Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴ1/0032/01/16

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Սուրեն Լեոնիդի Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի հունիսի 23-ի դատավճռով Սուրեն Լեոնիդի Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 319-րդ հոդվածի 1-ին մասով: Ս.Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 319-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հանցանքների համակցությամբ` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ս.Վարդանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա դատավճիռների համակցությամբ Ս.Վարդանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժին մասնակիորեն գումարվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 18-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված` պատժի ժամկետի չկրած մասից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2016 թվականի փետրվարի 3-ից:

2. Ամբաստանյալ Ս.Վարդանյանի պաշտպան Կ.Ստեփանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 23-ի դատավճիռը:

Վերոնշյալ որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան չի բողոքարկվել և սույն գործով դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ:

3. Դատապարտյալ Ս.Վարդանյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Ս.Վարդանյանը դատապարտվել է այն բանի համար, որ. «(...) նա 2015 թվականի օգոստոս ամսին, գործով չպարզված օրը, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի դաշտերից` վայրի ձևով աճած կանեփ տեսակի բույսի տերևները քաղելով, չորացնելու և մանրացնելու եղանակով, ապօրինի, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար պատրաստել և պահել է խոշոր չափի` ընդհանուրը 7.23 գրամ չորացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 18.01.2016թ. խուզարկությամբ հայտնաբերվել է նրա տանը կից ավտոտնակում գտնվող փայտյա պահարանից (...)»1:

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 247:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

7. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Սուրեն Վարդանյանի վերաբերյալ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը վերանայելու համար:

i

8. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

9. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

_______________________

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

10. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»3:

_______________________

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

_______________________

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

11. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 7.23 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու համար5:

_______________________

5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

i

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 8-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ս.Վարդանյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության: Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 7.23 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուստի` դատապարտյալ Ս.Վարդանյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին: Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ս.Վարդանյանի կողմից կատարված հանցանքի վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինի վիճակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ս.Վարդանյանի վերաբերյալ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը վերանայելու համար:

15. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, Ս.Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Ս.Վարդանյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատապարտյալ Ս.Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժին պետք է գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ազատազրկում պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ազատազրկում պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և դատապարտյալ Ս.Վարդանյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: Դատապարտյալ Ս.Վարդանյանի նկատմամբ նշանակված 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա մասնակիորեն պետք է գումարել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 18-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած ժամկետից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2016 թվականի փետրվարի 3-ից` Ս.Վարդանյանին պետք է անհապաղ ազատ արձակել` սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Սուրեն Լեոնիդի Վարդանյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Սուրեն Լեոնիդի Վարդանյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը բեկանել և փոփոխել:

3. Սուրեն Լեոնիդի Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատապարտյալ Սուրեն Լեոնիդի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժին գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ազատազրկում պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ազատազրկում պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և դատապարտյալ Ս.Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

Դատապարտյալ Սուրեն Լեոնիդի Վարդանյանի նկատմամբ նշանակված 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կանոններով մասնակի գումարել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 18-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած ժամկետից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և դատապարտյալ Սուրեն Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2016 թվականի փետրվարի 3-ից և Սուրեն Լեոնիդի Վարդանյանին անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2018
N ԱՐԴ1/0032/01/16
Որոշում