020.1202.140415
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 ապրիլի 2015թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի ներկայացուցիչ Տ. Ավետիսյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արա Վարդանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացի Արա Վարդանյանի` 15.10.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 05.05.1998 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 28.07.1998 թվականին և ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականից:
Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2009 թվականի հուլիսի 3-ին «Նորարար» արտադրական կոոպերատիվը վերակազմակերպվել է «Նորարար» ՍՊԸ-ի, որը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի մայիսի 15-ի ԵՔՐԴ/0382/01/08 դատավճռով Արա Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը (Դատախազություն) պահանջել է Արա Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2.436.070 ՀՀ դրամ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 27.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 10.12.2010 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 27.05.2010 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 09.02.2011 թվականի որոշմամբ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 31.05.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 22.09.2011 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2011 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.11.2011 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (Դատարան) 05.04.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2012 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի` 05.04.2012 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 05.12.2012 թվականի որոշմամբ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 15.08.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 29.01.2014 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 15.08.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Արա Վարդանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը վերադարձվել է:
Համաձայն ՀՀ վարչական դատարանի` 26.05.2010թ. թիվ ՎԴ/5290/05/09 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության հայցն ընդդեմ «Նորարար» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Վճռվել է «Նորարար» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության բռնագանձել ընդհանուր գումարով 59.900.100 ՀՀ դրամ, որից ապառք` 29.121.700 ՀՀ դրամ, տույժ` 15.128.400 ՀՀ դրամ, տուգանք` 15.650.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 1.198.100 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Դիմողի պնդմամբ` իրավակիրառական գործունեության սուբյեկտներն իրենց իրավական դիրքորոշումը կառուցելիս հաշվի չեն առել ՀՀ իրավական համակարգում առկա և իրավական ակտերով հստակորեն կարգավորված հարկային և քաղաքացիական հարաբերությունների տարանջատման հայեցակարգը: Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերը չեն կարող ենթարկվել այնպիսի անհամարժեք իրավական մեկնաբանման ու կիրառման, որոնց արդյունքում անձը կկրեր պարտականություններ (ենթարկվեր պատասխանատվության) մեկ այլ սուբյեկտի փոխարեն, բովանդակային, ըստ էության սուբսիդիար և կրկնակի գույքային պատասխանատվություն. հարկման ենթակա գումարը դիտարկվել է նախ` որպես հարկ` գանձելով իրավաբանական անձից (հանրային իրավական տարր), ապա արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարագայում` որպես վնաս քաղաքացիաիրավական բնութագրիչներով ու վավերապայմաններով (մասնավոր իրավական տարր), ըստ որում` այդ ամենը զուգադրելով քրեաիրավական գործիքներով և ուղղորդմամբ: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմի դատաիրավական պրակտիկայի ամփոփ ուսումնասիրությունը վկայում է, որ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար-ֆիզիկական անձը (սեփականատերը) չի կարողանում արդյունավետ կերպով իրականացնել սեփականության իրավունքի դատական պաշտպանությունը: Դիմողը գտնում է, որ անձի (իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) անձնական գույքի (սեփականության իրավունքի) նկատմամբ իրավահավակնությունը ներկայիս ձևավորված դատաիրավական պրակտիկայում լուծվում է հարկային իրավական համատեքստում` իշխանական մարմնի հայեցողությամբ: Դիմողը վկայակոչում է նաև ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածը` առ այն, որ ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար, և նշում է, որ «Դիմողը, փաստական և իրավական առումներով բովանդակային (ըստ էության) վերլուծության ենթարկելով իր գործի առնչությամբ կայացված դատական ակտերը` դրանք դիտարկել էր հանրային իրավական պատասխանատվության ինստիտուտի և այդ համատեքստում կրկնակի պատասխանատվության արգելման սահմանադրաիրավական սկզբունքի անմիջական գործողության ուժի համադրությամբ»:
4. Պատասխանող կողմը` հիմնավոր չհամարելով դիմողի փաստարկները, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը նպատակաուղղված է տուժողի` վնաս պատճառելու հետևանքով առաջացած գույքային շահերի պաշտպանությանը` հետապնդելով իրավաչափ նպատակ: Այսուհանդերձ, պատասխանողի հիմնական փաստարկը հանգում է նրան, որ դիմողի խնդիրը պայմանավորված չէ վիճարկվող նորմի սահմանադրականությամբ, այլ դիմողն առաջ է քաշում իր նկատմամբ կիրառված դատական ակտի իրավաչափության հարց:
5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ վիճարկվող նորմի` ՀՀ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ: Դիմողը չի ներկայացնում նաև որևէ դատական ատյանի կողմից վիճարկվող նորմին տրված այնպիսի մեկնաբանություն, որը կարգելափակեր ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունքի իրականացումը, ինչի արդյունքում էլ կառաջացներ հակասություն վիճարկվող դրույթի` իրավակիրառ պրակտիկայում բացահայտված բովանդակության և ՀՀ Սահմանադրության միջև:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիտարկում է դատական մարմինների կողմից համապատասխան դրույթի ենթադրյալ սխալ կիրառման տեսանկյունից, արդյունքում` բարձրացնում է վիճարկվող նորմի կիրառման իրավաչափության հարց, ինչը չի հանդիսանում սահմանադրական արդարադատության առարկա:
Դիմողը բարձրացնում է նաև ne bis in idem սկզբունքի ենթադրյալ խախտման հարցը, որն այս պարագայում հիմնավոր չէ, քանի որ հենց դիմողը միմյանցից զատում է խնդրահարույց իրավահարաբերության սուբյեկտներին` իրավաբանական անձին և նրա տնօրենին, ինչպիսի փաստն ինքնին բացառում է այս սկզբունքի քննության անհրաժեշտությունը, քանզի ne bis in idem սկզբունքը վերաբերում է նույն անձին կրկնակի պատասխանատվության ենթարկելու հարցին:
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Քաղաքացի Արա Վարդանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
14 ապրիլի 2015 թվականի
ՍԴՈ-1202