Սեղմել Esc փակելու համար:
(17.06.1998 ԹՎԱԿԱՆ) ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

(17.06.1998 ԹՎԱԿԱՆ) ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԿԴ/5820/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5820/02/14        2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ստեփան և Անահիտ Գրիգորյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ստեփան Գրիգորյանի, Անահիտ Գրիգորյանի ընդդեմ Արսեն Բաղրամյանի, Սուսաննա Խաչյանի և Արթուր Ավալյանի, երրորդ անձինք «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Ռոբերտ Մարտիրոսյանի` Երևան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող 0,02654 քմ մակերեսով հողամասի և 83 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները վերացնելու` պատասխանողներին պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու, այն է` 12.05.2008 թվականին Ստեփան Գրիգորյանի և Անահիտ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված լիազորագիրն անվավեր ճանաչելու, Բանկի և Ստեփան Գրիգորյանի ու Անահիտ Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թվականին կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և Բանկի ու Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թվականին կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետը` վճարումն ապահովող պարտավորության` Երևան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող տան մասով, անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից Երևան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող անշարժ գույքի (այսուհետ` Անշարժ գույք) նկատմամբ 12.05.2008 թվականին կնքված Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա Բանկի անվամբ կատարված գրավի իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ստեփան և Անահիտ Գրիգորյանները պահանջել են վերացնել հայցվորների սեփականության իրավունքի խախտումները` պարտավորեցնելով պատասխանողներին հատուցելու պատճառված վնասները, այն է` անվավեր ճանաչել 12.05.2008 թվականին Բանկի և Ստեփան և Անահիտ Գրիգորյանների լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի միջև կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և 12.05.2008 թվականին Բանկի և Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թվականին կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետը` վճարումն ապահովող պարտավորության` Անշարժ գույքին վերաբերող մասով, և կիրառել անվավերության հետևանք, այն է` անվավեր ճանաչել Կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից Անշարժ գույքի նկատմամբ 12.05.2008 թվականին կնքված թիվ 3292 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա Բանկի անունով կատարված գրավի իրավունքի գրանցումը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մելքումյան) 25.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան, դատավորներ Կ. Հակոբյան, Ա. Պետրոսյան) 06.10.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Վճիռը` այն փոփոխելու պահանջին վերաբերող մասով մերժվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 24.09.2018 թվականի վճիռն ամբողջությամբ և փոփոխվել. Ստեփան և Անահիտ Գրիգորյանների հայցն ընդդեմ Արսեն Բաղրամյանի, Սուսաննա Խաչյանի և Արթուր Ավալյանի, երրորդ անձինք Բանկի, Ռոբերտ Մարտիրոսյանի` Երևան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող 0,02654 քմ մակերեսով հողամասի և 83 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները վերացնելու` պատասխանողներին պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու, այն է` 12.05.2008 թվականին Ստեփան Գրիգորյանի և Անահիտ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված լիազորագիրն անվավեր ճանաչելու, Բանկի և Ստեփան ու Անահիտ Գրիգորյանների լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թվականին կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և Բանկի ու Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թվականին կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետը` վճարումն ապահովող պարտավորության` Երևան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող տան մասով, անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` Կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից Երևան քաղաքի Նոր Արեշի 25-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 12.05.2008 թվականին կնքված թիվ 3292 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա Բանկի անվամբ կատարված գրավի իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 02.07.2019 թվականի որոշման դեմ Ստեփան և Անահիտ Գրիգորյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով կրկին վճռաբեկ բողոք են ներկայացրել Ստեփան և Անահիտ Գրիգորյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը, իրավահարաբերության պահին գործող (17.06.1998 թվական) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վեճի առարկա լիազորագրի տրամադրման հետ կապված օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին, ինչպես նաև խախտել է փաստերի գնահատման դատավարական կանոնները, համակցությունից կտրել, հետազոտել և իրավական գնահատական է տվել հանցակազմի օբյեկտիվ տարրը բնութագրող գործողությունների մի մասին, որը այլ հանգամանքների հետ միասին դրվել է թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2009 թվականի դատավճռի հիմքում, որը մտել է օրինական ուժի մեջ:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գերազանցել է իր լիազորությունները, գնահատական է տվել այնպիսի փաստերի, որոնց սահմանները կանխորոշված են ապացուցման պարտականությունից ազատելու դատավարական սկզբունքով:

Բացի դրանից, արդեն իսկ հաստատված և կրկին ապացուցման կարիք չունի այն հանգամանքը, որ վեճի առարկա լիազորագիրը տրվել է խաբեությամբ` Անշարժ գույքը հափշտակելու դիտավորությամբ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վեճի առարկա լիազորագրի տրամադրման հետ կապված օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին:

Վերաքննիչ դատարանի դատական ակտը զուրկ է իրավական հիմնավորումից, ինչպես նաև դրանով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.09.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Բանկը Ռոբերտ Մարտիրոսյանի հետ 12.05.2008 թվականին կնքած թիվ 388 վարկային պայմանագրի /Վարկային պայմանագիր/ հիման վրա նրան տրամադրել է 10.000.000 ՀՀ դրամի չափ վարկ` տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով, մինչև 12.05.2011 թվականը մարման ժամկետով: Բանկի հանդեպ վարկառուի պարտավորությունների կատարումն ապահովվել է Ստեփան և Անահիտ Գրիգորյաններին պատկանող Անշարժ գույքի գրավով` Բանկի, հայցվորների /նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Ռոբերտ Մարտիրոսյանը/ և վարկառուի միջև 12.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի գրավի թիվ 388/1 պայմանագրին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 13-20):

2) Թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 18.11.2009 թվականին հրապարակված և հետագայում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստերը, ի թիվս այլնի, վերաբերում են նաև հետևյալ գործողություններին և դրանք կատարած անձանց. «2008թ. մայիս ամսին Արսեն Բաղրամյանը, Արթուր Ավալյանի և Սուսաննա Խաչյանի հետ նախնական համաձայնությամբ, անշարժ գույքի գրավի դիմաց 2.470.000 ՀՀ դրամ վարկ ստանալու խնդրանքով «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերությանը դիմած Ստեփան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Նոր-Արեշ 25 փողոցի թիվ 19/1 տունը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, նրա տունը բանկում գրավ դնելու, նույն գումարի վարկ ստանալու և նրան տրամադրելու պատրվակով, չարաշահելով նրա վստահությունը, 12.05.2008թ. նրանից իր աշխատանքային ընկեր` Ռոբերտ Մարտիրոսյանի անունով ստացել է նրա` նշված հասցեի անշարժ գույքը գրավ դնելու իրավունքով նոտարական վավերացմամբ լիազորագիր: Նույն օրն Արսեն Բաղրամյանը Ստեփան Գրիգորյանի անշարժ գույքը Ռոբերտ Մարտիրոսյանի անունից կնքված հիփոթեքի թիվ 388/1 պայմանագրով 10.000.000 ՀՀ դրամ վարկի դիմաց, մինչև 12.05.2011 թվականը մարման ժամկետով գրավ է դրել Բանկի «Արաբկիր» մասնաճյուղում: 15.05.2008 թվականին Արսեն Բաղրամյանը Ռոբերտ Մարտիրոսյանի հետ միասին ներկայացել է Բանկի «Արաբկիր» մասնաճյուղ, ուր նրանից վերցրել է նրա կողմից ստացած 10.000.000 ՀՀ դրամ վարկի գումարը, որից 2.470.000 ՀՀ դրամ գումարը որպես վարկ տրամադրել է Ստեփան Գրիգորյանին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ, որով կրկին անգամ հափշտակել է Ստեփան Գրիգորյանի առանձնապես խոշոր չափի` 13.400.000 ՀՀ դրամ արժողության Երևան քաղաքի Նոր-Արեշ 25 փողոցի թիվ 19/1 տունը ...: Նշված գործարքը Ստեփան Գրիգորյանից գաղտնի պահելու, նրա հետ կնքված գործարքին օրինական տեսք տալու և ապօրինի ձեռնարկատիրությամբ տրամադրված վարկի դիմաց տոկոսադրույք գանձելու նպատակով 23.05.2008 թվականին «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերության և Ստեփան Գրիգորյանի միջև կնքվել է թիվ 34 վարկային ապօրինի պայմանագիրը, որի համաձայն` իբր Ստեփան Գրիգորյանի` արդեն իսկ բանկում գրավադրված` Երևան քաղաքի Նոր-Արեշ 25 փողոցի թիվ 19/1 տան գրավի դիմաց «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերությունը 2 տարով, 3,0 տոկոսով նրան տրամադրել է 2.470.000 ՀՀ դրամ գումարի վարկ, որի դիմաց Ստեփան Գրիգորյանից գանձվել է ընդհանուր գումարով 205.100 ՀՀ դրամ տոկոսավճար: «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերության տնօրենի անունից պայմանագիրը ստորագրել է Սուսաննա Խաչյանը» (հատոր 1-ին, գ.թ. 21-24):

3) 12.05.2008 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով հայցվորների կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրվել են, մասնավորապես, հետևյալ լիազորությունները. «Մեր փոխարեն իր նախընտրած պայմաններով գրավ դնել և գրավից հանել սեփականության իրավունքով մեզ պատկանող ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշի 25 ... փողոց հ 19/1 ... հասցեի անշարժ գույքը ...», «հանդես գալ նաև ... ՀՀ բանկերում», «... կնքել անշարժ գույքի գրավի, հիփոթեքի, վարկային և փոխառության պայմանագրեր ... ստանալ գումար...»: Հայցվոր Անահիտ Գրիգորյանը, հայցվորների ներկայացուցիչներ Աշոտ Աբրահամյանը և Հայկ Եգանյանն ընդունել են, որ լիազորագիրը երբևէ անվավեր չի ճանաչվել և վիճարկվող գործարքները կնքելու պահի դրությամբ վերացված չի եղել, իսկ լիազորագրի վրա առկա` «չեղյալ է արված» գրառումը նոտարի կողմից կատարվել է վիճարկվող գործարքների կնքմանը հաջորդած ժամանակահատվածում (հատոր 1-ին, գ.թ. 12):

4) «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանի` 19.09.2017 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մուտքագրված գրության համաձայն` Ստեփան Գրիգորյանը, ծնված` 09.08.1959թ., ՀԾՀ` 1908590572, և Անահիտ Գրիգորյանը, ծնված` 19.03.1960թ., ՀԾՀ` 6903600698, 12.05.2008 թվականին ՀՀ Երևանի Կենտրոն Նոտարական գրասենյակում կնքել և ստորագրել են թիվ 3479 լիազորագիրը, որը վավերացվել է նոտար Ա. Հարությունյանի կողմից: Լիազորագրի նոտարական գրասենյակում պահվող օրինակի վրա կողմերն իրենց ձեռքով գրել են այն իրավունքները, որոնք վերապահել են լիազորված անձին, լիազորագրի բովանդակությունը, և դրանից բխող իրավական բոլոր հետևանքները նրանց բացատրվել են նոտարի կողմից:

5) 18.11.2008 թվականին Ստեփան և Անահիտ Գրիգորյանները թիվ 10333 հայտարարությամբ չեղյալ են համարել իրենց կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված և 12.05.2008 թվականին ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակում նոտար Ա. Հարությունյանի կողմից վավերացված` Անշարժ գույքը գրավ դնելու լիազորագիրը, որը գրանցվել է նոտարական գործողությունների գրանցամատյանում և վավերացվել է նոտարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 12):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 52-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը և 53-րդ հոդվածը խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք լիազորագիրը խաբեության արդյունքում տալու հանգամանքը հիմնավորող օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը բավարար է հաստատված համարելու գործարքը խաբեությամբ կնքված լինելու հանգամանքը, թե դա կարող է հիմնավորվել միայն քաղաքացիական գործի շրջանակներում ձեռք բերված այլ ապացույցներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտականություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տե՛ս Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ լիազորագիրը` որպես միակողմ գործարք, նախ և առաջ հանդիսանալով կամային ակտ, պետք է համապատասխանի լիազորողի ներքին կամքին: Հետևաբար, այն պարագայում, երբ լիազորագրում արտացոլված բովանդակությունն իրականում չի համապատասխանում լիազորողի ներքին կամքին, այսինքն` լիազորողը նման կամահայտնությամբ հանդես չի եկել, ապա լիազորագրի հիման վրա կատարված գործողություններին գնահատական տալիս պետք է հաշվի առնել նշված հանգամանքը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխել է նաև այն հանգամանքից, որ ներկայացուցչի կողմից ներկայացվողի անունից լիազորագրի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար, ուստի եթե լիազորագրի բովանդակությունը չի համապատասխանում ներկայացվողի ներքին կամքին, այսինքն` ներկայացվողը նպատակ չի հետապնդել առաջացնելու լիազորագրում նշված իրավահարաբերությունները, ապա նպատակ չի հետապնդել նաև դրա հիման վրա կնքելու գործարք: Այլ կերպ ասած` երբ վիճարկվում է լիազորագրի հիման վրա կնքված գործարքն այն հիմնավորմամբ, որ ներկայացվողի անունից ներկայացուցիչը բավարար լիազորություններ չի ունեցել կնքելու նման գործարք, ապա դատարանի կողմից գնահատման առարկա պետք է դարձվի նաև լիազորագրի բովանդակությունը և այն հանգամանքը, թե վերջինս որքանով է համապատասխանում ներկայացվողի ներքին կամքին և արտացոլում վերջինիս արտաքին կամահայտնությունը (տե՛ս Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյաններն ընդդեմ Վահագն Սահակյանի, երրորդ անձ Երևանի «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի և հակընդդեմ հայցով Վահագն Սահակյանն ընդդեմ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների թիվ ԵՇԴ/0056/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

i

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախ և առաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

i

Անդրադառնալով խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խաբեությունն անձին գիտակցաբար մոլորության մեջ գցելն է` նրա հետ գործարք կնքելու նպատակով: Գործարքը, լինելով կամային ակտ, ենթադրում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է այնպիսի միջոցներ գործադրի, որպեսզի մյուս կողմը չիմանա կամ սխալ պատկերացնի այն հանգամանքները, որոնք նրա համար վճռական նշանակություն կարող են ունենալ գործարքը կնքելիս: Խաբեությամբ կնքված գործարքներում մեկ կողմի անբարեխղճությունն անպայման ենթադրվում է (տե՛ս Վլադիմիր Գրիգորյանն ընդդեմ Ռոզա Թովմասյանի և մյուսների թիվ ԵՇԴ/1671/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական իրավունքի սուբյեկտները գործարք են կնքում որոշակի նպատակով և այդ նպատակին հասնելու համար արտահայտում են իրենց կամքը, որն էլ պետք է արտահայտվի առանց որևէ արտաքին ազդեցության, ուստի այն դեպքերում, երբ գործարք կնքող անձն ազատ չի արտահայտել իր կամքը, արտաքին ազդեցության հետևանքով նրա կամքը խաթարվել է, նա իրավունք ունի վիճարկել այդպիսի կամահայտնությամբ կնքված գործարքը: Այդ տիպի գործարքներն անվավեր ճանաչելու հիմքն արտաքին հակաիրավական գործողությունների միջոցով անձին խեղաթյուրված կամք դրսևորելուն հասցնելու հետևանքով նրա կամքին չհամապատասխանող գործարք կնքելն է:

Նման գործարք է նաև խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքը: Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ խաբեությունը գործարքի կողմերից մեկի գիտակցաբար դրսևորած անբարեխիղճ վարքագիծն է` ուղղված նրան, որ գործարքի մյուս կողմն իր համար ձեռնտու պայմաններով կնքի գործարքը: Գործարքի կնքման մեջ շահագրգռված, անբարեխիղճ կողմն իր մեղավոր գործողություններով մյուս` տուժող կողմի մոտ ստեղծում է իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ` ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա: Ընդ որում, եթե տուժող կողմի կամքը խաթարվել է գործարքի կողմ (ներկայացուցիչ) չհանդիսացող այլ անձանց կողմից` առանց գործարքի կողմի որևէ կերպ մասնակցության, ապա գործարքը չի կարող վիճարկվել խաբեության հիմքով, քանի որ գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված որակելու համար անհրաժեշտ պայման է այն, որ գործարք կնքելիս տուժող կողմի կամքը խաթարված լինի գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) մեղավոր վարքագծի` այդ թվում և այլ անձանց միջոցով դրսևորված գործողությունների հետևանքով: Այսպիսով, գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչվելու համար տուժող կողմը պետք է որոշակի ապացույցներ ներկայացնի իր կամքը խաթարվելու հարցում գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով մեղավոր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) մասնակցության մասին:

i

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է ոչ միայն նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանները, հիմք ընդունելով ապացույցների գնահատման վերոգրյալ կանոնները, պետք է առաջնորդվեն նաև այն հանգամանքով, որ որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի: Այսինքն` բոլոր ապացույցները պետք է գնահատվեն գործն ըստ էության լուծող դատական ակտով` ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան: Նշված ընդհանուր կանոնից օրենսդիրը կատարել է բացառություն: Այդ բացառություններից է, մասնավորապես, Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթը:

i

Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց` հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չլինելու վերաբերյալ կարգավորմանը, նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`

i

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (Նախկին օրենսգրքի 32-րդ հոդված):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

i

Նախադատելիության սուբյեկտային շրջանակի սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին` արձանագրելով, որ Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ հարցերի շրջանակներում.

1. արդյոք կատարվել են որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),

i

2. արդյոք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից (հանցագործության սուբյեկտ) (տե՛ս Կարապետ Գրաչյանն ընդդեմ Ատոմ Ղազազյանի թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

i

Սույն գործով Դատարանն արձանագրել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 18.11.2009 թվականի թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստական հանգամանքները Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի իմաստով քաղաքացիական գործի քննության համար նախադատելի փաստեր են, մասնավորապես այն, որ հայցվորն իր անշարժ գույքը գրավ դնելու իրավունքով նոտարական վավերացմամբ լիազորագիրը տվել է խաբեության ազդեցության ներքո, և պատասխանողները, չարաշահելով Ստեփան Գրիգորյանի վստահությունը, ստացված գումարը տնօրինել են անձամբ ու 10.000.000 ՀՀ դրամ գումարից նրան տրամադրել և հետ են ստացել 2.470.000 ՀՀ դրամ գումար, որով կրկին հափշտակել են Ստեփան Գրիգորյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 13.400.000 ՀՀ դրամ արժողության Անշարժ գույքը, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի ուժով պետք է անվավեր ճանաչել 12.05.2008 թվականին Ստեփան Գրիգորյանի և Անահիտ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված լիազորագիրը` անվավեր ճանաչելով լիազորված անձի կողմից կնքված գործարքները` 12.05.2008 թվականին Ստեփան և Անահիտ Գրիգորյանների լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի և Բանկի միջև կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և 12.05.2008 թվականին Բանկի և Ռոբերտ Մարտիրոսյանի միջև կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի «3.4.1» կետը վճարումն ապահովող պարտավորության` Անշարժ գույքի մասով կիրառել անվավերության հետևանքները:

i

Դատարանը նշել է, որ թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2009 թվականի դատավճռով պատասխանողներ Արսեն Բաղրամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, Արթուր Ավալյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, իսկ Սուսաննա Խաչյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: Հիմք ընդունելով Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետը` Դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ հանցագործության օբյեկտ է հանդիսացել հայցվոր Ստեփան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Անշարժ գույքը, հաստատվել է Անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու մեջ Արսեն Բաղրամյանի, Արթուր Ավալյանի և Սուսաննա Խաչյանի մեղքը, հաստատվել է հանցագործության օբյեկտիվ կողմը` դիտավորությունը, և կատարման եղանակը` գործարքների /լիազորագրի, գրավի և վարկային պայմանագրերի/ կնքումը: Արսեն Բաղրամյանը, Արթուր Ավալյանը և Սուսաննա Խաչյանը մեղավոր են ճանաչվել վերոհիշյալ հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել են ազատազրկման:

Բացի դրանից, Դատարանը նշել է, որ գործի նոր քննության ընթացքում 14.06.2017 թվականին ներկայացվել է հայցադիմումի լրացում, որով հայցվորները մնացած պահանջների հետ միասին խնդրել են նաև անվավեր ճանաչել 12.05.2008 թվականին Ստեփան և Անահիտ Գրիգորյանների կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված լիազորագիրը (գրանցված սեղանամատյանում 3479 համարի տակ), որի` քրեական գործով հաստատված և սույն գործի փաստերի հետ համադրումից հետևում է, որ հայցվորները, հասկանալով, որ վեճի առարկա գործարքները մի խումբ մարդկանց խարդախության արդյունքն է, 18.11.2008 թվականին դիմել են նոտարական գրասենյակ և վերացրել են 12.05.2008 թվականին նոտարական կարգով վավերացված թիվ 3479 լիազորագիրը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ վարկային պայմանագիրը կնքվել է Ընկերության և Ռոբերտ Մարտիրոսյանի միջև, ովքեր էլ հենց հանդիսանում են գործարքի կողմերը: Ի տարբերություն հիփոթեքի պայմանագրի, որտեղ գործարքի սուբյեկտներ հանդես են եկել մի կողմից Ընկերությունը, մյուս կողմից` Ստեփան և Անահիտ Գրիգորյանները (քանի որ նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Ռոբերտ Մարտիրոսյանը)` վարկային պայմանագիրը կնքվել է հենց Ռոբերտ Մարտիրոսյանի անունից` իրավունքներ և պարտականություններ ստեղծելով անձամբ նրա համար:

Անդրադառնալով հիփոթեքի պայմանագրի անվավերության պահանջին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործարքը խաբեության ազդեցությամբ կնքված լինելու հիմքով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, երբ այդպիսի խաբեությունը դրսևորվել է գործարքի մյուս մասնակցի կողմից: Սույն դեպքում հիփոթեքի պայմանագրի մյուս կողմը Բանկն է, ուստի քննարկվող պահանջի լույսի ներքո անհրաժեշտ է, որ հենց Բանկի` ի դեմս նրա աշխատակիցների կամ ներկայացուցիչների կողմից դրսևորված լինի խաբեությունը հայցը բավարարելու համար: Մինչդեռ, սույն գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Բանկը` ի դեմս նրա աշխատակիցների կամ ներկայացուցիչների, հիփոթեքի պայմանագիրը կնքելիս իրականացրել է խաբեության որևէ դրսևորում, այլ կերպ` գործել է անբարեխիղճ: Հայցվորները ևս հայցադիմումի մեջ մատնանշել են, որ խաբեությունը դրսևորվել է պատասխանող Արսեն Բաղրամյանի կողմից, որպիսի հանգամանքը հաստատված է նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերաքննիչ դատարանը, գտել է, որ այլ անձանց կողմից դրսևորված անբարեխիղճ վարքագծի բացասական հետևանքները չեն կարող դրվել գործարքի կողմի վրա: Այսինքն` սույն դեպքում Բանկը չի կարող կրել այլ անձանց գործողությունների հետևանքով հայցվորներին պատճառված վնասների հատուցման, հայցվորների խախտված իրավունքների վերականգնման պարտականությունը: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ գրավոր գործարքն առանց կարդալու ստորագրելը չի ազատում դրանից առաջացած պարտավորություններից:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` 12.05.2008 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով հայցվորների կողմից երրորդ անձ Ռոբերտ Մարտիրոսյանին, ի թիվս այլնի, տրվել են մասնավորապես հետևյալ լիազորությունները` հայցվորների փոխարեն լիազորված անձի նախընտրած պայմաններով գրավ դնել և գրավից հանել սեփականության իրավունքով իրենց պատկանող Անշարժ գույքը, հանդես գալ նաև ՀՀ բանկերում, կնքել անշարժ գույքի գրավի, հիփոթեքի, վարկային և փոխառության պայմանագրեր, ստանալ գումար:

12.05.2008 թվականին կնքված Վարկային պայմանագրի հիման վրա Բանկը Ռոբերտ Մարտիրոսյանին տրամադրել է 10.000.000 ՀՀ դրամի չափով վարկ` տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով, մինչև 12.05.2011 թվականը մարման ժամկետով: Բանկի հանդեպ վարկառուի պարտավորությունների կատարումն ապահովվել է Ստեփան և Անահիտ Գրիգորյաններին պատկանող Անշարժ գույքի գրավով` Բանկի, հայցվորների /նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Ռոբերտ Մարտիրոսյանը/ և վարկառուի միջև 12.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի գրավի թիվ 388/1 պայմանագրին համապատասխան:

Հետագայում Ստեփան և Անահիտ Գրիգորյանները հայտարարությամբ չեղյալ են համարել իրենց կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին տրված և նոտարի կողմից վավերացված` Անշարժ գույքը գրավ դնելու լիազորագիրը, ինչը գրանցվել է նոտարական գործողությունների գրանցամատյանում և վավերացվել է նոտարի կողմից:

Թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2009 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ի թիվս այլնի, հաստատվել է, որ 12.05.2008 թվականին Արսեն Բաղրամյանը, Արթուր Ավալյանի և Սուսաննա Խաչյանի հետ նախնական համաձայնությամբ, անշարժ գույքի գրավի դիմաց 2.470.000 ՀՀ դրամ վարկ ստանալու խնդրանքով «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերությանը դիմած Ստեփան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, նրա տունը բանկում գրավ դնելու, նույն գումարի վարկ ստանալու և նրան տրամադրելու պատրվակով, չարաշահելով նրա վստահությունը, իր աշխատանքային ընկեր Ռոբերտ Մարտիրոսյանի անունով նրանից ստացել է Անշարժ գույքը գրավ դնելու իրավունքով նոտարական վավերացմամբ լիազորագիր: Նույն օրն Արսեն Բաղրամյանը Ռոբերտ Մարտիրոսյանի անունից կնքված հիփոթեքի թիվ 388/1 պայմանագրով 10.000.000 ՀՀ դրամ վարկի դիմաց, մինչև 12.05.2011 թվականը մարման ժամկետով գրավ է դրել Անշարժ գույքը Բանկի «Արաբկիր» մասնաճյուղում: 15.05.2008 թվականին Արսեն Բաղրամյանը Ռոբերտ Մարտիրոսյանի հետ ներկայացել է Բանկի «Արաբկիր» մասնաճյուղ և վերցրել է նրա ստացած 10.000.000 ՀՀ դրամ վարկի գումարը, որից 2.470.000 ՀՀ դրամ գումարը որպես վարկ տրամադրել է Ստեփան Գրիգորյանին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Նշված գործարքը Ստեփան Գրիգորյանից գաղտնի պահելու, նրա հետ կնքված գործարքին օրինական տեսք տալու և ապօրինի ձեռնարկատիրությամբ տրամադրված վարկի դիմաց տոկոսադրույք գանձելու նպատակով 23.05.2008 թվականին «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերության և Ստեփան Գրիգորյանի միջև կնքվել է թիվ 34 վարկային ապօրինի պայմանագիրը, որի համաձայն` իբր Ստեփան Գրիգորյանի` արդեն իսկ բանկում գրավադրված Անշարժ գույքի գրավի դիմաց «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերությունը 2 տարով, 3,0 տոկոս տոկոսադրույքով նրան տրամադրել է 2.470.000 ՀՀ դրամ գումարի վարկ, որի դիմաց Ստեփան Գրիգորյանից գանձվել է ընդհանուր 205.100 ՀՀ դրամ տոկոսագումար:

Վերոգրյալից հետևում է, որ թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ սույն գործով պատասխանող Արսեն Բաղրամյանը, չարաշահելով քրեական գործով տուժող և սույն գործով հայցվոր Ստեփան Գրիգորյանի վստահությունը, նրան և Անահիտ Գրիգորյանին պատկանող Անշարժ գույքը բանկում գրավ դնելու, վարկ ստանալու և գումարը Ստեփան Գրիգորյանին տրամադրելու պատրվակով, 12.05.2008 թվականին խաբեությամբ, նոտարական վավերացմամբ նրանից սույն գործով երրորդ անձ Ռոբերտ Մարտիրոսյանի միջոցով և նրա անունով ձեռք է բերել լիազորագիր, որի հիման վրա կնքվել է վիճահարույց Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը` ի կատարումն Բանկի ու Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թվականին կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետի:

Ընդ որում, այդ մասին տեղեկանալուց հետո հայցվորներ Ստեփան և Անահիտ Գրիգորյանների հայտարարության հիման վրա լիազորագիրը նոտարական կարգով չեղյալ է համարվել:

i

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2009 թվականի դատավճռով արդեն իսկ հիմնավորվել է, որ վիճահարույց հիփոթեքի պայմանագիրը կնքվել է խաբեությամբ ձեռք բերված լիազորագրի հիման վրա, հետևաբար` Ստեփան Գրիգորյանի ազատ կամքի բացակայությամբ, ուստի հիշյալ պայմանագիրը, անկախ այն հանգամանքից, որ կնքվել է օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, ստացել է նոտարական վավերացում, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցում, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված` իրավահարաբերության մասնակիցների կամքի ազատ իրականացման սկզբունքին: Չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտ Մարտիրոսյանը Անշարժ գույքի վերաբերյալ գործարքներ կնքելիս առերևույթ ունեցել է նման լիազորություն, սակայն դատավճռով հաստատված նախադատելի փաստերից հետևում է, որ տվյալ լիազորագրի բովանդակությունը չի համապատասխանել ներկայացվողների իրական կամքին, ուստի դրա հիման վրա իրականացված գործարքները ևս չեն բխել հայցվորների իրական կամքից, և լիազորագրի անվավերության ուժով դրանք ևս ենթակա են անվավեր ճանաչման: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի փաստարկը` Երևան քաղաքի Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2009 թվականի թիվ ԵԿԴ/0223/01/09 դատավճռով նախադատելիության վերաբերյալ, հիմնավոր է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկից հօգուտ Ստեփան և Անահիտ Գրիգորյանների ենթակա է բռնագանձման 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2018 թվականի վճռին:

2. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Ստեփան և Անահիտ Գրիգորյանների բռնագանձել 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 24 փետրվարի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14355223812320344

 

Միասնական կայք` 13.06.22-26.06.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.02.2022
N ԵԿԴ/5820/02/14
Որոշում