14.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ 1
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Երևան քաղաքում (այսուհետ` Երևան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները:
Հոդված 2. |
Երևանի իրավական կարգավիճակը |
1. Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն:
2. Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
3. Երևանը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
4. Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
(2-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 3. |
Երևանի տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները |
1. Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Հոդված 4. |
Երևանի վարչական սահմանները |
1. Երևանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 5. |
Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները |
1. Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`
1) Երևանի ավագանին (այսուհետ` ավագանի).
2) Երևանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ):
Հոդված 6. |
Երևանում տեղական ինքնակառավարման իրավական հիմքերը |
1. Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և այլ օրենքներով:
2. Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
(6-րդ փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 7. |
Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը |
1. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները` ավագանին և քաղաքապետը, գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում:
2. Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Հոդված 8. |
Երևանի պաշտոնական համացանցային կայքը |
1. Երևանի պաշտոնական համացանցային կայքն է` www.Yerevan.am:
Հոդված 9. |
Տարածքային կառավարումը Երևանում |
1. Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը: Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իրավական ակտերով մարզպետներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինն այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
2. Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել պետական կառավարման համակարգի այլ մարմինների:↩
3. Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
(9-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 21.01.20 ՀՕ-25-Ն օրենքներ)
Հոդված 10. |
Երևանի խորհրդանիշերը |
1. Երևանի խորհրդանիշերն են`
1) Երևանի զինանշանը.
2) Երևանի դրոշը.
3) Երևանի օրհներգը:
2. Երևանի զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև Երևանի օրհներգը սահմանում է ավագանին:
3. Ավագանու, քաղաքապետի նստավայրի շենքի վրա, ավագանու նիստերի դահլիճում և քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Երևանի դրոշն ու զինանշանը:
4. Ավագանու, քաղաքապետի, ինչպես նաև Երևանին ենթակա կազմակերպությունների կողմից Երևանի խորհրդանիշերի պարտադիր օգտագործման այլ դեպքերը և կարգը սահմանում է ավագանին:
ԳԼՈՒԽ 2
ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 11. |
Ավագանու իրավական կարգավիճակը |
1. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:
2. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:
Հոդված 12. |
Ավագանու լիազորությունները |
i
1. Ավագանին`
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին.
3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.
4) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակի վերաբերյալ.
5) որոշում է ընդունում քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ: Քաղաքապետի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի կրկնակին.
i
6) օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ` վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ):
Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ.
i
7) որոշում է ընդունում Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգի վերաբերյալ.
8) սահմանում է Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.
9) որոշում է ընդունում այն մասին, թե որ գույքն է հանձնվում վարչական շրջանների ղեկավարների կառավարմանը.
i
10) որոշում է ընդունում այն մասին, թե Երևանի ենթակայության որ կազմակերպություններն են հանձնվում վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը.
i
11) որոշում է ընդունում Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի վերաբերյալ.
12) որոշում է ընդունում վարկերի, փոխատվությունների և օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.
13) ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` կարող է սահմանել Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.
14) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.
15) որոշում է ընդունում հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
i
16) որոշում է ընդունում Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ. ↩
i
17) վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ, իրավասու է որոշելու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մանրամասները, վերացնելու բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ քաղաքապետի համապատասխան որոշումները, քննարկելու և որոշում ընդունելու բյուջեի կատարման մասին քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ.
i
18) որոշում է ընդունում Երևանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում` հողամասերի օտարման տարեկան ծրագրի մեջ պետք է նշվեն նաև հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը, Երևանի գլխավոր հատակագծով սահմանված նպատակները և օտարման եղանակները.
19) որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
20) որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
20.1) որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.
21) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների և այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.
22) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում.
i
23) որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև նրա մահվան հինգ տարին լրանալը անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա.↩
24) ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ.
i
24.1) սահմանում է Երևանում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն).
24.2) սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները.
25) սահմանում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը.
i
25.1) սահմանում է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները.
i
25.2) սահմանում է շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը.
25.3) սահմանում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը.
26) Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի կանոններին համապատասխան` որոշում է ընդունում Երևանում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
27) որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
28) որոշում է ընդունում Երևանում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ.
29) որոշում է ընդունում Երևանում գտնվող գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգի վերաբերյալ.
29.1) սահմանում է այն շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.
30) որոշում է ընդունում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ.
30.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
31) սահմանում է քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով), քաղաքային նշանակության փողոցները, հրապարակները, այգիները.
32) սահմանում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով), ինչպես նաև այն պայմանները, որոնց պարագայում քաղաքաշինական գործունեությունը թեև իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս, սակայն ունի քաղաքային նշանակություն.
33) տեղական ինքնակառավարմանը վերաբերող և օրենքով այլ մարմինների լիազորություններին չվերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է իրավական ակտեր.
34) որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.
35) քաղաքապետի առաջարկությամբ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
36) քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է քաղաքապետին և վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները.
i
37) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները.
38) սահմանում է Երևանում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը: ↩
39) սահմանում է Երևանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները.
40) սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, բացառությամբ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
2. Իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(12-րդ հոդ. փոփ. 23.06.11 ՀՕ-229-Ն, 23.06.11 ՀՕ-239-Ն , 08.12.11 ՀՕ-345-Ն, 08.02.12 ՀՕ-15-Ն, 26.02.15 ՀՕ-8-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն, 21.03.18 ՀՕ-200-Ն, 13.06.18 ՀՕ-350-Ն, 11.09.18 ՀՕ-379-Ն, 24.01.20 ՀՕ-84-Ն, 06.03.20 ՀՕ-102-Ն, 17.11.21 ՀՕ-355-Ն, 16.12.21 ՀՕ-425-Ն, 25.05.22 ՀՕ-135-Ն, 22.03.23 ՀՕ-113-Ն, 13.07.23 ՀՕ-262-Ն օրենքներ)
Հոդված 13. |
Ավագանու կազմը, ընտրության կարգը |
1. Ավագանին կազմված է 65 անդամից:
2. Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 14. |
Ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը |
1. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ` ↩
1) աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, զբաղեցնել ղեկավար պաշտոն Երևանի ենթակայության կազմակերպություններում.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ.
3) զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով: ↩
(14-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-56-Ն, 21.01.20 ՀՕ-25-Ն, 22.05.24 ՀՕ-228-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 15. |
Ավագանու անդամի թափուր տեղը համալրելը |
1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող անձին: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
(15-րդ հոդ. փոփ. 25.05.16 ՀՕ-64-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 16. |
Ավագանու լիազորությունների ժամկետը |
1. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո`10-րդ օրը:
Այս դեպքում ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսուն օրվա ընթացքում:
(16-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 17. |
Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելը |
1. Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե`
1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում.
3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում քաղաքապետի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում:
i
2. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:↩
i
3. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
4. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:
5. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո իրավունք չունի ընդունելու տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, անվստահություն հայտնելու քաղաքապետին, կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու Երևանի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը:
6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:
(17-րդ հոդ. փոփ. 13.06.18 ՀՕ-350-Ն, 18.06.20 ՀՕ-336-Ն օրենքներ)
Հոդված 18. |
Ավագանու անդամի իրավունքները |
1. Ավագանու անդամն իրավունք ունի`
1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը (ներառյալ` բյուջեի), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին.
2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների.
3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու.
4) կատարելու Երևանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ.
5) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
6) ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա` որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու և քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով.
7) իրականացնելու սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 19. |
Ավագանու անդամի պարտականությունները |
1. Ավագանու անդամը պարտավոր է`
1) մասնակցել ավագանու նիստերին.
2) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.
3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին.
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 02.01.2023 թվականից` 07.12.22 ՀՕ-553-Ն օրենք) ↩
5) իրականացնել սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ.
6) պահպանել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները:
(19-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-256-Ն, 07.12.22 ՀՕ-553-Ն օրենքներ)
Հոդված 19.1. |
Ավագանու անդամի շահերի բախումը
|
1. Ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը:
2. Ավագանու անդամը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ քաղաքապետին:
(19.1-ին հոդ. լրաց. 07.12.22 ՀՕ-553-Ն օրենք)
Հոդված 20. |
Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը |
1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
1) դադարել են ավագանու լիազորությունները.
2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.
6) նա հրաժարական է տվել:
2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
3. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է քաղաքապետին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ քաղաքապետին ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:
(20-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 21. |
Ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցումն ու գործունեության երաշխիքները |
1. Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով:
2. Քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան:
3. Վարչական շրջանի ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել ավագանու անդամին` Երևանի բնակիչների ընդունելության, ինչպես նաև հանրային հանդիպումներ կազմակերպելու համար:
4. Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել ավագանու` իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ` քվեարկության, ինչպես նաև ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ:
Հոդված 22. |
Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը |
1. Ավագանին ընդունում է որոշումներ:
1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երևանի վարչական տարածքում:
2. Ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:
3. Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
4. Քաղաքապետի եզրակացության համաձայն` Երևանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
5. Ավագանու հայտարարությունները և ուղերձները մեկշաբաթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է քաղաքապետը:
6. Ավագանու որոշումները ստորագրում և հրապարակում է քաղաքապետը սույն օրենքով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով: ↩
7. Ավագանու նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին` նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով և նույն ժամկետում տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում: ↩
8. Քաղաքապետը ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պարտավոր է քննության առնել այն և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:
(22-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 21.03.18 ՀՕ-179-Ն, 14.11.23 ՀՕ-354-Ն օրենքներ)
Հոդված 23. |
Ավագանու որոշումների, հայտարարությունների, ուղերձների ընդունման նախաձեռնությունը, քննարկումը |
1. Ավագանու որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է ավագանու անդամին, քաղաքապետին, սույն օրենքով նախատեսված դեպքերում` ավագանու խմբակցությանը, ավագանու անդամների մեկ երրորդին: Քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը քննարկվում է արտահերթ:
2. Ավագանու որոշումների, ուղերձների, հայտարարությունների ընդունումը կարող է նախաձեռնել նաև ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը:
3. Ընտրողների նախաձեռնությունները կատարելու և ավագանու նիստում դրանք քննարկելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
4. Որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունման նախաձեռնությունները քննարկվում են ավագանու նիստում ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում:
Հոդված 24. |
Պայմանագրերի հաստատումը |
1. Ավագանին հաստատում է քաղաքապետի կնքած այն պայմանագրերը (ներառյալ` դրանց փոփոխությունները), որոնք`
1) ավագանու կանոնակարգով սահմանված են որպես Երևանի համար էական նշանակություն ունեցող.
2) ուղղակիորեն նախատեսում են ավագանու հաստատում:
2. Սույն հոդվածով նախատեսված պայմանագրերը առաջացնում են իրավական հետևանքներ ավագանու կողմից հաստատվելուց հետո:
Հոդված 25. |
Ավագանու գործունեության կազմակերպումը |
1. Ավագանին գործում է իր կանոնակարգին համապատասխան` նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքի միջոցով:
2. Քաղաքապետը ավագանու նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավագանու` սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով սահմանված կարգով գործունեության իրականացման համար:
3. Ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում:
Հոդված 26. |
Ավագանու հերթական նստաշրջանները և նիստերը |
1. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:
2. Նիստերի օրերը որոշում է ավագանին:
Հոդված 27. |
Ավագանու հերթական նիստի օրակարգը և որոշման, հայտարարության, ուղերձի նախագծեր ներկայացնելը |
1. Ավագանու նիստերի օրակարգի նախագիծը կազմում է քաղաքապետը` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացրած նախաձեռնություններից:
1.1. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող` ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել նիստից առնվազն երկու օր առաջ:
2. Նախաձեռնության հեղինակը պետք է ներկայացնի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծը: Յուրաքանչյուր նախագծի կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները:
3. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի մասին որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը և դրանց կցված փաստաթղթերը նիստը սկսվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:
4. Նիստի օրակարգը հաստատվում է ավագանու որոշմամբ:
(27-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 28. |
Հանրության տեղեկացումը ավագանու հերթական նիստերի մասին |
1. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ` կցելով օրակարգի նախագիծը: Այդ տեղեկությունները փակցվում են քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում Երևանի պաշտոնական համացանցային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Ավագանու անդամներին տրամադրված նիստի հետ կապված նախագծերը և դրանց կցված փաստաթղթերը նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Անձանց պահանջով քաղաքապետարանը նրանց պետք է տրամադրի այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:
(28-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-134-Ն օրենք)
Հոդված 29. |
Ավագանու նիստը |
1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
2. Ավագանու նիստը հրավիրում և վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը:
3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում քաղաքապետը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
4. Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ:
Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:
5. Քաղաքապետի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաև պատասխանելու հարցերի:
6. Երևանի վարչական շրջանների ղեկավարներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, ելույթ ունենալու և պատասխանելու հարցերի:
7. Ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:
7.1. Երևանի ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել`
1) օրենքով նման իրավունք ունեցող անձինք.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները.↩
3) Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի հրավիրած` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները կամ այլ անձինք:
7.2. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա լինելու ավագանու հրապարակային նիստերին` ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի և լսելի է ավագանու նիստը:↩
8. Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
(29-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 21.03.18 ՀՕ-179-Ն, 23.03.18 ՀՕ-256-Ն, 10.09.19 ՀՕ-147-Ն, 16.12.21 ՀՕ-429-Ն օրենքներ)
Հոդված 30. |
Ավագանու արտահերթ նիստը |
1. Ավագանու արտահերթ նիստ գումարում է քաղաքապետը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից:
3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և դրանց կցված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում:
Հոդված 31. |
Ավագանու խմբակցությունների ստեղծման կարգը |
1. Ավագանու խմբակցություններն ստեղծվում են նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` հետևյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
2. Ավագանու խմբակցությունը քաղաքապետին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:
3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին և քաղաքապետին:
4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից:
5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է քաղաքապետին կամ ավագանու նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:
(31-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 32. |
Խմբակցությունների գործունեության ապահովումը |
1. Ավագանու նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:
2. Երևանի քաղաքապետարանում կամ Երևանի ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:
3. Խմբակցությանը տրամադրվում է ավտոմեքենա:
4. Խմբակցության գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:
5. Մինչև 7 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և մեկ փորձագետ, 7-ից 11 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար և 2 փորձագետ, իսկ 11-ից ավելի անդամ ունեցողը` մեկ գործավար և 3 փորձագետ:
Հոդված 33. |
Ավագանու մշտական հանձնաժողովները |
1. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, ինչպես նաև ավագանու անունից վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է ոչ ավելի, քան 4 մշտական հանձնաժողով:
2. Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ` ավագանու կանոնակարգով սահմանված կարգով:
3. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում ավագանու անդամների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Գխ=Ախ /(Պխ +1),
որտեղ Գխ-ն խմբակցության գործակիցն է,
Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,
Պխ-ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:
4. Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության և դրանում թեկնածու առաջադրելու իրավունքն ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը:
Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
5. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել և (կամ) միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:
6. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանների ղեկավարը, Երևանի ենթակայության կազմակերպությունները ավագանու մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ:
7. Մշտական հանձնաժողովն իր նիստին կարող է հրավիրել քննարկվող հարցին առնչվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
8. Ավագանու անդամների` այս կամ այն մշտական հանձնաժողովին անդամակցելու հարցը լուծում է համապատասխան խմբակցությունը, իսկ դրա անհնարինության դեպքում հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա:
(33-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 34. |
Ժամանակավոր հանձնաժողովները |
1. Ավագանու առանձին որոշումների, հայտարարությունների, ուղերձների նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ ավագանուն եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար ավագանու որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:
2. Ժամանակավոր հանձնաժողովը գործում է մինչև սույն հոդվածի 1-ին մասի լիազորությունների իրականացումը, սակայն ոչ ավելի, քան 2 ամիս: Երևանի ավագանու որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները կարող են երկարաձգվել ևս 2 ամսով:
3. Ժամանակավոր հանձնաժողովների վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
Հոդված 35. |
Քննող հանձնաժողովը |
1. Ավագանու որևէ խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով: Պահանջի հետ ներկայացվում է նաև հանձնաժողովի նախագահի անունը:
2. Խմբակցությունը քննող հանձնաժողով ստեղծելը կարող է նախաձեռնել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:
3. Քննող հանձնաժողովը գործում է մինչև տվյալ փաստը պարզելը, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս:
4. Քննող հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների մեկական ներկայացուցչից, եթե ավագանին որոշում չի ընդունում այլ հավասար ներկայացուցչության մասին:
5. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանների ղեկավարը, Երևանի ենթակայության կազմակերպությունները քննող հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների մեկ հինգերորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր:
Քննող հանձնաժողովի նիստերը հրապարակային են, հանձնաժողովի ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել փակ նիստեր:
6. Քննող հանձնաժողովի վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
Հոդված 36. |
Այլ պաշտոնատար անձանց պարտադիր մասնակցությունը ավագանու նիստերին |
1. Ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջով քաղաքապետը, նրա տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են մասնակցել ավագանու կողմից որոշված նիստերին և քննարկվող հարցի առնչությամբ ելույթ ունենալ, պատասխանել ավագանու անդամների հարցերին:
Հոդված 37. |
Ավագանու անդամի գրավոր և բանավոր հարցերը |
1. Ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին: Այդ նիստերի սղագրությունը նիստից հետո` երկշաբաթյա ժամկետում, տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
2. Ավագանու անդամն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում: Գրավոր հարցերի պատասխանները ավագանու նիստում չեն ներկայացվում:
Այդ պատասխանները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում:
Հոդված 38. |
Հրատապ թեմայով քննարկումները |
1. Ավագանու հերթական նիստում ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:
Հոդված 39. |
Հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը և լսումներ անցկացնելը |
1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչև հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, որի արդյունքները պարտադիր բնույթ չունեն:
(39-րդ հոդ. փոփ. 25.05.16 ՀՕ-64-Ն, 13.06.18 ՀՕ-350-Ն օրենքներ)
Հոդված 40. |
Քաղաքապետին անվստահություն հայտնելը |
1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:
3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:
4. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
6. Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
7. Գործող քաղաքապետը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում` սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել քաղաքապետի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
9. Քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
ԳԼՈՒԽ 3
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հոդված 41. |
Քաղաքապետի իրավական կարգավիճակը |
1. Քաղաքապետը`
1) տեղական ինքնակառավարման մարմին է.
2) ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.
3) ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները.
4) ավագանու անդամ է.
5) օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երևանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:
2. Քաղաքապետի ընտրության անցկացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
(41-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-192-Ն, 18.06.20 ՀՕ-336-Ն օրենքներ)
Հոդված 42. |
Քաղաքապետին ներկայացվող պահանջները |
1. Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:
2. Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 43. |
Քաղաքապետի լիազորությունների ժամկետը |
1. Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:
Հոդված 44. |
Քաղաքապետի ընտրության անցկացումը↩ |
(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.07.2020 թվականից` 18.06.20 ՀՕ-336-Ն օրենք)
Հոդված 45. |
Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը |
1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:
2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`
1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.
2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
3) հրաժարական է տվել.
4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.
5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.
6) մահացել է:
3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի, ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:
5. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:
(45-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 46. |
Քաղաքապետի արտահերթ ընտրությունները↩ |
(46-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.07.2020 թվականից` 18.06.20 ՀՕ-336-Ն օրենք)
Հոդված 47. |
Քաղաքապետի լիազորությունների ստանձնումը |
1. Քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.
Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»:
2. Քաղաքապետի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Հոդված 48. |
Քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը |
1. Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ և կարող է ունենալ ևս ոչ ավելի, քան 5 տեղակալ:↩
2. Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:
3. Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
4. Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ:
5. Քաղաքապետի տեղակալներին պաշտոնից ազատում է քաղաքապետը:
6. Քաղաքապետի տեղակալներն իրականացնում են քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:
6.1. Քաղաքապետի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երևանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:
6.2. Քաղաքապետի տեղակալը Երևան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Քաղաքապետի տեղակալը Երևան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացնում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
7. Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաև այլ լիազորություններ:
8. Քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
9. Քաղաքապետը կարող է ունենալ խորհրդականներ և օգնականներ, մամուլի քարտուղար:
10. Քաղաքապետի խորհրդականների և օգնականների թվաքանակը քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է ավագանին:
11. Քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:
(48-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-192-Ն, 28.10.20 ՀՕ-469-Ն, 03.11.20 ՀՕ-485-Ն, 16.12.21 ՀՕ-429-Ն օրենքներ)
Հոդված 48.1. |
Երևանի գլխավոր ճարտարապետը |
(48.1-ին հոդվածն ուժը կորցրել է 28.12.2021 թվականից` 16.12.21 ՀՕ-429-Ն օրենք)↩
(48.1-ին հոդ. լրաց. 08.12.11 ՀՕ-345-Ն օրենք)
Հոդված 49. |
Քաղաքապետի իրավական ակտերը |
1. Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:
2. Քաղաքապետի իրավական ակտերն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին` նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով (բացառությամբ աշխատանքային հարաբերություններից բխող իրավական ակտերի) և նույն ժամկետում տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում: ↩
3. Քաղաքապետի իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
(49-րդ հոդվածը փոփ. 14.11.23 ՀՕ-354-Ն օրենք)
Հոդված 50. |
Քաղաքապետի գործունեության կազմակերպումը |
1. Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալի (տեղակալների), վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով:↩
(50-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-345-Ն, 16.12.21 ՀՕ-429-Ն օրենքներ)
Հոդված 51. |
Քաղաքապետարանի աշխատակազմը |
1. Քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
2. Քաղաքապետարանում իրականացվում է համայնքային ծառայություն:
Քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Քաղաքապետարանի աշխատակազմն ունի կառուցվածքային (վարչություն, քարտուղարություն, բաժին) և առանձնացված (վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բաժին, ծառայություն և այլն) ստորաբաժանումներ:
4. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը`
1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
2) ապահովում է քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքը, դրանց մասին զեկուցում քաղաքապետին.
3) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է քաղաքապետին.
4) ապահովում է Երևանի բյուջետային ծախսերի կատարումը.
5) կազմակերպում է Երևանի բնակիչների ընդունելությունը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը.
5.1) հաստատում է Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.
6) իրականացնում է օրենքով և քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
5. Քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
(51-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-345-Ն, 21.12.17 ՀՕ-17-Ն, 23.03.18 ՀՕ-256-Ն օրենքներ)
Հոդված 52. |
Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը |
1. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է ավագանու աշխատանքները և ապահովում նրա բնականոն գործունեությունը, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
1.1) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին:
2) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.
3) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
4) սահմանում է Երևանի շենքերի և շինությունների, ինչպես նաև հողամասերի համարակալումը, տալիս է համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման թույլտվություն.↩
4.1) տալիս է համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն.
4.2) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն.
4.3) սահմանված կարգով տալիս է Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.
4.4) որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու և համապատասխան նշանով կահավորելու վերաբերյալ:↩
4.5) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվություն.
