Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԿՈՇՏՈՅԱՆԻ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԿՈՇՏՈՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂ ...

 

 

020.1408.190318

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԿՈՇՏՈՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 154-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 159-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մարտի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 154-րդ հոդվածի, 158-րդ հոդվածի 2-րդ մասի, 159-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Լ. Ավետիսյանի, Ա. Կոշտոյանի, Ա. Պողոսյանի, Ն. Պողոսյանի` 2017 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

Օրենսգրքի` «Քաղաքացիական հայցվորը» վերտառությամբ 60-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

«1. Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս»:

Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Քաղաքացիական հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը» վերտառությամբ 154-րդ հոդվածը սահմանում է.

«1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:

2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:

3. Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

4. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները»:

Օրենսգրքի` «Քաղաքացիական հայցի հարուցումը» վերտառությամբ 158-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 2-րդ մասը սահմանում է.

«2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար»:

Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Հայցադիմում ընդունելուց հրաժարվելը» վերտառությամբ 159-րդ հոդվածը սահմանում է.

«Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է հրաժարվել հայցադիմումն ընդունելուց, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին»:

Օրենսգրքի 60-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 25-ին ընդունված ՀՕ-91-Ն ՀՀ օրենքով, որով 60-րդ հոդվածի 1-ին մասում «արգելված» բառը փոխարինվել է «չթույլատրված» բառով: Օրենսգրքի 154-րդ, 158-րդ և 159-րդ հոդվածները որևէ օրենսդրական փոփոխության կամ լրացման չեն ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2016 թվականի մայիսի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել ամբաստանյալ Վ. Պերմյակովի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով տուժողների իրավահաջորդներ Լ. Ավետիսյանի, Ա. Կոշտոյանի, Ա. Պողոսյանի, Ն. Պողոսյանի ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հունիսի 30-ին որոշում է կայացրել հիշյալ հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու մասին:

Վերոնշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

Վերոնշյալ որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին կայացրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացրել է դատավճիռ:

Վերոնշյալ դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, այդ թվում` նաև քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու որոշման մասով, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժվել է: Հիշյալ որոշմամբ, մասնավորապես, նշվել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելով` դատարանը ոչ թե տուժողների իրավահաջորդներին զրկել է իրենց հարազատների կյանքի իրավունքի խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման իրավունքից, այլ միայն փաստել քրեական գործի շրջանակներում նման հայցի քննության ոչ ենթակա լինելը:

Վերոհիշյալ որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի ապրիլի 18-ին կայացրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում:

3. Դիմողները գտնում են, որ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 154-րդ հոդվածի, 158-րդ հոդվածի 2-րդ մասի և 159-րդ հոդվածի կարգավորումներն այնքանով, որքանով չեն սահմանում քրեական դատավարության կարգով ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքը, հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 24-րդ, 25-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին:

Դիմողները բարձրացնում են նաև օրենսդրական բացի հիմնախնդիր` պայմանավորված այն հանգամանքով, որ Օրենսգիրքը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսդրությունում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի ներդրման, չի նախատեսում քրեական դատավարությունում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ, ինչը հանգեցնում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բացակայության, որն էլ, իր հերթին, հանգեցնում է սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտման:

Դիմողները գտնում են, որ քրեական դատավարությունում առկա օրենսդրական բացի, ինչպես նաև վիճարկվող իրավակարգավորումների` իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանելու հետևանքով տուժողների իրավահաջորդները փաստորեն հնարավորություն չեն ունեցել արդյունավետ և ճշգրիտ կազմակերպել իրենց վարքագիծը` ուղղված ոչ նյութական վնասի հատուցմանը, և փաստացի զրկվել են այդ իրավունքից, ինչը հետևանք է վիճարկվող օրենսդրական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը (այդ թվում` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային) հակասելուն:

Դիմողների ներկայացրած դիրքորոշումների հաջորդ ելակետը վերաբերում է քաղաքացիական հայցը քրեական գործի հետ համատեղ քննելու օրենսդրական երաշխիքի անհրաժեշտությանը: Նշված դիրքորոշումը դիմողները ներկայացնում են այն հիմնավորմամբ, որ նշված երկու հարաբերությունները սերտորեն փոխկապակցված հարաբերություններ են, և դրանց համաժամանակյա, նույն վարույթում քննելու անհրաժեշտությունը բխում է քաղաքացիական հայցվորների արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության և ողջամիտ ժամկետներում գործի քննության (արդարադատության ժամանակին իրականացման) իրավունքներից: Նշված տեսակետը ներկայացնելիս դիմողները նաև վկայակոչում են միմյանց հետ փոխկապակցված տարբեր գործերի մեկ դատարանում քննելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումը և գալիս այն եզրահանգմանը, որ հիմնական` քրեական գործի շրջանակներում ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցի քննարկման և լուծման օրենսդրական երաշխիքի և համապատասխան արդյունավետ կառուցակարգի բացակայությունը հանգեցնում է Սահմանադրությամբ ամրագրված` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման` առաջադրելով բարոյական վնաս կրած տուժողին իր իրավունքի վերականգնմանը հասնելու համար նոր, տևական և ծախսատար գործընթաց, ինչը, ինքնին, հանգեցնում է արդյունավետ դատական պաշտպանության և արդարադատության ժամանակին իրականացման իրավունքների խախտման և դրանով պայմանավորված` նոր վնասի:

