Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱ ...

 

 

020.0648.260906

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 470 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 սեպտեմբերի 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` դիմող` քաղ. Ա. Մարտիրոսյանի, նրա լիազոր ներկայացուցիչ Է. Խաչիկյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արամ Մարտիրոսյանի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Արամ Մարտիրոսյանի դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործի նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. մայիսի 5-ին: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. հուլիսի 28-ին և, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածը բաղկացած է 5 կետից և սահմանում է.

«1. Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

2. Սույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են արժեթղթերի և արժութային արժեքների առուվաճառքի նկատմամբ, եթե դրանց առուվաճառքի համար հատուկ կանոններ սահմանված չեն օրենքով:

3. Սույն օրենսգրքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում առանձին տեսակների ապրանքներ գնելու ու վաճառելու առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

4. Սույն պարագրաֆում նախատեսված դրույթները կիրառվում են գույքային իրավունքների վաճառքի նկատմամբ, եթե այլ բան չի բխում այդ իրավունքների բովանդակությունից կամ բնույթից:

5. Սույն պարագրաֆում նախատեսված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակների (մանրածախ առուվաճառք, ապրանքների մատակարարում, ապրանքների մատակարարում պետական կարիքների համար, էներգամատակարարում, անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով»:

2. Ըստ գործում առկա դատական ակտերի` Երևան քաղաքի բնակիչ Ա. Մարտիրոսյանը 2003թ. հունվարին չգրանցված ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Մ. Վելյանի հետ, համատեղ կյանքի ընթացքում երեխա չեն ունեցել: Ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու նպատակով Մ. Վելյանի մայրը` Լ. Ալեքսանյանը, որոշել է դստերը որպես օժիտ նվիրել ԳԱԶ-31029 մակնիշի ավտոմեքենա: Այդ կապակցությամբ նա 2800 ԱՄՆ դոլար գումարով Բ. և Ն. Գրիգորյաններից գնել է վերոհիշյալ ավտոմեքենան և, որպեսզի իրենց ընտանիքին մշտապես օգնություն ցույց տվող հարազատները չիմանան այդ մասին և ինքը չզրկվի նրանց օգնությունից, շինծու գործարքով որպես ավտոմեքենայի գնորդ է ներկայացրել Ա. Մարտիրոսյանին: Հետագայում Ա. Մարտիրոսյանը լքել է կնոջը և իր հետ տարել ավտոմեքենան, ուստի Լ. Ալեքսանյանը դիմել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան` խնդրելով անվավեր ճանաչել Ա. Մարտիրոսյանի և Բ. ու Ն. Գրիգորյանների միջև 16.06.2003թ. կնքված ավտոմեքենայի առուվաճառքի գործարքը, քանի որ ավտոմեքենայի իրական գնորդը եղել է ինքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ա. Մարտիրոսյանը խնդրել է բռնագանձել Լ. Ալեքսանյանից 231.000 ՀՀ դրամ` պատճառաբանելով, որ վիճելի ավտոմեքենայով աշխատել է «Երվանդ Թագվորյան» ՍՊԸ-ում որպես վարորդ, սակայն ավտոմեքենան արգելանքի վերցնելու հետևանքով դադարեցվել է աշխատանքային պայմանագիրը, որի արդյունքում ինքը կրել է նյութական վնաս` վերը նշված գումարի չափով:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 28.06.05թ. վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.11.05թ. վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Դիմելով ՀՀ վճռաբեկ դատարան` Ա. Մարտիրոսյանը խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.11.05թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը որոշել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.11.05թ. վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

3. Քաղաքացի Ա. Մարտիրոսյանը 25.07.06թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի` ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին և 31 հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցը որոշելու համար:

ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում, ըստ էության, վիճարկվում են քաղաքացու նկատմամբ կիրառված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի 1-ին կետի դրույթները:

Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի 1-ին կետը չի ապահովում ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի պահանջները, իրավական որոշակիության բացակայության պայմաններում չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին մասի և 31 հոդվածի 2-րդ մասի դրույթներին:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածին դատարանների կողմից տրվել է կամայական մեկնաբանություն, այն է` իբր մեքենայի համար պայմանագրով նախատեսված գումարն իր կողմից չի վճարվել:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի թիվ 630 որոշման 11-րդ կետի 6-րդ պարբերությունում տրված` սահմանադրական դատարանի դիրքորոշումը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի դրույթները, որոնք նախատեսում են պայմանագրի առարկան փոխանցելու, պայմանագրով նախատեսված գումարը վճարելու դեպքերը, չեն կարող ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 2-րդ մասի իմաստով դիտարկվել որպես օրենք, ուստի հակասում են ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին և 31 հոդվածի 2-րդ մասին:

4. Պատասխանողը գտնում է, որ դիմողի փաստարկները հիմնավոր չեն, և դիմումը ենթակա է մերժման` հետևյալ նկատառումներով.

Առուվաճառքի պայմանագիրը երկկողմ հատուցելի պայմանագիր է, որի շրջանակներում պայմանագրի կողմերը պարտավոր էին կատարել համապատասխանաբար երկու գործողություն` գույքի հանձնում և դրա դիմաց վճարում: Միայն դրանց ավարտից հետո խոսք կարող է լինել գնորդի մոտ սեփականության իրավունքի ծագման և ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին մասի իմաստով պետության կողմից դրա ճանաչման ու պաշտպանման, ինչպես նաև 3 հոդվածով սահմանված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին:

Մինչդեռ, ինչպես երևում է գործի նյութերից, վաճառողի հետ առուվաճառքի մասին բանակցությունները վարվել են և գումարը վճարվել է ոչ դիմողի կողմից:

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 2-րդ մասին, ապա, ըստ պատասխանողի` այստեղ կիրառվել են ոչ թե սեփականության իրավունքից զրկման ինստիտուտը, այլ` շինծու գործարքի կանոնները, այսինքն` դատական կարգով ապացուցվել է, որ դիմողը վիճարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չի բերել:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի 1-ին կետը սահմանում է առուվաճառքի պայմանագրի հասկացությունը և կողմերի հիմնական պարտականությունները, սակայն դրանց կատարման պայմաններն առավել մանրամասնորեն կարգավորված են 470 հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ հոդվածներով (օրինակ` 472-474 հոդվածները նվիրված են պայմանագրի առարկան փոխանցելուն, 501-505 հոդվածները կարգավորում են պայմանագրով նախատեսված գումարը վճարելու հետ կապված հարաբերությունները և այլն): Մասնավորապես, 501 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը ...», իսկ համաձայն 502 հոդվածի` «Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից»: ՈՒստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի դրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված այլ հոդվածների համադրությամբ: Այս պարագայում, վիճարկվող հոդվածի 1-ին կետի դրույթները հստակ իրավական բովանդակություն են ստանում` սահմանելով առուվաճառքի պայմանագրի առարկան և կողմերի իրավական վիճակը:

Այս համատեքստում հստակ է նաև «գնորդ» հասկացության իրավական բովանդակությունը: Օրենսգրքի 470 հոդվածի 1-ին կետի դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրն այդ իմաստով գնորդ է համարում քաղաքացիական իրավունքի այն սուբյեկտին, որը միաժամանակ ապահովում է հետևյալ պայմանները.

ա) առուվաճառքի պայմանագրում նշված է որպես գնորդ,

բ) պարտավորվում է ընդունել պայմանագրով նախատեսված գույքը,

գ) պարտավորվում է վճարել պայմանագրով նախատեսված գույքի համար:

Գնորդի նման պարտականությունը սահմանված է նաև օրենսգրքի 500-502 հոդվածներով:

Միաժամանակ, 1980թ. ապրիլի 11-ին Վիեննայում ստորագրված` «Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2005թ. դեկտեմբերի 8-ին) 53 հոդվածի համաձայն` «Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի գինը և ընդունել ապրանքը...», իսկ 54 հոդվածի համաձայն` «Գինը վճարելու գնորդի պարտավորությունը ներառում է այնպիսի միջոցների ձեռնարկումը և այնպիսի ձևականությունների պահպանումը, որոնք կարող են պահանջվել, պայմանագրի կամ օրենքների ու ցուցումների համաձայն, վճարման իրականացումը հնարավոր դարձնելու համար»:

6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի դրույթներին համապատասխան իրականացված գործարքի արդյունքում «գնորդը» օրինական կարգով կարող է սեփականության իրավունք ձեռք բերել, և տվյալ պարագայում օրենսգրքի վիճարկվող հոդվածի և Սահմանադրության 3, 8 և 31 հոդվածների դրույթների միջև որևէ հակասություն չի կարող առաջանալ: Քննության առարկա գործի նյութերի ուսումնասիրությունից, սակայն, բխում է, որ ընդհանուր իրավասության դատարանների կողմից դիմողի` սեփականության իրավունքի ձեռքբերման գործարքն է ճանաչվել շինծու և անվավեր: Այս հանգամանքները, ինչպես նաև դիմումատուի այն պնդումը, համաձայն որի` ինքն է վճարել վիճելի ավտոմեքենայի գինը, այլ ոչ թե Լ. Ալեքսանյանը, ընդհանուր իրավասության դատարանների իրավազորության խնդիր են և դուրս են սահմանադրական դատարանում գործի քննության առարկայի շրջանակներից:

7. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի 1-ին կետի դրույթները ձևակերպված են հստակ, որևէ իրավական անորոշություն չեն առաջացնում և միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի թիվ 630 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը համահունչ ապահովում են ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին մասի դրույթների իրացումը, սահմանելով օրինական կարգով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերից մեկի` առուվաճառքի պայմանագրի բովանդակությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին և 31 հոդվածի 2-րդ մասին:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 սեպտեմբերի 2006 թվականի

ՍԴՈ-648

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.09.2006
N ՍԴՈ-648
Որոշում