ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/6119/05/20
Վարչական գործ թիվ ՎԴ/6119/05/20 2022 թ.
Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան
Դատավորներ` Կ. Ավետիսյան
Ռ. Մախմուդյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Հ. Բեդևյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
2022 թվականի նոյեմբերի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սամվել Մնացականյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Էդուարդ Վարդանյանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ծառայության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սամվել Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 02.07.2020 թվականի որոշումը և «Վարչական բողոքը մերժելու մասին» 29.07.2020 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է, ինչպես նաև վճռվել է Ծառայությունից հօգուտ Սամվել Մնացականյանի բռնագանձել 70.620 ՀՀ դրամ, որից 70.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճար, 620 ՀՀ դրամ` որպես փոստային ծախս:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2022 թվականի որոշմամբ Դատարանի 01.02.2022 թվականի վճռի դեմ Ծառայության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Էլմիրա Մեջլումյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ և 58-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ կարգավորված են պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է Ծառայության վերաքննիչ բողոքն այն հիմնավորմամբ, որ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը» և կայացնել նոր դատական ակտ:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ և 58-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման իրավունքը սերտորեն փոխկապակցված է այդ իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Մասնավորապես` վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի բողոքարկման իրավունքի իրացման նախապայմաններից մեկն է:
Եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին ինքնին չհամապատասխանող սահմանափակում (տե՛ս, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (21638/03) գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 48-րդ կետ):
i
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: ՈՒստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն առանձնացնում է գույքային պահանջի և ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքերը` դրանց համար սահմանելով հաշվարկման միմյանցից էապես տարբերվող կարգ, ինչն օբյեկտիվորեն պայմանավորված է այդ պահանջների բնույթով և առանձնահատկություններով: Գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքը համամասնական տուրք է, և հաշվարկվում է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող տուրքը պարզ տուրք է, և գանձվում է հաստատագրված գումարի չափով: Եթե հայցադիմումը ներառում է գույքային և ոչ գույքային պահանջներ, ապա օրենքը, այդ պահանջներից յուրաքանչյուրի քննությունը դիտարկելով որպես օրենքի իմաստով ինքնուրույն և առանձին գործողություն, պահանջում է, որ պետական տուրք վճարվի միաժամանակ և՛ գույքային, և՛ ոչ գույքային պահանջների առնչությամբ (հոդվ. 32-րդ, մաս 4-րդ)` այդպիսով հետապնդելով իրավաբանորեն հիմնավոր փաստարկված նպատակ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին, գտել է, որ պետական տուրքի հաշվարկման հիմքն այն գույքային կամ ոչ գույքային պահանջն է, որով անձը դիմել է դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով` արդյունքում ակնկալելով ներկայացված պահանջի ըստ էության քննություն և լուծում: Այսինքն` գործող իրավակարգավորման պայմաններում պետական տուրքի գանձում իրականացվում է ոչ թե դատարանի ցանկացած գործողության, այլ այն գործողությունների համար, որոնց արդյունքում վերջնական դատական ակտի կայացմամբ քննարկվում և լուծվում է ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջը: Հետևաբար, այն դեպքում, երբ դատարան դիմած անձը հայցում է դատարանի որևէ գործողության իրականացում, որն անմիջականորեն պայմանավորված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ, այլ ուղղված է վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելուն, թեկուզև այդ գործողության հայցումն իրականացվում է բողոքարկման ընթացակարգի միջոցով, այնուամենայնիվ, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը, օրինակ` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման պարագայում:
Վերը քննարկված իրավիճակը կարող է արտահայտվել նաև այն դեպքում, երբ անձը դատական ակտը բողոքարկում է միայն դատական ծախսերի մասով: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի քննությանը և լուծմանը, ընդհակառակը` շահագրգիռ անձը տվյալ դեպքում վիճարկում է այդ պահանջի լուծման արդյունքում բաշխված դատական ծախսի իրավաչափության հարցը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
i
Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկով գտել է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար, վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար, բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Դիմելով դատարան` Սամվել Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 02.07.2020 թվականի որոշումը և «Վարչական բողոքը մերժելու մասին» 29.07.2020 թվականի որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 1-10):
Դատարանի 01.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է և վճռվել է Ծառայությունից հօգուտ Սամվել Մնացականյանի բռնագանձել 70.620 ՀՀ դրամ, որից 70.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճար, 620 ՀՀ դրամ` որպես փոստային ծախս (հատոր 1-ին, գ.թ. 120-130):
Ծառայության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով վերջինս խնդրել է Դատարանի 01.02.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` գործի քննության հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի` ներկայացուցչի վճարի հատուցման պահանջը մերժել (հատոր 2-րդ, գ.թ. 4-7):
Վերաքննիչ դատարանը 08.04.2022 թվականին Ծառայության վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքի վճարման անդորրագիրը, և չի ներկայացվել միջնորդություն` պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 14-16):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ներկայացված վերաքննիչ բողոքը պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար, բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը:
Տվյալ դեպքում Դատարանի վճիռը բողոքարկվել է դատական ծախսերի մասով, հետևաբար, բողոք բերած անձը վերը շարադրված պատճառաբանությունների հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից, որպիսի պայմաններում բացակայում է նաև նման միջնորդություն ներկայացնելու և այն քննության առնելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով բողոք բերած անձի կողմից օրենքով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով, անտեսել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձն ազատված է եղել վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից` նկատի ունենալով, որ վերջինս Դատարանի 01.02.2022 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է` դատական ծախսերի մասով:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Ծառայության վերաքննիչ բողոքը, պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով, թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ և 58-րդ հոդվածների խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ նշված սխալի արդյունքում սահմանափակվել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Հ. Բեդևյան
Լ. Հակոբյան
Ք. Մկոյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 նոյեմբերի 2022 թվական: