ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1446/02/10
դատարանի որոշում 2012 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1446/02/10
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Պետրոսյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի ապրիլի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մնացական Մնացականյանի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մնացական Մնացականյանի ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` պայմանագիրը լուծելու և վնասները հատուցելու պահանջների մասին քաղաքացիական գործով լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մնացական Մնացականյանը պահանջել է լուծել 03.06.2008 թվականին կնքված պայմանագիրը և Բանկից բռնագանձել 70.806.711 ՀՀ դրամ` որպես պայմանագրի լուծմամբ պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև Բանկից բռնագանձել փաստաբանի վարձատրության գումարը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2010 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի 09.03.2011 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2010 թվականի որոշման դեմ Բանկի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:
26.11.2010 թվականին դիմելով դատարան` Մնացական Մնացականյանը պահանջել է կայացնել լրացուցիչ վճիռ և Բանկից բռնագանձել 7.080.671 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 16.06.2011 թվականի լրացուցիչ վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2011 թվականի որոշմամբ Մնացական Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Բանկի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, որոշվել է Դատարանի 16.06.2011 թվականի լրացուցիչ վճիռը բեկանել ու փոփոխել` դիմումը մերժել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մնացական Մնացականյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 29.02.2012 թվականի հաշտության համաձայնությունը:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
ՈՒսումնասիրելով կողմերի 29.02.2012 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի միջև կնքված 29.02.2012 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ք. Երևան
երկու հազար տասներկու թվականի փետրվարի քսանիննին
«էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` Կողմ 1), ի դեմս լիազորված անձ` Գևորգ Պողոսյանի, մի կոմից, և Մնացական Մնացականյանը (այսուհետ` Կողմ 2), ի դեմս լիազորված անձ Կարեն Պետրոսյանի, մյուս կողմից, որոնք այսուհետ տեքստում համատեղ հիշատակման դեպքում կանվանվեն` Կողմեր, կնքեցին սույն հաշտության համաձայնագիրը (այսուհետ նաև` Համաձայնագիր) հետևյալի մասին:
Հաշվի առնելով, որ`
I. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ԵԿԴ/1446/02/10 քաղաքացիական գործով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին Կողմ 2-ի դիմումը, վճռել Է` Կողմ 1-ից հօգուտ Կողմ 2-ի բռնագանձել 2 124 201.0 ՀՀ դրամ` որպես իրավաբանի վարձատրության ծախս:
II. Կողմերը ներկայացրել են վերաքննիչ բողոք:
III. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 15.12.2011թ. որոշմամբ բավարարել է Կողմ 1-ի անունից բերված վերաքննիչ բողոքը:
IV. Կողմ 2-ը ՀՀ Վճռաբեկ դատարան է ներկայացրել վճռաբեկ բողոք:
ՈՒստի կողմերը կնքեցին սույն Հաշտության համաձայնությունը, համաձայն որի,
1. Կողմ 1-ը, սույն հաշտության համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում Կողմ 2-ին կվճարի 2 124 201.0 ՀՀ դրամ` որպես ողջամիտ փաստաբանական ծախսերի հատուցման գումար:
2. Սույն համաձայնագրով Կողմերն ընդունում են, որ համաձայն չեն սույն քաղաքացիական գործով միմյանց արտահայտած իրավական դիրքորոշումներին, և սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես դրա որևէ կողմի պահանջների ընդունում մյուս կողմի կողմից:
3. Սույն համաձայնագրով Կողմերն արտահայտում են միմյանց միջև առկա վեճերն ավարտելու իրենց կամքը` բացառապես խուսափելու համար դատավարական գործընթացներից, իրավական ռիսկերից և իրավունքի հետագա պաշտպանությանն ուղղված ծախսերից:
4. Կողմերը հաստատում են, որ մնացած դատական ծախսերի հարցը, ներառյալ` փաստաբանական ծախսերի, համարվում են լուծված:
5. Կողմերը ծանոթ են իրենց իրավունքներին և պարտավորություններին և հաշտության համաձայնության կնքման օրենքով նախատեսված հետևանքներին և դիմում են ՀՀ Վճռաբեկ դատարան Կողմ 2-ի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և սույն հաշտության համաձայնությունը հաստատելու խնդրանքով:
Կողմ 1-ի անունից` (ստորագրություն) Գևորգ Պողոսյան
Կողմ 2` (ստորագրություն) Մնացական Մնացականյան
Ներկայացուցիչ` (ստորագրություն) Կարեն Պետրոսյան»:
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշումը բեկանել և լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ դիմումի մասով գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան