ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-57-Ո-Կ-16
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(2-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ`
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանի
մասնակցությամբ` անդամներ Ա. Աթաբեկյանի
Հ. Գրիգորյանի
Ե. Թումանյանցի
Ք. Մկոյանի
Վ. Քոչարյանի
Արդարադատության նախարարի տեղակալ Լ. Բալյանի
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ Ա. Սուջյանի
Ա. Բադալյանի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարանի դատավոր Դ. Հարությունյանի
քարտուղարությամբ` Թ. Ղուկասյանի
2023 թվականի հուլիսի 3-ին ք. Երևանում
Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ, հաշվի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևորությունը և դատական իշխանության անկախության պահպանման իր սահմանադրական առաքելությունը, ցանկացած միջամտություն դատավորի խոսքի ազատության իրացմանը, պետք է մանրազնին ուսումնասիրության առարկա դառնա Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
Սույն գործի քննության շրջանակներում Խորհուրդն անդրադառնալով «news.am» լրատվական կայքի հրապարակման մեջ Դատավորի կողմից հայտնված այն կարծիքին թե` «(...) Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (...) Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան: Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը` գիտնական, կեսը` դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին չունենան իրենց սեփական, ինքնուրույն կարծիքը (...) եթե ասում են` իրենք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում, էդպես չի կարող լինել, եթե վիճում են, պետք է ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց էստեղ ստացվում ա իրանք ասում են թե, առանց կաշկանդվելու, ընդ որում, ասում են, թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատել (4ր 33վ - 6ր 19վ)» հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Այսպես, Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ յուրաքանչյուր դատավոր պետք է զերծ մնա այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, քանի որ դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ, հետևաբար դատավորի խոսքի իրավունքի ազատության սահմանազանցման հարցը քննարկելիս անհրաժեշտ է բացահայտել, թե դրանք ինչպես կարող են ընկալվել հանրության կողմից: Տվյալ դեպքում, Դատավորի կողմից արված` «(...) Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (...) Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան (...)» արտահայտությունը կասկածի տակ է դնում Խորհրդի որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացում Խորհրդի յուրաքանչյուր անդամի սեփական, ինքնուրույն կարծիքը ունենալու և այն պնդելու հնարավորության առկայության հանգամանքը` հայտարարելով, որ «եթե կա բացարձակ կոնսենսուս, ապա ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է», ինչը տվյալ տեսանյութը դիտող յուրաքանչյուր ողջամիտ անձի մոտ կստեղծի տպավորություն, որ Խորհուրդը որոշումներ կայացնելիս անկախ և անաչառ չէ և ենթարկվում է ուղղորդման: Հետևաբար, Դատավորի կողմից Խորհրդի գործունեության վերաբերյալ տրված վերոնշյալ գնահատականը դուրս է դատավորի խոսքի ազատության իրավունքի շրջանակներից և վերոնշյալ արտահայտությունների համատեքստում յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամտորեն կարող է ձևավորվել արդարացի հետևություն առ այն, որ Խորհրդի որոշումներն ուղղորդված են:
Հաջորդիվ անդրադառնալով «news.am» լրատվական կայքի հրապարակման մեջ Դատավորի կողմից Խորհրդի որոշումների օրինականության վերաբերյալ հայտնված այն կարծիքին թե` «(...) 20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ իս, անօրինական կերպով, դադարեցվել են (...) (11ր 03վ - 11ր 12վ)» հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Նախ, Խորհուրդը կարևոր է համարում նախապես արձանագրել, որ Դատավորի կողմից «news.am» լրատվական կայքի միջոցով հայտնված կարծիքը պաշտպանված չէ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավիճակներով, քանի որ Դատավորն իր գնահատականները հնչեցրել է ի պատասխան լրագրողի կողմից տրված հարցերի, այլ ոչ թե օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության ընթացքում:
Տվյալ դեպքում Դատավորը, գնահատելով սահմանադրական մարմնի կարգավիճակ, դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելություն ունեցող, ինչպես նաև դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս որպես դատարան հանդես եկող Խորհրդի` վերջին 6-ամսյա ժամանակահատվածում կայացված որոշումներով որոշակի թվով դատավորների լիազորությունները կարգապահական վարույթի քննության արդյունքում դադարեցրած լինելու հանգամանքին` դրանք որակել է «անօրինական», ինչով զերծ չի մնացել դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ չառնելու մասին դատավորի վարքագծի ընդհանուր կանոնի խախտումից:
Քննարկվող պարագայում դիտարկելով Դատավորի կողմից հնչեցված արտահայտությունները, հաշվի առնելով վերոհիշյալ փաստական և իրավական հանգամանքները` Խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարանի կայացրած` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների օրինականությունը, մինչդեռ դատավորը պարտավոր է դրսևորել բավարար շրջահայացություն, զսպվածություն և խուսափել դատարանի գործողությունները և որոշումները կասկածի տակ դնելուց: Ավելին, Դատավորի արտահայտությունները, որոնք հրապարակայնորեն կասկածի տակ են առնում իբրև դատարան հանդես եկած Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, դատական ակտերը, հանդիսանում են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորումներ: Սույն վարույթի շրջանակներում Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ այն իրավիճակներում, երբ դատավորները դատական համակարգի անկախության և հանրային վստահության բարձրացման նպատակով իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում հանդես են գալիս հրապարակային քննադատությամբ կամ որևէ այլ կերպ ներկայացնում են առանցքային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա նրանք նախևառաջ պարտավոր են հաշվի առնել, որ իրենց հայտարարությունների թիրախը չի սահմանափակվում իրավաբանական հանրույթով, այլ ներառում է հասարակության բոլոր շերտերը, և նրանք պարտավոր են ցանկացած հարցի վերաբերյալ ներկայացնել համապարփակ և մանրամասն բացատրություններ: Այսինքն, դատավորները պարտավոր են բոլոր տեսակի քննադատությունները կամ դիրքորոշումները ներկայացնել մատչելի լեզվով, առավելագույնս հիմնավորել դրանք և անկողմնակալ դիտորդի տեսանկյունից հնարավորինս պահպանել անաչառությունը:
Կարևորելով վերոնշյալ եզրահանգումները, Խորհուրդը անդրադառնալով Դատավորի կողմից գործի քննության շրջանակներում հնչեցված` 20-ից ավելի դատավորների լիազորությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ մասերով և նույն օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով կայացված` համապատասխանաբար, որոշակի թվով դատավորների ռեզերվային դատավորների կարգավիճակ ձեռք բերելու և դատավորի պաշտոնների թափուր տեղեր առաջանալու փաստերի արձանագրման մասին Խորհրդի որոշումների անօրինական կերպով դադարեցված լինելու մասին պնդմանը, հարկ է համարում արձանագրել, որ եթե նույնիսկ Խորհուրդը Դատավորի կողմից հնչեցված կարծիքը դիտարկի նշված համատեքստում, ապա նման պարագայում ևս Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, այն պայմաններում երբ դատավորը պետք է դրսևորի բացառիկ շրջահայացություն` խուսափելով որևէ կերպ դատական համակարգի անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ առնելուց, քանի որ դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ: Հետևաբար, վերոնշյալ իրավիճակում ևս դատավորի կողմից արված արտահայտություններում առկա է Օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջի խախտում:
Մյուս կողմից, Խորհուրդը կարևոր է համարում նաև արձանագրել, որ որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս` սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում: Այնուամենայնիվ, երբ դատավորներն իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում քննադատության են ենթարկում հատկապես այդ մարմիններին, ապա իրենց խոսքերում պարտավոր են դրսևորել առավել զգուշավոր մոտեցում: Դատավորները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցիկությունը, պարտավոր են հանրությանը մանրամասն բացատրել իրենց քննադատության պատճառները և հիմնավորումները: Ավելին, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է դրսևորեն հավասարակշիռ մոտեցում, խուսափեն որևէ կողմնակալության տպավորություն ստեղծելուց և փոխարենը ձգտեն արդարացի և բազմակողմանի ներկայացնել խնդրի բոլոր կողմերը:
Նշած պահանջների կարևորությունն առավել ակներև է, երբ դատավորների քննադատության թիրախը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ դատական համակարգի անկախության երաշխավոր հանդիսացող մարմինը հեղինակազրկող խոսքերն ուղղակիորեն կասկածի տակ են դնում դատական ամբողջ համակարգին, այսինքն` դատական համակարգի անկախությունն ընդհանրապես: Դատավորի կողմից քննադատական խոսքը չպետք է նպատակ ունենա որևէ մարմնի, առավել ևս Բարձրագույն դատական խորհրդին հեղինակազրկել, և այն պետք է լինի կառուցողական:
Այս առումով, Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ կառուցողական քննադատությունը, որը համակարգում առկա խնդիրներին անդրադառնում է բազմակողմանիորեն և հստակորեն, նպաստում է իրավական համակարգի և հանրության միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդմանը: Մինչդեռ այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությունը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը:
Ելնելով վերոգրյալից` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կատարված արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ, մասնավորապես, վերջինիս կողմից կատարված արտահայտությունները վարկաբեկում են դատական իշխանությունը, նման արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը` անկախ այն հանգամանքից, թե՛ Դատավորի կողմից «անօրինական» որակված Խորհրդի որոշումները հանդիսանում են Խորհրդի` որպես դատարանի իրավակիրառ գործունեության և թե՛ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման արդյունք:
i
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Վերոնշյալ իրավական եզրահանգումների արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կողմից խոսքի ազատության իրավունքի իրացման պայմաններում դատավորի վարքագծի կանոններով սահմանված առավել խիստ սահմանափակումները կանխատեսելի են եղել Դատավորի համար:
Դատավորի կողմից Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը կասկածի տակ առնելու հանգամանքները թույլ են տալիս ողջամտորեն եզրահանգել Դատավորի գործողություններում դիտավորության առկայության մասին: Ավելին, վերը նշված հիմնավորումների լույսի ներքո արձանագրված խախտումներն այնքան ակնհայտ էին, որ Դատավորը չէր կարող չգիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, մասնավորապես, Խորհրդի կարգապահական խախտման հիմքով դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների մի մասը անօրինական համարելը, Խորհրդի անդամների անկախության և անաչառության մասին կասկածներ արտահայտելը: Այսպիսով, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ մատնանշված դրվագներով խոսքի ազատության իրավունքի սահմանազանցումը ողջամիտ կասկածից վեր է, հետևաբար, այն չէր կարող դրսևորվել որևէ այլ կերպ, քան դիտավորությունն է:
i
Այնուհետև Խորհուրդն, անդրադառնալով Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև առկա տնտեսական, ընկերական, աշխատանքային և քաղաքական կապերի առկայության հիմքով Դատավորի կողմից Խորհրդի նախագահին ներկայացված և Խորհրդի արձանագրային որոշմամբ մերժված միջնորդության հիմնավորումներին, հարկ է համարում նշել, որ Խորհուրդն այդ հանգամանքներին անդրադարձել է իր 26.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշմամբ, մասնավորապես նշելով հետևյալը. «Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի համաձայն` «Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի (...) նկատմամբ, գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի (...) կողմերից մեկի հետ»:
Խորհրդի գնահատմամբ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը սահմանված լինելով իբրև դատավորի անաչառության ապահովման երաշխիք, նպատակ ունի, ի թիվս այլնի, բացառել, որ դատավորը որոշում կայացնելիս կաշկանդած լինի կողմերից մեկի այնպիսի գործողությամբ կամ անգործությամբ, որը կարող է ֆինանսական հետևանքներ առաջացնել իր համար:
Միաժամանակ Խորհուրդն արձանագրել է, որ ինքնաբացարկի հիմք հանդիսացող տնտեսական շահի առկայությունը ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ դատավորը կամ իր մերձավոր ազգականը մասնավոր կարգավիճակով պայմանավորված ունի այնպիսի շահ, որը կարող է ազդեցություն ունենալ իր լիազորությունների պատշաճ կատարման վրա: Այսպես, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի իմաստով տնտեսական շահ կարող է առկա լինել բացառապես այն պարագայում, երբ կողմերից մեկն ունենա այնպիսի առարկայական լծակներ, որոնք ուղղակիորեն կարող են ներազդել դատավորի կամ իր մերձավոր ազգականի տնտեսական շահերի վրա:
Խորհուրդն արձանագրել է նաև, որ Դատավորի ներկայացուցչի կողմից ներկայացված հանրահայտ փաստերն ինքնին բավարար չեն եզրակացնելու, որ Կ. Անդրեասյանը կարող է դրսևորել կողմնակալություն: Ավելին, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Rustavi 2 Broadcasting Company Ltd-ը և այլք ընդդեմ Վրաստանի գործով վիճարկվել է միաձայն որոշում կայացրած ինը դատավորից բաղկացած կազմը նախագահող դատավորի անկողմնակալությունը և ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտում առկա չէ: Նույն որոշմամբ վկայակոչվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Fazli Aslaner-ն ընդդեմ Թուրքիայի գործով արձանագրումը, ըստ որի` դատավորներից ոմանց նախկինում որոշակի դիրք ունենալը, ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ ողջ կազմը եղել է կողմնակալ: ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ նմանաբնույթ իրավիճակներում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այլ գործոններ(4):
________________
4) Տե՛ս, Fazli Aslaner v. Turkey, https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22002-9417%22]}, §§ 36-43:
Խորհուրդը նաև հարկ է համարում հիշատակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 06.06.2023 թվականի վարույթի հարուցումը մերժելու մասին թիվ N 01-ԴՄ որոշմամբ հայտնած դիրքորոշումը, որտեղ ի թիվս այլնի անդրադառնալով այն հարցին թե «արդյո՞ք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ ընկերական, գաղափարական և ընդհանուր տնտեսական շահով պայմանավորված կապերի պայմաններում տվյալ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի գործունեությունն ընդհանրապես (...) կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ, մասնավորապես կոռուպցիոն առումով ռիսկային չէ և չի հանգեցնում շահերի բախման, վարքագծի կանոնների և այլ սահմանափակումների խախտումների»` գտել է, որ.
«(...) 17. Այսպես, ներպետական նյութական իրավունքի նորմերի բովանդակությունից հետևում է, որ անձի անձնական շահերի և պաշտոնեական պարտականությունների միջև առկա հակասությունն ինքնին շահերի բախում չի դիտարկում: Ներպետական օրենսդրությունը շահերի բախման համար որպես պայման դիտարկում է այս կամ այն կերպ գույքային կամ իրավական դրության բարելավումը, որևէ արտոնության ապահովումը, որը դրսևորվելու է իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ:
Շահերի բախման վերաբերյալ միջազգային չափորոշիչների և սահմանումների բովանդակությունից ևս հետևում է, որ շահերի բախումն, ըստ էության, անձնական և հանրային/պաշտոնեական շահերի (հարաբերությունների)` միջև առկա հակասություն է. Յուրաքանչյուր այն դեպքում, երբ առկա է այնպիսի հարաբերություն, որի առկայությամբ կարող է պայմանավորել կամ ազդեցություն ունենալ անձի կողմից պաշտոնեական լիազորությունների իրականացման վրա, ապա առկա է շահերի բախման ռիսկ: Խիստ կարևոր է, որ շահերի բախման մեկնաբանման ընթացքում կառավարման տարբեր ոլորտների առանձնահատկությունները չանտեսվեն այնպես, որ խաթարվի իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիմնարար սկզբունքը, և հնարավոր պատասխանատվության կիրառման գործընթացը չհանգեցնի իշխանության մեկ ճյուղի կողմից մյուսի գործունեության միջամտության:
Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել հարաբերությունների կողմերը, զբաղեցրած պաշտոնները և այն խնդիրները, որոնց կապակցությամբ նշված սուբյեկտներն առնչություն ունեն.
1) Սուբյեկտներից մեկը հանդիսանում է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավար, այս պարագայում Արդարադատության նախարար, ով գործում է Սահմանադրության և օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում:
2) Սուբյեկտներից մյուսը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բարձրագույն դատական խորհուրդը սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը և գործում է կոլեգիալության հիման վրա: Բարձրագույն դատական խորհրդի անդամներից հինգը հանդիսանում են դատավոր անդամներ, մնացած հինգը` գիտնական անդամներ, նրանցից յուրաքանչյուրը ինքնուրույն ձայնի իրավունքով մասնակցում են որոշումների կայացման գործընթացին: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Հետևաբար` դիմումում ներկայացված երկու սուբյեկտներն իրականացնում են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններ, որոնք ուղղված են հանրային շահի իրացմանը:
18. Սույն գործով` շահերի բախման համատեքստում, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում գնահատել, արդյո՞ք ընկերական, գաղափարական կապերի և առկա ընդհանուր տնտեսական շահերի առկայության պայմաններում մի պետական մարմնի ներկայացուցչի` այս դեպքում Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելը հանգեցնում է վարքագծի կանոնների, շահերի բախման և անհամատեղելիության պահանջների խախտման:
Այսպես, թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային չափորոշիչներով մասնավոր շահը ի պաշտոնե կատարած գործողության, անգործության կամ որոշման կայացումն է, որի արդյունքում պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձը կամ կազմակերպությունը պաշտոնատար անձի կողմից դրսևորած գործողության, անգործության կամ կայացրած որոշման դիմաց ստանում է որևէ արտոնություն կամ առավելություն: Մինչդեռ, սույն դիմումով ներկայացված փաստերի շրջանակում կարգապահական վարույթը ներկայացվում է սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող անկախ պետական մարմին, և ըստ էության ներկայացված փաստերով որևէ կերպ չի հիմնավորվում, թե կարգապահական վարույթ հարուցելով Արդարադատության նախարարն ինչ արտոնություն կամ առավելություն է տրամադրել իր հետ փոխկապակցված անձին կամ կազմակերպությանը: Ընդ որում, ներկայացված հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունն Արդարադատության նախարարի համար սահմանված է օրենքով: Հետևաբար, սույն գործով ներկայացված փաստերի համատեքստում կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես Արդարադատության նախարարի մասնավոր շահի սպասարկում: Մինչդեռ, շահերի բախումը անձի մասնավոր շահի անհարկի ազդեցությունն է պաշտոնեական պարտականությունների կատարման անաչառության վրա, օգուտ կամ առավելություն ապահովելով իր հետ փոխկապակցված անձի կամ կազմակերպության համար: (...)»(5):
________________
5) Տե՛ս, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 06.06.2023 թվականի վարույթի հարուցումը մերժելու մասին թիվ N 01-ԴՄ որոշում, http://cpcarmenia.am/files/legislation/1041.pdf:
Ի լրումն վերոնշյալի` Խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև հիշատակել Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների 2.5.3. կետը, որի համաձայն` Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել: Նման գործերը ներառում են, սակայն չեն սահմանափակվում այն դեպքերով, երբ` (...) դատավորը կամ դատավորի ընտանիքի անդամը նյութական շահ ունի առկա գործի ելքով: Խորհուրդը հարկ է համարում վերահաստատել, որ սույն գործի շրջանակներում նյութական շահի և/կամ մասնավոր շահի որևէ դրսևորում առկա չէ, ավելին` թե՛ Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և թե՛ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իրականացնում են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններ, որոնք ուղղված են հանրային շահի իրացմանը:
Վերոնշյալ համատեքստում Խորհուրդը հարկ է համարում վերահաստատել, որ դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են: Հետևաբար, ինչպես նշում է Վենետիկի հանձնաժողովը, եթե դատավորի սխալ վարքագիծը ունակ է թուլացնելու դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, ապա հանրության շահերից է բխում այդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը(6):
________________
6) Տե՛ս, COMPILATION OF VENICE COMMISSION OPINIONS AND REPORTS CONCERNING COURTS AND JUDGES, Strasbourg, 12 July 2019 CDL-PI(2018)008, էջ 32:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մասին Դատավորի և Դատավորի ներկայացուցիչների միջնորդությունները մերժվել են: Ինչ վերաբերում է Խորհրդի մյուս անդամներին հայտնված ինքնաբացարկներին, ապա դրանք մերժվել են հիմնավոր չլինելու հանգամանքով պայմանավորված:
Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ նաև Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Լիազոր մարմնի միջնորդության քննությունը դռնփակ անցկացնելու մասին որոշում կայացնելու անհրաժեշտությանը և արձանագրել, որ սույն կարգապահական վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել` Օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտումները, որոնք ըստ Լիազոր մարմնի միջնորդության դրսևորվել են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող հրապարակային արտահայտություններ թույլ տալով, միաժամանակ, ըստ Լիազոր մարմնի միջնորդության Դատավորը զերծ չի մնացել դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց և այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:
i
Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով և դատավորին (...) կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, (...) վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, ապա Խորհուրդը գնահատելով Լիազոր մարմնի միջնորդությամբ մատնանշված փաստերը (Խորհրդի` որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը բացառապես որոշակի ուղղորդմամբ պայմանավորելը, ինչպես նաև 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը որպես անօրինական բնորոշելը), գտել է, որ հաշվի առնելով Խորհրդի` Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը Դատավորի կողմից վերոնշյալ փաստերի վերաբերյալ խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում, ինչով և պայմանավորված Խորհուրդը, հիմք ընդունելով արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:
Միաժամանակ, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացնելիս Խորհուրդը, կարևորելով գործի քննության հրապարակայնության սկզբունքը, որը թե' Սահմանադրության, թե' միջազգային իրավական ակտերի, թե' դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է, քննարկել է դատական վարույթի մի մասը դռնփակ անցկացնելու հնարավորությունը:
Մինչդեռ, դատական վարույթի ընթացքում Դատավորի և նրա որոշ ներկայացուցիչների վարքագիծը առավել քան մտահոգիչ էր և ուղղակիորեն միտված էր դատական իշխանության հեղինակազրկմանը և վարկաբեկմանը: Արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավորի, այլ նաև հանրության ընկալման առումով դատավորի` որպես հավաքական կերպարի ու դատավորի բարձր պաշտոնի կարևորության համատեքստում: Խորհուրդը հարկ է համարում վերահաստատել, որ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց, ինչպես նաև դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Ավելին, դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:
Մինչդեռ, Դատավորի, ինչպես նաև նրա որոշ ներկայացուցիչների կողմից ոչ միայն չեն պահպանվել վարքագծի կանոնները, այլև որոշ դեպքերում վերջիններիս գործողություններն այնպիսի դրսևորումներ են ունեցել, որ անընդունելի են հասարակության մեջ և չեն համապատասխանում անգամ սոցիալական նորմերի կանոններին, որի արդյունքում նիստը նախագահողը բազմաթիվ անգամ ստիպված է եղել հիշեցնել Օրենսգրքով սահմանված դատական սանկցիա կիրառելու հնարավորության մասին, իսկ որոշ դեպքերում Խորհուրդը ստիպված է եղել կիրառել դրանք:
Վերոնշյալի համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ դատավորի անկախությունը, անկողմնակալությունը, բարեվարքությունն ու պրոֆեսիոնալիզմը հանդիսանում են դատական համակարգի հիմնաքարային արժեքներ: Ընդ որում, անկախությունը դատավորին տրված արտոնություն կամ առավելություն չէ, ընդհակառակը, այն հիմնարար սկզբունք է, ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, իրավունքի գերակայության նախապայման և արդար դատաքննության երաշխիք(7):
________________
7) Տե՛ս, CDL-AD(2014)018-e Joint opinion - Venice Commission and OSCE/ODIHR - on the draft amendments to the legal framework on the disciplinary responsibility of judges in the Kyrgyz Republic, adopted by the Venice Commission at its 99th Plenary Session (Venice, 13-14 June 2014), պարբ. 14, CCJE Opinion N1 (2001), պարբ. 11, CCJE Opinion N17 (2014), պարբ. 5:
Միաժամանակ Խորհուրդը, կարևորելով հրապարակայնության սկզբունքը, հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված չափանիշներին: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակային դատաքննության (անկախ իրականացման ընթացակարգային ձևից) առաջնահերթ բաղադրիչներ է համարում գործի հանգամանքների քննության (կամ «բանավոր լսումների») անցկացումը և որոշման հրապարակումը: Այսպես, «ԵԽ անդամ բոլոր պետությունները ճանաչում են հրապարակայնության սկզբունքը, սակայն նրանց օրենսդրական համակարգերը և դատական պրակտիկան ունեն որոշակի տարբերություններ ինչպես դրա ծավալի, այնպես էլ իրականացման եղանակի առումով` կապված լսումների անցկացման և դատական որոշումների հրապարակման հետ: Հարցի ձևական կողմը, այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հրապարակայնության պահանջների հիմքում ընկած նպատակի համեմատությամբ ունի երկրորդական նշանակություն»(8): Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ դռնբաց հրապարակման պահանջն ապահովված է համարվում այն դեպքերում, երբ վճիռը տրամադրվել է քարտուղարության կողմից և դրա տեքստը հասանելի է դարձել բոլորին(9):
