07.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մարտի 2023 թվականի N 383-Ն
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՀԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով` համապատասխան բուհերում առկա ուսուցմամբ, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկը, որոնցում առկա ուսուցմամբ ընդունվող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվելու` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023-2024 ուսումնական տարվանից ընդունվող քաղաքացիների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մարտի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի մարտի 23-ի
N 383-Ն որոշման
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով (այսուհետ` ԲՏՃՄ) պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով` ըստ կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա), համապատասխան բուհերում առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով սահմանվում են բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն` ըստ կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
3. Ասպիրանտուրայի կրթական աստիճանով համապատասխան բուհերում նշված մասնագիտություններով ընդունված ասպիրանտները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար պետք է ներկայացնեն երաշխավորություն և ըստ սահմանված ձևի կնքված պայմանագիրն այն կազմակերպության (բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական կամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հաստատված ցանկում ներառված կազմակերպությունների) հետ, որը հանձնառություն է ստանձնում քաղաքացու կողմից ասպիրանտուրան ավարտելու և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելու դեպքում քաղաքացուն ապահովելու նվազագույնը 3 տարի ժամկետով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանքով:
4. Պայմանագրով ամրագրվում է, որ քաղաքացին ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո պարտավորվում է 3 տարի ժամկետով աշխատել պայմանագրով նշված կազմակերպությունում` կատարելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք:
5. Պայմանագրային պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում քաղաքացին կամ համապատասխան կազմակերպությունն այն դեպքում, երբ հրաժարվում է քաղաքացուն ապահովել համապատասխան աշխատանքով, պարտավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցել ուսումնառած ուսումնական հաստատության ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը (այսուհետ` հրաժարագին), որի հաշվարկը քաղաքացուն կամ երաշխավորագիր ներկայացրած պետական մարմնին ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կամ կազմակերպության կողմից հրաժարագինը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով` նախարարության կողմից: Սույն կետում սահմանված գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է նախարարության կողմից: Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել քաղաքացու` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:
6. Պայմանագրով սահմանված կազմակերպության լուծարման կամ օրենքով սահմանված այլ հիմքերով գործունեության դադարման դեպքում երաշխավորագիր ներկայացրած կազմակերպությունը քաղաքացուն առաջարկում է այլ` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված կազմակերպությունում աշխատանք, իսկ դրա անհնարինության դեպքում կողմերն ազատվում են սույն կարգով սահմանված պարտավորությունների կատարումից:
7. Քաղաքացին պարտավոր է պայմանագրային պարտավորության կատարման ընթացքում յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին նախարարություն ներկայացնել աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն:
8. Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար քաղաքացիների տվյալներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում` նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կամ բուհերի կողմից մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը տրամադրված ցանկերի համաձայն: Ասպիրանտուրա ընդունվողների դեպքում ասպիրանտը նախարարություն է ներկայացնում նաև ասպիրանտի և գործատու կազմակերպության միջև կնքված պայմանագրի մեկ օրինակ:
(8-րդ կետը փոփ. 30.11.2023 թիվ 2063-Ն որոշում)
8.1. Սահմանված ժամկետում զինվորական հաշվառում անցած չլինելու կամ բուհեր համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը չտրամադրվելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ չներառված, սակայն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված տարկետման տրամադրման հիմքերի առկայության և քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու դիմում ներկայացնելու դեպքում նախարարությունը մեկամսյա ժամկետում շրջանառում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշման նախագիծ:
(8.1-ին կետը լրաց. 30.11.2023 թիվ 2063-Ն որոշում)
9. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:
10. Սույն կարգի հիմքով տարկետում ստացած ուսանողների ուսումնառությունը դադարելու, կամ սույն կարգի N 2 հավելվածով սահմանված այլ մասնագիտությամբ սովորելու տեղափոխվելու դեպքում բուհերը պարտավոր են 5-օրյա ժամկետում դրա մասին հայտնել նախարարությանը և քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանմանը:
11. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը սեպտեմբերի 30-ից սկսած` 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները:
12. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ուժի մեջ մտնելու պահից քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` օրենքով սահմանված կարգով:
13. Սույն կարգի համաձայն` քաղաքացուն յուրաքանչյուր կրթական աստիճանով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ:
14. Սույն կարգով տարկետում ստացած ուսանողն ուսումնառության ընթացքում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) սովորելու իրավունքը կորցնելու դեպքում չի կորցնում իր տարկետման իրավունքը:
15. Տարկետում տրվում է համապատասխան կրթական աստիճանով ուսումնառության ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
16. Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածով տարկետում ստացած քաղաքացիները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները:
17. Սույն կարգի հիմքով տարկետում ստացած քաղաքացիները նույն կամ հաջորդ կրթական աստիճանների համար չեն կարող հավակնել ու տարկետում ստանալ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Ձև
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ____
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՍՊԻՐԱՆՏԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՆՇՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան ____ __________ 20 թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. ........ կազմակերպությունը, ի դեմս _____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) ______________________________________________________________________ ի, (այսուհետ կազմակերպություն), մի կողմից, և քաղաքացի ____________________
(անունը, հայրանունը,
ազգանունը ______________________________________________________________________-ը
անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տալու ամսաթիվը և մարմինը)
(այսուհետ` քաղաքացի (այսուհետ նաև` կողմեր), մյուս կողմից, կնքեցին սույն քաղաքացիաիրավական պայմանագիրն այն մասին, որ քաղաքացին պարտավորվում է ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո 3 տարի ժամկետով աշխատել սույն պայմանագրով նշված կազմակերպությունում` կատարելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Քաղաքացու իրավունքներն են`
2.1.1. բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետի ընթացքում ստանալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում.
2.1.2. ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո դիմել կազմակերպությանն իր հետ նվազագույնը 3 տարի ժամկետով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք կատարելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր կնքելու համար.
2.1.3. կազմակերպությունից ստանալ աշխատավարձ` տվյալ կազմակերպությունում համանման աշխատանքի համար սահմանված աշխատավարձի չափով:
2.2. Քաղաքացու պարտականություններն են`
2.2.1. ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո 3 տարի ժամկետով աշխատել սույն պայմանագրով նշված կազմակերպությունում` կատարելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք.
2.2.2. աշխատանքային պարտականությունները կատարելիս պահպանել կազմակերպության ներքին կարգ ու կանոնը.
2.2.3. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրից հրաժարվելու, կամ սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում 1 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին է փոխանցում այդ հաստատության վճարովի համակարգում իր մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ներկայացված հաշվարկի հիման վրա:
2.3. Կազմակերպության իրավունքներն են`
2.3.1. ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո քաղաքացու հետ կնքել 3 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր` քաղաքացուն առաջարկելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք.
2.3.2. քաղաքացու կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում լուծել աշխատանքային պայմանագիրը:
2.4. Կազմակերպության պարտականություններն են`
2.4.1. քաղաքացուն ապահովել իր կրթությանը և մասնագիտությանը համապատասխան գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանքով` վճարելով կազմակերպությունում համանման աշխատանքի համար սահմանված աշխատավարձ.
2.4.2. քաղաքացուն ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո աշխատանքի չընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին է փոխանցում ուսումնառած ուսումնական հաստատության ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը, որի հաշվարկը կազմակերպությանը ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը:
3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտելու դեպքում կողմերն իրավունք ունեն իրենց խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատական կարգով:
3.2. Սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում կողմերից յուրաքանչյուրի` պայմանագրից հրաժարվելու դեպքում հրաժարվող կողմը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում միանվագ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցել ուսումնառած ուսումնական հաստատության ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը, որի հաշվարկը քաղաքացուն կամ կազմակերպությանը ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է բարձրագույն ուսումնական հաստատությունում քաղաքացու ուսումնառության և կազմակերպությունում սահմանված ամբողջ ժամկետով աշխատելու ընթացքում:
4.2. Պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու` սահմանված 3 տարի քաղաքացու կողմից կազմակերպությունում աշխատելուց հետո, կամ վաղաժամկետ` սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու, սահմանված գումարը միանվագ վճարելու դեպքում կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու դեպքում, կամ տարկետման իրավունքը կորցնելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում:
4.3. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է քաղաքացուն, իսկ մյուս օրինակը` կազմակերպությանը:
5. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
________________________ ______________________________________
(անվան ու հայրանվան (կազմակերպության պաշտոնատար անձի անվան
սկզբնատառերը, ազգանունը) ու հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)
_____________________________________________________________________
(անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)
_______________________ _______________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի մարտի 23-ի
N 383-Ն որոշման
ՑԱՆԿ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Բուհ | Մասնագիտություն/կրթական ծրագիր |
|ը/կ| |_________________________________________________|
| | |Բակալավր |Մագիստրատուրա |Ասպիրանտուրա |
|___|_______________|________________|_______________|________________|
|1. |Երևանի պետական|055101.00.6 |055101.00.7 |Ա.04.02 Տեսական |
| |համալսարան |ֆիզիկա |ֆիզիկա |ֆիզիկա |
| | |________________|_______________|________________|
| | |055101.01.6 |055101.03.7 | |
| | |ֆիզիկա |Տեսական ֆիզիկա | |
| | |________________|_______________|________________|
| | | |055101.07.7 |Ա.04.03 |
| | | |Միջուկային |Ռադիոֆիզիկա |
| | | |ֆիզիկա և | |
| | | |ատոմային | |
| | | |էներգետիկա | |
| | |________________|_______________|________________|
| | | |055101.09.7 | |
| | | |Աստղաֆիզիկա | |
| | | | | |
| | |________________|_______________|________________|
| | | | |Ա. 04.10 |
| | | | |Կիսահաղորդիչների|
| | | | |ֆիզիկա |
| | |________________|_______________|________________|
| | | | |Բ.00.01 |
| | | | |Անօրգանական |
| | | | |քիմիա |
| | |________________|_______________|________________|
| | |055102.02.6 |055102.00.7 |Գ.00.04 |
| | |Ռադիոֆիզիկա և |Ռադիոֆիզիկա |Կենսաքիմիա |
| | |համակարգչային | | |
| | |տեխնոլոգիաներ | | |
| | |________________|_______________|________________|
| | |055102.01.6 |055102.01.7 | |
| | |Ռադիոֆիզիկա |Ռադիոֆիզիկա | |
| | |________________|_______________|________________|
| | | |055102.04.7 | |
| | | |Էլեկտրադինա- | |
| | | |միկական | |
| | | |պրոցեսների | |
| | | |համակարգչային | |
| | | |մոդելավորում և | |
| | | |նմանակում | |
| | |________________|_______________|________________|
| | |053101.00.6 |053101.00.7 | |
| | |Քիմիա |Քիմիա | |
| | |________________|_______________|________________|
| | |053101.01.6 |053101.01.7 | |
| | |Քիմիա |Քիմիա | |
|___|_______________|________________|_______________|________________|
|2. |Հայաստանի |071301.00.6 |071301.00.7 |Ե.17.04 |
| |ազգային |Էներգետիկա |Էներգետիկա |Օրգանական |
| |պոլիտեխնիկական | | |նյութերի սինթեզի|
| |համալսարան | | |և վերամշակման |
| | | | |տեխնոլոգիա |
| | |________________|_______________|________________|
| | |071301.02.6 |071301.02.7 | |
| | |Ատոմային |Ատոմային | |
| | |էներգետիկա |էներգետիկա | |
| | |________________|_______________|________________|
| | |071403.00.6 |071301.05.7 | |
| | |Ռադիոտեխնիկա և |Այլընտրանքային | |
| | |կապ |էներգետիկա | |
| | |________________|_______________|________________|
| | |071403.03.6 |071403.00.7 | |
| | |Հեռահաղորդակ- |Ռադիոտեխնիկա | |
| | |ցություն և |և կապ | |
| | |ազդանշանների | | |
| | |մշակում | | |
| | |________________|_______________|________________|
| | |071502.00.6 |071403.02.7 | |
| | |Մեքենաշինություն|Հեռահաղորդակ- | |
| | |և նյութերի |ցություն | |
| | |մշակում | | |
| | |________________|_______________|________________|
| | |071502.01.6 |071502.00.7 | |
| | |Մեքենաշինություն|Մեքենաշինու- | |
| | |և նյութերի |թյուն և | |
| | |մշակում |նյութերի | |
| | | |մշակում | |
| | |________________|_______________|________________|
| | |071603.00.6 |071502.01.7 | |
| | |Ավիացիոն և |Մեքենաշինու- | |
| | |հրթիռային |թյուն և | |
| | |տեխնիկա |նյութերի | |
| | | |մշակում | |
| | |________________|_______________|________________|
| | |071603.02.6 |071603.00.7 | |
| | |Թռչող ապարատների|Ավիացիոն և | |
| | |ավիացիոն |հրթիռային | |
| | |սարքավորումներ |տեխնիկա | |
| | |________________|_______________|________________|
| | | |071603.01.7 | |
| | | |Ավիացիոն և | |
| | | |հրթիռային | |
| | | |տեխնիկա | |
|___|_______________|________________|_______________|________________|
|3. |Հայ-ռուսական | | |Բ.00.03 |
| |համալսարան | | |Օրգանական քիմիա |
| | |________________|_______________|________________|
| | | | |Գ.00.02 |
| | | | |Կենսաֆիզիկա, |
| | | | |կենսաինֆորմատիկա|
| | |________________|_______________|________________|
| | | |071301.00.7 |Ե.12.01 |
| | | |Էներգետիկա |Ռադիոտեխնիկա, |
| | | | |ռադիոհաճախա- |
| | | | |կանային |
| | | | |սարքավորումներ, |
| | | | |համակարգեր, |
| | | | |տեխնոլոգիաներ |
| | |________________|_______________|________________|
| | | |071301.05.7 | |
| | | |Այլընտրանքային | |
| | | |էներգետիկա | |
|___|_______________|________________|_______________|________________|
|4. |Հայաստանի | |071802.00.7 | |
| |Ամերիկյան | |Արդյունաբերական| |
| |համալսարան | |ճարտարագիտու- | |
| | | |թյուն | |
| | |________________|_______________|________________|
| | | |071802.01.7 | |
| | | |Արդյունաբերական| |
| | | |ճարտարագիտու- | |
| | | |թյուն | |
|___|_______________|________________|_______________|________________|
|5. |Հայաստանում | |061104.00.7 | |
| |ֆրանսիական | |Տեղեկատվական | |
| |համալսարան | |համակարգեր | |
| | |________________|_______________|________________|
| | | |061104.05.7 | |
| | | |Արհեստական | |
| | | |բանականությամբ | |
| | | |համակարգեր | |
._____________________________________________________________________.
(2-րդ հովելվածը փոփ. 06.06.2024 թիվ 836-Ն որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 23 մարտի 2023 թվական: