ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-84 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-1961/2007 թ.
Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
Դատավորներ Գ. Մատինյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս. ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի փետրվարի 1-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե և Կարինե Հայրապետյանների, Վարդգես Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Վարդիթեր Ավոյանի ընդդեմ Գայանե և Կարինե Հայրապետյանների, Վարդգես Վարդանյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան, Վարդիթեր Ավոյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Ներքին Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան 25 և 22 քմ մակերեսով սենյակների նկատմամբ:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 27.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Ճանաչվել է Վարդիթեր Ավոյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան 25 և 22 քմ մակերեսներով սենյակների, 8,37 և 1,44 քմ մակերեսներով օժանդակ հարմարությունների և այդ կառույցներով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գայանե, Կարինե Հայրապետյանները և Վարդգես Վարդանյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածները, ինչպես նաև Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
23.04.1970 թվականի պայմանագրով վեճի առարկա 25 և 14 քմ մակերեսներով սենյակների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորություն նախատեսված չէ: Այդ պայմանագրով Ավետիք Մարտիրոսյանը և Վարդիթեր Ավոյանը ձեռք են բերել ընդամենը բնակության (օգտագործման) իրավունք վիճելի բնակմակերեսի նկատմամբ: Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ վերոհիշյալ պայմանագրով որպես պայմանագրի հիմնական առարկա նշվում է գրանցման հանգամանքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները տվյալ դեպքում չէին կարող կիրառվել, քանի որ Վարդիթեր Ավոյանի կողմից վիճարկվող գույքը ունի սեփականատեր, որի իրավունքները գրանցված են պետական մարմնում: Նախկինում այն պատկանել է Նինա Գալուստի Հովհաննիսյանին, որը 09.08.1988 թվականի նվիրատվության պայմանագրով այն օտարել է Գայանե, Կարինե Հայրապետյաններին և Վարդգես Վարդանյանին:
Բացի այդ, ինչպես պարզ հետևում է գործում եղած ապացույցներից, թե Նինա Հովհաննիսյանը, և թե մյուս համասեփականատերեր Գայանե և Կարինե Հայրապետյանները, Վարդգես Վարդանյանը երբևիցե չեն հրաժարվել իրենց պատկանող վեճի առարկա անշարժ գույքից, վճարել են հարկեր:
Ընդ որում, մշտական բնակության իրավունք վերապահելու մասին 23.04.1970 թվականի պայմանագիրը կնքվել է այդ պահին գործող խորհրդային օրենսդրության ժամանակաշրջանում, երբ «մշտական գրանցումը» արդեն իսկ բավարար հիմք էր մշտական բնակության իրավունքի ծագման համար: Հենց այդ պատճառով էլ պայմանագրում նշված է «բնակության պայմանով» արտահայտությունը, ինչից պարզ հետևում է, որ տվյալ պայմանագրի առարկան հենց «բնակության իրավունքն» է:
i
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Վարդիթեր Ավոյանը պահանջ է ներկայացրել ճանաչելու սեփականության իրավունքը Երևանի Ներքին Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան 25 քմ և 22 քմ մակերեսներով սենյակների նկատմամբ: Մինչդեռ. դատարանի վճռով ճանաչվել է հայցվորի սեփականության իրավունքը նաև 8.37 քմ և 1.44 քմ մակերեսով օժանդակ կառույցների և շինություններով ծանրաբեռնված հողամասի վերաբերյալ:
i
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, 111-րդ հոդվածը, 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանը, մերժելով գործի քննությունը հետաձգելու` պատասխանող կողմի միջնորդությունը, ըստ էության, վերջինիս զրկել է գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2007 թվականի վճիռը և հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 23.04.1970 թվականին կնքվել է «Պայմանագիր», ըստ որի` Գալուստ Հովհաննիսյանն իրեն պատկանող մեկ սենյակը` 25 քմ մակերեսով, նրան հարակից մեկ սենյակը` 12 քմ մակերեսով, բնակվելու պայմանով վաճառել է Ավետիք Մարտիրոսյանին և Վարդիթեր Ավոյանին:
2) 1970 թվականի ապրիլի 23-ի պայմանագրում 8.37 քմ և 1.44 քմ մակերեսներով օժանդակ կառույցների, ինչպես նաև վեճի առարկա շինություններով ծանրաբեռնված հողամասի վերաբերյալ որևէ նշում չկա:
3) Հայցվորը 8.37 քմ և 1.44 քմ մակերեսներով օժանդակ հարմարությունների, ինչպես նաև կառույցներով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ հայցապահանջ ընդհանրապես չի ներկայացրել:
4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման 07.07.1997 թվականի վկայականի համաձայն` Ն. Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբ. 19ա տան 1/4-րդ մասը Գայանե Կարապետյանի սեփականությունն է:
5) 31.07.1989 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն` վեճի առարկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռայա Հովհաննեսյանին:
6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) պետի տված 21.11.2006 թվականի եզրակացության համաձայն Ն. Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբ. 19ա տուն հասցեում Վարդիթեր Ավոյանի հայտարարության հիման վրա չափագրվել է ամբողջությամբ կառուցապատված 150 քմ մակերեսներով հող: Սակայն, քանի որ կադաստրային գործում գլխավոր հատակագիծ առկա չէ, ուստի Վարդիթեր Ավոյանի կողմից օգտագործվող մակերեսների` հողի և շինությունների կարգավիճակի մասին տվյալների տրամադրումը հնարավոր չէ:
7) Պատասխանող Վարդգես Վարդանյանը Վերաքննիչ դատարանի 22.05.2007 թվականի դատական նիստում միջնորդել է նոր ապացույցներ ներկայացնելու համար գործի քննությունը հետաձգել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
i
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ, 10.10.2007, քաղ. գործ թիվ 3-1435/ՎԴ (ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջ)):
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը վճռի հիմքում դնելով 1970 թվականին Ավետիք Մարտիրոսյանի, Վարդիթեր Ավոյանի և Գալուստ Հովհաննիսյանի միջև կնքված պայմանագիրը հաստատված է համարել, որ Գալուստ Հովհաննիսյանը 1970 թվականին գրավոր հրաժարվել է իր սեփականությունից, իսկ հայցվորը շուրջ 37 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերաքննիչ դատարանը վճռի հիմքում դնելով վերոնշյալ պայմանագիրը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել այն և չի պարզել, թե արդյո՞ք պայմանագրի կնքման պահին (1970 թվականին) վեճի առարկա գույքի սեփականատերը հանդիսացել է պայմանագիրը ստորագրած Գալուստ Հովհաննիսյանը:
Այսինքն, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե արդյո՞ք վեճի առարկա գույքը հայցվորի փաստացի տիրապետման անցնելու պահին նա ուներ բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ գույքը ձեռք է բերում և այդ պահից սկսած տիրապետելու է որպես սեփականություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով պայմանագրի կնքման պահին վեճի առարկա գույքը Գալուստ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով չպատկանելու դեպքում պայմանագրի կողմ հանդիսացող Ավետիք Մարտիրոսյանը և Վարդիթեր Ավոյանը չէին կարող բավարար հիմքեր ունենալ ենթադրելու, որ այդ գույքը տիրապետելու են որպես սեփականը: Վերոնշյալ հարցադրումը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ նման հանգամանքը կբացառի վեճի առարկա գույքի իրական սեփականատիրոջ կողմից գույքից հրաժարվելու փաստը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել պատասխանողի այն փաստարկները, թե կողմերի միջև կնքված պայմանագրով հայցվորը ձեռք է բերել ընդամենը բնակության իրավունք: Մասնավորապես, նման փաստի հաստատման պարագայում նույնպես կբացառվի հայցվողի կողմից վեճի առարկա գույքը որպես սեփականություն տիրապետելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել նաև Կադաստրի 21.11.2006 թվականի եզրակացությունը, որի համաձայն` Ն. Շենգավիթի 12 փողոցի 1-ին նրբ. 19ա տուն հասցեում Վարդիթեր Ավոյանի հայտարարության հիման վրա չափագրվել է ամբողջությամբ կառուցապատված 150 քմ մակերեսներով հող: Սակայն, քանի որ կադաստրային գործում գլխավոր հատակագիծ առկա չէ, ուստի Վարդիթեր Ավոյանի կողմից օգտագործվող մակերեսների` հողի և շինությունների կարգավիճակի մասին տվյալների տրամադրումը հնարավոր չէ:
Վերոնշյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը ճանաչել է Վարդիթեր Ավոյանի սեփականության իրավունքը իր կողմից օգտագործվող մակերեսների նկատմամբ առանց պարզելու դրանց կարգավիճակը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրելու, որ անհայտ կարգավիճակ ունեցող կառույցների (ինքնակամ կառույցի) նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել,
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես օրինակ` Ժիրայր Մինասյան ընդդեմ Արուս Խաչումյանի, Հրաչիկ Մինասյանի, 26.01.2007, քաղ. գործ թիվ 3-29/ՎԴ (բնակարանի նկատմամբ իր և որդու սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժինն առանձնացնելու)):
Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների:
Սույն գործով հայցվորը առաջին ատյանի դատարանում հայցի առարկան և հայցապահանջի չափը չի փոխել, իսկ Վերաքննիչ դատարանում նա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի ուժով արդեն իսկ զրկված էր նման դատավարական գործողություն կատարելու իրավական հնարավորությունից:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքի սույն հիմքում նշված այն փաստարկը, թե Վերաքննիչ դատարանը ճանաչելով հայցվորի սեփականության իրավունքը նաև 8.37 քմ և 1.44 քմ մակերեսով օժանդակ կառույցների, ինչպես նաև վեճի առարկա շինություններով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ, դուրս է եկել գործով ներկայացված հայցապահանջի շրջանակից,
3) բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները վերաքննիչ դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է առաջին ատյանի դատարանում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձինք ներկայացնում են վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող լրացուցիչ ապացույցներ, ապա դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը: Տվյալ դեպքում պատասխանողը գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս չի հիմնավորել գործի համար էական նշանակություն ունեցող չներկայացրած ապացույցների` իրենից անկախ պատճառներով առաջին ատյանի դատարանում ներկայացնելու անհնարինությունը, ինչի պայմաններում անհիմն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 31.05.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս. ՕՀԱՆՅԱՆ