040.1294.121115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2015 թվականի N 1294-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1816-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
2) որոշման հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերով.
«4.1. Ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային ստորաբաժանումները կարող են ունենալ իրենց անվանմամբ կլոր կնիք, որը կարող է օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` որպես վարչական ակտն ընդունող մարմնի պաշտոնական կնիք:
4.2. Ճանապարհային ոստիկանության խորհրդանիշների և այլ անհատականացման միջոցների ձևերը սահմանում է ոստիկանության պետը:
4.3. Ճանապարհային ոստիկանության պաշտոնական համացանցային կայքերն են` www.roadpolice.am, www.road-police.am և www.gai.am:».
3) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Ճանապարհային ոստիկանության լիազորություններն են`
ա) մասնակցությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
բ) բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր մշակելը և ոստիկանության պետին ներկայացնելը.
գ) իր իրավասության սահմաններում վերահսկողությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության, ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
դ) օրենքով իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի իրականացումը.
ե) իր իրավասության սահմաններում հսկողությունը ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ ներկայացնելը.
զ) փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելը կամ արգելելը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվություն տալը.
ը) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.
թ) օրենքով նախատեսված դեպքերում հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալը.
ժ) իր իրավասության սահմաններում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում և արգելադրում իրականացնելը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, պետական հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշներ տրամադրելը.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ տալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու համար միջազգային վարորդական վկայականներ տալը.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելը.
ժգ) ճանապարհային երթևեկությունը կարգավորելը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրանսպորտային միջոցները կանգնեցնելը, ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռի փաստաթղթերն ստուգելը և դրանց երթևեկությունը (շահագործումը) արգելելը.
ժդ) տրանսպորտային միջոցները վարելուց` այն անձանց մեկուսացնելը, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց` արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.
ժե) հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցներն արգելանքի տակ դնելը.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցների ուղեկցումը.
ժէ) տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն տալը.
ժը) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.
ժթ) ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում իրականացնելը.
ի) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքերում` վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը զննելը.
իա) օրենքով սահմանված վճարովի ծառայություններ մատուցելը.
իբ) իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, ինչպես նաև տեղակայելը.
իգ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ հրապարակելը.
իդ) համագործակցությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
իե) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը, այդ թվում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում դատարանում որպես հայցվոր, քաղաքացիական հայցվոր կամ դիմող, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` որպես քաղաքացիական պատասխանող կամ պատասխանող հանդես գալը:».
4) հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Ճանապարհային ոստիկանությունը բաղկացած է ճանապարհային ոստիկանության վարչական մասից և տարածքային` հաշվառման-քննական (բաժին, բաժանմունք, խումբ) ու ճանապարհապարեկային ծառայության շարային (գումարտակ, վաշտ, դասակ, ջոկ, խումբ) ստորաբաժանումներից, որոնք տեղակայվում են Երևան քաղաքում և մարզերում: Ճանապարհային ոստիկանության վարչական մասը բաղկացած է կառուցվածքային և ենթակա ստորաբաժանումներից (բաժին, բաժանմունք, խումբ, վաշտ, դասակ, ջոկ):
9. Ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային ստորաբաժանումների կառուցվածքն ու հաստիքացանկը հաստատում է ոստիկանության պետը, իսկ ստորաբաժանումների ծառայողների գործառութային պարտականությունները` ճանապարհային ոստիկանության պետը:».
i
5) հավելվածի 17-րդ կետի «դ» ենթակետը «ցուցումները» բառից հետո լրացնել «, իրենց համադասմանը վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են մուտքագրված փաստաթղթերի (գրություններ, դիմումներ և այլն) բաշխումն ըստ ճանապարհային ոստիկանության` անմիջականորեն իրենց ենթակայության տակ գտնվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, ստորագրում են ճանապարհային ոստիկանությունից առաքվող փաստաթղթերը (բացառությամբ պետական այլ մարմինների և ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների ղեկավարներին առաքվող փաստաթղթերի)» բառերով.
6) հավելվածի 19-րդ կետում`
i
ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշներ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցներից.»,
բ. «ե» ենթակետը վերջում «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի» բառերով,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.
«ժդ) արտաբյուջետային ֆոնդի միջոցներով ձեռք բերված անշարժ կամ շարժական գույքին պատճառված վնասների հատուցումից ստացվող միջոցներից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