձնում, քանի որ այդ հարցն իր լուծումն է ստացել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի` Կարինե Սարգսյանի հայցի մասը և այն փոփոխել. Կարինե Սարգսյանի հայցը բավարարել մասնակիորեն` 1/4-րդ մասով անվավեր ճանաչել Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի 1/4-րդ մասի սեփականատեր ճանաչել Կարինե Սարգսյանին, իսկ 3/4 մասի սեփականատեր` Էդուարդ Սարգսյանին:
2. Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան