Սեղմել Esc փակելու համար:
{01.11.2010 - 01.01.2011} ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.11.2010 - 01.01.2011} ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻ ...

16.12.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.11.2010  -ից մինչեւ   01.01.2011  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 01.11.2010 - 01.01.2011

010.0258.251198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
27 հոկտեմբերի 1998 թ.

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. «ԶԻՆԾԱՌԱՅՈՂ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքի համաձայն` զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, «Հայաստանի փրկարար ծառայության` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:

(2-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-173-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 3. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 29 (երրորդ մաս), 33 (երկրորդ, երրորդ և չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-28, 38 հոդվածներով նախատեսված դրույթները.

դ) (դ կետն ուժը կորցրել է 02.11.07 ՀՕ-250-Ն օրենք)

ե) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք` նրանց վրա տարածվում են սույն օրենքի 6-28 հոդվածներով, 30 հոդվածի չորրորդ մասով (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվող դրամական օգնությունը), 33-34 հոդվածներով, 37 հոդվածի երրորդ մասի «ա» կետով, 38-40 հոդվածներով նախատեսված դրույթները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա:

(3-րդ հոդվածը. փոփ. 27.07.01 ՀՕ-204, 15.05.01 ՀՕ-186, 18.11.03 ՀՕ-36-Ն, 25.12.03 ՀՕ-57-Ն, 14.12.04 ՀՕ-49-Ն, 29.11.06 ՀՕ-225-Ն, 28.11.07 ՀՕ-287-Ն, 06.12.07 ՀՕ-289-Ն, 17.11.09 ՀՕ-219-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 4. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր կարգի գործատուները, զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով, պարտավոր են նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները պարտավոր են`

ա) կենսաթոշակների նշանակման կարգի հետ կապված հարցերով իրենց դիմած քաղաքացիներին ապահովել խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց աջակցել պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

բ) գործատուներից, պետական մարմիններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում ստուգել դրանց արժանահավատությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 2
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Զինծառայողներին նշանակվում են պետական կենսաթոշակներ`

ա) երկարամյա ծառայության համար.

բ) հաշմանդամության համար:

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվում է սոցիալական կենսաթոշակ` կերակրողին կորցնելու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը նշանակվում են հավելումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

Զինծառայողներին` հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում` նրանց ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում անկախ ծառայության տևողությունից:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

(8-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք) (հոդվածը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, որով սահմանափակվում է անձի իրավունքը կենսաթոշակը նշանակելուց հետո կատարել վերընտրություն, ճանաչվել է անվավեր, 10.02.10 ՍԴՈ-865 որոշում)

 

ՀՈԴՎԱԾ 9. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Սույն օրենքի համաձայն` զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նշանակված պետական կենսաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս նրանց դրամական բավարարմանը միացվում է սննդի փոխհատուցման գումարը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով զինվորական ծառայություն անցած այն զինծառայողները, ովքեր`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ).

բ) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս.

գ) հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 45 տարեկան են և ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս:

Սույն հոդվածով սահմանված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակայության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(10-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն, 05.10.10 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 11. ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԵՐԸ

 

Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով`

ա) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով: 20 տարուց ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա դիմաց երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 2, իսկ աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար` 1 տոկոսի չափով.

բ) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերում թվարկված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 65 տոկոսի չափով: 12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, բայց այդ գումարի հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:

Բոլոր դեպքերում, կենսաթոշակը չի կարող գերազանցել ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը և ցածր լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսից:

(11-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն, 05.10.10 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 12. ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողներին, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել`

ա) զինվորական ծառայության ընթացքում.

բ) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն ծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով, այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ծագած հաշմանդամության պատճառով:

Սույն օրենքի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող պատճառներն են զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքները, խեղումները և հիվանդությունները:

(13-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԵՐԸ

 

Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով`

ա) 1-ին խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի 150 տոկոսից.

գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակից:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են նրա խնամքի տակ, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, ինչպես նաև մինչև 18 տարեկան դառնալը հաշմանդամ ճանաչված զավակներին` անկախ նրանից` վերջիններս զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:

Կերակրողին կորցնելու դեպքում զինծառայողի ընտանիքի անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում` անկախ կերակրողի զոհվելու (մահանալու) պատճառից և անցած ժամանակաշրջանից:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:

Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամի պահանջով սոցիալական կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:

Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս` կենսաթոշակը փոփոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:

(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 16. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.

ա) 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը և թոռը, ընդ որում` եղբայրը, քույրը և թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

բ) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում.

գ) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

դ) ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհված (մահացած) կերակրողի ութ տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում.

ե) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ և չեն աշխատում:

Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն նաև ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) հետո` վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամները:

(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն, 04.10.06 ՀՕ-168-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 17. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Որդեգրողները կենսաթոշակի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները` հարազատ զավակներին համահավասար:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասներն այդ իրավունքը պահպանում են նաև որդեգրվելու դեպքում:

Խորթ հայրն ու խորթ մայրը կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հոր և մոր հետ համահավասար, եթե զոհված (մահացած) խորթ զավակին պահել և դաստիարակել են առնվազն հինգ տարի:

Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին համահավասար:

Զոհված (մահացած) զինծառայողի ամուսնուն նշանակված կենսաթոշակը պահպանվում է նաև կենսաթոշակառուի նոր ամուսնության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԻՎ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻՆ

 

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում նշանակված սոցիալական կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով:

(18-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 19. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԵՐԸ

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է`

ա) յուրաքանչյուր երեխային` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից.

բ) ծնողներին կորցրած (զոհվածի, մահացածի) զավակներից յուրաքանչյուրին` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

գ) ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում և վճարվում է անկախ այն բանից, թե կենսաթոշակի իրավունք ունեցող անձը սահմանված կարգով այլ կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ ստանում է, թե ոչ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն օրենքի համաձայն` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվող կենսաթոշակների նշանակման հարցը որոշում է համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանումը` դիմում (զեկուցագիր) և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` ոչ ուշ, քան տաս օրվա ընթացքում:

Մերժման որոշում ընդունելու դեպքում` ամենաուշը հինգ օրվա ընթացքում, համապատասխան մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժման պատճառն ու բողոքարկման կարգը, միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:

Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(20-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 21. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն օրենքի համաձայն հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են`

ա) երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակները` զինծառայությունից արձակվելու կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամությունը հաստատվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` 6 ամսվա ընթացքում.

բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը` կենսաթոշակի իրավունք առաջանալու օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմում տալու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմում տալու օրվանից:

Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են ԲՍՓՀ-ի կողմից սահմանված` հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (սույն օրենքի 16 հոդված):

Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամների կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են կենսաթոշակի չափի փոփոխման կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ:

(21-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ

 

Եթե վերազննության հետևանքով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը զինծառայողների հաշմանդամության խումբը փոխելու վերաբերյալ որոշում է կայացնում, ապա հաշմանդամության կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 և 24 հոդվածներով սահմանված կարգով: Ընդ որում, եթե հաշմանդամության խումբը բարձրանում է, ապա հաշմանդամության կենսաթոշակի չափը որոշվում է սույն օրենքի 14 հոդվածով սահմանված կարգով` անկախ հաշմանդամության խմբի փոփոխման հանգեցնող պատճառներից:

(22-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 23. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Սույն օրենքով սահմանվող կենսաթոշակների նշանակման վերաբերյալ համապատասխան մարմինների որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(23-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 24. ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն օրենքով սահմանված կենսաթոշակները հաշվարկելիս` որպես ամսական դրամական բավարարման (վաստակի) չափ ընդունվում է զինվորական ծառայությունից արձակվելու կամ կենսաթոշակի իրավունքի առաջացման պահին նախորդող ամսում զինծառայողի ստացած դրամական բավարարումը և սննդի փոխհատուցման գումարը:

Դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին` հաշմանդամության կենսաթոշակ, իսկ նրանց ընտանիքների անդամներին` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում սույն օրենքի 14 և 19 հոդվածներով սահմանված նվազագույն չափերի կրկնապատիկով:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս և նշանակելիս սահմանվում են հետևյալ հավելումները`

ա) պատերազմի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամ դարձածների համար` ըստ հաշմանդամության խմբերի, սույն օրենքի 14 հոդվածով հաշվարկվող` հաշմանդամության կենսաթոշակի նվազագույն չափով.

բ) Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

գ) իրենց խնամքի տակ, սույն օրենքի 16 հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար` յուրաքանչյուր խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.

դ) 1-ին խմբի հաշմանդամների համար` բազային կենսաթոշակի 60 տոկոսի, իսկ 2-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների համար` բազային կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

ե) Հայաստանի ազգային հերոսների, նախկին ԽՍՀՄ հերոսների, 1-ին և 2-րդ աստիճանի Մարտական խաչ, ինչպես նաև Փառքի երեք աստիճանների շքանշանակիրների համար` բազային կենսաթոշակի չափով.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողների համար` սույն օրենքի 14 և 24 հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված շարքային զինծառայողների ընտանիքների համար` սույն օրենքի 19 և 24 հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 80 տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ` բացառությամբ «ա» և «բ» կետերով նախատեսվածների, բայց ընդհանուր գումարով բազային կենսաթոշակի ութապատիկից ոչ ավելի:

(25-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-56-Ն, 14.12.04 ՀՕ-49-Ն, 11.11.05 ՀՕ-222-Ն, 29.11.06 ՀՕ-225-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 26. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ, ՎՃԱՐԵԼԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի: Կենսաթոշակը վճարվում է անձամբ կենսաթոշակառուին կամ կենսաթոշակառուի փոխարեն նրա կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով: Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56 հոդվածով սահմանված կարգով:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դեպքի) վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով սահմանված կարգով:

Զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության դատախազությունում ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(26-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն, 04.10.06 ՀՕ-168-Ն, 26.12.08 ՀՕ-38-Ն, 05.10.10 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 27. ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ

 

Սույն օրենքով սահմանված կենսաթոշակներից պահումներ կատարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 հոդվածով սահմանված կարգով և չափերով:

(27-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 28. ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՄԱՀԱՑԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 

Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:

Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ:

Ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին վճարվում է թաղման նպաստ` սույն հոդվածով սահմանված կարգով:

Թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում են տվել կենսաթոշակառուի մահվանից հետո` ոչ ուշ քան 12 ամսվա ընթացքում:

(28-րդ հոդվածը փոփ. 04.10.06 ՀՕ-168-Ն, 05.10.10 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 29. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Զինծառայողները` բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը դադարեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմը կրճատելու, պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ պայմանագրի պայմանները չկատարելու կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր գործատուները պարտավոր են մինչև զորակոչվելն իրենց մոտ աշխատած ժամկետային զինծառայողներին, զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` երկամսյա ժամկետում, ընդունել աշխատանքի` նախկինից ոչ ցածր պաշտոնով:

Աշխատողների թվակազմի կամ հաստիքների կրճատման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում, զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, զինծառայողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են աշխատանքում թողնվելու նախապատվության իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 30. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Զինծառայողները պետական բյուջեի, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցների հաշվին ստանում են դրամական բավարարում, ինչպես նաև պարենային և հանդերձանքի ապահովություն կամ դրա փոխարեն` դրամական փոխհատուցում իրենց ցանկությամբ:

Զինծառայողների դրամական բավարարում, պարենային և հանդերձանքի ապահովություն ստանալու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողների համար պահպանվում են նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը:

Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվում է դրամական օգնություն`

մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման հնգապատիկի չափով.

10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնապատիկի չափով.

15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.

20-ից ավելի տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման քսանապատիկի չափով.

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` բազային կենսաթոշակի քսանապատիկի չափով:

Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման, ընդ որում, դրամական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազատելու պահը:

Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած և հետագայում զինվորական ծառայությունում վերականգնված զինծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու (ազատվելու) դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու (ազատվելու) կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված և նախկինում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:

Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած և կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կիրառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները և չափերը: Հերթական անգամ վճարվող և նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրագումարը չի կարող ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավարարման բազմապատիկից ավելի լինել:

Դրամական օգնության վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) տարվա ընթացքում մեկ անգամ վճարվում է նաև`

ա) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում դրամական օգնություն պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 50 տոկոսի չափով, եթե նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ է, պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 100 տոկոսի չափով, եթե այդ հեռավորությունը 100 կմ և ավելի է, իսկ զինծառայողի ընտանիքի` նրան ուղեկցող յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է վերը նշված դրույքաչափերի 25 տոկոսի չափով.

բ) միանվագ դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի կրկնակին չգերազանցող չափով` համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:

Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

(30-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-35-Ն, 14.12.04 ՀՕ-49-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 31. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակի տևողությունն ու բաշխումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինվորական կանոնագրքերով և համապատասխան այլ օրենսդրական ակտերով:

Զինավարժությունները, մարտական հրաձգություններն ու մարտական հերթապահություններն անցկացվում են շաբաթվա ցանկացած օր` առանց աշխատաժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:

Սպաներին, ենթասպաներին, ինչպես նաև զինծառայող կանանց, ովքեր ծառայողական անհրաժեշտության բերումով զինվորական ծառայության պարտականությունները կատարում են տոնական և ոչ աշխատանքային օրերին, տրամադրվում են հանգստյան այլ օրեր:

Նշված օրերին զինվորական պարտականությունները կատարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների հանգստի ժամանակը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը):

Զինծառայողների վերակարգերը և հերթապահություններն անցկացվում են զինված ուժերի կանոնագրքերի, կանոնադրությունների և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 32. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼԸ

 

Ժամկետային զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է`

մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,

15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,

25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր,

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի համար` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ` 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում, որպես խրախուսանք կարող է տրվել արձակուրդ, զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:

Հրամանատարի (պետի) որոշմամբ ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` ևս 5 օր` ամիսը մեկ անգամ:

Զինծառայողի կնոջը (ամուսնուն), իր ցանկությամբ, տարեկան արձակուրդ կարող է տրվել ամուսնու (կնոջ) արձակուրդի հետ միաժամանակ:

Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: ՈՒղեգրի գնի փոխհատուցման կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի դրույթները չեն տարածվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:

(32-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-382-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 33. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների` այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(33-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-222-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 34. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն:

Մինչև բնակարանով ապահովվելը զինծառայողները (բացի ժամկետային պարտադիր զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում բնակելի տարածությունների վարձակալության համար նրանց վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական սեփականություն հանդիսացող և համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Գազի, ջրամատակարարման ծառայություններից և տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև սույն օրենքի 16 հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:

Դրամական օգնության առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Դրամական օգնության նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձինք օգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:

(34-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-57-Ն, 14.12.04 ՀՕ-49-Ն, 11.11.05 ՀՕ-222-Ն, 29.11.06 ՀՕ-225-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 35. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Ժամկետային զինծառայողներն ու մարտական գործողությունների մասնակիցները զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ իրենց իրավունքները` անկախ բնակարանի սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, պահպանում են ծառայության ու մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 36. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս ընտանիքի` նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(36-րդ հոդվածը փոփ. 26.06.02 ՀՕ-384-Ն, 25.12.03 ՀՕ-57-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 37. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Զինծառայողներն իրավունք ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում, իսկ սպաներն ու ենթասպաները` նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներում:

Ռազմաուսումնական հաստատություններից հեռացված ունկնդիրների և կուրսանտների վերականգնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով` հեռացվելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Պետությունը երաշխավորում է`

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

(37-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն, 14.12.04 ՀՕ-65-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 38. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀԱՐԿԱՎՈՐԵԼԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ

 

Զինծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով: Սույն օրենքի 33-36 հոդվածների համաձայն` զինծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:

Պարտադիր ժամկետային զինծառայողները, սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և չափերով:

Զինծառայողների դրամական բավարարման բարձրացման հետ միաժամանակ վերահաշվարկվում են համապատասխան պաշտոններ զբաղեցրած և պահեստ արձակված զինծառայողների կենսաթոշակների չափերը:

(38-րդ հոդվածը փոփ. 04.10.06 ՀՕ-168-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 39. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զինծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից` տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի հիսնապատիկի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից` բազային կենսաթոշակի հարյուրապատիկի չափով:

Նշված ապահովագրությունը տարածվում է նաև սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 40. ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների (ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:

(40-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-49-Ն, 25.12.06 ՀՕ-25-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 41. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և համապատասխան մարմինների` սոցիալական խնդիրներ իրականացնող ծառայությունները:

 

ՀՈԴՎԱԾ 42. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքը խախտող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 43. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի հունվարի 7-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա լրացումներով և փոփոխություններով:

 

25 նոյեմբերի 1998 թ.

ՀՕ-258

 

 

pin
ՀՀ 27.10.1998
N ՀՕ-258 օրենք