5) ավագանուն է ներկայացնում Երևանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը, դրան համապատասխան` տնօրինում է Երևանի սեփականություն համարվող գույքը.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքային կազմակերպությունների ղեկավարներին.
6.1) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
7) նշանակում և ազատում է վարչական շրջանի ղեկավարներին.
8) սահմանում է վարչական շրջանի ղեկավարի նստավայրը.
9) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
10) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու, իր գործունեության և Երևանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում.
11) վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ և պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.
12) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.
13) (13-րդ կետն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-256-Ն օրենք)
14) ավագանուն է ներկայացնում առաջարկություն քաղաքապետին և վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների քանակի, անվանումների, ձևավորման և գործունեության կարգի ու լիազորությունների վերաբերյալ.
14.1) 14.1-րդ կետն ուժը կորցրել է 08.02.24 թվականից` համաձայն 13.07.23 ՀՕ-262-Ն օրենքի:
i
14.1) (14.1-ին կետն ուժը կորցրել է 14.10.2019 թվականից` 10.09.19 ՀՕ-147-Ն օրենք)↩
14.3) հանդես է գալիս տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ.
14.4) ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.
15) բացառապես սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ:
2. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով լուծում է Երևանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.
1.1) մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.
2) օրենքով Երևանի քաղաքապետի համար պատվիրակված այլ լիազորություններ:
3. Երևանում տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով քաղաքապետի որոշ լիազորություններ օրենքով տրվում են վարչական շրջանի ղեկավարին:
4. Քաղաքապետի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ վարչական շրջանի ղեկավարին կարող են պատվիրակվել նաև քաղաքապետի այլ լիազորություններ, բացառությամբ ավագանու հետ հարաբերություններում ունեցած լիազորությունների:
(52-րդ հոդ. փոփ. 06.12.12 ՀՕ-226-Ն, 26.02.15 ՀՕ-8-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն, 21.03.18 ՀՕ-200-Ն, 23.03.18 ՀՕ-256-Ն, 13.06.18 ՀՕ-350-Ն, 10.09.19 ՀՕ-147-Ն, 24.01.20 ՀՕ-84-Ն, 11.02.21 ՀՕ-78-Ն, 17.11.21 ՀՕ-353-Ն, 16.12.21 ՀՕ-411-Ն , 16.12.21 ՀՕ-429-Ն օրենքներ)
ԻՐՏԵԿ |
52-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ 14.1-ին կետը լրացվել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-256-Ն օրենք: |
Հոդված 53. |
Քաղաքապետի լիազորությունները ավագանու հետ հարաբերություններում |
1. Ավագանու հետ հարաբերություններում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. ավագանուն է ներկայացնում`
1) առաջարկություններ` Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության դադարեցման մասին.
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 19.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-345-Ն օրենք)
i
3) Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերը (ներառյալ` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը).↩
4) քաղաքապետարանի աշխատակազմի և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության այլ կազմակերպությունների կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները.
5) Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և դրանցում առաջարկվող փոփոխությունները. ↩
6) այն առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը, որոնց կանոնադրական կապիտալում Երևանն ունի մասնակցություն.
7) տեղական հարկերի և տուրքերի (օրենքով սահմանված սահմաններում), ինչպես նաև քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների տեսակների ու դրույքաչափերի մասին որոշման նախագծերը.
8) Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման որոշման նախագծերը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնության հուշարձանների).
9) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
10) Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երևանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը.
11) հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև ավագանու անդամները:
(53-րդ հոդ. փոփ. 23.06.11 ՀՕ-229-Ն, 08.12.11 ՀՕ-345-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն, 28.06.19 ՀՕ-117-Ն, 25.05.22 ՀՕ-135-Ն օրենքներ)
Հոդված 54. |
Քաղաքապետի լիազորությունները ֆինանսների բնագավառում |
1. Քաղաքապետը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում ավագանուն. ↩
2) տնօրինում է Երևանի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.
3) հսկում է գլխավոր ֆինանսիստի և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ֆինանսական գործունեությունը.
4) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը, ինչպես նաև կազմակերպում է տեղական հարկերի և տուրքերի և իրենց մատուցած ծառայությունների դիմաց վճարների, Երևանի սեփականություն համարվող գույքի վարձակալությունից և օտարումից մուտքերի գանձումն ու վերահսկումը.
5) Երևանի բյուջեի հարկերը և օրենքով սահմանված այլ մուտքերը չվճարող անձանց (բացառությամբ եկամտային հարկ և շահութահարկ չվճարողների) նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.
6) ավագանու առջև հանդես է գալիս բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ.
7) ապահովում է օրենսդրության շրջանակներում քաղաքապետարանում ներքին աուդիտի համակարգի առկայությունը:
(54-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-260-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն, 25.05.22 ՀՕ-135-Ն օրենքներ)
i
Հոդված 55. |
Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում |
1. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված լիազորությունների մասով քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեության ոլորտում լիազորությունն իրականացնում է քաղաքապետը: Քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեություն է համարվում այն ամենը, ինչն իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտում կամ բավարարում է որոշակի պայմանների.
2) օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում և դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաև քաղաքային նշանակության հրապարակներում և այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
3) ավագանուն է ներկայացնում վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.
4) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն.
5) իրականացնում է քաղաքային նշանակության գոյություն ունեցող քաղաքաշինական օբյեկտներում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր. ↩
5.1) ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.
6) կազմակերպում է ինքնակամ կառուցման կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները.
7) վերահսկողություն է իրականացնում Երևանի տարածքում գտնվող շենքերի, շինությունների նպատակային օգտագործման և պահպանման նկատմամբ.
8) կազմակերպում է քաղաքային գերեզմանատների գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ.
9) կազմակերպում է Երևանի սեփականություն համարվող հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
10) (10-րդ կետն ուժը կորցրել է 04.11.2017 թվականից` 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
11) կազմակերպում է աղբահանությունը, քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, այգիների և ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը և կանաչապատումը.
11.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
12) կազմում է Երևանի քաղաքաշինական կանոնադրության նախագիծը և ներկայացնում ավագանուն, վերահսկողություն է իրականացնում կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ.
13) իրականացնում է բազմաբնույթ կադաստրի (անտառային, քաղաքաշինական, կապի, տրանսպորտի, հուշարձանների և այլն) վարումը:
2. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը:
2) ընդունում է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
(55-րդ հոդ. փոփ. 23.06.11 ՀՕ-239-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն, 16.12.21 ՀՕ-399-Ն, 08.12.22 ՀՕ-526-Ն օրենքներ)
Հոդված 56. |
Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում |
1. Հասարակական կարգի պահպանության բնագավառում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) հետևում է համակեցության կանոնների պահպանմանը.
2) հետևում է ավագանու հաստատած կանոնների պահանջների պահպանմանը.
3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում վարչական պատասխանատվության է ենթարկում զանցառուներին.
4) միջոցառումներ է իրականացնում այդ զանցանքների կանխարգելման, նվազեցման, կանխման և բացահայտման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացման նպատակով քաղաքապետը ստեղծում է Երևանի հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն:
(56-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 56.1. |
Քաղաքապետի գործառույթները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում |
1. Հանրային է հավաք չհամարվող այն միջոցառումը (տոնակատարություններ, մշակութային և մարզական միջոցառումներ և այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:
2. Ծիսակատարությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է քաղաքապետի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով:
4. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու երեք հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել քաղաքապետին:
5. Տեղեկացումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
1) հանրային միջոցառման վայրը,
2) հանրային միջոցառման սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,
3) մասնակիցների սպասվող թիվը,
4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները,
5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը և առկայության դեպքում` հեռախոսահամարները:
6. Քաղաքապետը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումը ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
7. Եթե քաղաքապետին ներկայացված տեղեկացումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հանրային միջոցառման ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել սույն հոդվածի 12-րդ մասում նշված վտանգների առաջացմանը, ապա լիազոր մարմինը հանրային միջոցառման անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ: Դրանք կարող են վերաբերել բացառապես հանրային միջոցառման անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին:
8. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին: Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հանրային միջոցառման ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին:
9. Հանրային միջոցառման անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հանրային միջոցառման նպատակը կամ հանրային միջոցառման մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հանրային միջոցառման անցկացման ժամանակի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հանրային միջոցառման փաստացի արգելմանը:
10. Այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի տեղեկացման մեջ նշված` մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի տեղեկացման մեջ նշված վայրին:
11. Հանրային միջոցառման մասին տեղեկացման մեջ հիշատակված ժամանակում և վայրում այլ հանրային միջոցառման անցկացումն ինքնին հիմք չէ հանրային միջոցառման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար: ↩
12. Եթե ներկայացվել են միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք և հանրային միջոցառում անցկացնելու դիմումներ, ապա նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:
13. Եթե միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, նախապատվությունը տրվում է հանրային հավաքին, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) հանրային միջոցառումն ակնկալվող մասնակիցների թվով էականորեն գերազանցելու է հանրային հավաքի մասնակիցների թիվը, կամ
2) հանրային միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել, և դրա տեղափոխումն այլ վայր կառաջացնի անհամարժեք բարդություններ կամ ծախսեր, և հանրային հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելմանը:
14. Քաղաքապետը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է`
1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.
2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.
3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար:
15. Քաղաքապետը չի կարող արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե միջոցառման անցկացման սահմանափակումների միջոցով հնարավոր է կանխել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգները:
16. Եթե չեն առաջանում սույն հոդվածով սահմանված հանրային միջոցառումն արգելելու հիմքերը, ապա տեղեկացումը համարվում է ի գիտություն ընդունված: Տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին քաղաքապետն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում: ↩
17. Հանրային միջոցառման կազմակերպիչը`
1) որոշում է հանրային միջոցառման ընթացքը,
2) պարտավոր է ներկա լինել հանրային միջոցառմանը և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,
3) հանրային միջոցառման ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հանրային միջոցառման մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,
4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հանրային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հանրային միջոցառման բնականոն ընթացքը,
5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին:
(56.1-ին հոդ. լրաց. 14.04.11 ՀՕ-74-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն, 16.12.22 ՀՕ-474-Ն, 24.10.24 ՀՕ-441-Ն օրենքներ)
Հոդված 57. |
Քաղաքապետի լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում |
1. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է քաղաքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ճարտարագիտական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.
2) աջակցում է Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
3) կազմակերպում է Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացառությամբ Երևանի մետրոպոլիտենի).
4) իրականացնում է հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր: ↩
2. Քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը` ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.
2) կազմակերպում է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները:
(57-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 08.12.22 ՀՕ-526-Ն օրենքներ)
Հոդված 58. |
Քաղաքապետի լիազորությունները անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում |
1. Քաղաքապետն անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները`
1) աջակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին.
2) աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերացման միջոցառումներին, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի և հումքի մեկուսացման, վնասազերծման և ոչնչացման, տարածքների ախտահանման, օրգանական ծագման կենդանական թափոնների տեղադրման, պահման և այդ տարածքներ կենդանիների մուտքի արգելման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի, կենդանական ծագման հումքի և մթերքի հավաքման, պահեստավորման աշխատանքներին.
3) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.
4) աջակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին:
2. Քաղաքապետն անասնաբուժության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.
1) ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը` համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով:
(58-րդ հոդ. փոփ. 21.06.14 ՀՕ-139-Ն, 21.12.17 ՀՕ-39-Ն օրենքներ)
i
Հոդված 59. |
Քաղաքապետի լիազորությունները հողօգտագործման բնագավառում |
1. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները.
2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան` հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:
2. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) (1-ին կետն ուժը կորցրել է 04.11.2017 թվականից` 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
2) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական տարածքում գտնվող հողերի ընթացիկ հաշվառումը, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը, կազմում է Երևանի հողային հաշվեկշիռը.
3) իր լիազորությունների շրջանակում տիրապետում և օգտագործում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականության հողերը.
4) սահմանված կարգով ապահովում է Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունը:
(59-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 16.01.18 ՀՕ-76-Ն, 13.06.18 ՀՕ-362-Ն օրենքներ)
Հոդված 60. |
Քաղաքապետի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում |
1. Առևտրի և սպասարկման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտում.
2) ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան` դիմումի հիման վրա առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ.
3) Երևան քաղաքի տարածքում տալիս է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն:↩
4) Երևան քաղաքի տարածքում տալիս է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ:
5) ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտրի իրականացման դեպքում կիրառվում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Քաղաքապետի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին:
(60-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 11.09.18 ՀՕ-379-Ն, 16.12.21 ՀՕ-425-Ն , 22.03.23 ՀՕ-118-Ն օրենքներ)
Հոդված 61. |
Քաղաքապետի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում |
1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.
2) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված սեփական լիազորությունները:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
1) կազմակերպում է համապետական մշակութային, մարզական, ինչպես նաև պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ:
(61-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-74-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 62. |
Քաղաքապետի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում |
1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կառավարում է Երևանի սեփականություն համարվող առողջապահական և մարզական կազմակերպությունները.
2) Երևանի տարածքում ապահովում է համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.
3) կազմակերպում է քաղաքային հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.
i
4) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնում է կարանտին սահմանելու մասին որոշում:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն համարվող առողջապահական և մարզական կազմակերպությունների կառավարմանը.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է հիգիենիկ և հակահամաճարակային մարմինների սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գնահատում է Երևանի բնակիչների առողջության ցուցանիշները և առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է Երևանում պետական առողջապահական միջոցառումների իրականացմանը:
(62-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 04.09.20 ՀՕ-408-Ն օրենքներ)
Հոդված 63. |
Քաղաքապետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում |
1. Սոցիալական պաշտպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.
1) կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-99-Ն օրենք)↩
(63-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 04.03.20 ՀՕ-99-Ն օրենքներ)
Հոդված 64. |
Քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում |
1. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից.
2) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.
3) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքները.
4) քաղաքապետը շրջակա միջավայրի պահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո Երևանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երևանի բնապահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը:↩
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.
2) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքներում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը:
(64-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 04.03.20 ՀՕ-123-Ն օրենքներ)
Հոդված 65. |
Քաղաքապետի հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ↩ |
1. Քաղաքապետը պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`↩
1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ.
2) պետական կառավարման համակարգի Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա.↩
3) Երևանի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաև հողազավթումների, ապօրինի ծառահատման, որսագողության և ապօրինի ձկնորսության դեպքերի կանխման և արգելման հետ կապված` կարող է դիմել ոստիկանություն` համապատասխան աջակցություն ստանալու համար.
4) քաղաքապետը ոստիկանությանը տեղեկացնում է Երևանում կազմակերպվող միջոցառումների (ներառյալ` հավաքների և հանրային միջոցառումների) վերաբերյալ, որի պարագայում ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ այդ միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պահպանելու, ինչպես նաև Երևանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով.
5) քաղաքապետն իրավունք ունի պետական կառավարման համակարգի մարմին ներկայացնելու գրավոր, փաստարկված առաջարկություն` վերջինիս տարածքային ծառայության գործունեության վերաբերյալ:↩
(65-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-74-Ն, 21.01.20 ՀՕ-25-Ն օրենքներ)
Հոդված 66. |
Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում |
1. Քաղաքապետը արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է.
2) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքապետն իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և բնագավառը կարգավորող այլ օրենքներով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ:
(66-րդ հոդ. փոփ. 01.03.17 ՀՕ-55-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 67. |
Քաղաքապետի լիազորությունները էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում |
1. Էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) Երևանի տարածքում էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման խնդիրների առնչությամբ քաղաքապետը հրավիրում է համապատասխան կազմակերպությունների պաշտոնատար անձանց, անցկացնում է խորհրդակցություններ և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա.
2) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գերիշխող օպերատորները, ինչպես նաև էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները յուրաքանչյուր տարին մեկ քաղաքապետին են ներկայացնում հաղորդում` իրենց կատարած աշխատանքների ու պլանավորվող միջոցառումների վերաբերյալ. առանց քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու և նրա հետ համաձայնեցնելու` այս կազմակերպություններն իրավունք չունեն 3 ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնելու էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումը, բացառությամբ վթարային դեպքերի:
(67-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 68. |
Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում |
1. Երևան քաղաքում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.
3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 04.11.2017 թվականից` 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
3. Պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
1) ապահովում է Երևան քաղաքի վարչական շրջանների աշխարհազորային պայմանական բրիգադների համալրումն աշխարհազորայիններով` Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից:
(68-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-217-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն, 28.10.20 ՀՕ-469-Ն օրենքներ)
Հոդված 69. |
Քաղաքապետի` համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները |
1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական և պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաև ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:
i
2. Համայնքի կամավոր խնդիրները սահմանում է համայնքի ավագանին:
(69-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-74-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոդված 70. |
Երևանի բյուջեն |
1. Երևանի բյուջեն Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երևանի զարգացման ծրագրի, ավագանու և քաղաքապետի` սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը: ↩
2. Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարով:
3. Բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Բյուջեն կատարվում է օրենքով սահմանված կարգով:
4. Երևանի բյուջեից քաղաքապետի պատվիրակված լիազորությունների իրականացումը չի կարող ֆինանսավորվել սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված (բացառությամբ 16-րդ կետում նշվածի) մուտքերի աղբյուրներից:
5. Տվյալ տարվա համար հաստատվող Երևանի բյուջեում սույն օրենքի 73-րդ հոդվածում ներկայացված մուտքերի աղբյուրներից (բացառությամբ 3-5-րդ, 14-րդ, 16-րդ, 19-24-րդ կետերում նշվածների) միջոցների ստացումների ընդհանուր ծրագրված ծավալի առնվազն 3 տոկոսը նախատեսվում է համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների ֆինանսավորման համար:
(70-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 25.05.22 ՀՕ-135-Ն օրենքներ)
i
Հոդված 71. |
Երևանի բյուջեի քննարկումը և հաստատումը |
1. Քաղաքապետը Երևանի բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն 20 օր առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով Երևանին տրամադրվող դոտացիայի նախնական թիվը փոփոխվում է, ապա քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:
2. Ավագանու նիստում Երևանի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով և ավագանու կանոնակարգով:
3. Երևանի բյուջեն չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել ավագանին` համաձայնեցնելով քաղաքապետի հետ, կամ քաղաքապետը` հրավիրելով ավագանու արտահերթ նիստ:
4. Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը Երևանի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում քաղաքապետը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:
5. Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել հաստատված հատկացումների գումարները այդ որոշմամբ սահմանված ծախսային ծրագրերի միջև, եթե տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է կատարել յուրաքանչյուր ծրագրի գծով Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 17 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև, եթե տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
6. Պետական լիազորված մարմինը մեթոդական և խորհրդատվական օգնություն է ցույց տալիս Երևանի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերահսկում է բյուջետային գործընթացը:
7. Երևանի բյուջեն կազմելու և ներկայացնելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 72. |
Երևանի բյուջեին ներկայացվող պահանջները |
1. Բյուջետային տարվա համար Երևանի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:
2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը` բյուջեի դեֆիցիտը (այսուհետ` պակասուրդ):
3. Երևանի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով կատարված մասնավորեցումների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից Երևանի բյուջե օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Երևանի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:
4. Երևանի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է Երևանի ավագանու` տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին որոշմամբ:
5. Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող Երևանի բյուջեի`
1) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված պակասուրդի գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա Երևանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող տարիներին Երևանի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք և նախորդ տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.
2) ֆոնդային մասի պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների Երևանի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորհների գումարների) միջին տարեկանի 30 տոկոսը:
6. Եթե Երևանի բյուջեն հաստատվում է առանց պակասուրդի, ապա պետական լիազորված մարմինը բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է միայն իրավական վերահսկողություն:
7. Երևանի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ վերջինիս սահմանած կարգով մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր:
8. Ծրագրի իրականացման ժամանակահատվածում այն բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկային պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:
9. Երևանի բյուջեում պետք է առանձին բաժիններով սահմանվեն Երևանի վարչական շրջանների ծախսերը:
(72-րդ հոդ. փոփ. 23.12.13 ՀՕ-195-Ն օրենք)
i
Հոդված 73. |
Երևանի բյուջեի ձևավորման աղբյուրները |
1. Երևանի բյուջեն ձևավորվում է Երևանի բյուջեին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերի աղբյուրներից, ներառյալ`
1) հողի հարկ` Երևանի վարչական տարածքում գտնվող հողի համար.
2) գույքահարկ` Երևանի վարչական տարածքում գտնվող գույքի համար.
3) Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումներ.
4) Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումներ.
5) բնապահպանական վճարներից մասհանումներ.
6) հողի հարկի և գույքահարկի գծով Երևանի բյուջե կատարվող վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ:
Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական վճարների գումարներից Երևանի բյուջե կատարվող մասհանումների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով.
7) պետական տուրք` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար.
8) պետական տուրք` նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.
9) տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.
10) Երևանի սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, ինչպես նաև Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող այն հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, որոնց կառավարումը հանձնված է Երևանի քաղաքապետին.
11) Երևանի սեփականություն համարվող այլ գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.
12) վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.
13) Երևանի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից Երևանի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ.
14) քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող և Երևանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարներ.
15) Երևանի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհամարվող գույքի օտարումից եկամուտներ.
16) պետության կողմից քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար Երևանի բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ.
17) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ.
18) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, ներառյալ` համայնքի սեփականություն համարվող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող, ինչպես նաև համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցներ.
19) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.
20) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).
21) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ.
22) վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, ընդ որում` քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Քաղաքապետարանի կողմից պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
23) Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին Երևանի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.
24) Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, ներառյալ` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներ` ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, որոնք ուղղվում են Երևանի բյուջեի ֆոնդային մաս` համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը: Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին: Երևանի ավագանին սույն կետում նշված միջոցները կարող է ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. ↩
25) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում առաջացած ֆինանսական միջոցներ, եթե ՊՄԳ ծրագիրը նախատեսում է Երևանի համար նման ֆինանսական միջոցների առաջացում:
2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 01.01.2024 թվականից` 12.09.23 ՀՕ-279-Ն օրենք: ↩
3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 01.01.2024 թվականից` 12.09.23 ՀՕ-279-Ն օրենք: ↩
(73-րդ հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-260-Ն, 23.12.13 ՀՕ-195-Ն, 28.06.19 ՀՕ-117-Ն , 12.09.23 ՀՕ-279-Ն օրենքներ)
Հոդված 74. |
Երևանի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը |
1. Երևանի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին Երևանի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
2. Երևանի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության կողմից պատվիրակված լիազորությունների կատարման և ֆոնդային մասի միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:
3. Երևանի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը:
(74-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հոդված 75. |
Երևանի բյուջեի պահուստային ֆոնդը |
1. Երևանի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
2. Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 30 տոկոսի չափով: ↩
i
3. Երևանի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:
Երևանի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման համար` ավագանու առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղելու դեպքերի (ընդ որում` այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության մեկ երկրորդը):
4. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն ավագանու որոշմամբ: Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչև նույն բյուջետային տարվա ավարտը ամբողջ ծավալով Երևանի բյուջեի ֆոնդային մաս չվերադարձնելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր` մեկ բյուջետային տարվա կտրվածքով: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա Երևանի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:
(75-րդ հոդվածը փոփ. 22.11.23 ՀՕ-372-Ն օրենք)
Հոդված 76. |
Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը |
1. Երևանի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը Երևանի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:
2. Երևանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`
1) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը.
2) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է Երևանի բյուջեի ֆոնդային մաս` ավագանու որոշմամբ սահմանված ելքերի ֆինանսավորման համար:
Հոդված 77. |
Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը ↩ |
1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:
(77-րդ հոդ. խմբ. 25.05.22 ՀՕ-135-Ն օրենք)
Հոդված 78. |
Երևանի բյուջեի կատարումը |
1. Քաղաքապետը Երևանի բյուջեի հիման վրա ճշտում է քաղաքապետարանի աշխատակազմի, դրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և քաղաքային ենթակայության կազմակերպությունների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:
2. Քաղաքապետը օրենքով սահմանված կարգով ապահովում է բյուջեի կատարումը և հսկում է ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:
3. Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 79. |
Երևանի բյուջեի կատարման սպասարկումը |
1. Երևանի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ` գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով, որտեղ Երևանն ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:
2. Երևանի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Երևանի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են Երևանի բյուջեով, և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Երևանին հատուկ ծրագրերի իրականացման նպատակով մասնավոր անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված ֆինանսական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել որևէ բանկում:
4. Գանձապետական ստորաբաժանումները Երևանի բյուջեի մուտքերի և ելքերի մասին քաղաքապետին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:
Հոդված 80. |
Երևանի բյուջեի մուտքերի ապահովումը |
1. Հողի հարկի, գույքահարկի, տեղական հարկերի, տուրքերի և վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, Երևանի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, Երևանի մասնակցությամբ կազմակերպությունների` իրենց հասանելիք շահույթի մասնաբաժնի, ինչպես նաև Երևանի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը Երևանի բյուջե ինքնուրույն ապահովում են Երևանի համապատասխան ստորաբաժանումները: Այլ մուտքերը Երևանի բյուջե ապահովվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
2. Ազգային ժողովի ընդունած օրենքներով Երևանի եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի:
Հոդված 81. |
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունը |
1. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Երևանի ավագանին, որն իրավազոր է ստուգելու յուրաքանչյուր բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջելու հաշվետվություններ` կատարված ծախսերի վերաբերյալ:
2. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:
3. Պետությունը Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Հաշվեքննիչ պալատի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցով` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
(81-րդ հոդ. փոփ. 16.01.18 ՀՕ-67-Ն օրենք)
i
Հոդված 82. |
Երևանի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը |
1. Քաղաքապետը Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:
2. Քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինն ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները:
3. Ավագանու նիստում քաղաքապետը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս անհրաժեշտ բացատրություններ:
4. Ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անցկացնում է անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում կարող է դիմել համապատասխան իրավասու մարմինների:
5. Ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
6. Ավագանու նիստում Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
7. Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև Երևանի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
8. Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
Հոդված 83. |
Երևանի զարգացման ծրագրերը |
1. Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:
2. Քաղաքապետը կազմում և ավագանուն է ներկայացնում Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրեր: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը համարվում են հատուկ ծրագրեր և կարող են կազմված չլինել քաղաքապետի կողմից:↩
3. Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:
4. Երևանի զարգացման ծրագրերը ենթակա են հրապարակման ավագանու սահմանած կարգով:
5. Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երևանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:
6. Երևանի զարգացման ծրագրի առանձին բաժիններում սահմանվում են Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը:
7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները: ↩
(83-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 28.06.19 ՀՕ-117-Ն, 25.05.22 ՀՕ-135-Ն օրենքներ)
Հոդված 84. |
Երևանի բյուջեի վարկերը և փոխատվությունները |
1. Քաղաքապետը Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային վարկեր և փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը):
2. Քաղաքապետը ավագանու որոշմամբ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ, սույն օրենքի 73-րդ հոդվածի 22-րդ կետին համապատասխան, թողարկել համայնքային արժեթղթեր: Երևանը պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չգերազանցի Երևանի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են Երևանի բյուջեի ֆոնդային մաս:
3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն Երևանի բյուջեի եկամուտները և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները: Երևանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երևանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):
Հոդված 85. |
Երևանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները |
1. Երևանի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով Երևանի մատուցած ծառայությունների համար ավագանին սահմանում է վճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայությունների սակագները հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
2. Ծառայությունների դիմաց գանձվող գումարները ուղղվում են Երևանի բյուջե:
ԲԱԺԻՆ 2
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
Հոդված 86. |
Երևանը վարչական շրջանների բաժանելը |
1. Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանվում է 12 վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն):
2. Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանվում են սույն օրենքի հավելվածով:
ԳԼՈՒԽ 6
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Հոդված 87. |
Վարչական շրջանի ղեկավարին ներկայացվող պահանջները |
1. Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:↩
(87-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-25-Ն օրենք)
Հոդված 88. |
Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը |
1. Վարչական շրջանի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 89. |
Վարչական շրջանի ղեկավարի նշանակման և լիազորությունների դադարեցման կարգը |
1. Վարչական շրջանի ղեկավարին նշանակում և նրա լիազորությունները դադարեցնում է քաղաքապետը:
2. Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար նշանակելու նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները ուղարկում է ավագանու խմբակցությունների ղեկավարներին:
Հոդված 90. |
Վարչական շրջանի ղեկավարի վարձատրությունը |
1. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, որը չի կարող գերազանցել քաղաքապետի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, սահմանում է ավագանին:
Հոդված 91. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը |
1. Վարչական շրջանի ղեկավարը`
1) գործում է քաղաքապետի անունից: Քաղաքապետը պատասխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար.
2) կազմում է վարչական շրջանի զարգացման ծրագիրը և այն ներկայացնում քաղաքապետին.
3) քաղաքապետին է ներկայացնում իր աշխատակազմի կանոնադրությունը.
4) իր աշխատակազմի կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.
5) իր աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.
6) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալին (տեղակալներին), աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
7) կնքում է վարչական շրջանի տնօրինությանը հանձնած գույքը վարձակալությամբ հանձնելու պայմանագրերը.
8) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կարգադրություններ.
9) կազմակերպում է Երևանի բյուջեի մուտքերի` իրեն հանձնարարված մուտքերի հավաքումը.
10) իրականացնում է ավագանու որոշումներով սահմանված այլ լիազորություններ.
11) օրենքով նախատեսված դեպքերում որպես քաղաքապետի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:
2. Վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի գործունեության կարգը սահմանում է Երևանի ավագանին:
(91-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-345-Ն, 25.03.20 ՀՕ-192-Ն օրենքներ)
Հոդված 92. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում |
1. Վարչական շրջանի ղեկավարը բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.
2) կատարում է Երևանի բնակիչների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում տրված հանրագրերն ու դիմումները.
3) կազմակերպում է փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը վարչական շրջանի կամ քաղաքապետարանի արխիվից.
4) կազմակերպում է իր վարչական շրջանում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության համապատասխան կառույցների գործունեությունը.
5) միջոցներ է ձեռնարկում իր վարչական շրջանում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն:
(108-րդ հոդ. փոփ. 16.09.10 ՀՕ-124-Ն, 21.12.17 ՀՕ-17-Ն օրենքներ)
Հոդված 93. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները ֆինանսների բնագավառում |
1. Վարչական շրջանի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) մասնակցում է Երևանի բյուջեի նախագծի ձևավորմանը ավագանու սահմանած կարգով.
2) տնօրինում է Երևանի բյուջեով վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների իրականացման համար հատկացված միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.
3) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը.
4) կազմակերպում է իր տնօրինմանը հանձնված Երևանի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը.
5) տեղական հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Հոդված 94. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում |
1. Վարչական շրջանի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված այն լիազորությունները, որոնք սույն օրենքով վերապահված չեն քաղաքապետին.
2) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
3) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող, իր տնօրինմանը հանձնված շենքերի ու շինությունների հաշվառումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.
4) օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
5) կազմակերպում է քաղաքապետին չվերապահված վարչական շրջանի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է իր տնօրինության տակ գտնվող` Երևանի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.
6) կազմակերպում է ոչ քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.
7) օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովներ և աջակցում է դրանց անցկացմանը, ինչպես նաև օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձևավորմանը: Ապահովում է վարչական շրջանի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան.
7.1) կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերի, որոնց ստորաբաժանված միավորները առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով աջակցում է կառուցապատողի գործառույթների իրականացման համար սեփականատերերի կողմից համապատասխան կազմակերպության ընտրության գործընթացին կամ կառուցապատողի գործառույթների իրականացումը վերապահում է համայնքում գործող` բազմաբնակարան շենքի կառավարման որևէ մարմնի, որն իրականացնում է կառուցապատողի գործառույթներ առանձնացված միավորների սեփականատերերի ծախսերով.
8) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.
9) վերահսկում է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից պարտադիր բարեկարգման իրականացումը:
(94-րդ հոդ. փոփ. 19.06.15 ՀՕ-93-Ն օրենք)
Հոդված 95. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները հողօգտագործման բնագավառում |
1. Վարչական շրջանի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) Երևանի գլխավոր հատակագծին, վարչական շրջանի կամ դրա առանձին հատվածների գոտիավորման նախագծերին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին համապատասխան` սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում վարչական շրջանի տնօրինմանը հատկացված հողամասերը: Սույն կետով նախատեսված հողամասերը չեն կարող տրամադրվել վարչական շրջանի տնօրինմանը, եթե այդ տարածքի համար դեռևս չկա հաստատված գոտիավորման նախագիծ.
2) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.
4) իրականացնում է վարչական շրջանի տնօրինմանը հանձնված հողամասերի բարելավման աշխատանքներ:
Հոդված 96. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում |
1. Վարչական շրջանի ղեկավարը առևտրի և սպասարկման բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) վարչական շրջանի տարածքում, առևտրի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.
2) վարչական շրջանի տարածքում, սպասարկման գործունեության համաքաղաքային կանոններին համապատասխան, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի օբյեկտներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.
3) վարչական շրջանի տարածքում, հանրային սննդի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
(96-րդ հոդ. փոփ. 06.12.12 ՀՕ-226-Ն, 04.10.17 ՀՕ-137-Ն օրենքներ)
Հոդված 97. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները կրթության և մշակույթի բնագավառում |
1. Կրթության և մշակույթի բնագավառում վարչական շրջանի ղեկավարը իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.
2) կարող է կազմակերպել տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:
Հոդված 98. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում |
1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում վարչական շրջանի ղեկավարն իրականացնում է հետևյալ լիազորությունը.
1) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է Երևանի ենթակայության առողջապահական և մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը:
Հոդված 99. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում |
1. Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) (1-ին կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-99-Ն օրենք)↩
2) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-99-Ն օրենք)↩
(99-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-233-Ն, 04.03.20 ՀՕ-99-Ն օրենքներ)
Հոդված 100. |
Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները գյուղատնտեսության բնագավառում |
1. Վարչական շրջանի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունը.
1) ավագանու սահմանած կարգով տալիս է վարչական շրջանի տարածքում գյուղատնտեսական ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում:
Հոդված 101. |
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը |
1. Վարչական շրջանի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի, ինչպես նաև քաղաքային ենթակայության կազմակերպությունների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
Վարչական շրջանի աշխատակազմի աշխատողները, բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների), տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքային ծառայողներ են:
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:
2. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բաղկացած է վարչական շրջանի ղեկավարի տեղակալից (50000 և ավելի բնակիչ ունեցող վարչական շրջանում վարչական շրջանի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ), աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաև հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:
3. Վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակվելուց հետո իր լիազորությունները վայր է (են) դնում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները):
4. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, բաժինների ղեկավարները և այլ աշխատողներ իրականացնում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները:
Հոդված 102. |
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները) |
1. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները) իրականացնում է (են) վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն (իրենց) վերապահված լիազորությունները:
2. Վարչական շրջանի ղեկավարի բացակայության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:
3. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների) պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:↩
4. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
(102-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, 21.01.20 ՀՕ-25-Ն, 28.10.20 ՀՕ-469-Ն օրենքներ)
Հոդված 103. |
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը |
1. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես`
1) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.
2) վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպումը.
3) վարչական շրջանի ղեկավարի որոշումների հրատարակումը.
4) վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևանի բնակիչների ընդունելության կազմակերպումը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի հսկողությունը.
5) վարչական շրջանի ղեկավարի որոշումների կատարման, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
(103-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-17-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 7
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոդված 104. |
Վարչական հսկողության նպատակները |
1. Վարչական հսկողության նպատակները տեղական ինքնակառավարման իրավունքի պաշտպանությունն են և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պատշաճ իրականացումը:
Հոդված 105. |
Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները |
1. Քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
2. Ավագանու և քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
3. Քաղաքապետին պատվիրակված յուրաքանչյուր լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում մասնագիտական հսկողության համապատասխան բարձրագույն մարմինը. այն պետական մարմինը, որի իրավասության մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած տվյալ լիազորությունը: Եթե այդ լիազորությունը չի ներառվում որևէ պետական մարմնի իրավասության մեջ, ապա այդ լիազորության առումով մասնագիտական հսկողության բարձրագույն մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
3.1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված լիազորության նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իրականացնում է մասնագիտական հսկողություն:
4. Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները Երևանում մասնագիտական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալուց հետո:
5. Ավագանու և քաղաքապետի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
6. Վարչական հսկողություն իրականացնող մարմինների ձեռնարկած միջոցները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(105-րդ հոդ. փոփ. 04.10.174 ՀՕ-137-Ն, 17.11.21 ՀՕ-353-Ն օրենքներ)
Հոդված 106. |
Վարչական հսկողության կանխարգելիչ (պրևենտիվ) միջոցները |
1. Իրավական հսկողության մարմինը պարտավոր է Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց պահանջով տալ պաշտոնական պարզաբանումներ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով: ↩
2. Իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինը կոնկրետ գործով իրավասու է բավարար հիմքերի առկայության դեպքում ծանոթանալու դրա հետ կապված ավագանու և քաղաքապետի (քաղաքապետարանի) մոտ առկա բոլոր փաստաթղթերին: Նա կարող է այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, ստուգել նրանց գործողությունների, անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրա հետ կապված զեկույցներ և փաստաթղթեր (տեղեկատվություն ստանալու իրավունք):
3. Սույն օրենքով նախատեսված համաձայնությունները տալիս է իրավական հսկողության մարմինը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
(106-րդ հոդվածը փոփ. 14.11.23 ՀՕ-354-Ն օրենք)
Հոդված 107. |
Իրավական հսկողության միջոցառումների բողոքարկումը |
1. Իրավական հսկողություն իրականացնող մարմինների որոշումները, գործողությունը կամ անգործությունը քաղաքապետը կարող է բողոքարկել դատական կարգով:
ԲԱԺԻՆ 3
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
Հոդված 108. |
Երևանի թաղային համայնքների ղեկավարների և ավագանու լիազորությունների իրականացումը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո |
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երևանի թաղային համայնքների ավագանիները և թաղապետերը շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև ավագանու լիազորությունների ստանձնումը:
2. Եթե սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երևանի թաղերի ավագանու կամ թաղապետերի լիազորությունները ավարտվում են, կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են համապատասխանաբար Երևանի ավագանու ընտրություններին նախորդող 4 ամսվա ընթացքում, ապա թաղերի ավագանու և թաղապետերի նոր ընտրություններ չեն անցկացվում. համապատասխան ավագանիների և թաղապետերի լիազորությունները երկարաձգվում են մինչև ավագանու լիազորությունների ստանձնման օրը:
3. Ավագանու ընտրություններից հետո Երևանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երևան համայնք:
4. Մինչև ավագանու կողմից Երևանի խորհրդանիշերի սահմանումը օգտագործվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող խորհրդանիշերը:
5. Կառավարությունը սահմանում է քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը:
(108-րդ հոդ. փոփ. 19.05.09 ՀՕ-124-Ն օրենք)
Հոդված 109. |
Ավագանու առաջին ընտրության անցկացման օրը |
1. Երևանի ավագանու առաջին ընտրությունների անցկացման օրը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը կարող է անցկացվել ապրիլի 1-ից ոչ շուտ և 2009 թվականի դեկտեմբերի 6-ից ոչ ուշ:
Ընտրությունների օրը սահմանվում է դրանից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:
i
Հոդված 110. |
Երևանին փոխանցվող սեփականությունը և Երևանի ֆինանսավորումը |
1. Ավագանու ընտրությունից հետո այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին: Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:
2. Մինչև Երևանի ավագանու առաջին ընտրությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը, ներառյալ` Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը:
3. Քաղաքապետարանի գծով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերի ֆինանսավորման այն ուղղությունները, որոնք սույն օրենքով վերաբերում են քաղաքապետին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորություններին, նախատեսվում են նաև 2010-2013 թվականների ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում` քաղաքապետարանի կողմից համապատասխան տարվա համար սահմանված կարգով ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտի առկայությամբ: Ընդ որում, այդ ծախսերի ծավալները որոշվում են տվյալ տարվա պետական բյուջեի համանման ծախսերի բյուջետային ծրագրավորման համար կիրառվող մեթոդաբանություններով:
4. Առաջին նորընտիր քաղաքապետի կողմից լիազորությունները ստանձնելու օրվանից հետո` 2009 թվականի մնացած ժամանակահատվածում, քաղաքապետարանը շարունակում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ քաղաքապետարանին` որպես պետական բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմնի, բյուջետային օրենսդրությամբ վերապահված իրավասությունները:
Հոդված 111. |
Քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելը |
1. Քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը սահմանված կարգով հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, դրանցով նախատեսված պաշտոններում առանց մրցույթի նշանակվում են քաղաքապետարանի աշխատակազմում միայն «քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցրած անձինք, իսկ Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում` համապատասխան թաղային համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցրած անձինք` հաշվի առնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջները:
2. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակումներ կատարվելուց հետո թափուր մնացած համայնքային ծառայության պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:
ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 112. |
Երևանի առաջին ավագանու նիստի անցկացման կանոնակարգը |
1. Երևանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 113. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը և 108-110-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ մնացած հոդվածները` Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 04.11.2017 թվականից` 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
(113-րդ հոդ. փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-5-Ն
|
|
Հավելված
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
5.1. ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Աջափնյակ վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է հինգ հատվածի:
5.1.1. Արևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծի հետ, որը հարում է Արմավիրի հենակետ (այսուհետ` հ. կ.) թիվ 120-ից Դ հ. կ. թիվ 123 և Արագածոտնի (Դ հ. կ. թիվ 123-ից մինչև Ա հ. կ. թիվ 1) մարզերին:
5.1.2. Հյուսիսային հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծի հետ, որը հարում է Կոտայքի (Ա հ. կ. թիվ 1-ից մինչև հ. կ. թիվ 7) մարզին:
5.1.3. Սահմանագիծը հ. կ. թիվ 7-ից շարունակվում է Աշտարակի խճուղու (Գևորգ Չաուշի փողոց) հարավարևմտյան եզրով մինչև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հյուսիսային անկյունը (Հալաբյան փողոց), անցնում «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման և հանրապետական հիվանդանոցի տարածքների հյուսիսային եզրագծով: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Դավթաշեն և Զովունի տանող ճանապարհի հարավային եզրով մինչև «Դավթաշեն» կամրջի ու Զովունի տանող ճանապարհի տրանսպորտային հանգույցը, թեքվում դեպի հարավ-արևելք, «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Հրազդան գետի աջ ափը:
Սահմանագծի այս մասը հարում է Դավթաշեն վարչական շրջանին:
5.1.4. Հարավարևելյան հատվածը սկսվում է «Դավթաշեն» կամրջի և Հրազդան գետի հատման տեղից, շարունակվում Հրազդան գետի աջ ափով մինչև «Հրազդան» կամուրջը (այս մասը հարում է Արաբկիր վարչական շրջանին):
Սահմանագիծը կամրջի հարավարևելյան եզրով թեքվում է դեպի Հրազդանի կիրճի աջ եզրը և շարունակվում Լենինգրադյան փողոցի հարավարևմտյան եզրով մինչև «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհը: Սահմանագծի այս մասը հարում է Կենտրոն վարչական շրջանին:
