Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՍՈՒ ԷՐ ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՍՈՒ ԷՐ ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾՆ ԸՍՏ Է ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0312/06/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0312/06/19

Նախագահող դատավոր` Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

    2020 թվականի մայիսի 25-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ պաշտպան Ս.Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում 2019 թվականի մայիսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12180219 քրեական գործը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Ազարյանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:

Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովը 2019 թվականի մայիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի մայիսի 25-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

3. Դատախազ Ա.Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ս.Սմոլնիկովի պաշտպան Ս.Մանուկյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(1):

______________________

1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառված նորմերի հետ փոխկապակցված քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Մեղադրյալի կողմից հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության մասին հետևության գալով` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալն այնպիսին է, որ Վերաքննիչ դատարանին զրկում է վերաքննիչ բողոքում արծարծված կալանավորման հիմքերի առկայության հարցը քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի բողոքը պետք է բավարարել, Առաջին ատյանի դատարանի (...) որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության (...)»(2):

______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 49-60:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքը:

i

Բողոքաբերը փաստել է, որ մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու (քննիչի միջնորդությունը մերժելու) վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությունը և օրինականությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունը, մինչդեռ պետք է կիրառեր նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորությունը, որպիսի հետևությունները բխում են ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումից:

i

Ըստ բողոքաբերի` ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումից բխում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու իրավաչափությունը գնահատելու մասով Վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն տրված լիազորությամբ, որի շրջանակները հատուկ դրույթների միջոցով հստակեցված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասում և հնարավորություն են ընձեռում Վերաքննիչ դատարանին կայացնել վերջնական որոշում:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավասու էր արդյո՞ք Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտը` մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

i

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն` «1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. (...)

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն` «1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ. (...)

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է համապատասխան ստորադաս դատարանի ակտը, եթե համապատասխան ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.

6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

i

10. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1459 որոշման համաձայն` «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող «նոր դատական ակտ» եզրույթը չի նույնանում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դատական ակտերից որևէ մեկի հետ և օրենսդիրը, կիրառելով «նոր դատական ակտ» եզրույթը, նկատի չի ունեցել հիշյալ հոդվածի 1-ին մասում թվարկված այն լիազորությունները, որոնք վերապահված են Վճռաբեկ դատարանին` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման դեպքերում: Սա վերաբերում է նաև միջանկյալ դատական ակտերի վերանայման` վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված` Օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նույնական ձևակերպման ամրագրման նպատակին: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` «նոր դատական ակտ» եզրույթն օրենսդիրը գործածել է Օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով (...)»(3):

______________________

i

3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումը:

 

11. Օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում անդրադառնալով գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վերադաս դատական ատյանների լիազորություններին` Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշումներ է արտահայտել, այն մասին, որ. «(...) Թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում: Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց` հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը:

i

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք: Նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված` Վճռաբեկ դատարանի լիազորությունները: Միևնույն ժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վերաքննիչ դատարանի նույնաբնույթ լիազորությունների նկատմամբ(4) (...)»(5):

______________________

i

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 11-րդ կետը:

5) Մանրամասն տե՛ս Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ(6):

______________________

6) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանի թույլ տրված դատական սխալը Վերաքննիչ դատարանին զրկում է վերաքննիչ բողոքում մատնանշված` կալանավորման հիմքերի առկայության հարցը քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից(7):

______________________

7) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը իրավասու էր գործն ըստ էության չլուծող դատական ակտը` մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումն օրինական է և հիմնավորված: Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.05.2020
N ԵԴ/0312/06/19
Որոշում