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, 154-րդ հոդվածը, 158-րդ հոդվածի 2-րդ մասը և 159-րդ հոդվածը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Ըստ պատասխանողի` քրեական դատավարության ընթացքում քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք վերապահող իրավակարգավորումների էությունից բխում է, որ քրեական դատավարության ընթացքում քաղաքացիական հայց ներկայացնելը տուժողի իրավունքն է, և նա գործնականում կարող է նախընտրել իրեն հանցագործությամբ պատճառված գույքային և ոչ գույքային բնույթի վնասի հատուցում պահանջելու համար առանձին հայց ներկայացնելը քաղաքացիական դատավարության ընթացակարգով: Պատասխանողը նշում է, որ այս կարգավորման էությունը կայանում է նրանում, որ գույքային վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները ենթարկվում են հայցային վաղեմության ժամկետի ներգործությանը, և գործնականում քրեական դատավարության ընթացքում գույքային վնասի հետ կապված պահանջների քննությունը, մի կողմից, առավել արդյունավետությամբ է օժտում այդ պահանջների քննությունը, մյուս կողմից` դրա համար դատավարության ընթացքում կիրառելի ապացուցողական բազան առավելապես համընկնում է հանցագործության փաստի ապացուցման համար կիրառվող փաստական հանգամանքների հետ:

Պատասխանողը գտնում է, որ ընթացակարգային առանձնահատկություններով պայմանավորված պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հարցը քրեական դատավարության ընթացակարգով քննելը կարող է անհարկի բարդացնել, ընդլայնել կամ երկարաձգել գործի քննության ընթացքը: ՈՒստի ոչ նյութական վնասի փոխհատուցման հայցապահանջների հետ կապված գործերի քննության առանձին և հատուկ, քրեական դատավարությունից զատ, ընթացակարգ սահմանելը նպատակ ունի ապահովել նման պահանջների համակողմանի և օբյեկտիվ քննության առավել լայն նախադրյալներ:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ վիճարկվող իրավակարգավորումներով հանցագործությամբ պատճառված ոչ գույքային վնասի փոխհատուցման հնարավորություն չնախատեսելն ինքնին չի կարող հանգեցնել և չի հանգեցնում տվյալ նորմերի հակասահմանադրականությանը: Ինչ վերաբերվում է իրավական բացի առկայության մասին դիմողների փաստարկին, ապա, ըստ պատասխանող կողմի, այնքանով, որքանով անձնական ոչ գույքային իրավունքների հետագա պաշտպանության իրականացումը լիովին հնարավոր է կազմակերպել քաղաքացիական դատավարության շրջանակներում, իրավական բացի մասին խոսելն ըստ էության հիմնավոր չէ:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումը, ըստ էության, վերաբերում է քրեական դատավարության շրջանակներում ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու և քրեական գործի հետ համատեղ քննելու անհնարինությանը, ինչը, մասնավորապես, հանգեցնում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերով, որոնց համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 6-րդ հոդվածով ևս սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Իր մի շարք որոշումներով (մասնավորապես` ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289, ՍԴՈ-1293, ՍԴՈ-1296) Սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Սահմանադրական դատարանը, մասնավորապես, իր 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ նշել է, որ դատարանի մատչելիության մակարդակը կամ այդ իրավունքի էությունն սկզբունքորեն բնորոշվում է որպես մի քանի բաղադրիչների ամբողջություն` հատկանշելով հետևյալ առաջնահերթ տարրերը.

- հայցադիմում ներկայացնելու, վնասի հատուցում պահանջելու և դատարանի որոշումն ստանալու իրավական հնարավորություն,

- ընթացակարգային այնպիսի սահմանափակումների (ձևական, ժամկետային /այդ թվում` դատական ակտի բողոքարկման հետ կապված/ և այլն) սահմանում, որպիսիք չպետք է խաթարեն մատչելիության իրավունքի բուն էությունը,

- իրավաբանական օգնություն ստանալու կամ սեփական շահերի պաշտպանությունն անձամբ իրականացնելու անձի իրավունքի ապահովումը,

- գործով ըստ էության կայացված դատական ակտի վերջնականություն,

- դատարանի վերջնական ակտի ողջամիտ ժամկետում կատարման երաշխավորում:

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում ևս բազմիցս անդրադարձել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին և նշել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքը, որի մասնավոր տարր է հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների: Պետություններն այս առնչությամբ օգտվում են հայեցողության ազատությունից: Այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքը չի կարող սահմանափակվել այնպես և այն սահմաններով, որ վնասի նրա էությունը: Դրանք համապատասխանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե ունեն իրավական նպատակ և կիրառված միջոցների ու դրված նպատակի միջև գոյություն ունի արդար հավասարակշռություն (Golder v. United Kingdom, 21 Feb. 1975, Fayed v. United Kingdom, 25 Aug. 1994, Ashingdane v. United Kingdom, 28 May 1985, Garcia Manibardo v. Spain (15 Feb. 2000), 29.06.2000, Bellet v. France, 20 Nov. 1995, Philis v. Greece, 27 Aug. 1991, Tolstoy Miloslavsky v. United Kingdom, 23 Jun. 1995):

6. Քրեական դատավարության շրջանակներում վնասի հատուցման իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, մասնավորապես, որ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է անձին որպես քաղաքացիական հայցվոր ճանաչելու հիմքերը, համաձայն որի` քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս: Նշյալ դրույթից բխում է, որ քրեական դատավարության շրջանակներում անձը կարող է ներկայացնել միայն գույքային վնասի հատուցման պահանջ: Իսկ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման բովանդակությունը հանգում է նրան, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար: Այսինքն` նշված դրույթի տրամաբանությունը նույնպես հանգում է քրեական դատավարության շրջանակներում միայն գույքային վնասի հատուցման պահանջ ներկայացնելուն:

Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը: Օրենսգրքի` «Տուժողի իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 59-րդ հոդվածով սահմանվում է, որ տուժողը, նույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի, ի թիվս այլնի, օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը:

Օրենսգրքի` «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածի 45-րդ կետի համաձայն` վնասը դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասն է:

Օրենսգրքի վերոնշյալ իրավակարգավորումները սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների հետ համադրելու արդյունքում Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ թեև Օրենսգրքով «վնաս» հասկացության սահմանման մեջ ներառվում է նաև «բարոյական» եզրույթը, բայց քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցով չի նախատեսվում բարոյական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորություն:

i

7. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ սույն գործի շրջանակներում դիմող կողմը բարձրացնում է օրենսդրական բացի հարց: ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-917, ՍԴՈ-922, ՍԴՈ-933, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1154, ՍԴՈ-1255 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Զարգացնելով իր հիշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:

Օրենսդիրը, ինչպես փաստվում է սույն գործով պատասխանողի գրավոր բացատրությամբ, գտել է, որ պատճառած ոչ նյութական վնասի առկայության կամ բացակայության ապացուցման համար անհրաժեշտ փաստերը, դրանց ապացուցման գործընթացը, ինչպես նաև ընթացակարգային այլ առանձնահատկություններն էականորեն տարբեր են քրեական դատավարության ընթացակարգից, ուստի այն նույն վարույթում քննելը կարող է անհարկի բարդացնել, ընդլայնել կամ երկարաձգել գործի քննության ընթացքը:

Ի դեպ, հարկ է նշել, որ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ դատարանը` հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման ապահովումը դիտարկում է պետության լայն հայեցողության շրջանակներում: (CASE OF K'OLY HEGED?S v. HUNGARY, (Application no. 11849/07), JUDGMENT, November 2011, FINAL, 03/02/2012):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վնասի (նյութական և ոչ նյութական) հատուցման ինստիտուտը հանդիսանում է քաղաքացիաիրավական ինստիտուտ, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, մասնավորապես, 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում: Հարկ է նշել, որ սույն գործով դիմող կողմը ևս նշում է, որ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը ներդրված է ՀՀ քաղաքացիական օրենսդրությունում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ՇԴ2/0013/01/11 որոշմամբ հայտնել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության շրջանակներում ենթակա են հատուցման`

ա) քրեական օրենքով արգելված արարքով անմիջականորեն պատճառված գույքային վնասը,

բ) վնասված կամ ոչնչացված (կորսված) գույքը վերականգնելու, գնելու ծախսերը,

գ) տուժողի բուժման կամ հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը հիշյալ որոշմամբ նշել է նաև, որ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա են միայն վերոնշյալ վնասները, իսկ հանցագործության հետևանքով պատճառված այլ վնասների հատուցման վերաբերյալ պահանջները չեն կարող քննության առնվել քրեական գործի հետ համատեղ և պետք է թողնվեն առանց քննության, ինչը շահագրգիռ անձին հնարավորություն կտա իր գույքային պահանջները ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մաս):

Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 որոշմամբ բարոյական վնասի նյութական փոխհատուցման օրենսդրական ներդաշնակության ապահովման անհրաժեշտության վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի մայիսի 19-ին ընդունված ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է 162.1-րդ հոդվածով, որով սահմանվել է ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը: Նշված հոդվածը հետագայում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխվել է 2015 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-184-Ն ՀՀ օրենքով:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանցագործությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված իրավակարգավորումները սահմանվում են ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ: Իսկ այդ իրավակարգավորումների սահմանադրականության գնահատումը սույն գործի շրջանակներից դուրս է:

i

8. Միաժամանակ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հանցագործությամբ պատճառված վնասի (նյութական և ոչ նյութական) հատուցման իրավակարգավորումները թե՛ իրավական եզրույթների սահմանումների հստակեցման և թե՛ ընդհանուր հայեցակարգային և համակարգային կարգավորման ամբողջականության ապահովման առումով ենթակա են հետագա օրենսդրական կատարելագործման` հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի, մասնավորապես, 2013 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1102 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական հանձնառությունները: Մասնավորապես, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման խնդրում Եվրոպայի խորհրդի շրջանակներում ներդրված իրավական սկզբունքները հանգում են հետևյալին, որ`

- տուժող կողմը պետք է տեղեկացվի քրեական դատավարության ընթացքում վնասի հատուցում, իրավաբանական օգնություն և խորհրդատվություն ստանալու իր հնարավորությունների մասին,

- քրեական գործերով դատարանը պետք է հնարավորություն ունենա որոշում կայացնել հանցանք կատարած անձի կողմից տուժողին փոխհատուցում տրամադրելու մասին: Այդ նպատակով գոյություն ունեցող սահմանափակումները, սահմանները և տեխնիկական խոչընդոտները, որոնք կանխում են այդպիսի հնարավորության գործնական իրականացումը, պետք է վերացվեն,

- տուժողի կրած բոլոր վնասների և կորուստների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի դատարանին, որպեսզի այն կարողանա պատժի ձևի և չափի վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել.

ա) տուժողի` վնասի հատուցում ստանալու անհրաժեշտությունը,

բ) հանցանք կատարած անձի կողմից կատարված վնասի հատուցումը կամ այդ նպատակով գործադրված ջանքերը.

- դատավճռի կատարման փուլում, եթե փոխհատուցումը քրեական սանկցիա է, ապա այն պետք է իրականացվի տուգանքների հավաքման համար սահմանված կարգով և առաջնահերթություն ունենա հանցանք կատարած անձի վրա դրված ցանկացած տեսակի այլ ֆինանսական սանկցիայի նկատմամբ: Բոլոր այլ դեպքերում տուժողին պետք է աջակցություն ցուցաբերվի գումարի հնարավորինս հավաքման հարցում (Հանձնարարական No. R (85) 11 on the position of the victim in the framework of criminal law and procedure (Adopted by the Committee of Ministers on 28 June 1985 at the 387th meeting of the Minister's Deputies):

Միաժամանակ, կարևորվել է նաև, որպեսզի`

- փոխհատուցում ստանալու հարցում, ապահովագրական ընկերությունների կամ այլ կազմակերպությունների կողմից վճարվող գումարների և, հնարավորության դեպքում, պետության կողմից տրվող փոխհատուցում ստանալու հարցում աջակցություն տրամադրվի (Հանձնարարական Rec(2006)8 of the Committee of Ministers to member states on assistance to crime victims (Adopted by the Committee of Ministers on 14 June 2006 at the 967th meeting of the Ministers' Deputies),

- պետությունները ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ ապահովելու համար տուժողների քաղաքացիական պաշտպանության միջոցների մատչելիությունը և ապահովեն ողջամիտ ժամկետում իրավասու դատարանների մատչելիության իրավունքը և համապատասխան դեպքերում` իրավաբանական օգնությունը,

- պետությունները սահմանեն տուժողների համար քրեական դատավարության շրջանակներում հանցագործություն կատարած անձից վնասի փոխհատուցում հայցելու ընթացակարգեր: Տուժողներին նաև պետք է տրամադրվի խորհրդատվություն և աջակցություն այդ հայցերը կազմելու և սահմանված վճարները գանձելու ուղղությամբ,

- փոխհատուցումը հատկացվի ֆիզիկական և բարոյական վնասների վերականգնման և բուժման համար (Rec(2006)8 հանձնարարականի հավելված):

Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությամբ ամրագրված արժանապատվության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման սահմանադրական պահանջների կենսագործման նկատառումներից ելնելով և վերոնշյալի հաշվառմամբ հանցագործությամբ պատճառված վնասի (նյութական և ոչ նյութական) հատուցում պահանջելու իրավունքի իրացման ապահովման ամբողջական և արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 154-րդ հոդվածի, 158-րդ հոդվածի 2-րդ մասի, 159-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 մարտի 2018 թվականի

ՍԴՈ-1408

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.03.2018
N ՍԴՈ-1408
Որոշում