5.1.5. Հարավային հատվածը հարում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից և շարունակվում դեպի արևմուտք` Լենինգրադյան փողոցի հարավային եզրով մինչև Սեբաստիայի փողոց: Թեքվելով դեպի հարավ` անցնում է Սեբաստիայի փողոցի արևելյան եզրով, թիվ 29 տնից թեքվում դեպի արևմուտք, հատում Սեբաստիայի փողոցը (տուն թիվ 22) և շարունակվում Սարգսյան փողոցով ու կառուցապատման հյուսիսային եզրով մինչև «Մասիս» ԱՄ գործարանի հյուսիսային եզրը: Այնուհետև թեքվում է դեպի հարավ, շարունակվում մինչև Տիչինայի և Գուսան Շերամի փողոցների հատումը:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հարավային կողմով, անցնում «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուսիսային եզրով մինչև Մասիս-Նուռնուս երկաթգծի և «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատման տեղը: Այդտեղից շարունակվում է Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրով մինչև արտաքին սահմանագիծը` հ. կ. թիվ 120:
5.2. ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Ավան վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների սահմանագծերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.2.1. Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է Մյասնիկյան պողոտայից (Մյասնիկյան պողոտայի և Գայի փողոցի տրանսպորտային հանգույցից դեպի հարավ 300 մ), շարունակվում դեպի հյուսիս, հատում Ռուբինյան փողոցը և անցնում բուսաբանական այգու տարածքի արևմտյան և Երևան-Սևան երկաթուղու գոտու արևելյան եզրերով մինչև Թբիլիսիի խճուղու հետ հատվելը: Սահմանագծի այս հատվածը հարում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների սահմանագծին:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու հարավարևելյան եզրով մինչև քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատվելը հ. կ. թիվ 29-ում:
5.2.2. Հյուսիսարևելյան հատվածը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 29-ից մինչև հ. կ. թիվ 40:
5.2.3. Հարավարևելյան հատվածը սկսվում է արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 40-ից: Սահմանագիծն այդտեղից թեքվում է Գառնու խճուղով դեպի արևմուտք, շարունակվում է մինչև Թոթովենցի փողոցի և Գառնու խճուղու հատման տեղը: Այնուհետև շարունակվում է Ավանի գերեզմանոցի հարավարևմտյան եզրով մինչև Ավանի 9-րդ փողոցը, անցնում այդ փողոցով դեպի հարավ-արևմուտք, հատում Գայի փողոցը և Մյասնիկյան պողոտայի ու Գայի փողոցի տրանսպորտային հանգույցի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Մյասնիկյան պողոտան:
5.3. ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Արաբկիր վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.3.1. Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է «Հրազդան» կամրջի և Հրազդան գետի հատման տեղից, աջ ափով` հոսանքի հակառակ ուղղությամբ, շարունակվում է մինչև հ. կ. թիվ 23-ը: Սահմանագծի հատվածի այս մասը հարում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններին:
5.3.2. Հյուսիսարևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 23-ից մինչև հ. կ. թիվ 29:
5.3.3. Հյուսիսարևելյան հատվածը սկսվում է հ. կ. թիվ 29-ից, որը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու գոտու աջ եզրին (Երկրաբանական ինստիտուտի տարածքի հարավարևմտյան եզրից 100 մ): Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթգծի հարավարևելյան եզրով մինչև Թբիլիսիի խճուղի:
Սահմանագծի հատվածի այս մասը հարում է Ավան վարչական շրջանի սահմանագծին:
Սահմանագիծը շարունակվում է Թբիլիսիի խճուղու հարավարևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք` մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը: Սահմանագծի այս մասը հարում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին:
5.3.4. Հարավային հատվածը հարում է Կենտրոն վարչական շրջանին:
Սահմանագիծը սկսվում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքից, հատում Ազատության պողոտան, անցնում 50-ամյակի հուշասյունը հյուսիսային մասով և, արևմտյան եզրով հատելով երկաթգիծը, երկաթուղու օտարման գոտու հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև Օրթոց ձոր և Օրթոց ձորով հարավային ուղղությամբ գոյություն ունեցող կառուցապատման եզրերով («Ֆերիտ» գործարանը և Ամերիկյան համալսարանը թողնելով Կենտրոն վարչական շրջանում) անցնում Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիսարևմտյան եզրով և հատում Մարշալ Բաղրամյան պողոտան: Այդտեղից սահմանագիծը շարունակվում է Պռոշյան փողոցի արևմտյան եզրով դեպի հարավ` մինչև կառավարական ամառանոցների տարածքի հյուսիսային պարիսպը և, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, իջնում Հրազդանի կիրճում գտնվող Երհէկ-ի տարածքի արևելյան սահմանը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափի հենապատով (գետի հոսանքի հակառակ ուղղությամբ) մինչև «Հրազդան» կամրջի մոտ գտնվող փոքր կամրջակը:
5.4. ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Դավթաշեն վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանների հետ:
Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.4.1. Հյուսիսային հատվածն ամբողջությամբ համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 7-ից մինչև հ. կ. թիվ 23:
5.4.2. Հարավարևելյան հատվածը սկսվում է Երևանի արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 23-ից և Հրազդան գետի աջ ափով` գետի հոսանքի ուղղությամբ, իջնում մինչև «Դավթաշեն» կամուրջը: Սահմանագծի այս մասը հարում է Արաբկիր վարչական շրջանին:
5.4.3. «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով բարձրանում է մինչև Հրազդանի կիրճի աջակողմյան եզրը և շարունակվում մինչև Զովունի տանող ճանապարհի և կամրջի տրանսպորտային հանգույցը, այնուհետև թեքվում դեպի արևմուտք, շարունակվում ճանապարհի հարավային եզրով մինչև Հալաբյան փողոց (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքի հյուսիսային անկյուն): Այդտեղից շարունակվում է հանրապետական հիվանդանոցի տարածքի և «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման հյուսիսային եզրով: Հատելով Շիրազի փողոցը` սահմանագիծը շարունակվում է Գևորգ Չաուշի փողոցի (Աշտարակի խճուղի) հարավարևմտյան եզրով մինչև Ներքին Զանգվի ջրանցքի հետ հատվելը` հ. կ. թիվ 7: Սահմանագծի այս մասը հարում է Աջափնյակ վարչական շրջանին:
5.5. ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Էրեբունի վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.5.1. Հյուսիսային հատվածը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղից, շարունակվում դեպի արևելք: Երևան-Սևան երկաթուղու օտարման գոտու հյուսիսային եզրով հատում է Տիգրան Մեծի ու Մովսես Խորենացու փողոցները և երկաթգծի հյուսիսային եզրով հասնում մինչև Չարենցի փողոցի թիվ 1-ին նրբանցքի թիվ 113 տունը (սահմանագծի այս մասը հարում է Կենտրոն վարչական շրջանին):
Այդտեղից թեքվելով դեպի հարավ` Սարի վարչական շրջանի կառուցապատման արևելյան և հյուսիսային եզրերով շարունակվում մինչև Դավիթ-Բեկի փողոցը: Թեքվելով դեպի հյուսիս` Դավիթ-Բեկի փողոցի արևմտյան եզրով շարունակվում մինչև հեռուստակենտրոնի տարածքի հարավային պարիսպը և թեքվելով դեպի արևելք` շարունակվում է նույն փողոցի հյուսիսային եզրով մինչև Նորքի ջրանցքը (սահմանագծի այս մասը հարում է Նորք-Մարաշ վարչական շրջանին): Այնուհետև ջրանցքի հյուսիսային կողմով անցնում է մինչև բարձր լարման էլեկտրագծի գոտու հարավային եզրը և այստեղից` էլեկտրագծի գոտուն զուգահեռ, շարունակվում է մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի հետ հատվելը, այնուհետև ճանապարհի հարավային եզրով շարունակվում մինչև գաջի նոր գործարանի հողատարածքի հարավային եզրը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Նոր Նորք վարչական շրջանին:
5.5.2. Արևելյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի (հ. կ. թիվ 53-ից Բ հ. կ. թիվ 61) և Արարատի (Բ հ. կ. թիվ 61-ից մինչև հ. կ. թիվ 63) մարզերին:
5.5.3. Հարավային հատվածը հարում է Նուբարաշեն վարչական շրջանին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է հ. կ. թիվ 63-ից, շարունակվում Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրով մինչև Երևան քաղաք մտնող գազատարը: Այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք` շարունակվում է գազատարի եզրով, հատում շրջանցիկ ճանապարհը, ճանապարհի հյուսիսարևմտյան և Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի հողատարածքի հյուսիսային սահմանով շարունակվում մինչև Նոր Խարբերդի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքի արևելյան եզրը:
5.5.4. Արևմտյան հատվածը սկսվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հյուսիսային սահմանի արևելյան անկյունից, շարունակվում դեպի արևմուտք` մինչև Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի հողատարածքի հյուսիսային եզրը, թեքվում դեպի հյուսիս, անցնում Մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրով, Արցախի փողոցով շարունակվում մինչև Արին-Բերդի փողոցը: Այնուհետև Արին-Բերդի փողոցով անցնում է դեպի արևմուտք` մինչև երկաթուղային բեռնատար կայարանի տնտեսության արևմտյան եզրը, և շարունակվում դեպի հյուսիս` մինչև Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղը: Այս հատվածն ամբողջությամբ հարում է Շենգավիթ վարչական շրջանին:
5.6. ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Կենտրոն վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.6.1. Հյուսիսային հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» կամրջի միացման տեղից, անցնում կամրջի հարավարևելյան եզրով, հատում Հրազդանի կիրճը (Հրազդան գետի փոքր կամրջով) և շարունակվում Հրազդան գետի ձախ ափի հենապատով մինչև նախկին Երհէկ-ի արևելյան սահմանը:
Այնուհետև շարունակվում է կառավարական ամառանոցի հյուսիսարևմտյան պարսպով մինչև Պռոշյան փողոցը: Այդ փողոցի հյուսիսարևմտյան կողմի կամրջից ուղիղ գծով անցնում է դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա, հատում այն, շրջանցում Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիսարևմտյան եզրը (ներառելով Ամերիկյան համալսարանը), շարունակվում Օրթոց ձորի կառուցապատման եզրով (ներառելով «Ֆերիտ» գործարանը) մինչև Երևան-Սևան երկաթգիծը: Սահմանագիծը շարունակվում է երկաթուղու հարավային եզրով, ներառում 50-ամյակի հուշասյունը, անցնում «Հաղթանակ» զբոսայգու մուտքի հարավային մասով, շարունակվում Երևան-Սևան երկաթուղու հյուսիսային եզրով դեպի արևելք` մինչև Կենտրոնի (հյուսիսային) խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարը` ներառելով Ավանի կիրճի հյուսիսային և հարավային լանջերի կառուցապատումը մինչև կենդանաբանական այգու մուտքը և շարունակվում Նորքի լանջի ստորին մասով մինչև Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամուրջը:
5.6.2. Արևելյան հատվածը սկսվում է Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամրջից, երկաթուղու արևելյան եզրով շարունակվում մինչև հանրապետական մարզադաշտի լողավազանի դիմացի սարալանջով իջնող ճանապարհը (Չարենցի 1-ին նրբանցք, տուն թիվ 113)` ներառելով Այգեստանի հարավարևելյան հատվածին հարող անտառագոտու կառուցապատումները:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու գոտու արևմտյան եզրով մինչև Տիգրան Մեծի պողոտան (երկաթուղային ուղեկամուրջը)` հատելով Մովսես Խորենացու փողոցը:
5.6.3. Հարավային հատվածը սկսվում է Տիգրան Մեծի պողոտայի և երկաթուղային ուղեկամրջի հատման տեղից (հյուսիսային կողմից), շարունակվում Քրիստափորի փողոցով դեպի արևմուտք (հաստոցաշինական գործարանի հյուսիսային պարսպի եզրով), հատում Արշակունյաց պողոտան, շարունակվում էլեկտրական ենթակայանի և Արտաշատի ջրանցքի եզրով մինչև Արտաշատի ջրանցքի ջրաթափը և ջրաթափի հարավային եզրով իջնում մինչև Հրազդան գետի աջ ափը:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով (հոսանքի ուղղությամբ), կիրճի եզրով մինչև Վաղարշապատի հին խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հատումը (30 - ամյակի հուշասյուն):
5.6.4. Արևմտյան հատվածը սկսվում է 30-ամյակի հուշասյունից, շարունակվում Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով մոտ 350մ դեպի հյուսիս-արևելք, թեքվում ուղիղ անկյունով դեպի հյուսիս-արևմուտք, հատում Ծովակալ Իսակովի պողոտան, անցնում «Հայհաստոց» և Արևային էներգիայի ուսումնասիրման գիտահետազոտական ինստիտուտների տարածքների հարավարևմտյան և հյուսիսային եզրերով, Դալմայի այգիների արևմտյան սահմանագծով մինչև Լենինգրադյան փողոց և, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, շարունակվում մինչև «Հրազդան» կամուրջը:
5.7. ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
Վարչական շրջանի տարածքի մեջ են մտնում նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և դրան կից տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքները, ինչպես նաև Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերը):
5.7.1. Հյուսիսային հատվածը սկսվում է հ. կ. թիվ 120-ից, շարունակվում Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրով` ջրի հոսքի հակառակ ուղղությամբ, մինչև Մասիս-Նուռնուս երկաթգծի և «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատումը: Այնուհետև շարունակվում է արևելյան ուղղությամբ «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհով, «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուսիսային կողմով մինչև Տիչինայի և Գուսան Շերամի փողոցների հատումը: Թեքվելով դեպի հյուսիս` շրջանցում է «Մասիս» արդյունաբերական միավորման կոշիկի գործարանը և շարունակվում գործող կառուցապատման հյուսիսային եզրով` Սարգսյան փողոցով մինչև Սեբաստիայի փողոց: Հատելով Սեբաստիայի փողոցը թիվ 22 և թիվ 29 տների մոտ` սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս: Սեբաստիայի փողոցով շարունակվում է մինչև Լենինգրադյան փողոց և այդ փողոցի հարավային եզրով անցնում մինչև Դալմայի այգիների հյուսիսարևելյան անկյունը` դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի եզրը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Աջափնյակ վարչական շրջանին:
5.7.2. Արևելյան հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից, շարունակվում դեպի հարավ` ճանապարհի արևմտյան եզրով (այգիների սահմանագիծ), շրջանցում Արևային էներգիայի գիտահետազոտական ինստիտուտի տարածքը հյուսիսային ու արևմտյան եզրերով, շարունակվում «Հայհաստոց» գիտահետազոտական ինստիտուտի տարածքի արևմտյան կողմով, հատելով Ծովակալ Իսակովի պողոտան` թեքվում է դեպի հարավ-արևմուտք և Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև 30-ամյակի հուշասյունը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Կենտրոն վարչական շրջանին:
5.7.3. Հարավարևելյան հատվածը սկսվում է 30-ամյակի հուշասյունից և շարունակվում Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով, Սեբաստիայի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցի հարավային մասով հատում մայրուղին, Երևանյան լճի ամբարտակի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Հրազդան գետի աջ ափը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով մինչև արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 105-ը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Շենգավիթ վարչական շրջանին:
5.7.4. Արևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Արարատի (հ. կ. թիվ 105-ից մինչև Գ հ.կ. թիվ 107) և Արմավիրի (Գ հ. կ. թիվ 107-ից մինչև հ. կ. թիվ 120) մարզերին:
5.8. ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Նոր Նորք վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.8.1. Արևմտյան հատվածը սկսվում է Դավիթ-Բեկի փողոցի և Նորքի ջրանցքի հատման տեղից և շարունակվում դեպի հյուսիս` բարձր լարման էլեկտրագծերի գոտու արևմտյան եզրով մինչև հին Նորքի գերեզմանոցի հյուսիսարևելյան կողմը, այնուհետև շարունակվում, իջնելով Ավանի կիրճը, մինչև Մյասնիկյան պողոտա, որը գտնվում է կենդանաբանական այգու մուտքից 100 մ դեպի հարավ-արևմուտք:
Այս հատվածը հարում է Նորք-Մարաշ վարչական շրջանին:
5.8.2. Հյուսիսային հատվածը սկսվում է վերը նշված կետից, շարունակվում Մյասնիկյան պողոտայի հարավարևելյան եզրով, հատում է Գայի փողոցը` տրանսպորտային հանգույցի հարավարևելյան մասով, և միանում Ավանի 9-րդ փողոցին, Ավանի գերեզմանոցի հարավարևմտյան եզրով հատում է Թոթովենցի փողոցը և միանում Գառնու խճուղուն` հ. կ. թիվ 40-ին: Սահմանագծի այս հատվածը հարում է Ավան, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին:
5.8.3. Արևելյան հատվածը համընկնում է քաղաքի առաջին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 40-ից մինչև հ. կ. թիվ 53: Այս հատվածն իր մեջ ներառում է «Բազալտ» և ռադիոէլեկտրոնային արդյունաբերական համալիրները, ինչպես նաև «Մայակ» բնակելի տարածքը: Սահմանագիծն անցնում է Ջրվեժ գյուղի արևմտյան սահմանով և շարունակվում մինչև գաջի նոր գործարանը:
5.8.4. Հարավային հատվածով սահմանագիծը շարունակվում է գաջի նոր գործարան տանող ճանապարհով դեպի հարավ-արևմուտք` մինչև բարձր լարման էլեկտրագծերի հետ հատվելը, ապա բարձր լարման էլեկտրագծերի գոտուն զուգահեռ` շարունակվում է մինչև Նորքի ջրանցքը, անցնում Նորքի ջրանցքի հարավային եզրով մինչև Դավիթ-Բեկի փողոցի հետ հատվելը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Էրեբունի վարչական շրջանին:
5.9. ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Նորք-Մարաշ վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.9.1. Կենտրոն վարչական շրջանին հարող արևմտյան հատվածը սկսվում է Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 113 տնից և շարունակվում դեպի հյուսիս` գոյություն ունեցող ինքնակամ կառուցապատման և անտառագոտու սահմանով մինչև Այգեստան վարչական շրջանին հարող Երևան-Սևան երկաթուղու եզրը, անցնում երկաթուղու արևելյան եզրով մինչև երկաթգծի ուղեկամուրջը, այնուհետև Նորքի լանջի ստորին եզրով, Ավանի կիրճի հարավային լանջով մինչև կենդանաբանական այգու մուտքի մոտ (մուտքից 100 մ դեպի հարավ` Մյասնիկյան պողոտայի հարավարևմտյան եզրը):
5.9.2. Արևելյան հատվածը հարում է Նոր Նորքի վարչական շրջանի սահմանագծին և շարունակվում դեպի հարավ, բարձրանում Ավանի կիրճի հարավային լանջի վերին եզրը, անցնում է հին Նորքի գերեզմանոցի հյուսիսարևելյան մասով, բարձր լարման էլեկտրագծի արևմտյան եզրով մինչև Դավիթ-Բեկի փողոցի հյուսիսային եզրը:
5.9.3. Հարավային հատվածը հարում է Էրեբունի վարչական շրջանին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է Դավիթ-Բեկի փողոցի հյուսիսային եզրից (Դավիթ-Բեկի փողոցի և Նորքի ջրանցքի հատում) և շարունակվում մինչև հեռուստակայանի հողատարածքը, այնուհետև, թեքվելով դեպի հարավ, անցնում Դավիթ-Բեկի փողոցի արևմտյան եզրով, Սարի վարչական շրջանի կառուցապատման հյուսիսային և արևելյան եզրերով` մինչև Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 113 տունը:
5.10. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Նուբարաշենի վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների հետ:
Արտաքին սահմանագծով հարում է Արարատի մարզին:
Հ. կ. թիվ 62-ից մինչև հ. կ. թիվ 80-ը Նուբարաշեն վարչական շրջանի սահմանը համընկնում է քաղաքի արտաքին սահմանի հետ և հարում Արարատի մարզին: Սահմանագիծը քաղաքի արտաքին սահմանի հ. կ. 80-ից շարունակվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հարավարևելյան եզրով մինչև Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուսիսարևմտյան անկյունը: Սահմանի այս հատվածը հարում է Շենգավիթ վարչական շրջանին: Սահմանագիծն այս կետից շարունակվում է դեպի արևելք (խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուսիսային եզրով) մինչև Երևան-Նուբարաշեն խճուղու և շրջանցիկ ճանապարհի տրանսպորտային հանգույցի հյուսիսային եզրը: Այդտեղից սահմանագիծը շարունակվում է շրջանցիկ ճանապարհի հյուսիսարևմտյան եզրով մինչև գազատար խողովակը:
Սահմանագիծը, այս կետից թեքվելով դեպի հարավ, հատում է շրջանցիկ ճանապարհը, գազատարի եզրով շարունակվում (ճանապարհի հարավարևելյան եզրից 300 մ) մինչև Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրը: Այդտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևելք` Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրով շարունակվում է մինչև արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 62-ը: Սահմանագծի այս հատվածը հարում է Էրեբունի վարչական շրջանին:
5.11. ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Շենգավիթ վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.11.1. Հյուսիսարևմտյան հատվածը հարում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին:
Սկսվում է հ. կ. թիվ 105-ից (Արգավանդ գյուղի արևելյան եզր), շարունակվում Հրազդան գետի աջ ափով (գետի հոսանքի հակառակ ուղղությամբ) մինչև Երևանյան լճի ամբարտակի հարավարևմտյան եզրը: Թեքվելով դեպի հարավ-արևմուտք` մայրուղու հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև Ծովակալ Իսակովի և Սեբաստիայի փողոցների տրանսպորտային հանգույցի սկիզբը (հանգույցի հարավային մաս), թեքվում դեպի հյուսիս-արևելք և, հատելով մայրուղին, Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով շարունակվում մինչև 30-ամյակի հուշասյուն:
5.11.2. Հյուսիսային հատվածը հարում է Կենտրոն վարչական շրջանին:
Հյուսիսային հատվածը սկսվում է Վաղարշապատի խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հատման կետից (30-ամյակի հուշասյուն), շարունակվում Հրազդանի կիրճի աջ եզրով դեպի արևելք` մինչև Արտաշատի ջրանցքի ջրթափի և Հրազդան գետի հատումը: Այնուհետև շարունակվում է ջրթափի եզրով մինչև Արշակունյաց պողոտա, հատում այն, շարունակվում Քրիստափորի փողոցով (նախկին Գորկու փողոց) մինչև վերջինիս հատումը Սևանի փողոցի հետ:
5.11.3. Արևելյան հատվածը հարում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղից, շարունակվում Սևանի փողոցով մետրոպոլիտենի ուղեգծի արևմտյան եզրով, անցնում Ռոստովյան փողոցի ուղետարի տակով և շարունակվում երկաթուղային բեռնատար կայարանի տնտեսության տարածքի արևմտյան եզրով մինչև Արին-Բերդի փողոցը: Սահմանագիծն Արին-Բերդի փողոցով թեքվում է դեպի արևելք` մինչև Արցախի փողոցը, այնուհետև, շեղվելով դեպի հարավ, Արցախի փողոցով շարունակվում է մինչև Մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրը: Այս գործարանի և Երևանի ջէկ-ի հողամասերի միջև ընկած տարածքով շարունակվում է դեպի հարավ-արևելք, շրջանցում Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի տարածքը, հյուսիսային կողմով շարունակվում է մինչև Նոր Խարբերդի այգեգործական ընկերության տարածքի արևելյան սահմանը:
Սահմանագծի վերը նշված մասը հարում է Էրեբունի վարչական շրջանին: Սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, այգեգործական ընկերության հողամասի հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև քաղաքի արտաքին սահմանագիծը` հ. կ. թիվ 80: Սահմանագծի այս մասը հարում է Նուբարաշեն վարչական շրջանին:
5.11.4. Հարավարևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը համընկնում է Արարատի մարզին` հ. կ. թիվ 80-ից մինչև հ. կ. թիվ 105:
5.12. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.12.1. Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքից, շարունակվում Ազատության պողոտայի հարավարևելյան եզրով դեպի հյուսիս-արևելք` Թբիլիսիի խճուղով մինչև Երևան-Սևան երկաթուղու հետ հատվելը, այնուհետև` Թբիլիսիի խճուղու և Աճառյան փողոցի տրանսպորտային հանգույցը: Սահմանագծի այս հատվածը հարում է Արաբկիր վարչական շրջանին:
5.12.2. Արևելյան հատվածը սկսվում է Թբիլիսիի խճուղու և Երևան-Սևան երկաթուղու հատման տեղից, շարունակվում երկաթուղու օտարման գոտու հարավարևելյան եզրով, բուսաբանական այգու տարածքի արևմտյան եզրով, հատելով Ռուբինյան փողոցը` հասնում է մինչև Մյասնիկյան պողոտա: Սահմանի այս հատվածը հարում է Ավան վարչական շրջանին: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Մյասնիկյան պողոտայի հյուսիսարևմտյան եզրով մինչև կենդանաբանական այգու մուտքը: Այս հատվածը հարում է Նոր Նորք վարչական շրջանին:
5.12.3. Հարավային հատվածը հարում է Կենտրոն վարչական շրջանին:
Սկսվում է կենդանաբանական այգու մուտքից, շարունակվում Ավանի կիրճի հյուսիսային լանջի կառուցապատման հյուսիսային եզրով մինչև ջրամատակարարման կարգավորման ջրամբարը և շարունակվում ջրամբարի հողամասի հյուսիսային եզրով մինչև Երևան-Սևան երկաթուղու գոտու հյուսիսային եզրը: Այնուհետև սահմանագիծը շարունակվում է երկաթուղու գոտու հյուսիսային եզրով մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-5-Ն
|