________________
8) Տե՛ս, Sutter v. Switzerland, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Sutter%20v.%20Switzerlan d%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22 itemid%22:[%22001-57585%22]}, § 27, Adolf v. Austria, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Adolf%20v.%20Austria%22] ,%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%2 2:[%22001-57417%22]}, § 30, Pretto and others v. Italy, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Pretto%20and%20others%20 v.%20Italy%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%2 2],%22itemid%22:[%22001-57561%22]}, § 23, Axen v. Germany, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Axen%20v.%20Germany%22], %22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22 :[%22001-57426%22]}, § 25:
9) Տե՛ս, Pretto and others v. Italy, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Axen%20v.%20Germany%22], %22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22 :[%22001-57426%22]}, §§ 27-28:
Այսպիսով, հաշվի առնելով նկարագրված իրողությունները, այդ թվում` դատական իշխանության հեղինակազրկման վտանգը, դատավորի պաշտոնի արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը և դատական իշխանության անկախության ու անաչառության հանդեպ հանրության վստահությունը պահպանելու նկատառումներից ելնելով, միաժամանակ կարևորելով հրապարակայնության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, Խորհուրդը սահմանված ժամկետում սույն որոշումը ամբողջ ծավալով հրապարակում է Դատական իշխանության պաշտոնական կայքում:
i
Անդրադառնալով Դատավորի և Դատավորի ներկայացուցիչների կողմից Խորհրդին ուղղված գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդությանը` Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կազմակերպված չէ Օրենքով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Հետևաբար, Դատավորի և ներկայացուցիչների կողմից Խորհրդին ուղղված գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդությունների քննարկման համար հիմք է ընդունվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ըստ որի` վարչական դատարանը, դատաքննության ավարտից հետո անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը, որի մասին կայացնում է որոշում:
Հոդվածի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ դատաքննության ավարտից հետո ապացույցների լրացուցիչ հետազոտման կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով գործի վարույթի վերսկսման անհրաժեշտությունը գնահատելու հայեցողական լիազորությունը սույն վարույթում բացառապես պատկանում է խորհրդին, իսկ խորհուրդը տվյալ պարագայում սույն գործի վարույթը վերսկսելը նպատակահարմար չի համարել` անկախ դատավորի և դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացված գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդությունների առկայության հանգամանքից:
Այնուամենայնիվ, Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդություններում տեղ գտած որոշակի պնդումների և դրանց շրջանակներում արձանագրում է հետևյալը.
Դատավորը և Դատավորի ներկայացուցիչները իրենց կողմից ներկայացված գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդություններով հայտնել են, որ 2023 թվականի հունիսի 26-ին ՀՀ Փաստաբանական պալատի կողմից նախապես հայտարարված գործադուլին, ինչպես նաև փաստաբանների պալատում կայանալիք վերապատրաստման դասընթացներին (Դեոնթոլոգիայի) մասնակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված չեն ներկայացել 2023 թվականի հունիսի 26-ին նշանակված դատական նիստին, որի արդյունքում Դատավորը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, այնինչ Խորհուրդը Դատավորի կողմից ներկայացված 14 փաստաբաններից կազմված փաստաբանական խմբից 4 ներկայացուցիչներին դռնփակ նիստում Դատավորի շահերը ներկայացնելու հնարավորություն տալով ստեղծել է Դատավորի իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ավելին` թե՛ Դատավորը և թե՛ նրա ներկայացուցիչները նախապես ծանուցվել են 2023 թվականի հունիսի 26-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչպես նաև նիստի ընթացքում թե՛ Դատավորին և թե՛ նրա ներկայացուցիչներին պարզաբանվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը ունի նիստերի անցկացման ժամանակացույց և, անկախ ՀՀ Փաստաբանական պալատի կողմից նախապես հայտարարված գործադուլից, նիստը կկայանա սահմանված կարգին համապատասխան: Այսպիսով, Խորհուրդը դատական նիստի ընթացքում նախապես տեղեկացրել է թե՛ Դատավորին և թե՛ նրա ներկայացուցիչներին, որ 2023 թվականի հունիսի 26-ին նախապես հայտարարված գործադուլին Դատավորի ներկայացուցիչների մասնակցության ցանկությունը որևէ կերպ չի կարող փոփոխել Խորհրդի հաստատված ժամանակացույցը` վերահաստատելով այն մոտեցումը, որ գործադուլին մասնակցել կամ չմասնակցելը յուրաքանչյուրի իրավունքն է:
