Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴ/0076/01/09

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արշակ Վարազդատի Զատիկյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2009 թվականի օգոստոսի 11-ի դատավճռով Արշակ Զատիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 354-րդ հոդվածով: Ա.Զատիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով` ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 ՀՀ դրամի չափով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով` ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով, 354-րդ հոդվածով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 354-րդ հոդվածով Ա.Զատիկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` դատավճիռների համակցությամբ, Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ գերագույն դատարանի` 1998 թվականի հունվարի 16-ի դատավճռով նշանակված և չկրած պատժից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 (ինը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով` 9 (ինը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի` 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժից 3 (երեք) տարի ազատազրկումը, և վերջինիս նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով` վերջնական պատժի ժամկետին հաշվակցվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի` 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը` 7 (յոթ) տարի 5 (հինգ) ամիս 10 (տասը) օր ժամկետը, և թողնվել է կրելու 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, Ա.Զատիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 50.000 ՀՀ դրամի չափով:

2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 11-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել: Ա.Զատիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով` ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 ՀՀ դրամի չափով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով` ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով, 354-րդ հոդվածով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է 354-րդ հոդվածով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի` 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժից 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` վերջնական պատժին հաշվակցվել է (հանվել է) Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի` 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը` 7 (յոթ) տարի 5 (հինգ) ամիս 10 (տասը) օր ժամկետը, և թողնվել է կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ գերագույն դատարանի` 1998 թվականի հունվարի 16-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` նույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով նշանակված պատժին` 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարվել է 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժից` 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքը, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 50.000 ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի մարտի 27-ից:

3. Նշված որոշման դեմ Ա.Զատիկյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի հունվարի 11-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Արշակ Զատիկյանի դիմումը բավարարվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքներին, և նրա մեղադրանքից հանվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետը և 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը: Նույն որոշմամբ դատապարտյալի նկատմամբ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժն ու դատավճիռը մնացած մասով թողնվել են անփոփոխ:

5. Դատապարտյալ Արշակ Զատիկյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ, և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Արշակ Զատիկյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա 2009թ. մարտ ամսվա ընթացքում, չպարզված օրը, Ա.Զարբաբյանից, առանց իրացնելու նպատակի, (...) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող 3 գրամ չափով «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, որը նույնպես հետագա օրերին ինքն իրեն ներարկելու միջոցով գործածել է: Դրանից հետո, 2009 թվականի մարտ ամսվա ընթացքում, չպարզված օրը, Ա.Զարբաբյանից առանց իրացնելու նպատակի (...) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող 3 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, որը նույնպես հետագա օրերին ինքն իրեն ներարկելու միջոցով գործածել է: Այնուհետև, նույն ամսվա ընթացքում, տարբեր օրերին, ևս երկու անգամ Ա.Զարբաբյանից առանց իրացնելու նպատակի, (...) ապօրինի ձեռք է բերել յուրաքանչյուր դեպքում 3-ական գրամ խոշոր չափերի հասնող «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3-ական մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, որի մի մասն ինքն իրեն ներարկելու միջոցով գործածել է, իսկ խոշոր չափերի հասնող 1.962 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցն ապօրինի պահել է (...) իր բնակարանում (...):

Բացի այդ, 2009 թվականի մարտի 17-ին Ա.Զարբաբյանից (...) իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող` 2 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից խոշոր չափերի հասնող` 1.3 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև նախկինում ձեռք բերածից 1 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդը, Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասում նույն օրն ապօրինի իրացրել է Մ.Ավետիսյանին և Ժ.Հարությունյանին (...)»1:

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 126-137:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

8. Բողոքաբերը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արշակ Զատիկյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի հունվարի 11-ի որոշումը վերանայելու համար:

i

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

________________________

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»3:

________________________

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

________________________

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

i

14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...) 2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (...)

4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...) 2) խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 10 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.23-2.3 կգ-ը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ` ավելի, քան 2.3 կգ-ը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արշակ Զատիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է`

- առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող 3 գրամ չափով «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ ապօրինի ձեռք բերելու համար,

- առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող 3 գրամ չափով «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ ապօրինի ձեռք բերելու համար,

- ևս երկու անգամ առանց իրացնելու նպատակի յուրաքանչյուր դեպքում 3-ական գրամ խոշոր չափերի հասնող «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3-ական մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ ապօրինի ձեռք բերելու համար, որի մի մասն ինքն իրեն ներարկելու միջոցով գործածել է, իսկ խոշոր չափերի հասնող 1.962 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցն ապօրինի պահել է իր բնակարանում,

- իրացնելու նպատակով խոշոր չափով` 2 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար, որից խոշոր չափերի հասնող` 1,3 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև նախկինում ձեռք բերածից 1 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդը նույն օրն ապօրինի իրացրել է5:

________________________

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների, դրանց և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Զատիկյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Զատիկյանի կողմից կատարված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 2 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: ՈՒստի` դատապարտյալ Ա.Զատիկյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին: Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Զատիկյանի կողմից կատարված հանցանքի վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինի վիճակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արշակ Զատիկյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի հունվարի 11-ի որոշումը վերանայելու համար:

17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը` Ա.Զատիկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և Ա.Զատիկյանի նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում որպես պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Ա.Զատիկյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժին` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 354-րդ հոդվածով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանն անհրաժեշտ է մասնակիորեն գումարել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի` 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժից 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, և պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով` վերջնական պատժին պետք է հաշվակցել (հանել) Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի` 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը` 7 (յոթ) տարի 5 (հինգ) ամիս 10 (տասը) օր ժամկետը, և թողնել կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կանոններով` նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել ՀՀ գերագույն դատարանի` 1998 թվականի հունվարի 16-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, անհրաժեշտ է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժ տուգանքը` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, անհրաժեշտ է մասնակիորեն գումարել 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ազատազրկում պատժից 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը և Ա.Զատիկյանի նկատմամբ պետք է վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2009 թվականի մարտի 27-ից` Ա.Զատիկյանին պետք է անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արշակ Վարազդատի Զատիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի հունվարի 11-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Արշակ Վարազդատի Զատիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Արշակ Վարազդատի Զատիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժին` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկմանը գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 354-րդ հոդվածով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի` 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժից 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, և պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կանոններով` վերջնական պատժին հաշվակցել (հանել) Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի` 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը` 7 (յոթ) տարի 5 (հինգ) ամիս 10 (տաս) օր ժամկետը, և թողնել կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կանոններով` նշանակված պատժին մասնակիորեն գումարել ՀՀ գերագույն դատարանի` 1998 թվականի հունվարի 16-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժ տուգանքը` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, մասնակիորեն գումարել 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ազատազրկում պատժից 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը և Ա.Զատիկյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Պատժի սկիզբը հաշվել 2009 թվականի մարտի 27-ից և Արշակ Վարազդատի Զատիկյանին անհապաղ ազատ արձակել` սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2018
N ԱՐԴ/0076/01/09
Որոշում