Սեղմել Esc փակելու համար:
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ Մ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 6-ին

 

i

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքի նպատակն է կարգավորել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ջրամատակարար կազմակերպություններ) և այդ ծառայություններից օգտվող սպառողների միջև կուտակված պարտքերի հետ կապված ֆինանսական հարաբերությունները, ինչպես նաև նպաստել ջրամատակարար կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, համակարգում բարեփոխումների իրականացմանը և որպես արդյունք` մատուցվող ծառայությունների բարելավմանը:

 

Հոդված 2. Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններից օգտվող բնակիչ-բաժանորդները, համատիրությունները, բազմաբնակարան շենքերի սպասարկում (կառավարում) իրականացնող իրավաբանական անձինք, քաղաքային և գյուղական համայնքները, բնակարանային տնտեսության կազմակերպությունները, բնակարանային շինարարական կոոպերատիվները (այսուհետ` խմելու ջուր օգտագործողներ) ազատվում են մինչև 2000 թվականի հունվարի 1-ը խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից` խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը պարտքերի հաշվարկման և դուրսգրման (չվճարման) պայմանագիր կնքելու դեպքում:

(2-րդ հոդ. փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

Հոդված 3. Խմելու ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկը կատարելու դեպքում ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից` այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի առնվազն 50 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման դեպքում:

 

Հոդված 4. Աղքատության ընտանեկան նպաստ ստացող խմելու ջուր օգտագործողները սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկը կատարելու դեպքում ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման դիմաց պարտքի վճարման պարտականություններից` այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի առնվազն 15 տոկոսի վճարման դեպքում:

 

Հոդված 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ջրաչափական սարք տեղադրած խմելու ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքի, ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից` այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի առնվազն 50 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման դեպքում, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը, ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր:

(5-րդ հոդ. փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

Հոդված 5.1. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև 2003 թվականի հոկտեմբերի ինն ընկած ժամանակահատվածում ջրաչափական սարք տեղադրած և պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա:

(5.1-ին հոդ. լրաց. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

Հոդված 6. Խմելու ջուր օգտագործողները սույն օրենքի 3-րդ կամ 4-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից օգտվում են, եթե մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը`

1) ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր, պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը իրենց միջոցներով տեղադրել են ջրաչափական սարք և մինչև ջրաչափական սարքի տեղադրումը կատարել են պայմանագրային պարտավորությունները.

2) ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր` նախատեսելով ջրամատակարար կազմակերպության կողմից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը տեղադրել ջրաչափական սարք, վճարել ջրաչափական սարքի ձեռքբերման և տեղադրման արժեքի կեսը ջրաչափական սարքի տեղադրման օրը, իսկ մնացած կեսը տեղադրումից հետո` վեցամսյա ժամկետում (աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդները ջրաչափական սարքի ձեռքբերման և տեղադրման արժեքը վճարում են համամասնորեն` ջրաչափական սարքի տեղադրումից հետո` հինգ տարվա ընթացքում), ինչպես նաև մինչև ջրաչափական սարքի տեղադրելը կատարել են պայմանագրային պարտավորությունները.

3) բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդները ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր` նախատեսելով չտեղադրել ջրաչափական սարք և պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կատարել են պայմանագրային պարտավորությունները:

(6-րդ հոդ. փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

Հոդված 6.1. Մինչև 2003 թվականի ապրիլի ինն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը:

(6.1-ին հոդ. լրաց. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

Հոդված 7. Խմելու ջուր օգտագործողների, այդ թվում` 2003 թվականի ապրիլի իննից մինչև 2004 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում դատական վճիռների արդյունքում սույն օրենքի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ հոդվածներով հաշվարկված գումարից ավելի վճարված գումարը համարվում է կանխավճար` հետագայում մատուցվելիք ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց:

(7-րդ հոդ. փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը, ջրաչափական սարք չտեղադրած անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների` խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց վարձավճարները հաշվարկվում և գանձվում են կառավարության սահմանած կարգով:

(8-րդ հոդ. փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

Հոդված 9. 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածի համար (իսկ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդի համար` մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրը) խմելու ջրի շուրջօրյա կամ ժամային ջրամատակարարման գրաֆիկը որոշվում է ջրամատակարար կազմակերպության կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքի հիման վրա:

 

Հոդված 10. Ոռոգման ջուր օգտագործողները` ջուր սպառողների կոոպերատիվները, ջրօգտագործողների ընկերությունները, քաղաքային և գյուղական համայնքներն ու անհատ ոռոգման ջուր օգտագործողները (այսուհետ` ոռոգման ջուր օգտագործողներ) ազատվում են մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման դիմաց պարտքի վճարման պարտականություններից` ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` քառամսյա ժամկետում` պարտքերի հաշվարկման և դուրսգրման (չվճարման) պայմանագիր կնքելու դեպքում:

 

Հոդված 11. Ոռոգման ջուր օգտագործողները, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածում նախատեսված դեպքի, սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջը կատարելու դեպքում ազատվում են`

1) 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը մատակարարված ոռոգման ջրի դիմաց պարտքի վճարման պարտականություններից` հաշվարկային գումարի առնվազն 55 տոկոսի վճարման դեպքում.

2) 2002 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում մատակարարված ոռոգման ջրի դիմաց պարտքի վճարման պարտականություններից` հաշվարկային գումարի առնվազն 75 տոկոսի վճարման դեպքում:

 

Հոդված 12. Ոռոգման ջուր օգտագործող աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդները սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջը կատարելու դեպքում ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում մատակարարված ոռոգման ջրի դիմաց պարտքի վճարման պարտականություններից` հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման դեպքում:

 

Հոդված 13. Ոռոգման ջուր օգտագործողները սույն օրենքի 11-րդ կամ 12-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից օգտվում են, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում, ջրամատակարար կազմակերպության հետ կնքել են պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր, ինչպես նաև պայմանագրի կնքման պահից եռամսյա ժամկետում կատարել են պայմանագրային պարտավորությունները:

 

Հոդված 14. Ոռոգման ջուր օգտագործողների` սույն օրենքի 11-րդ կամ 12-րդ հոդվածներով հաշվարկված գումարից ավելի վճարված գումարը համարվում է կանխավճար` հետագայում մատուցվելիք ջրամատակարարման ծառայությունների դիմաց:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը, կառավարությունը որոշում է ընդունում սույն օրենքով սահմանված արտոնությունների կիրառման արդյունքում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին համապատասխան ակտիվների տրամադրման կամ պարտավորությունների մարման վերաբերյալ:

(15-րդ հոդ. փոփ. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

Հոդված 16. Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերը սույն օրենքով նախատեսված արտոնությունների մասով օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրվում ջրամատակարար կազմակերպությունների հաշվեկշիռներից` չվարելով արտահաշվեկշռային հետագա հաշվառում:

 

Հոդված 17. Ջրամատակարար կազմակերպությունները սույն օրենքով նախատեսված արտոնությունների տրամադրման մասով ազատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հաշվարկված և չվճարված ավելացված արժեքի հարկի ու շահութահարկի վճարման պարտավորություններից, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված գործարքների մասով առաջացող հարկային պարտավորություններից:

 

Հոդված 18. Խմելու և ոռոգման ջուր օգտագործողներն ազատվում են սույն օրենքով նախատեսված արտոնությունների տրամադրման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտահարկի գծով առաջացող պարտավորությունների վճարման պարտականություններից:

 

Հոդված 19. Սույն օրենքով նախատեսված վճարման ենթակա պարտքի հաշվարկման և վճարման գործընթացների կազմակերպման և իրականացման ընթացքում ծագած վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19.1. Դատարանների վարույթում գտնվող պարտավորությունները չկատարելու հիմքով բնակիչ-բաժանորդների դեմ հարուցված քաղաքացիական գործերով վարույթներն օրենքով սահմանված կարգով կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում ջրամատակարար կազմակերպությունների և բնակիչ-բաժանորդների միջև կնքվում է սույն օրենքով սահմանված կարգով պարտքերի չափերի, մարման ժամկետների և վճարումների մասին ժամանակացույց:

(19.1-ին հոդ. լրաց. 22.10.03 ՀՕ-19-Ն օրենք)

 

i

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կառավարությունը որոշում է ընդունում սույն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների կատարման մասին:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 27
Երևան
ՀՕ-441-Ն

 

 

pin
ՀՀ 06.11.2002
N ՀՕ-441-Ն օրենք