ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԿԴ/0104/01/10
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` Հ. Ասատրյանի
դատավորներ Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
2018 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արման Լավրենտի Պողոսյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2011 թվականի հուլիսի 8-ի դատավճռով Արման Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով, 355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` պատիժների մասնակի և լրիվ գումարման սկզբունքների կիրառմամբ, նույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժին գումարվել է 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 316-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժը` 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքը, և Ա.Պողոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 50.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Պողոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 11 (տասնմեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2010 թվականի հունվարի 19-ից: Նույն դատավճռով Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակվել է հարկադրական բուժում թմրամոլության դեմ:
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Զարե Բուռնազյանը, Արթուր Հովհաննիսյանը, Մանուկ Ղազարյանը, Աղասի Ղազարյանը:
2. Զ.Բուռնազյանի պաշտպան Ա.Ալվանդյանի, Ա.Պողոսյանի պաշտպան Հ.Հարությունյանի, Ա.Ղազարյանի պաշտպան Հ.Իսրայելյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 8-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:
3. Նշված որոշման դեմ Ա.Պողոսյանի և Ա.Ղազարյանի պաշտպան Հ.Իսրայելյանի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ վերադարձվել են:
4. Դատապարտյալ Ա.Պողոսյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Արման Պողոսյանը դատապարտվել է, ի թիվս այլոց, այն բանի համար, որ «(...) նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի «հերոին» տեսակի թմրամիջոց, որից առանձնապես խոշոր չափի` 0.1143 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը (...) ապօրինի իրացրել է (...), իսկ խոշոր չափի` 0.0978 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն առանց իրացման նպատակի` իր գործածման համար պահել է իր մոտ (...):
Բացի այդ, Արման Պողոսյանը (...) անհայտ անձից առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել խոշոր չափի` 1.86 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց և 2.9 մլ ծավալով թմրամիջոցի պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ (...)»1:
________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 107-121:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:
8. Բողոքաբերը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ա.Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը վերանայելու համար:
i
10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
i
11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:
________________________
2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:
12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»3:
________________________
3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:
________________________
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:
i
14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
(...)
3. Սույն հոդվածի առաջին (...) մասով նախատեսված արարքներ, որոնք կատարվել են`
(...) 2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
(...) 2) խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «հերոին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.01 գրամից մինչև 0.1 գրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 0.1 գրամը: Նույն հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 10 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.23-2.3 կիլոգրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 2.3 կիլոգրամը:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «հերոին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.03 գրամից մինչև 0.15 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.15 գրամից մինչև 0.75 գրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 0.75 գրամը: Նույն հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Պողոսյանը դատապարտվել է`
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի` 0.1143 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով 2.9 մլ ծավալով թմրամիջոցի պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 0.0978 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց պահելու, ինչպես նաև` խոշոր չափի` 1.86 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար5:
________________________
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Պողոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Պողոսյանի կողմից կատարված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:
Մասնավորապես, «հերոին» և «ափիոն» տեսակի թմրամիջոցների չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.1143 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե առանձնապես խոշոր, այլ զգալի չափի է, 0.0978 գրամ «հերոին» տեսակի և 1.86 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցները ոչ թե խոշոր, այլ զգալի չափի են: ՈՒստի` դատապարտյալ Ա.Պողոսյանի արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին և 268-րդ հոդվածի 1-ին մասին: Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Պողոսյանի կողմից կատարված հանցանքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ա.Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը վերանայելու համար:
17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 8-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը: Ա.Պողոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Պողոսյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժին` 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժ տուգանքը` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, և պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ու տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ հաշվակցելով Արման Պողոսյանի` 2009 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 28-ն անազատության մեջ գտնվելու 2 օրը` նրա նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 5 (հինգ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2010 թվականի հունվարի 19-ից` Ա.Պողոսյանին պետք է անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արման Լավրենտի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալ Արման Լավրենտի Պողոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հուլիսի 8-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Արման Լավրենտի Պողոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Արման Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 9 (ինն) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` Արման Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժին` 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժ տուգանքը` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, և պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ու տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ հաշվակցելով Արման Պողոսյանի` 2009 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 28-ն անազատության մեջ գտնվելու 2 օրը` նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 5 (հինգ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով:
Պատժի սկիզբը հաշվել 2010 թվականի հունվարի 19-ից և Արման Լավրենտի Պողոսյանին անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան