(ուժը կորցրել է 22.01.09 թիվ 95-Ն որոշում)
i
040.0998.270705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2005 թվականի N 998-Ն
i
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը`
ա) օրենքով սահմանված դեպքերում հսկիչ գնումների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հսկողական գործառույթների իրականացման նպատակով կատարվելիք ծախսերն իրականացնել կանխիկ ձևով.
բ) իրեն սպասարկող գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների մուտքի և ծախսի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 27.12.07 թիվ 1557-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 7-ի
N 998-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգմանն ուղղված հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կուտակման և ծախսման գործընթացն այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է:
2. սույն կարգի դրույթները չեն տարածվում ծառայության կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով իրականացվող հսկիչ գնումների վրա:
II. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
3. Կանխիկ գնում կատարելու և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման աղբյուր է համարվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորված ծառայության հատուկ ֆոնդը: Յուրաքանչյուր տարվա հատուկ ֆոնդի ծախսման նախահաշիվը հաստատում է ծառայության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
i
4. Ծառայության պետի կամ հարկային տեսչության պետի կողմից (այսուհետ` հարկային մարմնի ղեկավար) յուրաքանչյուր հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի և այդ հանձնարարագրին համապատասխան ապրանքների քանակի ու դրանց գնման և (կամ) հսկողական գործառույթների ֆինանսավորման համար պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա ծառայության պետին է ներկայացվում միջնորդագիր` հսկիչ գնում կատարելու և հսկողական գործառույթների ֆինանսավորման նպատակով անհրաժեշտ դրամական միջոցներ հատկացնելու համար:
(4-րդ կետը փոփ. 27.12.07 թիվ 1557-Ն որոշում)
5. Հսկիչ գնման և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են ծառայության պետի գրավոր թույլտվությամբ` ծառայության ֆինանսահաշվային ստորաբաժանման կողմից:
6. Հսկիչ գնման և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար հարկային մարմնի ղեկավարի կողմից ծառայության ֆինանսահաշվային ստորաբաժանում են ներկայացվում միջնորդագիրը` ծառայության պետի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, հսկիչ գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը:
III. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
i
7. Հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշմամբ հաստատված կարգով: