21.01.2006 - 20.05.2007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
i
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքով`
ա) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների (այսուհետ` սպառողներ) էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ստուգումների միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.
բ) սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունները:
(1-ին հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
i
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
տեխնիկական ստուգումներ` էներգատեղակայանքների փաստացի տեխնիկական վիճակի, կատարված կառուցման, վերակառուցման և հավաքակցման աշխատանքների ու նախագծի համապատասխանության հաստատման նպատակով իրականացվող ակնադիտական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փորձարկումների ու չափումների փաստաթղթերի ուսումնասիրություններ.
պետական տեխնիկական վերահսկողություն` սույն օրենքով նախատեսված դեպքերում տեխնիկական ստուգումների միջոցով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց, որն ուղղված է էներգատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաև շահագործման, սպասարկման ընթացքում և տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.
էներգատեղակայանքներ` տեխնիկական կանոնակարգերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների, գազային, ջերմային կարգավորիչ ու բաշխիչ հանգույցների և այլ սարքավորումների համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման և սպառման համար.
վերակառուցվող էներգատեղակայանք` գործող էներգատեղակայանք, որտեղ լրացուցիչ էլեկտրասարքավորումների տեղադրման ու հավաքակցման և (կամ) էներգատեղակայանքի հանգույցի ապահավաքակցման կամ փոխարինման արդյունքում տեխնիկական անձնագրի, տեխնիկական պայմանների, նախագծի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել.
գործարկման եզրակացություն` տեխնիկական կանոնակարգերի նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որը տալիս է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր կառավարման մարմինը և հավաստում էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կամ սպառողի էներգատեղակայանքների` տվյալ պահին գործարկմանը պատրաստ լինելու մասին.
պատահար` էներգատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, այդ թվում` մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ: Պատահարների դասակարգումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(2-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների վրա:
(3-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 4. |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են`
ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.
բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:
(4-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
i
Հոդված 5. |
Պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում:
(5-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 6. |
Լիազոր մարմնի գործառույթները |
i
1. Լիազոր մարմինը`
ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ`
- էլեկտրաէներգետիկական համակարգում` 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում` գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,
- մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, գազի ցածր ճնշման գազամատակարարման համակարգերում, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ` մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադրագրեր, վերահսկում դրանցում նշված պահանջների կատարումը և կայացնում որոշում` սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին.
i
գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ` թույլատրելով դրանց գործարկումը.
դ) վարում է տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրություն.
ե) ներկայացնում է առաջարկություններ նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
i
2. Լիազոր մարմինը էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացնում է դրանց մասնագիտական քննությունը տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտման բացահայտման և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով:
(6-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 7. |
Տեխնիկական ստուգումների կարգը |
1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
2. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքի տեխնիկական ստուգման ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչը շահագործող անձնակազմից կարող է պահանջել էներգատեղակայանքի առանձին հանգույցների փորձարկման իրականացում:
3. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքների գործարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին էներգատեղակայանքի համապատասխանության մասին տրված գործարկման եզրակացության առկայության դեպքում:
4. էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքում լիազոր մարմնի կազմած ակտ-կարգադրագիրը պետք է ներառի պատահարի ծագման պատճառների, զարգացման և հետագա ընթացքի վերաբերյալ մասնագիտական գնահատականներ:
(7-րդ հոդ. փոփ.08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 8. |
Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների իրավունքներն ու պարտականությունները |
1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն լիազոր մարմնի պետական տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով:
2. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են`
ա) թույլատրել լիազոր մարմնի ներկայացուցիչների մուտքը էներգատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.
բ) լիազոր մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ` ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերացմանը.
գ) ինքնուրույն կամ լիազոր մարմնի տված կարգադրագրի համաձայն անհապաղ դադարեցնել այն էներգատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնիկական վիճակն սպառնում է մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին.
դ) չգործարկել էներգատեղակայանքը` մինչև լիազոր մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք պատահարի դեպքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել լիազոր մարմնին:
(8-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 9. |
Պատասխանատվության միջոցները |
1. Սույն օրենքի և տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների համար սահմանվում են պատասխանատվության հետևյալ միջոցները`
ա) նախազգուշացում.
բ) էներգատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում.
գ) տուգանք:
2. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի տեսչական անձնակազմը կիրառում է «ա» կետում նշված պատասխանատվության միջոցը: Եթե էներգատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պատահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, տեսուչը կիրառում է «բ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը` մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը` կատարած գործողությունների հիմնավորմամբ:
Լիազոր մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է «գ» կետում նշված պատասխանատվության միջոցը:
3. Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում:
(9-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 10. |
Լիազոր մարմնի պատասխանատվությունը |
Լիազոր մարմնի տեսչական անձնակազմն իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունվարի 13 Երևան ՀՕ-36-Ն
|