ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-3(ՎԴ)
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ 01-756
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի
Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2006 թվականի որոշման դեմ` ըստ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության (այսուհետ` Դատախազություն) և Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Ջուլիետա Սարգսյանի` ինքնակամ կառույցը պետությանն ի սեփականություն հանձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Դատախազությունը և Քաղաքապետարանը պահանջել են պետության սեփականությանը հանձնել Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեում գտնվող ինքնակամ կառույցը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.03.2001 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2001 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 20.07.2001 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 18.06.2001 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
23.04.2006 թվականին Ջուլիետա Սարգսյանը դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով պարզաբանել Վերաքննիչ դատարանի 18.06.2001 թվականի թիվ 01-756 վճիռը` «Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեում գտնվող անշարժ գույքն իրեն պատկանելու և կադաստրում պետական գրանցում կատարելու վերաբերյալ»:
Վերաքննիչ դատարանի 02.05.2006 թվականի որոշմամբ Ջուլիետա Սարգսյանի դիմումը բավարարվել է և պարզաբանվել, որ «Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեում գտնվող անշարժ գույքը, այդ թվում 6 քմ վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Ջուլիետա Սարգսյանին»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի և 145-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դատական ակտը պարզաբանել է այնպես, որ փոխել է դրա բովանդակությունն ու էությունը: Բացի այդ, վճիռը պարզաբանելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց` Դատախազությանը և Քաղաքապետարանին չի ուղարկվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ դատարանի 02.05.2006 թվականի որոշումը և այն փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. «Երևան քաղաքի ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» Երևանի քաղաքապետի 1998 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1194 որոշմամբ ճանաչվել է Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեում գտնվող կրպակի նկատմամբ, իսկ զբաղեցրած 10,1 քմ հողամասը հանձնվել է վարձակալության (գ.թ. 10-11):
2. Երևանի քաղաքապետի` որպես վարձատուի, և Ջուլիետա Սարգսյանի` որպես վարձակալի, միջև 19.02.1999 թվականին կնքված թիվ 06/1998 հողի վարձակալության պայմանագրի համաձայն` Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1194 որոշման հիման վրա կողմերի միջև 5 տարի ժամկետով կնքվել է Մ. Խորենացու փող. 40 ա հասցեում գտնվող 10,1 քմ հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագիր (գ.թ. 39-41):
3. Ջուլիետա Սարգսյանին 18.03.1999 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0129058 վկայականի համաձայն` Մ. Խորենացու 40 ա հասցեում գտնվող 10,1 քմ կրպակի (թիթեղյա) նկատմամբ գրանցվել է Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքը, իսկ 10,1 քմ հողամասի նկատմամբ` 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքը (գ.թ. 56-59):
4. Երևանի Կենտրոնի թաղապետի 01.06.2000 թվականի որոշման համաձայն` Կենտրոնի թաղապետը, հաշվի առնելով անհատ ձեռներեց Ջուլիետա Սարգսյանի խնդրանքը` Երևանի Մ. Խորենացու փող. թիվ 40 ա շենքին կից տեղադրված կրպակը վերակառուցելու մասին, թույլատրել է Ջուլիետա Սարգսյանին վերակառուցել Մ. Խորենացու փող. թիվ 40 ա շենքին կից տեղադրված կրպակը (գ.թ. 60):
5. Կենտրոն համայնքի բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի 20.11.2000 թվականի եզրակացության և նույն բաժնի 20.11.2000 թվականի թիվ 20 ակտի համաձայն` Մ. Խորենացու 40 ա հասցեում Ջուլիետա Սարգսյանի կողմից կատարվել է ապօրինի շինարարություն և հողազավթում: Գոյություն ունեցող կրպակի փոխարեն կառուցվել է երկհարկանի քարե կառույց` 1-ին հարկը 20,84 քմ, 2-րդ հարկը` 20,84 քմ, որով խախտվել է գոյություն ունեցող կրպակի չափսերը և կատարվել է մոտ 10 քմ հողազավթում (գ.թ. 6-7):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, սակայն նույն նորմը հստակ սահմանում է դատարանի լիազորության սահմանները, այսինքն` հստակեցնում է դատարանի որոշման սահմաններն ու բովանդակությունը:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Մ. Խորենացու փող. 40 ա հասցեում գտնվող 10,1 քմ թիթեղյա կրպակի սեփականատերը Ջուլիետա Սարգսյանն է: Կրպակի սպասարկման համար 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հատկացվել է 10,1 քմ հողատարածք: Միաժամանակ, Երևանի Կենտրոնի թաղապետի 01.06.2000 թվականի որոշմամբ Ջուլիետա Սարգսյանին թույլատրվել է վերակառուցել նշված հասցեում տեղադրված կրպակը, սակայն գործի փաստական տվյալների համաձայն` Ջուլիետա Սարգսյանի կողմից կրպակի վերակառուցման փոխարեն կառուցվել է երկհարկանի շինություն և շինարարության ընթացքում կատարվել է հողատարածքի զավթում:
Սույն գործով կայացված դատական ակտերի վերլուծությունից հետևում է, որ դատարանները միայն հաստատված են համարել Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքն արդեն իսկ քանդված կրպակի նկատմամբ: Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության և Երևանի քաղաքապետարանի` երկհարկանի ինքնակամ կառույցը պետության սեփականությանը հանձնելու հայցապահանջին, ապա այն մերժելու հանգամանքը չի նշանակում, որ հաստատվել է Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքն այդ կառույցի, ինչպես նաև ինքնակամ օգտագործած 6 քմ հողատարածքի նկատմամբ: Առավել ևս, որ Վերաքննիչ դատարանը 18.06.2001 թվականին կայացրած վճռով, մերժելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության և Երևանի քաղաքապետարանի հայցը, պատճառաբանել է, որ չի հիմնավորվել կառույցը քաղաքաշինական և շինարարական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված լինելու հանգամանքը, ինչը չի նշանակում, որ վերոնշյալ տարածքում կառուցված շինությունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին և օրինական է:
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը, վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ փոփոխել է վճռի բովանդակությունն ու էությունը և որոշման եզրափակիչ մասում նշել է, որ «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերը նշված վճռով, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն այդ վճիռն ուժի մեջ թողնելու վերաբերյալ 2001 թ. հուլիսի 20-ի որոշմամբ հաստատել են, որ Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեի անշարժ գույքը, այդ թվում 6 քմ վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Ջուլիետա Սարգսյանին», մինչդեռ, վերը նշված դատական ակտերով նման հանգամանք չի հաստատվել, և կառույցի, այդ թվում` 6 քմ հողատարածքի, սեփականության իրավունքով Ջուլիետա Սարգսյանին պատկանելու վերաբերյալ, դատարանները որևէ եզրահանգում չեն արել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 02.05.2006 թվականի որոշմամբ ըստ էության կայացրել է նոր դատական ակտ, որով ճանաչել է Ջուլիետա Սարգսյանի սեփականության իրավունքը Մ. Խորենացու փողոցի թիվ 40 ա հասցեի անշարժ գույքի, այդ թվում` 6 քմ հողատարածքի նկատմամբ:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ դատարանի 02.05.2006 թվականի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2006 թվականի որոշումը և այն փոփոխել. Ջուլիետա Սարգսյանի դիմումը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան