Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶ ...

 

 

041.0308.080698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 1998 թ. թիվ 308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության խորհրդի անդամների թիվը` 9 մարդ:

(2-րդ կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 528 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՀՈՒՆԻՍԻ 8-Ի

ԹԻՎ 308 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (այսուհետև` գերատեսչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է սեյսմիկ պաշտպանության համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

(1-ին կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

2. Գերատեսչությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ պաշտպանության ոլորտում` սեյսմիկ վտանգի* և ռիսկի* գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման, ուժեղ երկրաշարժերին բնակչության նախապատրաստման, ոլորտում տիրող վիճակի, դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

3. Գերատեսչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Գերատեսչության հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

4. Գերատեսչության հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը` ուժեղ երկրաշարժերով պայմանավորված` մարդկանց բնակվելու վտանգի, պետության տնտեսական և սոցիալական կորուստների նվազեցումը.

բ) Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ պաշտպանության միասնական համակարգի ստեղծումը.

գ) Հայաստանի հանրապետության տարածքում երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը, որը ներառում է`

ընդհանուր սեյսմիկ շրջանցումը,

մանրամասն սեյսմիկ շրջանցումը,

խիտ բնակեցված շրջանների (քաղաքների, գյուղերի) և կարևոր ու վթարավտանգ օբյեկտների (Հայկական ԱԷԿ, ամբարտակներ, քիմիական արտադրություն և այլն) տարածքների սեյսմամիկրոշրջանացումը.

դ) Հայաստանի Հանրապետության և հարակից օտարերկրյա պետությունների տարածքների ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը, ներառյալ` ուժեղ երկրաշարժերի կանխատեսումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը.

զ) սպասվող երկրաշարժի ժամանակ շենքերի և կառույցների վարքի կանխատեսումը.

է) Հայաստանի Հանրապետության տարածքի խիտ բնակեցված շրջանների, կարևոր ու վթարավտանգ օբյեկտների սեյսմիկ ռիսկի գնահատումը.

ը) ուժեղ երկրաշարժերին բնակչության անհատական և կոլեկտիվ նախապատրաստվելը.

թ) ուժեղ երկրաշարժերի ժամանակ արագ արձագանքման աշխատանքների կատարումը.

i

(4-րդ կետի թ ենթակետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

i

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների հետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման սխեմաների մշակումը` սեյսմիկ վտանգի տարբեր մակարդակների համար.

(4-րդ կետի ժ ենթակետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

5. Գերատեսչությունն իր գործառույթներին համապատասխան`

ա) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմոլոգիայի և բնակչության սեյսմիկ պաշտպանության աշխատանքների գլխավոր պատվիրատուն.

բ) համակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները.

գ) սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում զարգացնում, համակարգում է համագործակցությունն օտարերկրյա պետությունների համապատասխան հաստատությունների հետ, տեղեկատվություն է փոխանակում օտարերկրյա պետությունների սեյսմոլոգիական ծառայությունների հետ.

դ) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի, դրա խիտ բնակեցված շրջանների, կարևոր և վթարավտանգ օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմաշրջանցման քարտեզներն ու սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` կիրարկման համար.

ե) իր իրավասության սահմաններում մասնակցում է սեյսմակայուն շինարարության նորմերի մշակմանը.

զ) մասնակցում է շենքերի և կառույցների սեյսմակայունության որակավորմանը.

է) մասնակցում է շենքերի և կառույցների սեյսմակայունության բարձրացման մեթոդների մշակմանն ու դրանց փորձարկմանը.

ը) սեյսմակայունության տեսակետից`

սեյսմիկ վտանգի տարբեր մակարդակների դեպքում իրականացնում է շենքերի և կառույցների խոցելիության* գնահատումը, այդ թվում` համապատասխան մեթոդների մշակումը,

մասնակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից` իրականացվող շենքերի և կառույցների խոցելիության նվազեցման ռազմավարության մշակմանն ու իրագործմանը.

թ) սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում մասնակցում է քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, արտադրատնտեսական գործունեության զարգացման և այլ հեռանկարային ծրագրերի մշակմանը.

ժ) ապահովում է կարևոր և վթարավտանգ ու կենսաապահովման օբյեկտների (էլեկտրահաղորդագծեր, գազամուղեր, ջրմուղ-կոյուղի, կապի համակարգեր և այլն) սեյսմիկ պաշտպանությունը, ներառյալ` վտանգավոր հանգույցների ավտոմատ անջատման նպատակով տեխնիկական միջոցների կիրառումը.

ժա) մասնակցում է Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանությանը վերաբերող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը.

ժբ) մասնակցում է ուժեղ երկրաշարժերից մարդկանց, մասնավոր և պետական սեփականության ապահովագրման համակարգերի ստեղծմանը.

i

ժգ) սպասվող երկրաշարժի շրջանում կամ էպիկենտրոնային գոտում կազմակերպում է հատուկ աշխատանքների իրականացումը` արագ արձագանքման ջոկատների կողմից, որոնք ընդգրկում են երկրաֆիզիկոսների, երկրաբանների, շենքերի և կառույցների սեյսմակայունության բնագավառի մասնագետների, երկրատեխնիկների, բնակչության հետ տարվող աշխատանքի հրահանգիչների ու տեխնիկական աշխատողների անձնակազմերը.

(5-րդ կետի ժգ ենթակետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

ժդ) մասնակցում է ուժեղ երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներին.

ժե) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին հաղորդում է ընթացիկ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և հարակից օտարերկրյա պետությունների տարածքներում երկրաշարժերի ու սեյսմիկ վտանգի վերաբերյալ.

ժզ) մամուլին և զանգվածային լրատվության մյուս միջոցներին պարբերաբար ներկայացնում է հաղորդագրություններ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ և լուսաբանում հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների կատարման ընթացքը,

ժէ) փորձագիտական խորհրդում հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը և ուժեղ երկրաշարժերի հաստատված օպերատիվ կանխատեսման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաղորդում գերատեսչության փորձագիտական խորհրդի եզրակացությունը.

i

ժը) սահմանված կարգով եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին օտարերկրյա պետությունների մասնագիտացված արագ արձագանքման ջոկատների հրավիրման վերաբերյալ.

(5-րդ կետի ժգ ենթակետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

ժթ) տագնապի հայտարարման փուլում, կապված Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանը պարբերաբար տեղեկացնում է ընթացիկ սեյսմիկ իրավիճակի, հնարավոր տարերային աղետի գոտում բնակչության վարքականոնների մասին.

ի) սահմանված կարգով որոշում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի բնութագիրը և այդ տեղեկատվությունը հաղորդում Հայաստանի հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին.

իա) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ հանրապետության բնակչությանն իրազեկում է Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի և էպիկենտրոնային գոտում բնակչության վարքականոնների մասին` բնակչությանը պարբերաբար տեղեկացնելով էպիկենտրոնային գոտում ընթացիկ սեյսմիկ իրավիճակի մասին.

իբ) մասնակցում է փրկարարական և ուժեղ երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներին` մարդկանց հոգեբանական վերականգնման, շենքերի ու կառույցների վնասվածության աստիճանի որակավորման, դրանց պահպանման նպատակահարմարության, պահպանման ենթակա շինությունների կոնստրուկցիաների ամրացման եղանակների որոշման, նոր շինհրապարակների ընտրության ուղղությամբ.

իգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

III. Գերատեսչության աշխատանքի կազմակերպումը

 

6. Գերատեսչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության բաժանմունքները, կենտրոնները, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

7. Գերատեսչությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

8. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու մյուս գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

i

9. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները: Գերատեսչությունն իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

(9-րդ կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

10. Գերատեսչությունը`

ա) ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

i

բ) մյուս գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

(10-րդ կետի բ ենթակետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

i

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

(10-րդ կետի գ ենթակետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

դ) սահմանված կարգով մասնակցում է գերատեսչության իրավասությանը վերաբերող միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

i

11. Գերատեսչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(11-րդ կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

12. Գերատեսչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով գերատեսչության պետի հետ:

13. Գերատեսչության պետը`

i

ա) պատասխանատվություն է կրում գերատեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար,

բ) սահմանում է պետի տեղակալների, կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների բաժանմունքների և կենտրոնների տնօրենների պատասխանատվության աստիճանը` համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

գ) իր իրավասության սահմաններում կասեցնում, ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ընդունած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները.

դ) կատարում է պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գերատեսչության կառուցվածքը և աշխատողների թիվը.

զ) գործում է գերատեսչության անունից` առանց լիազորագրի, ներկայացնում է գերատեսչությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

է) կնքում է աշխատանքային պայմանագրեր, տալիս լիազորագրեր, հաստատում գերատեսչության հաստիքացուցակը.

ը) առաջարկում է գերատեսչության խորհրդի անդամների թիվը և Հայաստանի Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնում խորհրդի անհատական կազմը.

թ) կազմակերպում և ղեկավարում է գերատեսչության խորհրդի նիստերը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(13-րդ կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

14. Գերատեսչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է նրա առաջին տեղակալը:

15. Գերատեսչության ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

16. Գերատեսչությունն ստեղծում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ), պետի տեղակալները` ի պաշտոնե, գերատեսչության այլ ղեկավար աշխատողներ:

17. Գերատեսչության խորհուրդն իր նիստերում պարբերաբար քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և գերատեսչության գործունեության այլ հարցեր, քննարկում է կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

i

18. Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով` Պետի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել պետական կառավարման վերադաս մարմնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(18-րդ կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

19. Գերատեսչությունն իր ոլորտում ըստ սահմանված կարգի կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումն ու տարածումը:

20. Գերատեսչությունն իր ոլորտում իրականացնում, զարգացնում և համակարգում է համագործակցությունն օտարերկրյա պետությունների համապատասխան հաստատությունների հետ, անդամակցում է միջազգային մասնագիտական կազմակերպություններին, սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում կնքում պայմանագրեր, համաձայնագրեր և կոնտրակտներ, փոխանակում մասնագետներ և վերապատրաստվողներ, կազմակերպում գիտաժողովներ, ցուցահանդեսներ, գիտական հավաքներ ու դասընթացներ, հրավիրում արտասահմանյան մասնագետների և իր աշխատակիցներին գործուղում օտարերկրյա պետություններ:

21. Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանցման քարտեզների (տարբեր մասշտաբների), հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի կանխատեսման, հաստատման, հանրապետության տարածքում սեյսմիկ նվազեցման ոլորտում կատարվող աշխատանքների համակարգման, օտարերկրյա պետությունների հետ համագործակցության զարգացման, պետական պատվեր և համապատասխան ֆինանսավորում պահանջող առաջնային ուղղությունների որոշման, բարձր սեյսմիկ վտանգի ու ռիսկի հետ կապված բոլոր կարևորագույն որոշումների ընդունման և հաստատման համար գերատեսչությունում ստեղծվում է փորձագիտական խորհուրդ` կազմված ինչպես գերատեսչության, այնպես էլ հանրապետության մասնագիտացված կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների մասնագետներից:

Փորձագիտական խորհուրդը գլխավորում է գերատեսչության պետը: Փորձագիտական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է գերատեսչության պետը:

i

22. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար գերատեսչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից, այդ թվում օտարերկրյա, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը:

(22-րդ կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

23. Գերատեսչությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, համակարգում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

i

24. Գերատեսչությունն իր համակարգում ստեղծում, վերակազմավորում և լուծարում է ձեռնարկություններ, հիմնարկներ ու կազմակերպություններ:

(24-րդ կետը փոփ. 01.03.99 թիվ 126 որոշում)

25. Գերատեսչությունը թույլտվություն է տալիս իր համակարգի ձեռնարկություններին անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորներին:

26. Գերատեսչությունը թույլտվություն է տալիս իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

27. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

28. Գերատեսչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի ու նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:

29. Գերատեսչության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` առանձին:

30. Գերատեսչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների և գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող գերատեսչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

________________

 

* Սույն կանոնադրությունում օգտագործված հետևյալ հասկացությունները

նշանակում են`

- սեյսմիկ վտանգ` երկրաշարժի սպառնալիք.

- սեյսմիկ ռիսկ` մարդկանց կյանքի և ունեցվածքի կորստի ռիսկ`

սեյսմիկ վտանգի տարբեր մակարդակների ժամանակ.

- շենքերի ու կառույցների խոցելիություն` տարբեր սեյսմիկ

ազդեցություններից շենքերի ու կառույցների սպասվող վնասվածության

աստիճան:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՀՈՒՆԻՍԻ 8-Ի

ԹԻՎ 308 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

1. ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի աշխատակազմ

 

2. Սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման վարչություն

 

3. Շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանության վարչություն

 

4. Կարևոր և վթարավտանգ օբյեկտների սեյսմիկ պաշտպանության

վարչություն

 

5. Բնակչության սեյսմիկ պաշտպանության վարչություն

 

6. Արագ արձագանքման ուժերի վարչություն

 

7. Ազգային դիտացանցի վարչություն

 

8. Տեղեկատվական համակարգերի վարչություն

 

9. Միջազգային կապերի վարչություն

 

10. Ֆինանսատնտեսական վարչություն

 

11. Երկրաշարժերի մասին տեղեկատվության բաժին

 

12. Առաջին բաժին

 

13. Կադրերի բաժին

 

14. Ընդհանուր բաժին

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.06.1998
N 308
Որոշում