Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ

    դատարանի որոշում թիվ ՍնԴ/0555/04/20

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/0555/04/20        2022 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հուլիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի «Արցախտրանս» ՍՊԸ-ի` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Արցախտրանս» ՍՊԸ-ն պահանջել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 20.11.2020 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

Դատարանի 16.12.2020 թվականի որոշմամբ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի և «Քեյ Էս Էմ Էյ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարինե Բաբայանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է: «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի և «Քեյ Էս Էմ Էյ» ՍՊԸ-ի կողմից սույն սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է 30 օրով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) 23.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (տնօրեն Գևորգ Պողոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 5-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ պարագայում, հաշվի առնելով, որ գործով պարտատերերը մի քանի հարյուրն են, գործին մասնակցող անձանց ցանկը բողոքաբերը ներկայացրել է վերաքննիչ բողոքի անբաժանելի մասը կազմող կից փաստաթղթով` ընդամենը բողոքի ընկալումը հեշտացնելու նկատառումներով: Այդ ցանկը վերաքննիչ բողոքի մաս է կազմում, ուստի դատավարական տվյալ պարտականությունը բողոքաբերի կողմից կատարվել է պատշաճ: Դատավարական պարտականությունը բովանդակային առումով կատարված լինելու և դատավարական նորմի նպատակն իրագործված լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը դրսևորել է չափազանց ֆորմալիստական մոտեցում` բողոքի ընդունումը մերժելով մի պատճառաբանությամբ, որն իր էությամբ արդարացված չէ որևէ իրավաչափ շահով:

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գործին մասնակցող անձանց (...) հասցեները» արտահայտությունը` այն մեկնաբանելով առանց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ կանոնների հետ համադրելու: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասից ուղղակիորեն բխում է, որ գործին մասնակցող անձի ներկայացուցիչն ունի դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու լիազորություն, եթե այդ մասին հատուկ նշում կա լիազորագրում:

Տվյալ պարագայում, վերաքննիչ բողոքին կից ներկայացված ցանկի 253-374-րդ և 389-րդ համարների ներքո նշված պարտատերերն ունեն մեկ ներկայացուցիչ` փաստաբան Գագիկ Գրիգորյանը, որին տրված լիազորագրերում առկա է դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու լիազորություն: Ավելին, այդ պարտատերերի կողմից Դատարան ներկայացված պահանջներում (պարտատերերի ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ) որպես ծանուցման հասցե նշված է հենց ներկայացուցչի` Գագիկ Գրիգորյանի գործունեության հասցեն: Այս պայմաններում առավել քան ակնհայտ է, որ դատավարական փաստաթղթերը գործին մասնակցող անձի նշած ծանուցման հասցեով ուղարկելն իրավաչափ է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը չի կոնկրետացնում ապացույցի այն տեսակը, որը պետք է ներկայացվի վերաքննիչ բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու փաստը հաստատելու համար:

Տվյալ դեպքում, քանի որ հասցեատերերը եղել են մի քանի հարյուրը, բողոքաբերը այդ ապացույցը ներկայացրել է ոչ թե մի քանի հարյուր փոստային անդորրագրերի ձևով, այլ մեկ ընդհանուր ցանկի ձևով, որի վրա առկա է «Հայփոստ» ՓԲԸ-ի այն նույն դրոշմակնիքը, որով հաստատվում են փոստային անդորրագրերը` ամսաթվի նշմամբ: Տվյալ պարագայում անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, թե այդ ցուցակով «չի հավաստվում, թե երբ է ուղարկողի կողմից ընդունվել փոստային առաքանին»: Նշված ցուցակի յուրաքանչյուր էջին դրված փոստային դրոշմակնիքը պարունակում է ամսաթիվ, որով հաստատվում է հենց փոստային առաքանին փոստային ծառայության կողմից ընդունվելու ամսաթիվը:

Անդրադառնանք Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, թե «բողոքին կից ներկայացված` գործին մասնակցող անձանց ցանկում և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կնիքով 09.04.2021 թվագրմամբ «Ուղարկող` «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ» վերտառությամբ փաստաթղթում նշված գործին մասնակցող անձանց թիվը զգալիորեն տարբերվում է` մի դեպքում անձանց ընդհանուր քանակը 395 է, մյուս դեպքում` 274», բողոքաբերն արձանագրել է, որ մասնավորապես, ինչպես նկատել է հենց Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքին կից ներկայացված` գործին մասնակցող անձանց ցանկի 253-374-րդ և 389-րդ համարների ներքո նշված պարտատերերը (ընդհանուր թվով` 123 պարտատեր) ունեն մեկ ներկայացուցիչ` փաստաբան Գագիկ Գրիգորյանը, ուստի այդ 123 պարտատերերի փոխարեն բողոքի մեկ օրինակ ուղարկվել է նրանց ներկայացուցչին. արդյունքում, 395 անուն պարունակող ցանկը նվազել է 122-ով և դարձել 273: Այդ թվից պակասել է նաև ինքը` բողոք բերողը, որին բողոքի օրինակ, բնականաբար չի ուղարկվել (272), այնուհետև գումարվել են պարտապան «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (որի անվանումը նշվել էր ոչ թե կից ցանկում, այլ բողոքի առաջին էջում) և Սնանկության դատարանը. արդյունքում ստացվել է 274 հասցեատեր:

i

Հաշվի չառնելով վերը նշվածը` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը` չիրականացնելով բողոք բերողի դատավարական պարտականությունը կատարված լինելու փաստը հաստատող ապացույցի պատշաճ գնահատում:

Վերաքննիչ դատարանն ըստ էության զրկել է բողոք բերողին իր գործը երկրորդ ատյանում ներկայացնելու և լսվելու իրավունքից: Արդյունքում` հարցի էության վերաբերյալ բողոք բերողի փաստարկներն ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սույն գործով ծագած վեճի վերաբերյալ այլ կանոններ սահմանված չեն, որպիսի պայմաններում ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներքոնշյալ նորմերը և դրանց վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները: Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես` ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:

Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (...) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից:

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոք բերած անձի կողմից բողոքի օրինակը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու օրենսդրի պահանջն անմիջականորեն բխում է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքի իրացման, այն է` գործին մասնակցող անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու հավասար հնարավորություններ ապահովելու պահանջից: Հետևաբար, ապահովելու համար դատավարության մրցակցային բնույթը` օրենսդրի կողմից ամրագրված նշված պահանջը կրում է իմպերատիվ բնույթ, որի չպահպանումը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված` դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելուն:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` բողոքաբերը Դատարանի 16.12.2020 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 15.02.2021 թվականին (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 108-111):

Վերաքննիչ դատարանի 23.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ քննարկվող պարագայում, ՀՀ սնանկության դատարանի կողմից սույն գործով բողոքարկվող դատական ակտը կայացվել է 16.12.2020 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը` փոստին հանձնելու միջոցով, ներկայացվել է 11.02.2021 թվականին, այսինքն` օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, ընդ որում` բողոքում չի ներառվել /կամ բողոքին կից չի ներկայացվել/ միջնորդություն` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքում նշված չէ դիմող «Արցախտրանս» ՍՊԸ-ի, պարտատերեր Ռուբեն Հարությունյանի, Լևոն Ճուղուրյանի, Արաքսյա Մոսինյանի, Գարեգին Անտաշյանի, Գոհար Սարգսյանի, Մելանյա Աբրահամյանի, Սամվել Ավագյանի, Ջիվան Հոբոսյանի, Սարգիս Փերիխանյանի, Համլետ Հարությունյանի, Հրաչ Թանդիլյանի, Վիգեն Քառյանի, Կարեն Միկիչյանի, Օֆելյա Աղաբեկյանի, Մանուշակ Եղինյանի, Ավետիք Թամազյանի, Սուսաննա Մամաջանյանի, Սարգիս Մայիլյան, Արծրուն Մատինյանի, Երվանդ Էլիբեկյանի, Էդգար Քոչարյանի, Արթուր Քիքանյանի, Աշոտ Քառյանի, Լիպարիտ Փիրուզյանի, Գնել Փիրուզյանի, Արթուր Ուլուխանյանի, Գևորգ Տիտանյանի, Հմայակ Վերանյանի, Աղվան Վերանյանի, Վահան Վարոսյանի, Վաչե Վարդումյանի, Դավիթ Սողոյանի, Գևորգ Սողոմոնյանի, Վլադիմիր Սոխակյանի, Ռոման Խարազյանի, Արթուր Խեչիկյանի, Լևոն Խեչիկյանի, Արամ Խուդինյանի, Արմեն Ծատինյանի, Արմեն Մադոյանի, Գագիկ Մաթևոսյանի, Սամվել Էվոյանի, Վրեժ Էվոյանի, Վրույր Էվոյանի, Հովիկ Թաթոյանի, Արտակ Թամազյանի, Գառնիկ Թանդիլյանի, Արարատ Թանթուշյանի, Ռուբեն Թովմասյանի, Հովհաննես Թումանյանի, Աննա Իսոյանի, Ռուբեն Իսրայելյանի, Գարիկ Խալաթյանի, Նարեկ Խաչատրյանի, Արմեն Էվոյանի, Զավեն Էվոյանի, Նորայր Էվոյանի, Արթուր Մաթոսյանի, Գևորգ Մաժինյանի, Զորայր Մաժինյանի, Կամո Կարապետյանի, Արման Կարգանյանի, Արկադյա Կիրակոսյանի, Վանիկ Կիրակոսյանի, Արթուր Ազատյանի, Վարդան Ալեքսանյանի, Արման Ալեքսանյանի, Կարեն Աբրահամյանի, Արկադյա Աբովյանի, Մերուժան Աբելյանի, Արտուշ Աբելյանի, Աննա Աբելյանի, Սարգիս Քառյանի, Ռոբերտ Աբգարյանի, Աշոտ Աբգարյանի, Արմեն Վերանյանի, Գայանե Սիմոնյանի, Սարո Մաթևոսյանի, Սամվել Զավարյանի, Եգոր Մելիքյանի, Սանասար Օսյանի, Սամադ Սիմոնյանի, Պարգև Հովհաննիսյանի, Վարդան Երիցյանի, Սամվել Ջամալյանի, Հայկ Հախինյանի, Վահե Կոստանդյանի, Պարույր Կոստանդյանի, Արման Ոսկանյանի, Վանիկ Շոլինյանի, Գոռ Շաքարյանի, Մերուժան Շավինյանի, Հովիկ Շավինյանի, Գևորգ Շահվերդյանի, Սերյոժա Նասիբյանի, Ալիկ Նասիբյանի, Գագիկ Նազարեթյանի, Արմեն Յարալյանի, Մանվել Մուկուչյանի, Ֆրունզիկ Մոսինյանի, Վազգեն Մոսինյանի, Ռուբեն Մոսինյանի, Հայկ Մոսինյանի, Համլետ Մոսինյանի, Էդգար Մոսինյանի, Արմեն Մոսինյանի, Արմեն Մոսինյանի, Սարգիս Օսյանի, Արամայիս Օսյանի, Արթուր Օհանյանի, Արայիկ Մոսինյանի, Արամայիս Մոսինյանի, Գրիգորի Միքայելյանի, Մերուժան Մելքումյանի, Արթուր Մելքումյանի, Արթուր Մելիքսեթյանի, Ռուսլան Մելիքջանյանի, Հակոբ Մելիքջանյանի, Էրիկ Մելիքյանի, Սարգիս Մարտիրոսյանի, Թամարա Մարուքյանի, Վանուշ Մարգարյանի, Վահե Մարգարյանի, Սեդա Մատինյանի, Սամվել Սիմոնյանի, Հակոբ Սիմոնյանի, Կարեն Սիմոնյանի, Լյովա Սիմոնյանի, Գագիկ Սիմոնյանի, Արզուման Սիմոնյանի, Արեն Սիմոնյանի, Անդրանիկ Սիմոնյանի, Ռոբերտ Սարգսյանի, Նարեկ Սարգսյանի, Լիրա Սարգսյանի, Գառնիկ Սարգսյանի, Հարություն Ռամազյանի, Դավիթ Ռամազյանի, Սամվել Ջանինյանի, Նարեկ Պողոսյանի, Վրեժ Պետրոսյանի, Հարություն Պետրոսյանի, Օֆելյա Պարանյանի, Վարուժան Պարանյանի, Արա Պարանյանի, Գոհար Պապոյանի, Սեյրան Պապինյանի, Մհեր Չուխուրյանի, Սեյրան Երիցյանի, Հարություն Երզնկյանի, Արարատ Երզնկյանի, Ասլան Երզնկյանի, Վարուժան Եսայանի, Էդիկ Հակոբյանի, Սարգիս Հակոբյանի, Վարդան Հակոբյանի, Սամվել Ձավարյանի, Էդվարդ Հարությունյանի, Միշա Հոբոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Միքայել Հովսեփյանի, Ռոբերտ Հովսեփյանի, Դավիթ Ղահրամանյանի, Նարեկ Ղահրամանյանի, Արմեն Կոնինյանի, Էդգար Կոնինյանի, Պետրոս Կոնինյանի, Սարգիս Կոնինյանի, Արման Կոստանդյանի, Արսեն Կոստանդյանի, Աշոտ Հարությունյանի, Արթուր Հարությունյանի, Արշալույս Սիմոնյանի, Արթուր Սիմոնյանի, Արսեն Հակոբյանի, Սամվել Հախվերդյանի, Արթուր Գաբրիելյանի, Վաչագան Գաբոյանի, Սմբատ Բարսեղյանի, Ռաֆայել Բարսեղյանի, Ալբերտ Բաբաջանյանի, Վոլոդյա Բաբայանի, Հովիկ Բաբայանի, Սամվել Աղայանի, Արմեն Աղաբաբյանի, Սաթենիկ Ալիխանյանի, Գառնիկ Ալիխանյանի, Դավիթ Նոնինյանի, Աննա Խեչիկյանի, Նադյա Ջորուխովայի, Աննա Մանյանի, Ռոբերտ Կիրակոսյանի, Ալվարդ Մկրտումյանի, Գոհար Հարությունյանի, Արփինե Եգորյանի, Անուշ Մկրտումյանի, Ռոման Չոբանյանի, Սարգիս Ոսկանյանի, Կարեն Ոսկանյանի, Ալեքսանդր Սերոբյանի, Ռաֆայել Եպիսկոպոսյանի, Գագիկ Դավիթավյանի, Թամարա Ճուղուրյանի, Կարեն Ղամբարյանի, Մամիկոն Ղևոնդյանի, Տիգրան Ղևոնդյանի, Տարոն Ղուկասյանի, Սուրեն Դավթյանի, Մհեր Դավթյանի, Հայկազ Դավթյանի, Գագիկ Դավթյանի, Արմեն Դավթյանի, Ալեքսան Դավթյանի, Սերոբ Դանիելյանի, Համլետ Գրիգորյանի, Անաստաս Գրիգորյանի, Վիլիկ Գասպարյանի, Վալտեր Գասպարյանի, Դավիթ Գալստյանի, Ռոբերտ Գաբրիելյանի, Արտակ Գաբրիելյանի, Արման Գաբրիելյանի, Համլետ Վանյաևիչի, Հրաչյա Ավետյանի, Հովհաննես Ավետյանի, Համբարձում Ավետյանի, Գառնիկ Ավագյանի, Սամվել Ասատրյանի, Վարազդատ Առաքելյանի, Սարգիս Անտոնյանի, Սմբատ Անթառանյանի, Կարեն Անթառանյանի, Արմեն Անթանեսյանի, Արեն Անթանեսյանի, Ալբերտ Անանյանի, Մարտին Այդինյանի, Գագիկ Ամիրխանյանի, Տիգրան Աղվանյանի, Արթուր Աղինյանի, Սողոմոն Աղաբեկյանի, Հայկ Դանիելյանի, Մարինե Գևորգյանի, Գևորգ Գևորգյանի, Հովիկ Ավագյանի, Նիկոլայ Պետրովիչի, Վարուժան Պետրոսյանի, Կորյուն Առաքելյանի, Արթուր Մուրադյանի, Արմեն Խեչիկյանի, Վալերիկ Հակոբյանի, Վարուժան Տիգրանյանի, Գևորգ Գրիգորյանի, Գագիկ Աբովյանի, Արարատ Վերանյանի, Արմեն Ծատինյանի, Սամվել Մոսինյանի, Յուրիկ Շահնազարյանի, Արամ Խիթարյանի, Սեդա Չիթչյանի, Կարեն Փերիխանյանի, Հարություն Մատինյանի, Սուրեն Աբովյանի, Արտեմ Մաթոսյանի, Հովսեփ Պապոյանի, Արմեն Եպիսկոպոսյանի, Անդրանիկ Կիրակոսյանի, Գագիկ Կիրակոսյանի, Սամվել Փարեմուզյանի, Անահիտ Մանյանի, Մոսի Մոսինյանի, Սոկրատ Բաթմանովի, Օդիսեյ Բաթմանովի, Արմեն Մոսինյանի, Անգին Փափազյանի, Գագիկ Հախինյանի, Գալուստ Միսկարյանի, Արկադի Շահվերդյանի, Սասուն Փարեմուզյանի, Սամվել Աֆիցերյանի, Ռադիկ Բաղդասարյանի, Արման Ավագյանի, Սոնա Արզումանյանի, Սամվել Զավարյանի, Հայկ Անդրեասյանի, Արտակ Շեկոյանի, Մաքսիմ Կիրակոսյանի, Վարդուշ Փերիխանյանի, Մնացական Մանուկյանի, Անդրանիկ Կիրակոսյանի, Մարիետա Ներսեսյանի, Գևորգ Անդրեասյանի, Գևորգ Աբովյանի, Անդրանիկ Վարդանյանի, Ռաֆայել Բլբուլյանի, Արա Երզնկյանի, Ռոբերտ Պապոյանի, Հարություն Մնացականյանի, Հակոբ Հովհաննիսյանի, Արկադի Վարդանյանի, Ամասյա Վարոսյանի, Սամվել Շահվերդյանի, Արամայիս Գալստյանի, Սուրեն Ծատինյանի, Սամվել Աբովյանի, Արայիկ Դեմիրճյանի, Սամվել Դեմիրճյանի, Հրաչյա Էվոյանի, Աշոտ Ստեփանյանի, Արմենակ Մղդսյանի իրավահաջորդ Մարուս Բեժանյանի, Մովսես Պարանյանի, Սամվել Աղվանյանի, Վալերի Ներսեսյանի, Հրաչյա Վերմիշյանի, Վլադիմիր Գասպարյանի, Անուշ Մանյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Արմեն Բեկթաշյանի, Արայիկ Մոսինյանի, Գագիկ Մարգարյանի, Կարեն Փարեմուզյանի, Գագիկ Հարությունյանի, Գարիկ Գասպարյանի, Դավիթ Մուսայելյանի, Լիպարիտ Սուքիասյանի, Սամվել Բադալյանի, Հակոբ Ավետիսյանի, Միշա Նորեկյանի, Արշակ Ցանյանի, Էդվարդ Սիմոնյանի, Վահագն Հովհաննիսյանի, Արման Ասրյանի իրավահաջորդ Հայկ Բեկթաշյանի, Վարդան Պետրոսյանի, Գարեգին Խառատյանի, Վարուժան Պետրոսյանի, Արարատ Թամազյանի, Կարեն Փերիխանյանի, Համլետ Մանուկյանի, Աշոտ Թանդիլյանի, Հենրիկ Մարտիրոսյանի, Զավեն Ոսկանյանի, Սպարտակ Գիգոլյանի, Արարատ Սիմոնյանի, Վլադիմիր Մամաջանյանի, Վահե Աղվանյանի, Էդգար Վերմիշյանի, Ալբերտ Կոտանովի, Գարիկ Հարությունյանի, Խորեն Պետրոսյանի, Հրաչյա Բեկթաշյանի, Հայկ Բեկթաշյանի, Արմեն Կիրակոսյանի, Գուրգեն Ղշյանի, Արևհատ Գասպարյանի, Կարապետ Մեջլումյանի, Սամվել Ասրյանի, Սեյրան Շերմազանյանի, Մարտին Հովհաննիսյանի, Սուսաննա Սոխակյանի, Արման Աղվանյանի, Արսեն Մաթոսյանի, Հովիկ Կիրակոսյանի, Սեյրան Էվոյանի, Կարինե Էվոյանի, Արման Մոսինյանի, Գագիկ Շահվերդյանի, Աշոտ Առաքելյանի, Անահիտ Շավինյանի, Նելսոն Շավինյանի, Ռազմիկ Տիգրանյանի իրավահաջորդ Վարուժան Տիգրանյանի, Էդգար Առաքելյանի, «ՏԻՏԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ի, «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի ընկերության, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի, «ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ-ի, «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի, «ԳԱՐԴԻԱՆ ԳՐՈՒՓ» ՍՊԸ-ի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, «ՆԱԻՐԻ ԻՆՖՐԱՍԹՐԱՔՉՐ ՔԵՓԻԹԵԼ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ի, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի անվանումները և հասցեները, իսկ բողոքին կից` ներկայացված չէ բողոքը վերջիններիս և պարտապան «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին, պարտատերեր «ԲԵՅԶ ՄԵԹԸԼՍ» ՓԲԸ-ին, «ՔԵՅ ԷՍ ԷՄ ԵՅ» ՓԲԸ-ին ուղարկելու փաստը հաստատող համապատասխան ապացույցները (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 114-118):

Ընկերությունը 12.04.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` կից ներկայացնելով ժամկետի բաց թողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, ինչպես նաև բողոքում նշել է դատավարության մասնակիցների անունները, անվանումները և հասցեները: Վերաքննիչ բողոքին, ի թիվս այլ փաստաթղթերի, կցվել է բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և ՀՀ սնանկության դատարան ուղարկելու վերաբերյալ ապացույցը:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է` արձանագրելով, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում հստակ սահմանել է պահանջ` առ այն, որ վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, նշվում են գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները և որևէ բացառություն` կապված գործին մասնակցող անձանց ցանկը ծավալուն լինելու հանգամանքով պայմանավորված առանձին փաստաթղթով բողոքին կից ներկայացնելու հետ, օրենսդիրը չի նախատեսել: Վերաքննիչ դատարանն ընդգծել է նաև, որ ներկայացված ցանկի ուսումնասիրությունից հետևում է, որ նրանում 253-374-րդ և 389-րդ համարների ներքո նշված անձանց հասցեները գրառված չեն, այլ այդ անձանց անվան դիմացի սյունակում գրառվել է ք. Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ, 1-ին գրասենյակ հասցեն, որը փաստաբան Գագիկ Գրիգորյանի գործունեության հասցեն է, իսկ եթե բողոքաբերը ի նկատի է ունեցել, որ Գագիկ Գրիգորյանը նրանց լիազորված անձն է և բողոքի օրինակները ուղարկել է նրան, ապա դա ևս օրենքի խախտում է, քանի որ օրենքով հստակ սահմանված է, որ վերաքննիչ բողոքում պետք է նշվի գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները, իսկ ներկայացված ցանկում ներառված անձանց հասցեները նշված չեն:

Արձանագրված հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը բողոքին կից «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից թիվ ՍնԴ/0555/04/20 սնանկության գործով ներկայացված գործին մասնակցող անձանց ցանկը գնահատման առարկա չի դարձրել:

Ինչ վերաբերում է բողոքին կից ներկայացված «Հայփոստ» ՓԲԸ-ի կնիքով 09.04.2021 թվագրմամբ «Ուղարկող` «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ» վերտառությամբ փաստաթղթին, ապա այս մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ըստ նշված փաստաթղթի` նրանում նշված են գործին մասնակցող անձանց անունները /անվանումները/ և նրանց հասցեները: Ըստ էության, նշված փաստաթղթով բողոքաբերը փորձում է հիմնավորել այն հանգամանքը, որ բողոքի օրինակները համապատասխան հասցեներով ուղարկվել են որոշմամբ արձանագրված գործին մասնակցող անձանց, մինչդեռ` Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` միայն «Հայփոստ» ՓԲԸ-ի կլոր կնիքով դրոշմված նշված փաստաթուղթը չի կարող հավաստել բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց համապատասխան հասցեներով ուղարկելու հանգամանքը, քանի որ նրանում բացակայում են գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին բողոքի օրինակները առաքելու ամիս-ամսաթիվը, այսինքն` նշված փաստաթղթով չի հավաստվում, թե երբ է ուղարկողի կողմից ընդունվել փոստային առաքանին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պարզաբանել է, որ բողոքին կից ներկայացված` «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից թիվ ՍնԴ/0555/04/20 սնանկության գործով ներկայացված գործին մասնակցող անձանց ցանկում և «Հայփոստ» ՓԲԸ-ի կնիքով 09.04.2021 թվագրմամբ «Ուղարկող` «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ» վերտառությամբ փաստաթղթում նշված գործին մասնակցող անձանց թիվը զգալիորեն տարբերվում է` մի դեպքում անձանց ընդհանուր քանակը 395 է, մյուս դեպքում` 274: Հիմք ընդունելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը ՀՀ սնանկության դատարանի 16.12.2020 թվականի` «Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 152-156):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ արձանագրած թերություններին, հարկ է համարում արձանագրել, որ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները:

Վերոգրյալ նորմերի իրավական վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորվող նորմերով հնարավորություն է ընձեռել դատավարության մասնակցի ներկայացուցչին լիազորագրում նախատեսված դեպքում ստանալ նաև դատական ծանուցագրերը և դատավարական փաստաթղթերը:

Նշված իրավունքը վերապահված է ոչ միայն որպես լիազորված անձ անմիջական գործողություններ կատարելու արդյունքում դատավարական փաստաթղթեր և դատական ծանուցումներ ստանալու համար, այլ նաև որպես դատավարության այլ մասնակիցների կողմից իրականացված դատավարական գործողությունների ընթացքում դատավարական փաստաթղթերը ոչ թե անմիջապես դատավարությանը մասնակցող անձին, այլ վերջինիս լիազորված անձին ուղարկելու և վերջինիս կողմից այդ փաստաթղթերը ստանալու լիազորությամբ օժտելու նպատակով:

Վերաքննիչ դատարանի դիտարկումն առ այն, որ ներկայացված ցանկի 253-374-րդ և 389-րդ համարների ներքո նշված անձանց հասցեները գրառված չեն, այլ այդ անձանց անվան դիմացի սյունակում գրառվել է վերջիններիս ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանի գործունեության հասցեն, հետևաբար դա օրենքի խախտում է, քանի որ օրենքով հստակ սահմանված է, որ վերաքննիչ բողոքում պետք է նշվեն գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները, իսկ ներկայացված ցանկում ներառված անձանց հասցեները նշված չեն, Վճռաբեկ դատարանը համարում է անհիմն վերոնշյալ պատճառաբանությամբ:

i

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրած այն հանգամանքին, որ Ընկերության կողմից թիվ ՍնԴ/0555/04/20 սնանկության գործով ներկայացված գործին մասնակցող անձանց ցանկում և «Հայփոստ» ՓԲԸ-ի կնիքով 09.04.2021 թվագրմամբ «Ուղարկող` «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ» վերտառությամբ փաստաթղթում նշված գործին մասնակցող անձանց թիվը զգալիորեն տարբերվում է` մի դեպքում անձանց ընդհանուր քանակը 395 է, մյուս դեպքում` 274, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված ցանկի 253-374-րդ և 389-րդ համարների ներքո նշված պարտատերերը (ընդհանուր թվով 123 պարտատեր) ունեն մեկ ներկայացուցիչ` փաստաբան Գագիկ Գրիգորյանը, ուստի այդ 123 պարտատերերի փոխարեն բողոքի մեկ օրինակ ուղարկվել է նրանց ներկայացուցչին. արդյունքում, 395 անուն պարունակող ցանկը նվազել է 122-ով և դարձել 273: Այդ թվից պակասել է նաև ինքը` բողոք բերողը, որին բողոքի օրինակ չի ուղարկվել (272), այնուհետև գումարվել են պարտապան «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (որի անվանումը նշվել էր ոչ թե կից ցանկում, այլ բողոքի առաջին էջում) և ՀՀ սնանկության դատարանը. արդյունքում ստացվել է 274 հասցեատեր:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժել է նաև այն հիմքով, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել բողոքի օրինակը դատավարության մասնակիցներին ուղարկելու փաստը հաստատող համապատասխան ապացույցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված հիմքով մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, բավարար չափով չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների խախտում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված մեծածավալ ծանուցման ցանկը, որում նշված են ուղարկման ամսաթիվը` «09.04.2021թ.», ուղարկողի անվանումը` «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ», հասցեատերերի անուններն ու անվանումները` թվով 274, ինչպես նաև նրանց հասցեները: Բացի այդ, ցանկի յուրաքանչյուր էջ կնքված է փոստային կապի օպերատորի` «Հայփոստ» ՓԲԸ-ի «09.04.2021» ամսաթիվ պարունակող կնիքով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ապացույցի այն տեսակը, որով բողոք ներկայացնող անձը պետք է ապացուցեր վերաքննիչ բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և դատարան ուղարկելու փաստը, չի սահմանափակել բացառապես անդորրագրով (կտրոնով): Հետևաբար, հակառակ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման, բողոքին կից ներկայացված փաստաթուղթը` ցանկը, որում նշված են ոչ միայն գործին մասնակցող անձանց տվյալները, այլ նաև առկա է փոստային կապի օպերատորի կնիքը, բավարար է հաստատված համարելու բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և ՀՀ սնանկության դատարան ուղարկելու փաստը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերը պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 19.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 հուլիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 14.11.22-27.11.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2022
N ՍնԴ/0555/04/20
Որոշում