Ինչ վերաբերվում է վերապատրաստման դասընթացների մասնակցությանը, ապա Խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 22.02.2019 4/11Լ որոշումը պարունակում է որոշակի կառուցակարգեր, որոնք փաստաբաններին հնարավորություն են տալիս վերապատրաստման դասընթացները տեղափոխել մեկ այլ ժամանակահատված:
Նկատի ունենալով վերոգրյալ հանգամանքները, հիմք ընդունելով այն, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է և հաշվի առնելով, որ փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, Խորհուրդը տվյալ պարագայում սույն գործի վարույթը վերսկսելը նպատակահարմար չի համարել` անկախ Դատավորի և Դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացված գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդությունների առկայության հանգամանքից:
Ինչ վերաբերում է 2023 թվականի հունիսի 26-ին կայացած նիստի ընթացքում Դատավորի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո ներկայացուցիչների դատական նիստի ներկայանալուն և Խորհրդի դռնփակ նիստի ընթացքում Խորհրդի նախագահի կողմից հնչեցված` ձայնային կրիչում արտացոլված և Դատավորի կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված կարգադրություններին և հարցերին, ապա եթե նույնիսկ այդ կարգադրությունները և հարցերը ժամանակագրական առումով համապատասխանել են ներկայացուցիչների Խորհուրդ հասնելու և նիստերի դահլիճ մուտք գործելու ցանկություն հայտնելու ժամանակահատվածի հետ, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դրանք վերաբերել են ոչ թե ներկայացուցիչների դատական նիստերի դահլիճ մուտք գործելուն, այլ դատական սանկցիայի կատարումն ապահովելու նպատակով լրացուցիչ քանակով դատական կարգադրիչների ներգրավման նպատակահարմարության հարցի քննարկմանը:
Միաժամանակ, Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ Դատավորին դատական սանկցիա կիրառելու միջոցով դատական նիստերի դահլիճից հեռացնելու հարցին և անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նախատեսում է դատավորի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում դատական սանկցիա կիրառելու դատարանի հնարավորությունը, որպիսի հնարավորությունը տվյալ պարագայում Խորհրդի կողմից համաչափորեն օգտագործվել է, քանի որ Դատավորը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները դադարեցնելու մասին նախագահողի կողմից հնչեցված մի քանի զգուշացումներից հետո ևս շարունակել է նույնանման վարքագծի դրսևորումները, որոնք իրենց հերթին նաև փաստել են Խորհրդի նկատմամբ դատավորի ակնհայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Ավելին, Խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իրավակարգավորումները, Դատավորին արտահայտվելու հնարավորություն է տվել` առաջարկելով ընդունել իր արարքի հակաիրավականությունը և հայցել դատարանի ներողամտությունը` պարզաբանելով նման պայմաններում անձի նկատմամբ դատական սանկցիա չկիրառելու վերաբերյալ իրավական կարգավորումները: Մինչդեռ, Դատավորը արտահայտվելու իրավունքն օգտագործել է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու համար` ևս մեկ անգամ փաստելով Խորհրդի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքը:
Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները, Խորհուրդը տվյալ պարագայում նույնպես սույն գործի վարույթը վերսկսելը նպատակահարմար չի համարել:
Անդրադառնալով Դատավորի վարքագծում էական կարգապահական խախտման առկայության հարցին` Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
i
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն` էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով` համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:
Վերը նշված հիմնավորումներով Խորհուրդն արդեն իսկ արձանագրել է, որ Դատավորն իր վարքագծով զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ արարքի համատեղելիությանը դատավորի կարգավիճակի հետ:
Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից արդեն իսկ արձանագրվել է, որ Դատավորն իր կողմից կատարված հրապարակային արտահայտություններով կասկածի տակ է դրել Խորհրդի անկախությունը և անաչառությունը, հետևաբար, Դատավորի նման վարքագիծը ոչ միայն վարկաբեկում է դատական իշխանությունը, այլև իր կատարման հանգամանքներով պայմանավորված` համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:
i
Հաշվի առնելով վերոգրյալը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,
ՈՐՈՇԵՑ
1. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան
Անդամներ` Ա. Աթաբեկյան
Հ. Գրիգորյան
Ե. Թումանյանց
Ք. Մկոյան
Վ. Քոչարյան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 25 հուլիսի 2023 թվական: