ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն Քաղաքացիական գործ թիվ 3-1816(Ա)
համայնքների առաջին ատյանի 2006թ.
դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Ս. Հովսեփյան
Քաղաքացիական գործ թիվ 2-2282/2004թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
2006թ. սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աստղիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.04.2004 թվականի վճռի դեմ` ըստ Հասմիկ Համբարձումյանի, Հրանտ և Անի Համբարձումյանների օրինական ներկայացուցիչ Հասմիկ Համբարձումյանի հայցի ընդդեմ Ռուբիկ Համբարձումյանի` սեփականության բաժինն առանձնացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է առանձնացնել Երևանի Փափազյան փողոցի 21 շենքի թիվ 41 բնակարանի` սեփականության իրավունքով իրեն պատկանող 2/9 բաժինը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.04.2004 թվականի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, իսկ գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած Աստղիկ Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Հասմիկ Համբարձումյանը, իսկ Ռուբիկ Համբարձումյանը 25.08.2004 թվականին մահացել է:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով`
Որպես նոր երևան եկած հանգամանքներ բողոք բերած անձը ներկայացրել է`
1. ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 10.08.2004 թվականի թիվ 194/04 ամբուլատոր և 17.02.2005 թվականի թիվ 34/05 հետմահու բժշկական եզրակացությունները:
2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.04.2006 թվականի վճիռը:
Վերը նշված հանգամանքները որպես նոր երևան եկած գնահատելը հիմնավորելու համար բողոք բերած անձը ներկայացրել է հետևյալ պատճառաբանությունները:
1) Սույն գործի քննության ժամանակ որպես պատասխանող Ռուբեն Համբարձումյանի լիազորված անձ հանդես է եկել և հաշտության համաձայնությունը նրա փոխարեն ստորագրել է փաստաբան Նաիրա Ավետիսյանը, որը գործել է 29.01.2004 թվականին տրված և Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Ա. Մինասյանի կողմից վավերացված լիազորագրի հիման վրա: Բողոք բերած անձի ամուսինը` Ռ.Համբարձումյանը, սկսած 2000 թվականից մինչև մահը` 25.08.2004 թվականը, տառապել է մի շարք հիվանդություններով, այդ թվում` «փսիխոօրգանական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ և այդ հիվանդությունների պատճառով զրկված է եղել իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից: Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 10.08.2004 թվականի թիվ 194/04 ամբուլատոր և 17.02.2005 թվականի թիվ 34/05 հետմահու բժշկական եզրակացությունները, որտեղ ամրագրված է վերը հիշատակված հիվանդությունների հետևանքը անձի վարքագծի վրա, հանդիսանում են նոր երևան հանգամանքներ սույն գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.04.2006 թվականի վճիռը, որով անվավեր է ճանաչվել Ռուբեն Համբարձումյանի կողմից 29.01.2004 թվականին Նաիրա Ավետիսյանին տրված և Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի կողմից վավերացված լիազորագիրը, ևս նոր երևան եկած հանգամանք է, քանի որ այն գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է և որը հայտնի չէր և հայտնի լինել չէր կարող բողոք բերող անձին օբյեկտիվ պատճառներով (այդպիսի փաստի ժամանակագրական առումով ավելի ուշ ի հայտ գալու պատճառով): ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նշված վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 16.06.2006 թվականի որոշմամբ թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.04.2004 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Վճռաբեկ բողոքին պատասխան ներկայացրած անձը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.04.2006 թվականի վճռի համար հիմք հանդիսացած ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի բժշկական եզրակացություններում հաստատված չէ այն հանգամանքը, որ նման հիվանդությունը կարող էր Ռուբեն Համբարձումյանին զրկել իր գործողությունների բնույթը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 29.01.2004 թվականի նոտարական կարգով վավերացված լիազորագրով Ռուբեն Համբարձումյանը լիազորել է Նաիրա Ավետիսյանին իր փոխարեն հանդես գալու ՀՀ դատական բոլոր ատյաններում, կատարել դատավարական գործողություններ, այդ թվում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածում նախատեսվածները, կնքելու հաշտության համաձայնություն:
2) Սույն գործով կայացված վճռով հաստատված հաշտության համաձայնությունը ստորագրել է Ռ. Համբարձումյանի ներկայացուցիչ Նաիրա Ավետիսյանը:
3) Սույն գործի քննությունն իրականացվել է բողոք բերած անձի բացակայությամբ:
4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.04.2006 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Ռուբեն Համբարձումյանի կողմից 29.01.2004 թվականին Նաիրա Ավետիսյանին տրված և նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
վճռաբեկ բողոքը նոր երևան եկած հանգամանքների հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:
Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 10.08.2004 թվականի թիվ 194/04 ամբուլատոր բժշկական եզրակացության համաձայն` Ռ. Համբարձումյանը տառապում է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, որի հետևանքով «նա չի կարող հասկանալ իր գործողությունների բնույթը և ղեկավարել դրանք» (բժշկական փաստաթուղթը ներկայացված է բողոքին կից): Մյուս` ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 17.02.2005 թվականի թիվ 34/05 հետմահու բժշկական եզրակացության համաձայն` Ռ. Համբարձումյանը տառապել է «հոգեկան հիվանդությամբ, որը ընթացել է օրգանիզմի խրոնիկական թունավորման ֆոնի վրա»: Տվյալ հիվանդությունը «զրկել է Ռուբեն Համբարձումյանին իր գործողությունների բնույթը հասկանալոֆւ և դրանք ղեկավարելու հնարավորությունից 29.01.04թ. լիազորագիրը տալու ժամանակ» (այս փաստաթուղթը ևս ներկայացված է բողոքին կից):
2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.04.2006 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Ռուբեն Համբարձումյանի կողմից 29.01.2004 թվականին Նաիրա Ավետիսյանին տրված և նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքին կից ներկայացված դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 10.08.2004 թվականի թիվ 194/04 ամբուլատոր և 17.02.2005 թվականի թիվ 34/05 հետմահու բժշկական եզրակացություններով հաստատված` Ռ. Համբարձումյանի խրոնիկական հոգեկան հիվանդությամբ տառապելը, դրա պատճառով իր գործողությունների բնույթը հասկանալու և դրանք ղեկավարելու կարողության բացակայությունը և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.04.2006 թվականի վճռով հաստատված` 29.01.2004 թվականի լիազորագրի անվավերությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, սույն գործի համար նոր երևան եկած հանգամանքներ են և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.04.2004 թվականի վճիռը բեկանելու հիմք:
Վճռաբեկ դատարանը վերը շարադրված հանգամանքները գնահատում է որպես նոր երևան եկած հանգամանքներ, քանի որ դրանք սույն գործի համար ունեն էական նշանակություն և դրանք գործին մասնակցող անձին (տվյալ դեպքում` բողոք բերող անձին) հայտնի չէին և հայտնի լինել չէին կարող օբյեկտիվ պատճառներով (այդպիսի փաստերի կամ դրանց հաստատման հիմքերի ժամանակագրական առումով ավելի ուշ ի հայտ գալու պատճառով):
Հ. Համբարձումյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.04.2006 թվականի վճիռը` որով անվավեր է ճանաչվել 29.01.2004 թվականի լիազորագիրը:
Սույն բողոքի հիմքի հիմնավորվածությունը, այսինքն` նոր երևան եկած հանգամանքների առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.04.2004 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